Ինչ է ասել Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով |civilnet.am|
10:02 - 24 սեպտեմբերի, 2019

Ինչ է ասել Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով |civilnet.am|

civilnet.am։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյանն Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

Հայկ Հարությունյանը 1999-2003-ին եղել է ՀՀ ներքին գործերի նախարար, 2003-2008-ին ՀՀ ոստիկանապետ, իսկ 2008-ի հունիսից երկու տարով պաշտոնավարել է որպես Պետական պահպանության ծառայության պետ։ Հարությունյանն ուներ գեներալ-գնդապետի կոչում։

Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ է հայտնաբերել 2007-2015-ի ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում։ Հայկ Հարությունյանը 2010-2014-ին քրեակատարողական վարչության պետն է եղել։

Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից էր, և այս գործով ցուցմունք է տվել, որը արտահոսքի հետևանքով «Ժողովուրդ» թերթում հրապարակվեց ապրիլին։

Մարտի 1-ի գործի մեղադրանքում կա Հայկ Հարությունյանի մասնակցությամբ հետևյալ դրվագը.

«Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով […] ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը […] 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ»:

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի վերաբացված գործով Հայկ Հարությունյանն իր ցուցմունքը սկսել է 2008թ. փետրվարի իրադարձություններից։ Մասնավորապես նա ասել է, որ փետրվարի 28-ին կամ 29-ին իր հետ կապ է հաստատել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա տնօրեն Գորիկ Հակոբյանը։ Վերջինս ասել է, թե ըստ ԱԱԾ տվյալների՝ Ազատության հրապարակում հավաքագրվում է մեծ քանակով զենք և զինամթերք, հնարավոր է՝ «սադրիչ գործողություններ տեղի ունենան»:

«Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, և Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա»,- ասել է Հարությունյանը։

Այնուհետև նա իր մոտ խորհրդակցություն է հրավիրել և կարգադրել, իր խոսքերով, «առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայությունը ստուգելու համար»:

Ըստ Հարությունյանի՝ չեն հասցրել գործողությունները սկսել, երբ իրենց նույն Գորիկ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինֆորմացիայի արտահոսք է եղել։ Մարտի 1-ին, Հարությունյանի ցուցմունքի համաձայն, «իրեն տեղեկացրել են, որ ոստիկաններին սպասել են, ու բախումներ է եղել, ինչի արդյունքում ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեղազննում իրականացնել»։

Նա նաև ասել է, որ «ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու ստացված օպերատիվ տվյալները»։

Երեկոյան, համաձայն ցուցմունքի, իրավիճակը գնալով լարվում էր, «սկսել էին մեքենաներ հրկիզել Մաշտոցի պողոտայում», ուստի ոստիկանական ուժերը կենտրոնացվում են Ձկան խանութի մոտ։

Այնուհետև Հայկ Հարությունյանին զեկուցել են, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի և ցուցարարների միջև. «Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադևոսյանը: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաև, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ:

Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաև զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում Լեո փողոցում»,- ասել է Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ «22:30-ի սահմաններում այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին»:

Հարությունյանը նաև անդրադարձել է 2008-ի փետրվարի 23-ի խորհրդակցությանը որը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, և որին մասնակցում էին նաև ուժային կառույցների ղեկավարները։ Նա մասնավորապես ասել է.

«Նշված խորհրդակցությանը նախագահի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, և քանի որ Զինված ուժերից տեղեկություներ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում` ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին: Այլ խորհրդակցություն չեմ հիշում, որ այդ ընթացքում տեղի ունեցած լինի»։

Նա նաև ասել է, որ ցույցերի մասին տեղեկությունը զեկուցել է այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին և նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջացառման մասին՝ միայն Քոչարյանին։

«Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, և ես պատճառաբանել եմ, որ տեղզննման գնալու ենք առանց զինվածության և առանց հատուկ միջոցների, այն կատարելու է Սաշա Աֆյանը, որն այդ օրերին միշտ շփվել է ցուցարարների հետ և կարողանում է կոնտակտի մեջ մտնել նրանց հետ: Իմ հիշելով` եթե չեմ սխալվում, Ազատության հրապարակի միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության մի քանի ծառայողներ` որպես հավելյալ օգնական ուժեր»:

Հարությունյանը քննիչին նաև հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008-ի փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի մասին տեղեկացել է միայն ամիսներ առաջ՝ այն համացանցում հրապարակելուց հետո:

Նա պնդել է, որ «բանակը Երևան քաղաքի փողոցներում հայտնվել է, երբ անկարգություներ են սկսվել մայրաքաղաքում»։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել