azatutyun.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր «տատիկների գործով» առաջին դատական նիստն էր: Առաջնահերթ քննվել է Գյումրիի տեղական ընտրություններում 15 հազար դրամ ընտրակաշառքի խոստում տալու համար մեղադրվող տարեց կանանց խափանման միջոցի հարցը:
Այսօրվանից 75-ամյա Կիմա Հայրապետյանի ու 71-ամյա Անահիտ Խալաթյանի ոտքերին հսկողության հատուկ սարքերն ամրացված չեն լինի: Սարքը Հայրապետյանի ոտքն էր վնասել, իսկ Խալաթյանին էլ բուժզննում անցնելուն էր խանգարել: Կանայք երկու ամիս կրեցին այդ սարքը, մինչև դատարանը պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր մեղմացրեց նրանց նկատմամբ վարչական հսկողությունը, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը:
«Պաշտպանության կողմի միջնորդությունը դատարան մեծամասամբ բավարարվեց՝ մասնավորապես հանելով էլեկտրոնային հսկող սարքերը վարչական հսկողության շրջանակներում, վերացրեց, և նաև շաբաթական երեք անգամ գրանցվելը դարձրեց մեկ անգամ, ու նաև հստակեցվեց արդեն սահմանված այն անձանց ցանկը, որոնց հետ չեն կարող մեղադրյալները շփումներ ունենալ», - «Ազատությանը» փոխանցեց Բաբայանը:
Կիմա Հայրապետյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդել է նաև, որ դատական նիստերը շարունակվեն առանց իր պաշտպանյալի, քանի որ տարեց կինն ամեն անգամ չի կարող Գյումրիից Երևան հասնել: Այս միջնորդությունը, սակայն, դատարանը մերժել է:
Իսկ Անահիտ Խալաթյանը նաև որոշակի ժամերի չէր կարող տնից դուրս գալ: Այդ սահմանափակումը ևս վերացվել է:
«Վերացրեց Անահիտ Խալաթյանի այդ կիսատնային կալանքը, երբ որ ժամը 20:00-ից մինչև առավոտյան 8:00-ն պետք է լիներ տանը, էդ պայմանն էլ վերացրեց», - նշեց Ռուբեն Բաբայանը:
70-ն անց երկու կանանց Գյումրիի ՏԻՄ ընտրությունների օրն էին ձերբակալել՝ մարտի 30-ին, երեք օր անազատության մեջ պահել, ինչից հետո վարչական վերահսկողություն էր սահմանվել նրանց նկատմամբ: Կանայք անգամ ահազանգել էին, որ ձերբակալելիս իրենց հարվածել են: Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, հերքել էր ֆիզիկական ուժ գործադրելու մեղադրանքները:
Քրեական այս վարույթի հիմքում հեռախոսային գաղտնալսումներ են, որոնցում նախաքննական մարմինն ընդդիմադիր «Մեր քաղաքը» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի խոստում է տեսել: Անահիտ Խալաթյանը տեղական ընտրություններում «Մեր քաղաքի» նախընտրական ցուցակում էր ընդգրկված:
Արսեն Բաբայանը շարունակում է պնդել՝ «տատիկների գործում» հիմնավոր ապացույց չկա:
«Մեր քաղաքը» դաշինքը ղեկավարած ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր, ավանգանու անդամ որդու՝ Կարեն Գրիգորյանի և ևս մեկ թիմակցի գործով դատական առաջին նիստը նույնպես կայացել է: Նրանք էլ մեղադրվում են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար: Գրիգորյանների նկատմամբ էլ վարչական վերահսկողություն էր սահմանված, և դատարանը նրանց նկատմամբ ևս որոշակի մեղմացումներ է կիրառել:
«Որոշակի փոփոխություններ էլ էնտեղ են տեղի ունեցել՝ էլի վերացվել է 20:00-ից մինչև առավոտյան ժամը 8:00-ն տանը գտնվելու խափանման միջոցի պայմանը», - ասաց Արսեն Բաբայանը:
Ընտրակաշառքի ու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով հարուցված այլ վարույթներ էլ կան, որոնք դեռ նախաքննության փուլում են:
comment.count (0)