ՀՀ ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով |armenpress.am|
16:44 - 16 մայիսի, 2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արարատի մարզի Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի դպրոցում բարձր դասարանցիների կողմից 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքին՝ այն սարսափելի համարելով։  

Նախարարն ընդգծեց՝ իրավապահ մարմիններն այժմ ամբողջական քննություն են իրականացնում, և ինքը հույս ունի, որ քննության ավարտից հետո այդ դեպքի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կլինեն։ 

«Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի սարսափելի է, ուղղակի բառեր չեմ գտնում ու կարծում եմ, որ նման իրավիճակներն անթույլատրելի են։ Բնականաբար, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է կարևոր, այլև մեր։ Մենք մեր հերթին պետք է մանրամասն հասկանանք, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, և որ օղակն ինչքանով է իր տեղում եղել ու ճիշտ արձագանքել»,-շեշտեց նախարարը։

Նրա հավաստիացմամբ՝ նման դեպքերը մեկ օրում տեղի չեն ունենում. որոշ նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում։ «Եթե լինի արձագանք ընտանիքներից, դպրոցից, այսպիսի դեպքերը չեն կարող նման սրացումներ ունենալ, խորանալ ու հնարավոր կլինի ավելի վաղ կանխել»,-ասաց Անդրեասյանը։  

Նախարարը կարծում է՝ նախարարությունն ընդհանրապես թմրանյութերի տարածումը կանխարգելելու ուղղությամբ շատ անելիքներ ունի։ Վերջերս ՀՀ կառավարությունում քննարկել են այդ ուղղությամբ ռազմավարությունը, որը ներկայացված է եղել ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների կողմից։ Անդրեասյանը վստահ է՝ այդ ոլորտում բոլոր գերատեսչություններն անելիքներ ունեն։ 

«Կրթական հաստատություններում անելիքներ կան մի քանի հիմնական ուղղություններով. մեկն իրազեկումն է, որ երեխաները տեղեկացված լինեն  վնասակար հետևանքների, վտանգների մասին ու հասկանան, թե որ իրավիճակում ով, ինչ կարող է իրենց առաջարկել և ինչպես պետք է արձագանքեն նման իրավիճակներում, ում կարող են դիմել, աջակցություն ստանալ։ Մենք նաև դպրոցներում ունենք անվտանգություն ապահովելու խնդիր։ Նպատակ ունենք կարգավորել  դպրոցներում ելումուտը։ Հատկապես խոշոր ու ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք ունեցող երեխաներն են, ավելի լուրջ ռիսկեր կան։ Մեզ անհանգստացնում են ոչ միայն թմրանյութերը, այլև դանակի գործադրման կամ այլ միջոցներով տարբեր միջադեպերը։ Այս դպրոցների ելումուտը վերահսկելու, կարգավորելու խնդիր կա»,-շեշտեց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է անչափահասների շրջանում թմրանյութերի, թմրամիջոցների հնարավոր թեստավորման տարբերակը։ ՀՀ ՆԳՆ-ի հետ փորձում են հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր կազմակերպել դա։ «Առկա է անձնական տվյալների հետ կապված հարցը նաև։ Մենք հասկանում ենք, որ բավականին զգայուն ու նուրբ հարց է, բայց մյուս կողմից էլ սա մեր երեխաների առողջության ու անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Առաջիկայում կգտնենք ընդունելի կարգը՝ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով։ Մի բան կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունեցել, չպիտի կրկնվի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ստանում է հաղորդագրություններ իրավապահ մարմիններից և փաստում՝ հաճախ թմրանյութերի տարածումը, վաճառքը իրականացվում է տարբեր հարթակների միջոցով, ինչպես օրինակ՝ «Տելեգրամ»-ի ալիքների։ «Ահազանգեր ստացել ենք, որ ինչ-որ կասկածելի բան է տեղի ունենում, օրինակ, դպրոցների մոտակայքում։ Բնականաբար, իրավապահ մարմինների հետ կապի մեջ ենք և փոխանցում ենք այդ տեղեկությունները։ Սա մի աշխատանք է, որը պետք է անենք բոլորս»,-ասաց նա։ 

Խոսելով դպրոցի տնօրենի աշխատանքից հնարավոր հեռացման մասին՝ Անդրեասյանը շեշտեց. «Եթե դպրոցն այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, խնդիր է։ Բոլոր անձիք, որոնք տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Սա իմ միանշանակ դիրքորոշումն է, որը չեմ պատրաստվում քննարկել։ Այդ դիրքորոշումը փոխանցել եմ նաև մարզպետին»։

Ավելի վաղ Արարատի մարզպետարանը խստորեն դատապարտել էր կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարել, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո։ 

Կառույցը վստահեցրել էր, որ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով:

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողություն եւ վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք եւ բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել