Որոշակի խնդրահարույց մտքեր ու կասկածներ են առաջանում. չի կարելի գործը մեկ հոդվածով սկսել, մեկ այլ հոդվածով շարունակել. ԼՀԿ պատգամավորը` Արսեն Բաբայանին առնչվող գործընթացի մասին |tert.am|
11:37 - 25 հոկտեմբերի, 2019

Որոշակի խնդրահարույց մտքեր ու կասկածներ են առաջանում. չի կարելի գործը մեկ հոդվածով սկսել, մեկ այլ հոդվածով շարունակել. ԼՀԿ պատգամավորը` Արսեն Բաբայանին առնչվող գործընթացի մասին |tert.am|

tert.am։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումն իրավաչափ չէր, քանի որ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը համաներման տակ ընկնող հոդված էր, հետևաբար անձին ազատությունից զրկելու հետ կապված որևէ գործողություն չպետք է կատարվեր: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը:

Նա նշեց նաև, որ, հավանաբար, բազմաթիվ անձանց այս մասին արված հայտարարությունների և ճնշման ներքո էր, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը հրաժարվեց այդ հոդվածով գործը հետագայում առաջ տանելուց, և հոդվածի փոփոխություն տեղի ունեցավ:

Անդրադառնալով երկրորդ` Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործին, պատգամավորը նշեց, որ, քանի որ ամբողջությամբ չի տիրապետում նյութերին, վերջնական մեկնաբանություն չի կարող տալ:

«Բայց ինձ մոտ էլ որոշակի խնդրահարույց մտքեր ու կասկածներ առաջանում են առ այն, որ չի կարելի գործը մեկ հոդվածով սկսել, մեկ այլ հոդվածով շարունակել, և այսքան կարճ ժամանակահատվածում, այն էլ` նման խնդրահարույց հոդվածներով»,-ասաց Սիմոնյանը` նշելով, որ որպես արտոնագիրը կասեցրած փաստաբան` ծանոթ է քրեական հետապնդում իրականացնող մարմինների այս աշխատելաոճին:

«Ինչ են անում` սովորաբար ինչ-որ հոդվածով գործը սկսում են, և եթե տեսնում են` չեն կարողանում խնդիրը լուծել, մեկ այլ հոդված են վերցնում, որ կարողանան գործը շարունակել: Սա ընդունված է եղել մեր` քրեական հետապնդում իրականացնող մարմինների մոտ, և ես, իհարկե, կհիասթափվեմ, թե այս մեխանիզմը նորից գործի դրված լինի, որովհետև հեղափոխությունը նաև դրա համար էր արվել, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները չօգտվեին օրենսդրական այս հնարավորություններից` գործն անհիմն երկարացնելու և անձին ազատազրկման վայրում ավելի երկար պահելու համար»,-մեկնաբանեց Տարոն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ Արսեն Բաբայանի աջակիցներն ու պաշտպանները պնդում են, թե Բաբայանին առնչվող գործն իրականում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ճնշելու փորձ է, Սիմոնյանն ասաց.

«Փաստաբանները գործին տիրապետում են և ինչ ասում են, այդ գործի շրջանակներում են ասում: Մի քիչ ճիշտ չի լինի, որ քաղաքական գործիչ լինելով` ես մտնեմ գործի փաստական հանգամանքների մեջ, բայց որոշակի կասկածներ բոլորս էլ իրավունք ունենք ունենալ այդ թեմայի շուրջ»:

Արսեն Բաբայանը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին։ Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել