Սահմանամերձ Լուսառատ գյուղում ռուս սահմանապահները խնդիրներ են ստեղծում այգետերերի համար
14:02 - 01 օգոստոսի, 2019

Սահմանամերձ Լուսառատ գյուղում ռուս սահմանապահները խնդիրներ են ստեղծում այգետերերի համար

Այսօր կեսօրին տեղեկացանք, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի այգետերերը բողոքի ակցիա են իրականացրել: Այս մասին տեղեկացրեց Լուսառատ գյուղի այգետերերից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Նա նաև մի շարք մանրամասներ հայտնեց ակցիայից, որոնք կներկայացնենք ստորև:

Լուսառատ գյուղը գտնվում է հայ-թուրքական սահմանին մոտ, որտեղ հերթապահում են ռուս սահմանապահները: Գյուղացիներն իրենց այգիներին հասնելու և մշակելու համար պետք է անցնեն ռուսական սահմանապահ տարածքի պարիսպից ներս: Այս նպատակով գյուղացիներն ունեն հատուկ անցաքարտեր: Սակայն, երբ հաճախորդներ են գալիս՝ այգետերերից մթերք գնելու, սահմանապահները չեն թողնում մուտք գործել: «Մեզ մոտ ռուսական սահմանապահներ կան, դժվարությամբ են թողում, նեղացնում են։ Գնացինք մարզպետարան, վաղը պիտի հարցին լուծում տան, վաղն էլի հավաքվելու ենք։
Մեր հողերը պարիսպից ներս են։ Այդտեղ մենք թույլտվությամբ ենք մտնում, հող մշակում։ Որ հաճախորդներ են գալիս ապրանք գնելու, ներս մտցնելու խնդիր է առաջանում։ Մի քանի տարի լավ էր, հիմա խնդիր է առաջանում, ասում են զանգեք ԱԱԾ, ԱԱԾ-ից թույլատվություն տան...», - իր խոսքում նշեց մեզ ահազանգող այգետերը։

Երբ հողատերերը մուտքի հետ կապված խնդիր են ունենում և ուշ են հասնում, այգի են մտնում կաչաղակները, բերքը վնասում են:

Այսօրվա ակցիայից հետո վաղը հանդիպում է կայանալու մարզպետարանում՝ Լուսառատի և հարակից գյուղի գյուղապետերի հետ: Հանդիպմանը ներկա են լինելու նաև 4-5 այգետերեր: 

«Մեզ մոտ կաչաղակներ կան, մտնում են, գյուղացու բերքը սաղ ծակում, փչացնում են։ Գյուղացիներն արդեն բորբոքված էին, չէին դիմանում։ Գնացին մարզպետարան, մի քիչ աղմկեցին, սահմանը բացեցին, գնացինք մենք հողերը, բայց արդեն կաչաղակները ծակել էին ամբողջ մթերքը։ Մարզպետարանում ասել են՝ վաղը գյուղապետերի հետ մի 4-5 հոգի գնանք, բոլոր հարցերին լուծում կտան։ Տեսնենք՝ վաղը ինչ են ասում»,- մասնավորապես նշում է այգետերը։

Այգետիրոջ հետ զրույցից պարզ դարձավ նաև, որ գարնանը ևս նմանատիպ խնդիր է եղել՝ հարակից գյուղից մի հողատիրոջ հետ: Վերջինս  հաճախորդի հետ փորձել է մուտք գործել իր այգի՝ ձմերուկ բեռնելու, սակայն չեն թողել՝ առանց մանրամասնելու պատճառների մասին: Մինչ երեկո կաչաղակներն արդեն վնասել էին ձմերուկի ողջ բերքը:

Մենք նաև կապ հաստատեցինք Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանի հետ, ով ակցիայից մանրամասներ չհայտնեց, սակայն չհերքեց, որ խնդիրներ լինում են: «Մենք միշտ էլ հանդիպում և առաջացած խնդիրները լուծում ենք։ Իհարկե լինում են խնդիրներ։ Սահման է, պետական սահման է, դա մեր ազգային անվտանգությունն է։ Սահման գնալն այնքան ազատ չէ, ինչքան ուզում ենք։ Բնական է, որ ոչ սահմանային հողերի նման հեշտ չէ ներս մտնելը, բայց էլի նորմալ է։ Եթե առաջանում են հարցեր, լուծվում են»,- ասաց Դանիել Հակոբյանը։ 

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել