armenpress.am: Հայաստանի կառավարությունը սկսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կառավարումը ստանձնելու գործընթաց։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։
«Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացների իրականացումը՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ։ Պետք է սա արագ և արդյունավետ իրականացնենք»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետն այս համատեքստում անդրադարձել է նաև հունիսի 25-ին տեղի ունեցած միջադեպին, երբ «Հոմպլեքս Մոլ»-ի բացման արարողության ժամանակ տեղի էր ունեցել հոսանքազրկում։
«Մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ հատուկ սաբոտաժ է, կամ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այս հարցը քննարկվել է քաղաքական մակարդակով՝ ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ԱԺ խմբակցության շրջանակում։ Կառավարությունն արդեն իսկ նախապատրաստել է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները։
Նա նշեց, որ նախատեսվում է, որ առաջին անհրաժեշտ քայլը կլինի պետական կառավարման ստանձնումը, որից հետո կքննարկվեն հնարավոր սցենարները՝ ընկերության լիարժեք պետականացման, կառավարման բարեփոխումների և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Փաշինյանը շեշտեց, որ կառավարության ռազմավարական նպատակն է ապագայում ապահովել նաև ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորություն, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան դառնալ ընկերության համասեփականատերեր։
«Մենք պետք է ապահովենք այնպիսի երաշխիքներ, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց խնայողություններով բաժնետոմսեր ձեռք բերել։ Նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում»,-նշեց վարչապետը։
comment.count (0)