RElection [#5] Կուսակցությունների  հայտարարագրերի վերլուծության գործառույթը պետք է իրականացնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը․ Սյուզաննա Սողոմոնյան
18:07 - 18 սեպտեմբերի, 2019

RElection [#5] Կուսակցությունների հայտարարագրերի վերլուծության գործառույթը պետք է իրականացնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը․ Սյուզաննա Սողոմոնյան

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների թեմայով զրուցել ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ։

- Տիկի՛ն Սողմոնյան, RElection ծրագիրը շարունակական է, և յուրաքանչյուր փորձագետ, որի հետ հարցազրույց ենք իրականացնում, հաջորդ փորձագետին հարց ուղղելու հնարավորություն ունի։ Մեր նախորդ զրուցակիցը «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» իրավաբան, փորձագետ Լուսինե Նալբանդյանն էր, և նա Ձեզ ուղղել է հետևյալ հարցը․

«Ի՞նչիսին պիտի լինի պետության միջամտությունը կուսակցությունների գործունեությանը քաղաքական մշակույթի ստեղծման և հաստատաման կոնտեքստում»։

-Կարծում եմ՝ պետության մասնակցությունը կուսակցությունների ձևավորման, կայացման, ինչպես նաև գործունեության ծավալման հարցում պետք է կարգավորվի բացառապես օրենսդրական մակարդակով, և այդ կարգավորումները պետք է լինեն հստակ՝ ապահովելով հավասարությունը ինչպես արդեն երկար տարիներ գործող մեծ կուսակցությունների, այնպես էլ փոքր կուսակցությունների միջև, ինչպես նաև ապահովելով այդ հավասարությունը ֆինանսական հարցերում, որովհետև շատ դեպքերում մեծ կուսակցությունները, որոնք նաև ունեն երկար տարիների փորձ, ունեն որոշակի կուտակված և նաև ստացված ֆինանսական եկամուտներ, որոնցով կարող են ապահովել և՛ իրենց գործունեությումը, և՛ իրենց մուտքը տարբեր ընտրություններին, ինչը չենք կարող ասել նոր ստեղծված կամ ավելի փոքր կուսակցությունների մասին։

Հետևապես, կարծում եմ՝ այս հիմնական կետերն են, որոնց վրա պետք է պետությունն ուշադրություն դարձնի, և վերջինիս մասնակցությունը այս հարցերում պետք է ուղղված լինի հնարավորինս ապահովելու հավասարություն, թափանցիկություն, ինչպես նաև հաշվետվողականություն կուսակցությունների գործունեության հարցում՝ դրանով իսկ խթանելով կուսակցական կայուն համակարգի ստեղծումը Հայաստանում և հնարավորինս բացառելով այնպիսի կուսակցությունների ստեղծումը, որոնց նպատակն է մասնակցել ընթացիկ ընտրություններին, չանցնելու դեպքում արդեն դադարեցնել իերնց գործունեությունը։

- Ազգային ժողովում քննարկումներ են սկսվել «Կուսակցությունների մասին» օրենքը և ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նպատակով։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն առաջնահերթ փոփոխությունները, որոնք պետք է արվեն «Կուսակցությունների մասին օրենքում։

- Ես ինձ համար առանձնացրել եմ մի քանի կարևոր ուղղություններ, որոնցով, կարծում եմ, պետք է սկսվեն արդեն ակտիվ քննարկումներ, և այդ մասով մեր իշխանությունները և կուսակցությունները, ինչու չէ, նաև փորձագետները և շահագրգռված անձինք անելիքներ ունեն։

Առաջինը՝ ես կուզենայի խոսել նվիրատվությունների մասին, որ բավականին ցավոտ թեմա է կուսակցությունների դեպքում։

«Կուսակցությունների մասին» օրենքով քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող նվիրատվություն անել կուսակցություններին, և նույն օրենքով նաև արգելվում է օտարերկրյա քաղաքացիներին նվիրատվություն անել, բայց, ինչպես ցույց տվեց վերջին փորձը, այդ թվում՝ նաև հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանին իր քաղաքական գործընթացների համար մեծապես սատար կանգնեց սփյուռքը։ Սփյուռքահայերը գուցե չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, համարվում են օտար պետության քաղաքացիներ, վերջիններս ակտիվ մասնակցություն ունեցան ֆինանսական օգնության ցուցաբերման հարցում։

Գուցե այդ գումարները սփյուռքը ուղղում էր կոնկրետ «Իմ քայլը» հիմնադրամին և ոչ թե կուսակցությանը, բայց նպատակը եղել է քաղաքական գործունեության սատարումը։ Հետևապես, կարծում եմ, մենք այս հարցով անելիքներ ունենք և պետք է նաև դիտարկենք սփյուռքահայերին օրենքով սահմանված կարգով նվիրատվությունների տրամադրման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռելու տարբերակը , քանի որ վերջիններս շահագրգռված են և ունեն նաև որոշակի հետքրքրություններ և ուզում են ինչ-որ կերպ օգնած լինել այն կուսակցություններին, որոնց հետ կիսում են նույն գաղափարները։

Երկրորդ ուղղությունը, որ կուզենայի առանձնացնել նորից ֆինանսավորման հետ կապված․ կուսակցությունների մասին օրենքով արգելվում է կուսակցություններին նաև անանուն անձանցից ֆինանսավորում ստանալ։ Այստեղ թերևս ես նույնպես կառաջարկեի, որ ոորշակի շեմ սահմանվեր, և ոչ թե կտրականապես արգելվեր անանուն անձանց որոշակի ֆինանսավորում տրամադրել կուսակցություններին, այլ, օրինակ, 50-ից 100 հազար դրամ տարեկան ֆինանսավորման հնարավորություն ընձեռվեր, որովհետև կան մարդիկ, որոնք ուզում են անանուն կերպով օժանդակել այս կամ այն կուսակցության գործունեության իրականացմանը։

- Դա չի՞ բերի կոռուպցիոն ռիսկերի։ Օրինակ, մարդն անանուն ֆինանսավորում է, բայց ինչ-որ բիզնես շահեր ունի։

- Ես հատուկ դրա համար, հենց այդ խնդիրներից խուսափելու համար փոքր շեմ եմ նշում՝ 50 հազարից 100 հազար դրամ, որ վերջինս իր հոգևոր արժեքները բավարարի, որովհետև կարդալով քարոզարշավի նյութերը կամ կուսակցության կանոնադրությունը՝ գտնում է այնպիսի կետեր, որոնք գաղափարապես կիսում է և ցանկություն ունի մասնակցելու, բայց, միևնույն ժամանակ, ուզում է անանուն մնալ։

Դրա համար մենք, սահմանելով փոքր ռիսկեր, հնարավորություն կտանք անձին այդ հոգևոր արժեքները բավարարելու և մասնակցելու կուսակցության գործունեությանը։ Այս տեսանկյունից ես հաշվի էի առել նաև Ձեր հարցը, դրա համար որպես չեզոքացում ավելի փոքրիկ գումար նշեցի, զուտ սիմվոլիկ։

Մեկ այլ կարևոր խնդիր, որին ես կուզենայի հրավիրել որոշում կայացնողների ուշադրությունը, հայտարարագրերն են։ Ինչպես գիտեք, ընտրություններին մասնակցելու դեպքում թեկնածուները ներկայացնում են գույքի, եկամուտների հայտարարագրեր, բայց այստեղ խնդիրն այն է, որ վերջիններս դա ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Բոլոր նրանց, ովքեր ոչ խորությամբ են ծանոթ հայտարարագրերի վերլուծության գործընթացին, ես ուզում են նշել, որ սա բավականին բարդ գործընթաց է, լուրջ գործիքակազմ է պահանջում, և ես կարծում եմ, որ այս գործառույթը պետք է իրականացնի ոչ թե ԿԸՀ-ն, այլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քանի որ հենց այս հանձնաժողովն է նաև զբաղվում պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերի վերլուծությամբ և ունի օրենքով սահմանված այն գործիքակազմը, որով կարող է բացահայտել, համադրել տարբեր տվյալներ և հասկանալ՝ արդո՞ք հայտարարագիրը ճիշտ է ներկայացված, դրանում կա՞ն թերի տեղեկություններ, կամ գուցե հայտարարագիրը կե՞ղծ է ներկայացված։

Այս խնդիրներից խուսափելու համար ու նաև կարևորելով ֆինանսական հարցերում զրո հանդուրժողականությունը խախտումնեի նկատմամբ՝ կարծում եմ՝ այս գործառույթը պետք է փոխանցել ավելի պրոֆեսիոնալ և մասնագիտացված մարմնի, որի, կարելի է ասել, ամենօրյա գործունեությունն է հայտարարագրերի վերլուծությունը։

- Ի՞նչ պետք է անել, որ ոչ միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում, այլև առհասարակ, հավասար պայմաններ ստեղծվեն ֆինանսապես ապահովված և ֆինանսական խնդիրրներ ունեցող կուսակցությունների համար։

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Այս տեսանկյունից ես կարծում եմ՝ մենք «Կուսակցությունների մասին» օրենքում, ինչպես նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու կարիք ունենք։

Դուք հավանաբար գիտեք, որ ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունները ընտրագրավ են մուծում 10 միլիոն դրամի չափով, և բնականաբար այս գումարը նոր ստեղծվող և փոքր կուսակցությունների համար մեծ շռայլություն է, և ոչ միշտ է, որ կարողանում են վերջիններս դա ժամանակին գտնել և մասնակցել այդ գործընթացներին։ Շատ դեպքերում հնարավոր է նաև՝ այդ գումարի հայթայթման ընթացքում վերջիններս ներգրավվեն որոշակի սխեմաներում։ Հետևապես, ես կարծում եմ, որ նախ մենք պետք է ընտրագրավի շեմը նվազեցնենք։

Երկրորդը՝ արդեն ընտրագրավի հետ կապված․ եթե կուսակցությունները չեն հավաքում օրենքով սահմանված քվեների առնվազն 3 տոկոսը, ապա վերջիններիս ընտրագրավը չի վերադարձվում, և այն հանձնվում է պետական բյուջե, և այս տեսանկյունից, կարծում եմ,  պետք է վերադարձվեն ընտրագրավները այն կուսակցություններին, որոնք դա մուծել են ընտրություններին մասնակցելու համար, որովհետև, ինչպես նշեցի, այդ գումարը բավականին մեծ է, և այն կուսակցությունները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և չեն ընդգրկվել Ազգային ժողովի գումարման կազմում, այդ գումարը կարող են ի նպաստ իրենց կուսակցության կարողությունների զարգացմանն ուղղել, և հաջորդ ընտրություններում վերջիններս կլինեն ավելի ուժեղ, ավելի պատրաստված և մրցունակ կլինեն նաև երկար տարիներ գործունեություն ծավալող կուսակցությունների հետ։ Այս հարցով, կարծում եմ, պետք է միջոցներ ձեռնարկի մեր իշխանությունը, ու նաև որոշում կայացնողները՝ համապատասխան փոփոխություններ։

Ես նաև այստեղ կուզենայի խոսել գործունեության կասեցման մասին։ «Կուսակցությունների մաին» օրենքով՝ այն դեպքում, երբ կուսակցությունները երկու անգամ անընդմեջ չեն մասնակցում ԱԺ կամ Երևանի, Գյումրու, Վանաձոր քաղաքի ավագանիների ընտրություններին, վերջիններիս գործունեությունը կարող են կասեցնել, ընդ որում՝ կարող են կասեցնել, և ոչ թե պարտավոր են։

Ստացվում է, որ այս նորմը հայեցողական է և մի կուսակցության դեպքում կարող է կիրառվել, մի կուսակցության դեպքում կարող է չկիրառվել։ Ես կարծում եմ, որ սա ուղղակի միջամտություն է կուսակցության գործունեությանը, և կուսակցությունն ինքը պետք է որոշի՝ արդյո՞ք արժե շարունակել իր գործունեությունը, թե՞ պետք է այն կասեցվի։ Այս մասով ևս անելիք կա, առավել ևս, որ ամբողջ այս տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ կուսակցության գործունեությունը կասեցված լինի այս հիմքով։

- Ի՞նչ սահմանափակումներ պետք է լինեն կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների առումով, որ ոչ միայն նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, այլև կուսակցությունների հետագա գործունեության ընթացքում նվազեն կոռուպցիոն ռիսկերը։

- Ամենակարևոր խնդիրը ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության վերահսկողությունն է։ Մենք խոսում են սահմանափակումներից, բայց, միևնույն ժամանակ, մենք դեռևս չենք օգտագործում այն գործիքակազմը, որ կարողանանք ճիշտ վերահսկել կուսակցությունների գործունեությունը։

Առաջինը՝ ինչքանո՞վ են այդ գումարները ըստ նպատակի ծախսվում․ արդյո՞ք բացի ֆինանսական հաշվետվությունից նաև ստուգում է իրականացվում՝ ինչքանով են այդ գումարները բովանդակային առումով ճիշտ ծախսված, և կուսակցություններն իրենց կանոնադրական նպատակի համա՞ր են դա ծախսել։

Երկրորդը՝ շատ լավ, ամբողջ գումարը ծախսվում է, բայց ինչքանո՞վ է այդ ծախսված գումարը նպատակին ծառայել, և ինչքանո՞վ է այդ ծախսված գումարով ներկայացված պատկերը համապատասխանում իրողությանը․ մեքենաների օգտագործումը, որ Երևանից կարող են Սյունիքի մարզ հասնել նախընտրական քարոզչության համար, տարբեր նյութերի տպագրության իրականացումը․․․ Սրանք արդյո՞ք ստուգվել են համապատասխան մարմինների կողմից, և արդյո՞ք վեր են հանվել այս խնդիրները, որովհետև կուսակցությունների կողմից ֆինանսների կառավարումը մշտապես եղել է Հայաստանում խնդիր, և այս մասով թերևս մեզ մոտ կա թույլ վերահսկողություն, որովհետև հաշվետվություն տալը մեկ բան է, հաշվետվության դետալների մեջ խորանալ և գտնել՝ ինչքանով է դա համապատասխանում օրենքով սահմանված կարգին, ինչքանով են այդ ֆինանսները ծախսվել իրենց գործունեության իրականացման համար, լրիվ այլ պատկեր է։

- Այսինքն՝ ավելի կարևոր է տեսնել, թե կուսակցությունն իր գումարներն ինչքանով է արդյունավետ ծախսում, քան տեսնել, թե ով է ֆինանսավորել այդ կուսակցությա՞նը։

- Մեկը մյուսից մենք չենք կարող ավելի ստորադասել, որովհետև երկուսն էլ շատ կարևոր են, և ես կարծում եմ, որ նախ պետք է լինի մի համակարգ, որտեղ բոլոր կուսակցությունները, բացի azdarar.am կայքում իրենց հաշվետվությունները հրապարակելուց, պետք է մեկ միասնական հաշվետվություն ունենան։

Օրինակ, հասարակական կազմակերպությունների դեպքում հիմա օրենքը փոխվում է, նախագիծ է շրջանառվում, և յուրաքանչյուր կազմակերպություն այդ օնլայն հարթակում ունենալու է իր էջը և Դուք, ես, մյուսը, կարող են մուտք գործել և տեսնել այս հասարակական կազմակերպության ֆինանսական և բովանդակային գործունեության վերաբերյալ հակիրճ հաշվետվություններ՝ հիմնական ուղղությունների մասին։

Կարծում եմ, որ նույնը պետք է լինի նաև կուսակցությունների մասին, որը մեզ հնարավորություն կտա նաև հասկանալու, թե որ կուսակցությունը ինչ գործունեություն է ծավալում, արդյո՞ք նրա նպատակը բացառապես ընտրություններին մասնակցելն է։

Չբացառենք, որ կուսակցությունները կարող են նաև արտախորհրդարանական գործունեություն ծավալել, բայց միևնույն ժամանակ ոչ բոլոր կուսակցություններն ունեն կայքեր, իսկ որոնք ունեն կայքեր, ոչ միշտ է, որ տեղեկատվությունը թարմացնում են։ Կարծում եմ, որ պետք է լինի մեկ միասնական համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այն անձը, որը ցանկանում է նվիրատվություն իրականացնել կուսակցությանը, հնարավորություն կունենա ծանոթանալու ղեկավար կազմին, անդամներին ու նաև գործունեության տարեկան հաշվետվությանը։

Ինչ վերաբերում է անձանց, այսինքն՝ իմանալ, թե ովքեր են նվիրատվություն իրականացնում, ես ինչո՞ւ եմ նշում անանուն անձանց ինստիտուտը, որ բավական կարևորում եմ, որովհետև մեզանում crowdfunding-ը հիմա շատ է ուժեղանում, զարգանում: Crowdfunding-ի հիմնական գաղափարը փոքրիկ գումարներով մեծ հաջողությունների հասնելն է, երբ անձինք իրենց նպատակների իրականացման համար հազարավոր մարդկանց խնդրում են տրամադրել ֆինանսական օժանդակություն, 1 դոլարից կարող է մինչև ավելի բարձր թվերի հասնել, և այս ինստիտուտը գնալով զարգանում է, ու այն նաև Հայաստանում է օգտագործվում և նաև կուսակցությունների ֆինանսապես կայունությունն ապահովելու գործիքներից մեկը կարող է լինել։ Այս կոնցեպտը ես դրա համար փորձեցի զարգացնել, նաև ավելի ինովացիոն միջոցներով կուսակցություններին զարգացման նոր փուլ թևակոխելու համար։

- Հնարավո՞ր է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որ կուսակցությունները լինեն իսկապես գաղափարական, ոչ թե մեկ անձի շուրջ ձևավորված։

- Ես նշեցի մի քանի առաջարկություններ։ Կարծում եմ՝ դրանք բավականին կարևոր են հենց նաև գաղափարապես ամրապնդելու համար․ ընտրագրավի շեմի իջեցումը, ընտրագրավի վերադարձը կուսակցություններին, որ այդ գումարը վերջիններս օգտագործեն իրենց գործունեության, իրենց կայունության, իրենց անդամների համախմբման, անդամության ինստիտուտի զարգացման համար։

Բայց նաև այստեղ շատ կարևոր է ժողովրդավարական գործիքների ներդրումը, և այդ ներդրմամաբ նաև կանանց քաղաքական մասնակցության ապահովումը, որովհետև օրենքով պարտադիր շեմ նախատեսված է, և խմբակցությունները, կուսակցությունները ամեն ինչ անում են, համոզելու միջոցով, լավ օրինակներ ցույց տալու միջոցով փորձում են կանանց ներգրավել։

Ես ուզում եմ տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ կանայք առանց համոզելու, այլ լավ փորձը տեսնելու և իրենց մեջ այդ պոտենցիալը տեսնելու միջոցով կցանկանան մասնակցել քաղաքական կյանքին և որոշում կայացնող դառնան, որովհետև անձինք, որոնց համոզելով, ինչ-որ առաջարկներ անելով են ներգրավում, վերջիվերջո հետաքրքրություն չեն ունենում և ոչ միշտ է, որ կարողանում են նվիրվել այդ աշխատանքին, որ իրականացնում են, ասինքն՝ դրան վերաբերվել ոչ թե պարտականություն, որ ստանձնել ես, պետք է անես, եթե այսպես գաղափարապես վերցնենք, այլ որ դու դա անում ես, որովհետև դու սիրում ես, որովհետև դու գիտես, որ կինը քաղաքականության մեջ լուրջ անելիքներ ունի, որ երկար տարիներ և՛ Հայաստանի հանրությունը, և՛ կանայք սպասել են այնպիսի կանանց, ովքեր իրենց և՛ վարքով, և՛ գործունեությամբ օրինակ կծառայեն և ուղղակի չեն լինի ցուցակի հերթական համարը համալրելու համար ներգրավված կին։

Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։

Սյուզաննա Սողոմոնյանի հարցը.

«Ես կցանկանայի հետևյալ հարցը հղել հաջորդ փորձագետին․ արդյո՞ք վերջինս տեսնում է սփյուռքահայերի մասնակցությունը կուսակցությունների կայացման գործում։ Եթե այո, ի՞նչ եղանակներով է տեսնում, և եթե ոչ, ապա ո՞ր հիմնավորումներով է, որ վերջինս
դեմ է այդ կարծիքին»։

Աննա Սահակյան

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել