#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Լեռնաձորի ՏԻՄ-ին՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավական գործընթաց սկսելու համար

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Լեռնաձորի ՏԻՄ-ին՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավական գործընթաց սկսելու համար

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Լեռնաձորի ՏԻՄ-ին՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավական գործընթաց սկսելու համար: Այս մասին տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2006 թվականի դեկտեմբերի 16-ին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,142 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3150 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել է Հ.Հ.-ին։ Այնուհետև, Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավարն, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել վարձակալի կողմից նշված հողատարածքն ամսական 35 հազար դրամ վարձավճարով «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ին ենթավարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրի կնքմանը: Արդյունքում, համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ընթացքում` 2006 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ը, «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից հիշյալ հողամասի վարձակալին որպես վարձավճար փոխանցվել է ընդհանուր 4 մլն 576 հազար 831 դրամ»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ բջջային օպերատորի կողմից տարիներ շարունակ վճարված գումարները համայնքի բյուջե մուտքագրվելու փոխարեն ստացել և տնօրինել է վարձակալ Հ.Հ.-ն, որի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ` համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին), քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նախաքննության ընթացքում, դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ, համայնքի կողմից լուծվել է վարձակալի և բջջային օպերատորի միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։ Միաժամանակ, Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմին՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու համար:
15:59 - 03 հունվարի, 2023
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Երվանդ Թարվերդյանը
 |tert.am|

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Երվանդ Թարվերդյանը |tert.am|

tert.am: «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ Այս մասին ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ «Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին։ Այն, որ Երևանում առկա են տեսանելի մի շարք խնդիրներ՝ քաղաքային տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների և այլնի հետ կապված, փաստ է։ Բայց այս հարցերից զատ, կան նաև մի շարք խորքային խնդիրներ, օրինակ` Երևանի, հատկապես կենտրոնում խայտաբղետ դիզայնը և այլն։ Այս բոլորը հարցերը մեր ուշադրության ներքո է»,- ասաց Թարվերդյանը։ «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընգծեց, որ ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներ, այնպես էլ Երևանը անընդհատ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու կարիք ունի։ Շարունակությունը՝ tert.am-ում
17:21 - 22 նոյեմբերի, 2022
Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը չի կայացել քվորում չապահովվելու պատճառով

 |armenpress.am|

Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը չի կայացել քվորում չապահովվելու պատճառով |armenpress.am|

armenpress.am:  Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը նոյեմբերի 11–ին, քվորում չապահովվելու պատճառով, չկայացավ: Նիստին ընտրական շեմը հաղթահարած երեք ուժերից  երկուսը ներկա չէին, ինչի հետևանքով չընտրվեց համայնքի ղեկավար: Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը, նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական երազանք» կուսակցությունների անդամները։ Ըստ ընթացակարգի՝ «Ազգ-համայնք» դաշինքը մեկ ժամ սպասեց մյուս ուժերին, բայց մյուս երկու ուժերն այդպես էլ նիստին չներկայացան։ Արձանագրվեց, որ նիստն իրավազոր չէ եւ այն հետաձգվեց մինչև նոյեմբերի 14–ը, ժամը 11։00–ը։ Օրենքով սահմանված կարգով բոլոր ուժերին իրազեկվել էր նիստին մասին։ «Ազգ-համայնք» դաշինքը ժողովրդի կողմից ստացած վստահության քվեն հաշվի առնելով՝ իր պարտավորությունը կատարեց ու մասնակցեց նիստին, մյուս ուժերի մասով չեմ կարող մեկնաբանել: Օրենքի բարդությունն այնտեղ էր, որ անհրաժեշտ է 50 + ձայն՝ համայնքի ղեկավար ընտրվելու համար և բնականաբար, մյուս ուժերի կողմից այսօրվա բոյկոտը մյուս հաղթանակին վերջակետ չդնելու համար էր: Սա միայն ու միայն մեր հաղթանակը ոչնչացնելու մեջ էր»,–լրագրողների հարցերին պատասխանելով՝ նշեց «Ազգ-համայնք»  դաշինքը ղեկավարող Արտակ Գեւորգյանը: Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չէր  հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանքն» էլ՝ 3 մանդատ։ Այս ընթացքում քաղաքական ուժերը չէին կարողացել միանձնյա իշխանություն ձեւավորել։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել, եթե  նիստը գումարվելուց հետո երկշաբաթյա ժամանակահատվածում համայնքի ղեկավար չի ընտրվում, օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու արտահերթ  ընտրություններ նշանակվեն։     
17:10 - 11 նոյեմբերի, 2022
Ձերբակալվել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը

 |aravot.am|

Ձերբակալվել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը |aravot.am|

aravot.am: Այսօր ձերբակալվել է Բերդի համայնքապետ, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Այդ մասին հայտնեց Մանուչարյանի պաշտպանը՝ փաստաբան Արման Թամրազյանը։ «Ոչ թե բերման է ենթարկվել, այլ ձերբակալվել է, իմ տեղեկություններով այս պահին նրան տեղափոխում են հակակոռուպցիոն կոմիտե։ Չգիտեմ թե ինչ փաստերի հիման վրա, սակայն հավանաբար պաշտոնական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու մեղադրանքով։ Չակերտների մեջ՝ մենք շատ համոզված ենք, որ այս ձերբակալությունը այսօրվա ավագանու նիստը «խափանելու միտում չունի» և կապ չունի նիստի հետ»,-հավելեց Թամրազյանը։ Հիշեցնենք, որ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր և ազատ է արձակվել մեկ ամիս առաջ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը։ Այսօր գումարվում է Բերդի ավագանու նիստը։ Օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունն է։ Լուսանկարը «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջից    
11:07 - 10 նոյեմբերի, 2022
Դատարանի որոշմամբ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ազատ է արձակվել
 |news.am|

Դատարանի որոշմամբ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ազատ է արձակվել |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանի պաշտպանական խմբի բողոքը եւ մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին ասաց Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի եւ «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց: Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Սեպտեմբերի 29–ին էլ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Սամվել  Հովսեփյանը, որը Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սամվել Հովսեփյանը նույնպես մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ ՔԿ–ի հաղորդմամբ՝ տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին եւ չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի եւ գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու եւ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել: Հասմիկ Մելիքյանի, Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշումների դեմ բողոքներ էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Քննչական կոմիտեն նախօրեին՝ նոյեմբերի 7–ին, հաղորդեց, որ ավարտվել է Բերդում ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է»։ Խոսքը Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի մասին է։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ դատաքննության ժամանակ դիրքորոշում կհայտնեն մեղադրանքն ընդունել–չընդունելու հետ կապված։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթել էր շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ «Զորավոր համայնքը» ունի 11, իշխող ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։ Ավագանու անդամների նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին ընտրություններից առաջ։ Կալանավորվելուց հետո՝ հոկտեմբերի 2–ին, Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը հացադուլ էր հայտարարել, իսկ օրեր անց դադարեցրել  հացադուլը։ Օրեր անց էլ ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարությունը Մանուչարյանը, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Սա նշանակում է, որ Բերդում հաղթած ուժը համայնքապետի նոր թեկնածու կառաջադրի։ Համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու առաջին նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 10–ին։ Հոկտեմբերի 7–ին էլ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։  
13:01 - 08 նոյեմբերի, 2022
Սիսիանի համայնքի ավագանու կազմի երեք քաղաքական ուժերի ընտրացուցակներում ընդգրկված բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացրել 
 |aravot.am|

Սիսիանի համայնքի ավագանու կազմի երեք քաղաքական ուժերի ընտրացուցակներում ընդգրկված բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացրել |aravot.am|

aravot.am: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ նիստում որոշում կայացրեց ուժը կորցրած ճանաչել Սիսիանի համայնքի ավագանու «Մեկ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Հրանտ Առաքելյանի, ինչպես նաեւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրացուցակի 5 թեկնածուի գրանցումը։ Այսպիսով, Սիսիանի համայնքի ավագանու անդամի մանդատներ ունեցող «Մեկ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 37, «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի 38 ու «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ընտրացուցակի 57 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Այդ ուժերի ընտրական ցուցակներում այս պահին ավագանու անդամի մանդատ ստացածներն են․ «Ապրելու երկիր»՝ 4, «Մեկ Հայաստան»՝ 2, «Աշխատանք եւ Արդարություն»՝ 5 հոգի։ Նշենք, որ այս վերջիններս, հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստից հետո, որտեղ համայնքի ղեկավար էր ընտրվել ՔՊ ներկայացուցիչ, համայնքի ղեկավար պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, հայտարարել էին մանդատներից հրաժարվելու մասին։ Նորընտիր համայնքապետին այդպես էլ չհաջողվեց երդվել Սիսիան համայնքի բնակիչների առաջ․ ավագանու երկու նիստերը չկայացան քվորում չլինելու պատճառով։ Հիշեցնենք՝ Սիսիանի համայնքի ավագանու անդամի 21 մանդատից 8-ը ստացել էր «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4 մանդատ՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ՝ «Մեկ Հայաստան» եւ «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ Մանդատներից հրաժարվող քաղաքական ուժերի ավագանու անդամները, ըստ գործող կարգի, բացարկի մասին դիմում պիտի ներկայացնեն համայնքի ղեկավարին, որն էլ այդ մասին պետք է պաշտոնապես տեղեկացնի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ 
10:39 - 02 նոյեմբերի, 2022
Սիսիանի նորընտիր համայնքապետին չհաջողվեց ստանձնել համայնքապետի պաշտոնը |hetq.am|

Սիսիանի նորընտիր համայնքապետին չհաջողվեց ստանձնել համայնքապետի պաշտոնը |hetq.am|

hetq.am: Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը նախատեսված էր այսօր, սակայն ժամը 11։00-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը տեղի չունեցավ։ Նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Սիսիան համայնքի ավագանու մանդատ ստացած մյուս չորս կուսակցությունները նախորդ օրերին հայտարարություն էին տարածել, որ հրաժարվում են մանդատներից։ Այսպիսով, չնայած հոկտեմբերի 12-ին, կրկնակի քվեարկություն կազմակերպելուց հետո ավագանու անդամներից 9-ի քվեով Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքի ղեկավար, սակայն նրան չհաջողվեց համայնքապետի պաշտոնն ստանձնել։ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարեց, որ վաղը կրկին նույն օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակից կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը առավելագույն ձայներ չէր հավաքել, և համայնքի ղեկավարի ընտրությունը կարող էր լինել միայն կոալիցիա կազմելու միջոցով։ Սիսիանում ավագանու անդամի մանդատ են ստացել 5 կուսակցություն և դաշինք, իսկ նրանցից առավելագույն ձայներ ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49% և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում՝ «Աշխատանք և արդարություն»  դաշինքն է՝ 22,79% և ստացել է 5 մանդատ։ Այնուհետև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:09 - 15 հոկտեմբերի, 2022
Սիսիանում ևս 2 խմբակցություն մանդատը վայր դրեց, բացառում են համայնքի ղեկավար ընտրած ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն

Սիսիանում ևս 2 խմբակցություն մանդատը վայր դրեց, բացառում են համայնքի ղեկավար ընտրած ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն

Սիսիան համայնքի նորընտիր ավագանու «Աշխատանք և արդարություն» և «Մեկ Հայաստան» խմբակցությունները վայր են դնում իրենց մանդատները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Աշխատանք և արդարություն» խմբակցության անդամ Հայկ Առաքելյանը։ «Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդիմությունը՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։ Համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։ Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։ Չստացանք․․․ Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ  «Ապրելու երկիր» կուսակցությունն էր Սիսիանում վայր դրել ավագանու իր մանդատները: 
10:39 - 15 հոկտեմբերի, 2022
Ալավերդիում համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն
 |armtimes.com|

Ալավերդիում համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն |armtimes.com|

armtimes.com: Այսօր կայացել է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ քվեարկության արդյունքներով  համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ալավերդում ոչ մի ուժ չէր հավաքել 50+ ձայներ: Այդ պատճառով հոկտեմբերի 2-ին  «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր էին ստորագրել: Ըստ դրա՝ համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվելու և  «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու էր լինելու «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանը, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները: Նշենք, որ Ալավերդում «Ապրելու երկիր» կուսակցությունն ստացել էր 6791 քվե, երկրորդը ՔՊ-ն էր՝ 6557 ձայնով, որի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, սակայն վերջինս իր ավագանու մանդատը վայր է դրել:
12:08 - 12 հոկտեմբերի, 2022
Հարություն Մանուչարյանը հրաժարվեց Բերդ համայնքի ավագանու մանդատից, դատարանը կալանքից ազատեց նրան |hetq.am|

Հարություն Մանուչարյանը հրաժարվեց Բերդ համայնքի ավագանու մանդատից, դատարանը կալանքից ազատեց նրան |hetq.am|

hetq.am: Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններում ամենամեծ թվով քվե ստացած «Զորավոր համայնք» դաշինքը գլխավորող Հարություն Մանուչարյանը հոկտեմբերի 7-ին հայտարարեց, որ հրաժարվել է համայնքի ավագանու մանդատից։ Այս հայտարարությունից հետո դատարանը փոխեց նրա խափանման միջոցը, և երեկ նա 6 մլն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից։ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը 2021թ․ նոյեմբերի 9-ից կալանավորված էր և դատաքննությունը դեռևս չի ավարատվել։   Հ․ Մանուչարյանը և իր գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուներից ևս երկուսը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից մի քանի օր անց ինքնաբացարկ ներկայացրին։ Նրանցից մեկը Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանն է, որին ընտրություններից անմիջապես հետո ձերբակալեցին և երկու ամսով կալանավորեցին։ Հ․ Մանուչարյանին կալանավորելուց հետո նա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել և «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակում երկրորդն էր։ Ինքնաբացարկ ներկայացրեց նաև ընտրացուցակի 10-րդ համարը՝ Սարգիս Մարգարյանը։  Սեպտեմբերի 24-ի երեկոյան իրավապահները ձերբակալեցին «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակի ևս երկու անձանց՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանին եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանին։ Դատարանը երկու ամսով կալանավորեց նրանց՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարին քարոզչության հարկադրելու մեղադրանքով։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում Լուսանկարը «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջից
17:07 - 08 հոկտեմբերի, 2022
Փաստեր են ստացվել Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ

Փաստեր են ստացվել Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ստացվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ։  «Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Բացի քրեական վարույթի շրջանակներում տուժող ճանաչված «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի կողմից իրավապահներին հայտնած տեղեկություններից, քննչական գործողությունների ճանապարհով տվյալներ են ձեռք բերվել ինչպես վերջինիս՝ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու, այնպես էլ՝ քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստական հանգամանքներ ևս։ Մասնավորապես, օրենքով սահմանված կարգով Բերդի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքապետի, համայնքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակներում, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 80 անձանց տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով ցուցակներ՝ հիշյալ անձանց ստորագրություններով, ինչպես նաև՝ Բերդ համայնքի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների՝ համայնքապետի տեղակալին հասցեագրված աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ, որոնց ընթացք չի տրվել: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով կատարվել է նաև աշխատակազմի քարտուղարի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարի՝ «Հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերտիվ-հետախուզական միջոցառումը, որի արդյունքում պարզվել է, որ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, հեռախոսազրույց են վարել՝ ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ ազդեցություն գործադրելու և այդ կերպ նրան «Զորավոր համայնք» դաշինքի օգտին նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու մասին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը»: Նախաքննությունը շարունակվում է:
18:51 - 01 հոկտեմբերի, 2022
19 ընտրատեղամասում վերահաշվարկի, 6-ում՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ են ստացվել

19 ընտրատեղամասում վերահաշվարկի, 6-ում՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ են ստացվել

Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքներըբոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ից: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում: Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները:
12:51 - 27 սեպտեմբերի, 2022
ՔՊ-ն առաջատար է 9 համայնքներում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՔՊ-ն առաջատար է 9 համայնքներում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի 17 համայնքներում ընտրությունները անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Infocom-ը ներկայացնում է ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները։ Այսպես․ Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հավաքելով  2299 ձայն․ համայնքում առաջադրված «Հզոր համայնք» դաշինքը հավաքել է 1327 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 539 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 181 ձայն։ Արագածոտնի Թալին համայնքում առաջադրված 5 կուսակցություններից առաջատարը դարձյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 7990 ձայնով։ «Արդար Հայաստան» կուսակցությունը այստեղ հավաքել է 2323 ձայն, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 1193 ձայն, «Կայունություն» կուսակցությունը՝ 879 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 913 ձայն։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ընտրություններին մասնակցել է միայն «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ հավաքելով 5257 ձայն։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ն է առաջատար՝ 1779 ձայնով։ Բացի ՔՊ-ից՝ այստեղ ընտրություններին մասնակցել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ հավաքելով 1731 ձայն։ Լոռու մարզի Ալավերդի համայնքում պայքարն ընթացել է 4 ուժերի մեջ․ նախնական արդյունքներով այստեղ առաջատար է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6791 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 6557 ձայն, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 340 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 316 ձայն։ Լոռի Բերդում առաջատար է ՔՊ-ն՝ 1254 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցությունը այստեղ հավաքել է 619 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 338 ձայն։ Տաշիրում առաջատար է «Միասնական համայնք» դաշինքը՝ 5904 ձայնով։ Այստեղ առաջադրվել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ հավաքելով 2376 ձայն։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նույնպես առաջատար Է «Միասնական համայնք» դաշինքը՝ 6812 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ հավաքել է 5571 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 879: Ակունք համայնքում նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2708 ձայնով։ Մյուս մրցակիցը՝ «Համախմբում» դաշինքը հավաքել է 2098 ձայն։ Բյուրեղավանում 4 քաղաքական ուժ է մասնակցել ընտրություններին, իսկ առաջատարը դարձել է «Միասնություն» դաշինքը՝ 2079 ձայնով։ ՔՊ-ն այստեղ հավաքել է 1247, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 1157, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 166 ձայն։ Ջրվեժում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ստացել է 2084 ձայն։ Շիրակի մարզի Անի համայնքում հաղթել է «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ հավաքել է 3032 ձայն, «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 1037 ձայն։ Սյունիքի Սիսիան համայնքում ընտրություններին մասնակցել է 7 քաղաքական ուժ, առաջատարը ՔՊ-ն է՝ 4093 ձայնով։ «Աշխատանք և արդարություն» դաշինքը այստեղ ստացել է 2693 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2307 ձայն, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 979 ձայն, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794 ձայն, «Զարգացող համայնք» դաշինքը՝ 570 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 403 ձայն։ Քաջարան համայնքում առաջատարը «Դեպի միասնություն» դաշինքն է` 3127 ձայնով։ ՔՊ-ն այստեղ հավաքել է 1118 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 482 ձայն։ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3281 ձայնով։ «Հանրապետություն» կուսակցությունը այստեղ հավաքել է 388 ձայն։ Եղեգիս համայնքում նույնպես առաջատարը ՔՊ-ն է՝ 1593 ձայնով։ Ազատական կուսակցությունը այստեղ հավաքել է 1162 ձայն, «Վերելք» կուսակցությունը՝ 45 ձայն։ Տավուշի Բերդ համայնքում առաջադրված 3 ուժերից հաղթել է «Զորավոր համայնք» դաշինքը՝ 5685 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ ստացել է 4298 ձայն, «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 1097 ձայն։ Արագածոտնի Ալագյազ համայնքում ընտրությունները տեղի են ունեցել մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ համայնքի ղեկավար է ընտրվել է Մախմուդով Ջասմը՝ 773 ձայնով։ Մյուս թեկնածուն՝ Ուռուսյանը Անզորը այստեղ հավաքել է 444 ձայն։
11:23 - 26 սեպտեմբերի, 2022