Երևանի քաղաքապետարանում կարծում են՝ «կարմիր գծերի» վճարների բարձրացումից հետո կենտրոնը որոշակիորեն բեռնաթափվել է |armenpress.am|
12:27 - 03 հունիսի, 2025

Երևանի քաղաքապետարանում կարծում են՝ «կարմիր գծերի» վճարների բարձրացումից հետո կենտրոնը որոշակիորեն բեռնաթափվել է |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ վճարովի ավտոկայանատեղիների վճարների բարձրացման արդյունքում կենտրոնում բեռնաթափում է նկատվում, վարորդներն ավելի քիչ են կայանման համար տարեկան փաթեթներ ձեռք բերում: 

Այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կողմից «կարմիր գծերի» վճարների որոշումն անվավեր ճանաչելու ու քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ անգամ որոշման բողոքարկման վերաբերյալ հարցերին:  

«Այն գաղափարը, որ դրվել էր «կարմիր գծերի» տարիֆների բարձրացման հիմքում, ուներ որոշակի նպատակ՝ թե՛ կենտրոնի բեռնաթափման, թե՛ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու»,–ասաց Կոստանյանը:

Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքն այս պահին, եթե ոչ ամբողջապես, ապա գոնե որոշակիորեն տեսանելի է: 

«Մինչև այս որոշումն ընդունելը, երբ տարեկան վճարը 12 հազար դրամ էր, փաթեթները գնելու թվերը տասնյակ անգամ ավելի մեծ էին, քան հիմա: Այո, այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որ իրենք կենտրոնում հնարավորինս քիչ կայանում անեն և տարեկան փաթեթներ ձեռք չբերեն: Որոշակի տեսանկյունից բեռնաթափում կա: Բայց, եթե առաջին հայացքից նայում ենք երթևեկությանը, խցանումներին և հոսքին, մարդկանց մոտ կարող է տարակուսանք առաջացնել իմ այս հայտարարությունը: Սակայն նման արժեքի բարձրացումը որոշակի առումով զսպել է տարեկան փաթեթներ ձեռք բերելու և շաբաթներով, ամիսներով մեքենաները կենտրոնի տարբեր հատվածներում կայանելու խնդիրը»,–ասաց Կոստանյանը: 

Ըստ նրա՝ առաջիկայում, երբ ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը կշատանա, արդյունքն ավելի տեսանելի կլինի:

Դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարների բարձրացման վերաբերյալ Երևանի ավագանու որոշումը: Վարչական դատարանը մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարներին վերաբերող որոշ դրույթներ անվավեր է ճանաչել մայիսի 23-ին: Վարչական դատարանն արձանագրել էր, որ Երևանի ավագանու համապատասխան որոշման դրույթները չեն բավարարում օրենքով սահմանված չափանիշներին։ Դատարանի գնահատմամբ՝ վարչական մարմինը չի հիմնավորել վճարների բարձրացումը՝ ծառայությունների որակի բարելավման կամ օրինական այլ նպատակով։ Խախտվել են համաչափության և իրավաչափության սկզբունքները։ 

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ այս որոշումը ևս բողոքարկելու են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել