Արման Բաբաջանյանը վայր չի դնում մանդատը |aysor.am|
13:08 - 10 սեպտեմբերի, 2019

Արման Բաբաջանյանը վայր չի դնում մանդատը |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնին մոտեցավ մեծ պայուսակով։ Նա ասաց, թե վերջին մի քանի օրերը իր համար ծանր են եղել՝ ստիպված է դժվար որոշում կայացնել՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։

«Ես ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Իրականում իմ այդ որոշման խորքային դրդապատճառները ոչ այնքան «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան մեր ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ։

Ես համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է թավշյա հեղափոխության օրերին, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, նոր քաղաքական մտքի։ Ցավոք ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել ու չեմ տեսնում ոչ «Լուսավոր Հայաստանում», ոչ մնացյալ ուժերում», -հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով, քաղաքական համակարգն Հայաստանում ախտահարված է, որի հետևանքով տարբեր ոլորտներում ճգնաժամեր են՝ Սահմանադրական դատարանում, անցումային արդարադատության հարցում, Ամուլսարի խնդրում։

«Հեղափոխությունից մեկ ու կես տարի անց մենք տեսնում ենք Հայաստանի կողմից վարվող անատամ արտաքին քաղաքականություն։ Թավշյա հեղափոխության արդյունքում մենք շարունակում ենք վարել նախկին իշխանության քաղաքականությունը, այն դեպքում ժողովրդավարացած Հայաստանը պետք է աշխարհի հետ խոսեր նոր օրակարգով», -հավելեց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ ինքը վայր չի դնում մանդատը և «Լուսավոր Հայաստանից» դուրս, անկախ պատգամավորի կարգավիճակում անելու է առավելագույնը կարող ուժերին համախմբելու, միավորելու ու նրանց ներուժը «ի բարօրություն Հայաստանի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել