Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին: