Ծառուկյանի բիզնես կայսրությունը. գազ, նավթամթերք, մեքենաներ, հանքեր, սարքաշինություն, ծառայություններ․|hetq.am|
20:57 - 22 սեպտեմբերի, 2019

Ծառուկյանի բիզնես կայսրությունը. գազ, նավթամթերք, մեքենաներ, հանքեր, սարքաշինություն, ծառայություններ․|hetq.am|

 

hetq.am:

Գազ եւ նավթամթերք

Գագիկ Ծառուկյանի ընկերությունները խոշոր խաղացողներ են գազի վաճառքի ոլորտում: Նրանք նաեւ տիրապետում են գազալցակայանների ցանցի:

«Մուլտի-Լեոն»

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000-ի օգոստոսին Առինջում: «Մուլտի Գրուպի» կայքի տեղեկացմամբ՝ զբաղվում է հեղուկ գազի ներկրմամբ եւ իրացմամբ, ինչպես նաեւ սեղմված բնական գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ: «Մուլտի-Լեոնը» գազալցակայաններ ունի թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, աշխատողների թիվը շուրջ 140 է: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ 2018-ին (նաեւ 2017-ին) ընկերությունը եղել է հեղուկ գազի ձեռքբերման ոլորտի գերիշխող. նախորդ տարի Հայաստան ներմուծված ավելի քան 17 հազ. տոննա հեղուկ գազի 58 %-ը «Մուլտի Լեոնն» է ներկրել: Վերջինս նախկինում նաեւ գերիշխող դիրք է ունեցել սեղմված բնական գազի երեւանյան շուկայում: Անցյալ տարի վճարած ավելի քան 1 մլրդ դրամ հարկով ՍՊԸ-ն 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 162-րդը:

DSC_9633.jpg (423 KB)

 

«Մուլտի-Լեոնի» առաջին հիմնադիրներն էին բալահովիտցի Ալբերտ Աբրահամյանն ու երեւանցի Ռոբերտ Մկրտչյանը: Վերջինս Ծառուկյանի մերձավորներից է, կահույքի բիզնեսով զբաղվող «Անի» եւ «Մուլտի Սիս» ընկերությունների հիմնադիրներից: 2002-ին Մկրտչյանն իր բաժնեմասը փոխանցել է Ծառուկյանին, սակայն հաջորդ տարի գործարարն այն գրանցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անունով: Իսկ ահա Ա. Աբրահամյանը, որը Ծառուկյանի գործընկերն էր «ՄԵԿ Ինտերսերվիսում», 2003-ին իր փայը հանձնել է համագյուղացի Ալեքսանդր Սարգսյանին: Վերջինս էլ 2012-ին բաժնեմասը փոխանցել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում գրանցված «Փաբլիք Սըփորթ Սերվիսիս Լիմիթեդ» ՓԲԸ-ին, որն զբաղվում է ապահովագրական գործակալների եւ միջնորդների գործունեությամբ: Այս ընկերության բաժնետերը երեւանյան «Սթրիմ Ֆորս» ՍՊԸ-ն է (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հագուստի մեծածախ առեւտրով), որի սեփականատերն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է՝ Սեդրակը:

Այսպիսով՝ ներկայում 50-50 համամասնությամբ «Մուլտի-Լեոնի» փայատերերն են նշված ՓԲԸ-ն (իսկ անուղղակիորեն՝ Սեդրակ Քոչարյանը) եւ «Մուլտի Գրուպը»: «Մուլտի-Լեոնի» կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: Տնօրենը 2015-ից այս կողմ երեւանցի Աղասի Մարգարյանն է:

«Մուլտի գազ»

Հիմնադրվել է 2002-ի մայիսին Առինջում: Զբաղվում է սեղմված բնական գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ: Ունի ավելի քան 170 աշխատող: Ըստ «Մուլտի Գրուպի»՝ լցակայաններ է շահագործում Երեւանում, Կոտայքում ու Շիրակում: Անցյալ տարի ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 267-րն էր. վճարել է 611 մլն դր հարկ:

ՍՊԸ-ի առաջին հիմնադիրը եղել է առինջեցի Սամվել Ստյոպայի Ծառուկյանը, ով Գ. Ծառուկյանի հորեղբոր որդին է եւ ներկայում նրա գործընկերը «Մուլտի Գրուպում»: Ս. Ծառուկյանը, սակայն, երկար չի մնացել «Մուլտի գազում» եւ հիմնադրումից ամիսներ անց իր բաժնեմասը հանձնել է Գ. Ծառուկյանին: Վերջինս էլ 2003-ին այն փոխանցել է «Մուլտի Գրուպին»: Կարելի է ասել, որ «Մուլտի գազն» ու «Մուլտի-Լեոնը» քույր ընկերություններ են, քանի որ զբաղվում են նմանատիպ գործունեությամբ, «Մուլտի Գրուպի» համակարգում են, կանոնադրական կապիտալը երկուսի պարագայում էլ 50. հազ դրամ է, իսկ տնօրենը նույն մարդն է՝ Աղասի Մարգարյանը:

 

2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ էր անցկացրել գազալցակայաններում, ինչից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ 8 կազմակերպությունների պատկանող լցակայաններ խուսափել են մոտ 946 մլն դրամ հարկերից. հարուցվել էր քրգործ: Գազալցակայաններ ունեցողների շարքում Անանյանը նշել էր նաեւ Գ. Ծառուկյանի անունը: Հրապարակվել էր 7 ընկերության անուն, որոնք, վաճառած գազի փոքր ծավալ ցույց տալով, խուսափել էին հարկերից: Դրանց մեջ, սակայն, Ծառուկյանի ՍՊԸ-ները չկային: Այդուհանդերձ, datalex.am հարթակից տեղեկանում ենք, որ թե՛ «Մուլտի-Լեոնը», թե՛ «Մուլտի գազը» վարչական դատարանում վիճարկում են ՊԵԿ-ի կողմից իրենց մոտ անցկացված համալիր հարկային ստուգումների արդյունքում կազմված ակտերը:

Երկու ընկերություններն էլ, ըստ ՏՄՊՊՀ-ի, գերիշխողներ են ավտոգազալիցքավորման ցանցով: Օրենքի համաձայն՝ այդպիսիք են համարվում այն տնտեսվարողները, որոնց կառավարման ներքո գտնվում են 4 կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1,5 մլրդ դրամը: Գերիշխող են համարվում նաեւ նրանք, որոնց պատկանող կամ որոնց կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են 4 կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1,5 մլրդ դրամը: ՏՄՊՊՀ-ն 2016-2018 թթ. Երեւանում եւ մերձակա շրջաններում կատարած ուսումնասիրության հիման վրա հայտնել է, որ «Մուլտի-Լեոն» եւ «Մուլտի գազ» ՍՊԸ-ներն այդ ժամանակահատվածում ունեցել են համապատասխանաբար 5 եւ 7 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (մանրամասները՝ այստեղ):

«Մուլտի Պրոպան Գազ»

Հիմնադրվել է այս տարվա հունիսին: 50-50 համամասնության սեփականատերերն են Գ. Ծառուկյանն ու Ուկրաինայի քաղաքացի, Դոնեցկի մարզի Ամվրոսիեւկա քաղաքի հաշվառում ունեցող Հովհաննես Հովսեփյանը (քաղաքը 2014-ից գտնվում է չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ):

ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, գրանցված է Երեւանի Արգիշտիի 9 հասցեում, որտեղ «Արարատ» կոմբինատն է: Գլխավոր տնօրենը երեւանցի Աղասի Մարգարյանն է, ով, փաստորեն, ղեկավարում է Ծառուկյանի գրեթե բոլոր գազային ընկերությունները: Համաձայն կանոնադրության՝ ընկերության գործունեության ոլորտը հեղուկ գազի առեւտուրն է:

«Մուլտի Թրեյդ Հաուս»

Սա եւս նորաստեղծ ընկերություն է, գրանցվել է «Մուլտի Պրոպան Գազից» հաշված օրեր անց՝ կրկին հունիսին: Հասցեն էլ նույնն է՝ Արգիշտիի 9, գլխավոր տնօրենը Սեդրակ Առուստամյանն է: Վերջինս նաեւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է, բացի դրանից՝ ներկայանում է որպես Գ. Ծառուկյանի մասնակցությամբ բոլոր առեւտրային կազմակերպություններում նրա բաժնեմասերի եւ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարիչ եւ լիազորված անձ: «Մուլտի Թրեյդ Հաուսի» 50 հազ. դրամ կանոնադրական կապիտալը 70-30 համամասնությամբ կիսում են Գ. Ծառուկյանն ու Ստեփանակերտի հաշվառում ունեցող Դմիտրի Սարկիսյանը: Ընկերության կանոնադրության մեջ նշվում է, որ գործունեության նպատակը հեղուկ գազի առեւտրից շահույթ ստանալն է:

Փաստորեն, վերոնշյալ 4 գազային ընկերություններից 2-ը զբաղվում են հեղուկ գազի, 1-ը՝ սեղմված բնական գազի, իսկ 1-ն էլ՝ այդ երկուսի վաճառքով:

Բացի գազային ընկերություններից՝ Ծառուկյանը նախկինում ունեցել է նաեւ բենզինի վաճառքով զբաղվող ՍՊԸ՝ «Մուլտի Գրուպ Պետրոլ»: Վերջինս հիմնադրել են «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, կահույքի բիզնեսում ներգրավված «Մուլտի Սիս» եւ «Ինտերսերվիս ՄԵԿ» ընկերությունների տնօրեն, առինջեցի Մկրտիչ Գասպարյանը, աբովյանցի Սեւան Քոչարյանը, ով նաեւ այս ՍՊԸ-ի տնօրենն էր, ու Սյունիքի Ագարակ քաղաքի բնակիչ Վարդան Վարդանյանը: «Մուլտի Գրուպ Պետրոլը» գրանցված էր Աբովյանի Զորավար Անդրանիկի 4 հասցեում, որտեղ «Ինտերսերվիս ՄԵԿ» կահույքի խանութն է: 2008-ի մայիսին ընկերությունը լուծարվել է: «Մուլտի Գրուպը» բենզալցակայան ունի Երեւան-Սեւան մայրուղու սկզբնամասում՝ Ծառուկյանի առանձնատան հարեւանությամբ (լուսանկարում):

DSC_9545.jpg (1.01 MB)

 

«Արմօյլ»

ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013-ի հոկտեմբերին Երեւանում իրանահայերի կողմից: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերության գործունեության տեսակը հեղուկացված վառելագազի մեծածախ առեւտուրն է, սակայն «Արմօյլի» կայքում նշվում է, որ զբաղվում է նավթային հումքի, նավթամթերքի՝ ավտոյուղերի, դիզվառելիքի, բիտումի ներմուծմամբ ու մանրամեծածախ առեւտրով: Ըստ կայքի՝ ՓԲԸ-ն հիմնել են տվյալ ոլորտում ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող անձինք, ովքեր Հայաստանից առաջ գործունեություն են ծավալել ԱՄԷ-ում, ասիական, եվրոպական, աֆրիկյան մի շարք երկրների շուկաներում: «Արմօյլն» ավտոյուղերի «Lubrex» ապրանքանիշի (ԱՄԷ) պաշտոնական ներկայացուցիչն է ԱՊՀ-ում:

DSC_9576.jpg (608 KB)

 

ՓԲԸ-ն գրանցված է Դավթաշենի 2-րդ թաղամասի 28/4 հասցեում, որտեղ ունի խանութ-ցուցասրահ: Կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ է, 2014-ից գլխավոր տնօրենը իրանահայ Ալֆրեդ Աբեդին է, որը հաշվառված է Երեւանում: Գ. Ծառուկյանն «Արմօյլի» 50 %-ի բաժնետեր է դարձել 2017-ին, մյուս մասնակիցը իրանահայ Հենրիկ Տեր-Ղուկասյանն է:

«Արմօյլը» մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Եղվարդ քաղաքում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի պատճառով, որի դեմ ընդդիմացան բնակիչներն ու հարեւան տնտեսվարողները: Այս թեմային «Հետքը» պարբերաբար անդրադառնում է: ՓԲԸ-ն տեւական ժամանակ հրաժարվում էր, որ սպասվող գործունեությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ փորձաքննություն անցնի, ինչը պահանջում էր ԲՆ-ն (ներկայում կոչվում է շրջակա միջավայրի նախարարություն): Ըստ Ա. Աբեդիի՝ գործարանում ոչ թե հում նավթ է մշակվելու, այլ յուղերի եւ բիտումի հումք, իսկ արտադրանքի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել: ԲՆ-ն էլ «Հետքին» հայտնել է, որ ընկերության կողմից ներկայացված նախնական գնահատման հայտի համաձայն՝ գործարանում իրականացվելու է օրգանական նյութերի վերամշակում. նման արտադրությունը դասվել է նավթավերաշմակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների դասին, ինչը ենթակա է գնահատման եւ փորձաքննության:

Ահա Գ. Ծառուկյանի գազանավթային գործող ընկերությունների ընդհանուր պատկերը:

VIS_Tsarukyan-gas-1568987319991.jpg (317 KB)

Տրանսպորտ եւ տրանսպորտային միջոցների վաճառք


Գագիկ Ծառուկյանի ընկերություններից մի քանիսը ներգրավված են ուղեւորափոխադրումների մեջ, մյուսները՝ մեքենաների առքուվաճառքում:

«Մուլտի Տրանս»

Հիմնադրվել է 2000 թ. նոյեմբերին 3 աբովյանցիների՝ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի (այժմ պատգամավոր է ԲՀԿ-ից), Վարդան Ղազարյանի ու Արամ Սարգսյանի կողմից: 2007-ին այս եռյակն իր տեղը զիջել է Արտյոմ Գասպարյանին եւ Մարիամ Դանիելյանին, որոնք 50-50 %-ի սեփականատեր են դարձել: Աբովյանցի Ա. Գասպարյանը «Մուլտի Սիս» եւ «Ինտերսերվիս ՄԵԿ» ընկերությունների տնօրեն Մկրտիչ Գասպարյանի որդին է: Ներկայում «Մուլտի Տրանս» ՍՊԸ-ի տնօրենը երեւանցի Կառլեն Խաչատրյանն է:

Ընկերությունը գրանցված է Աբովյանի Զորավար Անդրանիկի 4 հասցեում, որտեղ, ինչպես ասվեց վերեւում, «Ինտերսերվիս ՄԵԿ» խանութն է: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, գործունեությանը տեսակը՝ տաքսու ներքաղաքային ուղեւորափոխադրման ծառայությունները: «Մուլտի Տրանսը» ներկայանում է «Մինուտկա» տաքսի ծառայությամբ, որը գործում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Նախորդ տարի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 4 մլն դրամով տուգանեց այս ընկերությանը, որն առանց թույլտվության ռադիոհաճախականություն էր օգտագործում եւ անտեսել էր այն դադարեցնելու՝ հանձնաժողովի պահանջը:

«Մուլտի Ավտոտրանս»

2016-ի փետրվարին այս ՍՊԸ-ն հիմնադրել են Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյանները. 90 %-ը պատկանում է գործարարին, 10-ը՝ կնոջը: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: 2018-ի փետրվար-դեկտեմբեր ամիսներին տնօրենն աբովյանցի Արթուր Ալբերտի Դալլաքյանն էր, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններում դարձավ ԱԺ պատգամավոր: Նրան տնօրենի պաշտոնում փոխարինել է երեւանցի Արթուր Ավետիսյանը:
«Մուլտի Ավտոտրանսը» գրանցված է Աբովյանի Սեւանի 6 հասցեում, գործունեությունը ավտոբուսներով ներմարզային ուղեւորափոխադրումներն են: Այս պահին շահագործում է թիվ 259 (Աբովյան-Երեւան) եւ 275 (Չարենցավան-Երեւան, Երեւան-Չարենցավան) ավտոբուսային երթուղիները: Բացի դրանից՝ լիցենզավորված է կատարել նաեւ ուղեւորափոխադրումներ տաքսիներով («Մուլտի» տաքսի ծառայություն):

ՍՊԸ-ի անունը կապվում է ՀՀ քննչական կոմիտեում հարուցված մի քրեական գործի հետ, որը վերաբերում է Ծառուկյանի նախկին մտերիմ Արթուր Հարությունյանի (մականունը՝ «Պալաչ») նմանատիպ ընկերությունների փակմանը: 2018-ի դեկտեմբերին կոմիտեն հայտարարեց նոր դրվագի ու քրգործի մասին, որում ներգրավված է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Մուլտի Ինտերտրանս»

ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2017-ի օգոստոսին: Միակ հիմնադիրը Գ. Ծառուկյանն է, իսկ գլխավոր տնօրենը՝ Սեդրակ Առուստամյանը: Ընկերությունը գրանցված է Երեւանի Արգիշտիի 9 հասցեում, որտեղ, հիշեցնենք, «Արարատ» կոմբինատն է: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

«Մագաս Ինվեստ»

Այս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003-ի դեկտեմբերին Երեւանում, սակայն 2006-ին իրավաբանական հասցեն տեղափոխվել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղ: Դա պատահական չէր, քանի որ ՓԲԸ-ն հիմնադրել եւ տնօրինել է Մալիշկայի բնակիչ (այժմ՝ Երեւանի գրանցումով) Արմեն Արշավիրի Աբրահամյանը, ով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կրտսեր եղբայրն է: Արմեն Աբրահամյանը 2007-2012 թթ. ԱԺ պատգամավոր էր Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ից: Պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ ՓԲԸ-ի տնօրեն է եղել 2004-2007-ին՝ մինչեւ պատգամավոր դառնալը (պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրությամբ), սակայն պետռեգիստրի տվյալներով՝ նա «Մագաս Ինվեստը» ղեկավարել է 2003-2008 թթ. եւ միայն 2008-ի ապրիլին է տնօրենի տեղը զիջել իր համագյուղացի Արմեն Հարությունյանին, որն աշխատում է մինչ օրս:
Պետռեգիստրում չեն ներկայացվում բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի անունները, սակայն «Մագաս Ինվեստի» կանոնադրության փոփոխությունից պարզ է դառնում, որ 2007-ին դրա մասնակից է դարձել Գ. Ծառուկյանը: Մյուս կողմից՝ 2018-ի նոյեմբերին (ԱԺ վերջին ընտրություններից առաջ) ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագրում Ծառուկյանը «Մագաս Ինվեստում» նշել է 50 % բաժնետոմս, այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ նա կիսում է ՓԲԸ-ն Ա. Աբրահամյանի հետ: Կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ է, գործունեության տեսակը՝ թեթեւ մարդատար ավտոմոբիլների մանրածախ առեւտուրը:

xz.jpg (606 KB)

«Մագաս Ինվեստը» հարավկորեական «Hyundai Motors» հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ իրականացնում է «Hyundai» ավտոմեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների վաճառք, մեքենաների երաշխիքային եւ ետերաշխքային սպասարկում: Խանութ-սրահը գտնվում է Երեւան-Սեւան մայրուղու աջ հատվածում՝ Առինջ գյուղի մուտքի մոտ:

«Գլոբալ Մոթորս»

Հիմնադրվել է 2007-ի փետրվարին Երեւանում: Գրանցված է եղել Թումանյան 21-ում, սակայն 2011-ին տեղափոխվել է Առինջ՝ Երեւան-Սեւան մայրուղի, որտեղ գտնվում է խանութ-սրահը: Ըստ ՊԵԿ-ի՝ ՓԲԸ-ն զբաղվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլների մեծածախ առեւտրով: Ընկերությունը ռուսական «АвтоВАЗ»-ի արտադրած «Лада» մակնիշի ավտոմեքենաների ներկայացուցիչն է Հայաստանում, զբաղվում է նոր ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով, իրականացնում է տեխսպասարկում եւ պահեստամասերի վաճառք:

 

DSC_9304.jpg (602 KB)

ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ի սկզբանե երեւանցի Սամվել Գեւորգյանն է: Կանոնադրական կապիտալը նախապես եղել է 100 հազ. դրամ, իսկ այժմ՝ շուրջ 305 մլն: Չնայած պետռեգիստրում չի երեւում, թե ովքեր են սեփականատերերը, Գ. Ծառուկյանը 2018-ի իր հայտարարագրում նշել է, որ 99,97 % մասնակցություն ունի այստեղ:

2017-ին եւ 2018-ին պատգամավորության թեկնածու Գ. Ծառուկյանի՝ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար «Գլոբալ Մոթորսից» որպես վարձակալության վճար ստացել է 24 մլն դրամ, իսկ 2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի նոյեմբեր՝ 6,5 մլն դրամ:

«Մուլտի Մոթորս»

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008-ի ապրիլին Երեւանում: Նախապես գրանցվել է Թումանյան 21-ում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Երեւան-Սեւան մայրուղի՝ «Մագաս Ինվեստի» եւ «Գլոբալ Մոթորսի» հարեւանությամբ: Գլխավոր տնօրենը, ինչպես «Գլոբալ Մոթորսի» պարագայում, Սամվել Գեւորգյանն է: Ընկերության 100 %-ի սեփականատերն ստեղծման օրվանից Գագիկ Ծառուկյանն է, կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների առեւտրով, իսկ ավելի կոնկրետ՝ այն գերմանական «Opel» եւ ռուսական «ГАЗель» մակնիշի մեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է մեր երկրում: Ըստ «Մուլտի Գրուպի» կայքի՝ «Մուլտի Մոթորսն» իրականացնում է նոր մեքենաների ներմուծում, վաճառք, տեխսպասարկում, ինչպես նաեւ պահեստամասերի վաճառք: 2018 թ. ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում եղել է 867-րդը վճարած ավելի քան 163 մլն դրամ հարկով:

DSC_9307.jpg (560 KB)

ԿԸՀ-ին ներկայացրած վերջին երկու հայտարարագրերում (2017 եւ 2018 թթ.) Ծառուկյանը նշել է, որ 2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար ՍՊԸ-ից ստացել է 30 մլն դրամ շահաբաժին, իսկ 2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի նոյեմբեր՝ 11 մլն դրամ վարձակալության վճար:

«Մուլտի Դիսթրիբյուշն»

ՍՊԸ-ն 2011-ի ապրիլին հիմնել է Գ. Ծառուկյանը: Ընկերության հասցեն եղել է Երեւանի Ծովակալ Իսակովի 9-ը: Ըստ ՊԵԿ-ի՝ գործունեության ոլորտը ավտոմեքենաների եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլների առեւտուրն էր: Կանոնադրական կապիտալը եղել է 50 հազ. դրամ, տնօրենը երեւանցի Արա Սաղումյանն էր, ով նախկինում եղել է նաեւ ««Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տուն» ՍՊԸ-ի տնօրենը:

Ըստ պետռեգիստրի՝ 2017-ի դեկտեմբերին «Մուլտի Դիսթրիբյուշնը» լուծարվել է՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի:

«Եուրոմոթորս»

Այս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2014-ի մայիսին: Սեփականատերերն են եղել գործարար Հայրապետ Հայրապետյանը (Փայլակ Հայրապետյանի որդին) եւ Արթուր Եգորյանը: Վերջինս մինչեւ 2015 թ. զբաղեցրել է նաեւ ընկերության տնօրենի պաշտոնը: ՓԲԸ-ն մինչ օրս իրավաբանորեն գրանցված է Երեւանի Գրիգոր Լուսավորչի 7 հասցեում, որտեղ գտնվում է Հայրապետյանների հիմնած «Արարատ» հյուրանոցը:

Փայլակ Հայրապետյանն ու նրա որդիները՝ Վարդանն ու Հովիկը, 1998-ին հիմնել էին «Եվրոմոթորս» ՍՊԸ-ն, որը, մասնավորապես, գերմանական «BMW» եւ բրիտանական «MINI» մակնիշի մեքենաների պաշտոնական ներկայացուցիչն էր Հայաստանում: Հետագայում դրան փոխարինել է «Եուրոմոթորս» ՓԲԸ-ն, որն էլ 2015-ին վաճառվել է Գ. Ծառուկյանին (50 %-ի տերն է) եւ նրա արաբ գործընկերներին: Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Հայրապետյաններն իրենց ընկերությունը վաճառել են 4-5 մլն դոլարով:

DSC_9281.jpg (593 KB)

 

Ծառուկյանի մասին պատմող ֆիլմում նշվում է, որ ՓԲԸ-ի մյուս սեփականատերը արաբական «Princess Group»-ն է, որի կայքում որպես խմբի մաս կազմող ընկերություն է ներկայացված հայկական «Եուրոմոթորսը»: Ներկայում վերջինիս տնօրենը Ջաբեր Մոհամեդ Ալի Ջասիմ Ալմարզուքին է, որն, ըստ ամենայնի, ազգակցական կապ ունի Աբու Դաբիում գրանցված «Princess Group»-ի նախագահ Ադել Ալմարզուքիի (Adel Almarzooqi) հետ: Ընդ որում՝ սա Ծառուկյանի ու արաբ գործարարների միակ համատեղ ընկերությունը չէ:

 

Նոր տերերը Լուսավորչի փողոցից «Եուրոմոթորսի» սրահը տեղափոխել են Ծառուկյանի՝ մեքենաների վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների մոտ՝ Երեւան-Սեւան մայրուղու աջակողմյան հատված: Ընկերությունն առաջարկում է ոչ միայն «BMW» եւ «MINI» մեքենաներ, այլեւ նույն մակնիշի հեծանիվներ, աքսեսուարներ, հագուստ: Այն նաեւ բրիտանական «Rolls-Royce» մեքենաների պահեստամասերի ներմուծողն ու սպասարկում իրականացնողն է Հայաստանում: Ընդ որում՝ նշված 3 մակնիշների սեփականատերը գերմանական մեքենաշինական հսկաներից մեկն է՝ «BMW AG»-ն:

Ըստ պետռեգիստրի՝ «Եուրոմոթորս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլն դրամ է, սակայն սա, թերեւս, հին տվյալ է, քանի որ 2017-ի հայտարարագրում Ծառուկյանն իր 50 % բաժնետոմսերի արժեքը նշել է 591 մլն դրամ: 2018-ին «Եուրոմոթորսը» Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 234-րդը. վճարել է ընդհանուր մոտ 726 մլն դրամ հարկ:

«Մուլտի Քարս»

Հիմնադրվել է 2017-ի հոկտեմբերին: Գլխավոր տնօրենը «Գլոբալ Մոթորսի» եւ «Մուլտի Մոթորսի» ղեկավար Սամվել Գեւորգյանն է: Այս ՍՊԸ-ն էլ գրանցված է Երեւան-Սեւան մայրուղու աջակողմյան հատվածում: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

Ընկերության բաժնեմասերը 50-50 համամասնությամբ կիսում են Գ. Ծառուկյանն ու Աբու Դաբիում գրանցված «Princess Group»-ը:

«Մուլտի Թրաք»

ՍՊԸ-ն Ծառուկյանի ամենանոր ընկերություններից է, հիմնադրվել է այս տարվա հունիսին՝ նույն օրը, ինչ «Մուլտի Պրոպան Գազ» ՍՊԸ-ն: Նախապես կոչվում էր «Մուլտի Թրաքս», սակայն անվանափոխվել է սեպտեմբերին: 50 հազ. դրամ կանոնադրական կապիտալով «Մուլտի Թրաքի» միակ սեփականատերը գործարար պատգամավորն է, իսկ գլխավոր տնօրենը՝ Սեդրակ Առուստամյանը: ՍՊԸ-ն գրանցված է «Արարատ» կոմբինատի տարածքում՝ Երեւանի Արգիշտիի 9-ում:

Ընկերության գործունեության ոլորտի մասին կանոնադրության մեջ հստակեցում չկա (նշվում է միայն, որ նպատակը ծառայություններ մատուցելուց, աշխատանքներ կատարելուց եւ ապրանքներ արտադրելուց շահույթ ստանալն է), սակայն «truck» անգլերեն նշանակում է բեռնատար մեքենա, ինչից էլ կարելի է որոշ ենթադրություններ անել:

Ծառուկյանի տրանսպորտային եւ մեքենաների վաճառքով զբաղվող գործող ընկերությունների ցանցն ունի հետեւյալ տեսքը:

VIS_Tsarukyan-car-1569015026428.jpg (318 KB)

 Հանքարդյունաբերություն եւ շինարարություն


«Արարատցեմենտ»

Հայկական սովետական հանրագիտարանը հաղորդում է, որ խորհրդային Հայաստանի շինանյութերի արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկը համարվող Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը ստեղծվել է 1957-ին՝ միավորելով մինչ այդ ինքնուրույն գործող ցեմենտի (1933-ից), շիֆերի (1952-ից), կրի գործարանները եւ կրաքարի բաժանմունքը: Ձեռնարկության համար բազա են եղել քաղաքին մոտակա Սալակիթ լեռան բարձրորակ կրաքարի ու կավի նստվածքները. հումքն արդյունահանվում է բաց եղանակով: Հետաքրքիր է, որ կոմբինատը ժամանակին մեծ քանակությամբ կրաքար է հատկացրել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատին (սրա հիմքի վրա է ստեղծվել Հրազդանի ցեմենտի գործարանը), Կիրովականի քիմկոմբինատին, Երեւանի սինթետիկ կաուչուկի կոմբինատին («Նաիրիտ»), նույնիսկ՝ ադրբեջանական Թովուզի ցեմենտի գործարանին: Ձեռնարկությունը եղել ու շարունակում է մնալ առաջինը ցեմենտի արտադրության հայկական շուկայում:

2001_og.jpg (553 KB)

 

 Ըստ «Արարատցեմենտի» կայքի՝ 1989-ին կոմբինատը վերակառուցվել է, 1995-ին էլ «Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատ» պետական ձեռնարկությունը (ՊՁ) վերանվանվել է «Արարատի ցեմենտի կոմբինատ», իսկ 1998-ին վերակազմավորվել՝ դառնալով «Արարատցեմենտ» պետական ՓԲԸ, որի գլխավոր տնօրենը 1998-1999 թթ. Արամ Սարգսյանն էր՝ պաշտպանության նախարար, ապա վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո եղբոր տեղում վարչապետ նշանակված Ա. Սարգսյանը 2000-ի գարնանը պաշտոնանկ արվեց ու կրկին ստանձնեց գործարանի ղեկավարի պաշտոնը՝ աշխատելով մինչեւ 2003 թ.:

2001-ի ամռանն ընդունվել էր «Պետգույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրերի մասին» օրենքը, որում ներառվել էր նաեւ այս ՊՓԲԸ-ն: Նույն տարում վերջինս դարձել էր «Արարատցեմենտ» ԲԲԸ: Գործարանի ձեռքբերման մրցույթում հաղթել էր շվեյցարական «Holcim» ընկերությունը, որի հայտը միակն էր: Վերջինս պատրաստ էր շուրջ 30 մլն դոլարի ներդրում կատարել, որից 6 մլն-ով «Արարատցեմենտի» բաժնետոմսերը պիտի գներ (դրանց անվանական ընդհանուր արժեքը 3.170.030.000 դրամ էր): Սա տրամաբանական գին էր, եթե հաշվի առնենք, որ դոլարն այն ժամանակ արժեր 555 դրամ, ընդ որում՝ կառավարության պահանջած նախնական գինն ավելի ցածր էր՝ 4 մլն դոլար:

Ա. Սարգսյանի գլխավորած կոլեկտիվը չէր կարողացել մասնակցել միջազգային մրցույթին, քանի որ նման հնարավորություն ունեին միայն միջազգային աուդիտ անցած կազմակերպությունները: Այդուհանդերձ, շվեյցարացիները, վճարած լինելով մրցույթի մասնակցության 158,5 մլն դրամ կանխավճարը, մտափոխվել էին, ու վերջնական մասնավորեցումը չէր կայացել: Այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ակնարկելով «Արարատցեմենտի» ղեկավար Արամ Սարգսյանին, հայտարարել էր, թե ինչ-որ մարդկանց հաջողվել է վախեցնել «Holcim»-ին, սակայն Սարգսյանը հետագայում նշել էր, որ «վախեցնողներ» իսկապես եղել են, բայց դրանք եղել են «Ռոբերտոները»: Նա նկատի ուներ բելգիական «Roberto» ընկերությունը, որը, ի տարբերություն «Holcim»-ի, անհայտ կազմակերպություն էր, սակայն 2002-ի սեպտեմբերին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը հենց «Roberto»-ին ուղղակի վաճառքով օտարեց «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը, որոնք գնահատվեցին ընդամենը 200 հազ. դոլար: Բայց գործադիրը գնորդի առաջ պայման դրեց վճարել նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի՝ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիային ունեցած 6,8 մլն դոլարի պարտքը (այսինքն՝ գործարքը գնահատվել է ընդհանուր 7 մլն դոլար): Իսկ հետագայում «Արարատցեմենտի» նոր ղեկավարությունը պիտի հայտարարեր, թե գործարանը նաեւ 1,4 մլրդ դրամի բազմաթիվ այլ պարտքեր ուներ, որոնք փակելու դեպքում միայն հնարավոր կլիներ դրա շահագործումը:

Ցեմենտի շուկայի վերաբերյալ այս տարի ծավալված բուռն քննարկումներում կրկին անդրադարձ եղավ «Արարատցեմենտի» մասնավորեցմանը: «Հետքն» արդեն գրել է, որ բելգիական «Roberto»-ն հիմնադրել էին 3 հայեր, իսկ կառավարիչը Ծառուկյանի խնամու՝ Մուրադ Գուլոյանի եղբայրն էր՝ Վահագն Գուլոյանը: 2003-ի գարնանն էլ, երբ ցեմենտի գործարանն արդեն վաճառված էր «Roberto»-ին, վերջինիս միանձնյա կառավարիչ է դարձել Գագիկ Ծառուկյանը, սակայն նույն տարվա ամռանը բելգիական ընկերության լուծարման գործընթաց է սկսվել: Հատկանշական է, որ դեռ մասնավորեցման ժամանակ էին լուրեր շրջանառվում այն մասին, որ գործարանի իրական գնորդը հայ օլիգարխներից մեկն է: Պատահական չէ, որ թե՛ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի, թե՛ գործարանի կայքերում ասվում է, որ վերջինս 2002-ին մասնավորեցվել է կոնցեռնի կողմից, իսկ ահա Ծառուկյանի մասին պատմող ֆիլմում պնդում է արվում, որ 2002-ին նա է գնել «Արարատցեմենտը»:

Սակայն այս տարվա քննարկումների ժամանակ «Արարատցեմենտը» հայտարարեց. «2002 թվականին «Roberto» ընկերության կողմից «Արարատցեմենտ» գործարանի մասնավորեցումից միայն ամիսներ հետո է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել բաժնեմասերի 25 տոկոսը, իսկ հետագայում արդեն՝ 2006 թվականին, նոր միայն ձեռք է բերել մնացած 75 տոկոսը»: Այս պարագայում թվում է, թե գործարանն ամբողջությամբ հենց Ծառուկյանին է պատկանում, այնինչ նա ԱԺ վերջին երկու (2017 եւ 2018 թթ.) ընտրություններից առաջ ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագրերում չի նշել, որ անհատական մասնակցություն ունի «Արարատցեմենտում», ինչը նշանակում է, որ ՓԲԸ-ի անմիջական բաժնետեր չէ: Սակայն ի հակառակ դրա՝ նույն այդ հայտարարագրերում ներկայացրել է ընկերությունից ստացած շահաբաժին՝ 70,2 մլն դր (2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար) եւ 83,4 մլն դր (2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի նոյեմբեր):

Թե որն է անմիջական բաժնետեր չլինելու, բայց շահաբաժին ստանալու հակասության պատճառը, Ծառուկյանի լիազորված անձ Սեդրակ Առուստամյանը հայտնել է հետեւյալը. «2017, 2018 թթ. հայտարարագրերում նշված եւ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից ստացած շահութաբաժինները չեն վերաբերում այդ ֆինանսական տարիների արդյունքում բաշխված շահութաբաժիններին: Նշված շահութաբաժինները վերաբերում են մինչեւ 2014 թ. Գ. Ծառուկյանի կողմից բաժնետոմսերի օտարումը նախորդ տարիների համար բաշխված շահութաբաժիններին, որոնց փաստացի վճարումները նախկին բաժնետեր Գ. Ծառուկյանին կատարվել են ընդամենը 2017 եւ 2018 թվականներին»:

Փաստորեն, Ծառուկյանը ստացել է նախկինից իրեն հասանելիք շահաբաժինները, իսկ 2014-ից այլեւս անմիջական մասնակցություն չունի ՓԲԸ-ում: Քանի որ պետռեգիստրում բաժնետիրական ընկերությունների մասնակիցների տվյալները չեն տեղադրվում, հստակ չէ, թե ովքեր են «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետերերն այս պահին:

mine.jpg (300 KB)

 

Վերադառնալով 2000-ականների սկիզբ՝ նշենք, որ մասնավորեցված «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի իրավահաջորդ է դարձել 2003-ի ապրիլին հիմնադրված նույնանուն ՓԲԸ-ն: Հասցեն Արարատ քաղաքի Շահումյան 5-ն է, որտեղ գործարանն է: Կանոնադրական կապիտալը մասնավորեցումից հետո չի փոխվել՝ 3,17 մլրդ դրամ է, գլխավոր տնօրենը մինչեւ վերջերս արարատցի Մանուկ Առաքելյանն էր, որին իբրեւ ժամանակավոր պաշտոնակատար փոխարինել է նույնպես արարատցի Սամվել Թադեւոսյանը: 2018-ին ընկերությունը վճարած 2,1 մլրդ դրամ հարկով 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 84-րդը:

Ըստ «Արարատցեմենտի» կայքի՝ գործարանն աշխատում է տեղական հումքով եւ այլ երկրներից հումք ներկրելու կարիք չունի: Կատարված հաշվարկների համաձայն՝ կավի ու կրաքարի տեղական պաշարները բավարար են մոտ 300 տարվա համար: Ընդ որում՝ Արարատի կրաքարը ոչ միայն տեղական ցեմենտի արտադրության մեջ է օգտագործվում, այլեւ որպես շինանյութ արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա: Այս պահին «Արարատցեմենտն» ունի Արարատի տրավերտինի եւ կավի հանքավայրի ընդերքօգտագործման երկու թույլտվություն, որոնցից մեկը գործում է մինչեւ 2020 թ., մյուսը՝ 2032 թ.:

«Արարատցեմենտը» խնդիրների է բախվել Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելիս, որին դեմ են տեղի ակտիվիստները: Չնայած նախագծի շուրջ հանրային լսումները դեռ ընթացքում էին, ու շինթույլտվություն չէր տրվել, ընկերությունը գրեթե ավարտին էր հասցրել արտադրամասի շինարարությունը: Մյուս կողմից՝ Կապանի նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանը հավաստիացնում էր, թե ընկերությունը տուգանվել է անօրինական շինարարության պատճառով, վճարել տուգանքը, իսկ աշխատանքները դադարեցվել են: Սակայն փաստի առթիվ հարուցել էր քրգործ, որի թիրախում հայտնվել էր արդեն հրաժարական տված Հայրապետյանը, ով մեղադրվում էր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու մեջ: Նախկին համայնքապետն ավելի ուշ չէր առարկել, որ իր հանդեպ կիրառվի համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվի:

«Մուլտի Գրուպ-Սթոուն»

«Կոմտեխ-Վիգ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000-ի դեկտեմբերին «Չափիչ-2» ԲԲԸ-ից առանձնանալու եղանակով (վերջինիս իրավահաջորդն է): Հիմնադիրներն էին երեւանցիներ Լեւոն Իսանյանն ու Կարինե Վարդերեսյանը, որոնց՝ Թումանյան 5ա շենքում գտնվող բնակարանում էլ գրանցված էր ՓԲԸ-ն: Գործունեության տեսակները տարբեր են եղել՝ կոնստրուկցիաների, կահույքի, շինանյութերի, սարքավորումների արտադրությունից մինչեւ անասնաբուծություն, ձվի, մսի, պահածոների, կաթնամթերքի արտադրություն, տարբեր իրերի առեւտուր:

2002-ի սեպտեմբերին ընկերությունը ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանը, եւ այն անվանափոխվել է «Մուլտի Գրուպ-Սթոուն»: Հասցեն տեղափոխվել է Թումանյան 21, իսկ 2005-ից՝ Աբովյան քաղաքի Սեւանի 6: Ծառուկյանի օրոք փոխվել է նաեւ գործունեության ոլորտը, ինչը կարելի է հասկանալ անունից: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունն զբաղվում է գեղազարդային (դեկորատիվ) եւ շինարարական քարերի արդյունահանմամբ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Մուլտի Գրուպ-Սթոունը» շահագործում է Արարատի տրավերտինի եւ կավի հանքավայրի՝ իր անվամբ տեղամասը, որի վերաբերյալ գործող թույլտվության ժամկետն ավարտվելու է գալիք տարվա ապրիլին: «Մուլտի Գրուպի» կայքն էլ հայտնում է, որ ՓԲԸ-ն արդյունահանված տրավերտինը վերամշակում է գործարանում՝ թողարկելով երեսպատման սալիկներ: Աբովյանում գտնվող քարամշակման գործարանը զբաղեցնում է 25 հազ. քմ տարածք, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ընկերությունն արտադրանքն արտահանում է ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ռուսաստան:

«Մուլտի Գրուպ-Սթոունի» կանոնադրական կապիտալը 95 մլն դրամ է: Տնօրենը երեւանցի Սպարտակ Առուստամյանն է, ով «Մուլտի Գրուպի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կրտսեր եղբայրն է:

«Ջի Էմ Մաղարո»

ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006-ի փետրվարին, միանձնյա սեփականատերը եղել է Գ. Ծառուկյանը, տնօրենը՝ երեւանցի Տիգրան Աթանեսյանը: Կանոնադրական կապիտալը 190 մլն դրամ էր, հասցեն՝ «Մուլտի Գրուպի» Թումանյան 21-ը: Հիմնադրումից շաբաթներ անց՝ մարտ ամսին, ՓԲԸ-ն ստացել է Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքի շահագործման թույլտվություն, սակայն օրեր անց այդ իրավունքը փոխանցվել է «Մուլտի Գրուպին»: Վերջինս այս պահին ունի Մղարթի հանքավայրի թիվ 8 եւ 5 հանքային մարմինների ընդերքօգտագործման թույլտվություն, որը ստացել է 2012-ին եւ ուժի մեջ է մինչեւ 2031 թ. (կոնցեռնն անցյալ տարի ստացել է նաեւ Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների հանքավայրի շահագործման իրավունք, որն ուժի մեջ է մինչեւ 2042 թ.): «Հետքը» պարբերաբար անդրադառնում է Մղարթի ոսկու հանքին, նախկինում, երբ «Ջի Էմ Մաղարո» ընկերությունը գործում էր, գրել ենք այստեղ աշխատողների աշխատանքային իրավունքների մասին:

2012-ին ՊԵԿ-ը դիմել է դատարան՝ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու խնդրանքով, սակայն պատասխանողի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով դատարանը կասեցրել էր գործի վարույթը ու վերսկսել միայն 2015-ին, ինչից հետո Ծառուկյանի ընկերությունը սնանկ էր ճանաչվել, ապա լուծարվել:

«Արսիլիցիում»

Այս ՍՊԸ-ն 2018-ի սեպտեմբերին հիմնել են Գ. Ծառուկյանն (85 %) ու երեւանցի Դավիթ Գեւորգյանը (15 %): Ընկերության հասցեն Երեւանի «Արարատ» կոմբինատում է՝ Արգիշտիի 9-ում: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, գլխավոր տնօրենը Սեդրակ Առուստամյանն է:

Այս տարվա փետրվարին Առուստամյանի դիմումի հիման վրա Արարատի քաղաքապետի առաջարկով համայնքի ավագանուն է ներկայացվել որոշման նախագիծ՝ քաղաքի վարչական տարածքում գտնվող եւ «Արսիլիցիում» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 10 հա հողամասից 7 հա-ի նպատակային նշանակությունը փոխելու մասին (գյուղատնտեսական հողը (արոտավայր) պետք է դառնար արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության (արդյունաբերական օբյեկտների հող), որպեսզի այդտեղ արտադրություն կազմակերպվեր):

Ծառուկյանի վերահսկողության տակ գտնվող «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժից (եթեր է թողարկվել 2018-ի նոյեմբերին) տեղեկանում ենք, որ խոսքը սիլիցիումի գործարանի մասին է, որի ծրագրի ավարտին ներդրումների ծավալը կազմելու է մոտ 1 մլրդ դոլար, իսկ աշխատատեղերի թիվը՝ շուրջ 3000: Սակայն Ս. Առուստամյանը «Հետքին» հայտնել է, որ սիլիցիումի գործարանի կառուցման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ «Արսիլիցիումը» դեռեւս 2018-ի հոկտեմբերին դիմել էր Արարատի համայնքապետարան՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու խնդրանքով, սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել (ըստ Արարատի համայնքապետարանի կայքի՝ նախագծի վերաբերյալ ավագանին չի քվեարկել): Ընկերության գլխավոր տնօրենը մեզ նաեւ տեղեկացրել է, որ նախկինում կատարվել է միայն սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասի ցանկապատում:

Ռեպորտաժում ասվում է, որ սիլիցիումի գործարանի նախագծում Ծառուկյանի գործընկերը Քուվեյթի թագավորական Ալ Սաբահ ընտանիքի անդամ շեյխ Ահմեդն է, որը նաեւ սպորտի մարդ է՝ Ասիայի օլիմպիական խորհրդի ու Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահն է, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ: Գ. Ծառուկյանն ասել է, որ գործարանը պատրաստ կլինի շահագործման 2 տարուց՝ 2020-ին:

Մեր հարցին, որ եթե շեյխ Ահմեդն է Ծառուկյանի գործընկերը, ապա ինչու նրա անունը նշված չէ «Արսիլիցիում» ՍՊԸ-ի հիմնադիրների մեջ, Սեդրակ Առուստամյանը նշել է. «Իրոք, «Արսիլիցիում» ՍՊԸ-ի եւ Ալ Սաբահի միջեւ կա գրավոր պայմանավորվածություն Գ. Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ գործընկերային հարաբերությունների եւ ներդրումային ծրագրին մասնակցության վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Արսիլիցիում» ՍՊԸ-ում Ալ Սաբահի մասնակցությանը եւ պետական ռեգիստրում որպես ընկերության մասնակից գրանցվելուն, ապա կողմերը պայմանավորվել են այդ հարցին անդրադառնալ գործարանը շահագործման հանձնելուց հետո: «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով՝ օտարերկրյա ներդրումների իրականացման ձեւերը չեն սահմանափակվում միայն ընկերության հիմնադիր հանդիսանալով»:

Հավելենք, որ թթվածնից հետո սիլիցիումը երկրորդ ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա, սակայն հանդիպում է գլխավորապես միացությունների մեջ, մասնավորապես՝ գրանիտի, բազալտի, քվարցի, կավի, ավազի: Սիլիցիումն օգտագործվում է տարբեր սարքեր, փոխարկիչներ, համաձուլվածքներ, հավելանյութեր պատրաստելիս: Այս առումով արժե մեջբերել «Արարատցեմենտի» կայքի տեղեկությունն այն մասին, որ ցեմենտի արտադրության մեջ որպես ճշգրտող հավելանյութ օգտագործվում են քվարցիտները (ինչպես արդեն ասվեց վերեւում, «Մուլտի Գրուպը» Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների հանքավայրի շահագործման իրավունք ունի 2018-2042 թթ.), քանի որ դրանք հարուստ են ամորֆ սիլիկահողով (հայտնի է նաեւ որպես սիլիցիումի երկօքսիդ), որի պարունակությունը կազմում է 40 %: Կայքում նշվում է, որ այլ խառնուրդներ քվարցիտներում չկան, իսկ սիլիկահողի պարունակությունը հասնում է մինչեւ 97 %-ի:

«Յունիմետխիմ»

ՍՊԸ-ն 2001-ի հոկտեմբերին հիմնադրել են երեւանցի Արսեն Ղազարյանն ու այն ժամանակ թբիլիսցի Գագիկ Աղաջանյանը, որոնցից առաջինը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահն է, բեռնափոխադրումներով հայտնի «Ապավեն» ՍՊԸ-ի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը, իսկ երկրորդը նույն ընկերության մյուս համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է: 2006-ի մարտին Ղազարյանին ու Աղաջանյանին միացել են պետական, քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին որդին՝ դիվանագետ, 2007-2008 թթ. Չինաստանում ՀՀ դեսպան, երեւանցի Վահագն Մովսիսյանը, ինչպես նաեւ Գ. Ծառուկյանն ու մեկ այլ երեւանցի Դավիթ Մանուկյանը, որը, թերեւս, գործարարի փեսան է ու նախկին նախարար, դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին: Ծառուկյանը նշվածների մեջ ունեցել է 30 % փայ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել