Արզնի հանքավայրից ջուր են տանում ու վաճառում առանց թույլտվության |civilnet.am|

09:00 - 28 սեպտեմբերի, 2019

civilnet.am: Կոտայքի մարզում է Արզնի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրը։ Ավելի կոնկրետ այն Հրազդանի խոր կիրճի ձախ ափին է։

Արզնի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի պաշարները հաստատվել են դեռ խորհրդային տարիներին՝ 1967-ին: Հանքավայրի տարածքում հորատվել է երեք շահագործման ենթակա հորատանցք՝ 1/62, 3/62 և 6/64 համարներով:

Շրջակա միջավայրի նախարարության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ նախատեսվել է 1/62 և 3/62 հորատանցքերից արդյունահանել ավելի հանքայնացված ջուր և նրանց դիրքը տեղադրել միմյանցից առավելագույն հեռավորության վրա, որպեսզի թուլացվի իրար վրա փոխադարձ ազդեցությունը, իսկ 6/64 հորատանցքը տեղադրվել է վերոնշյալ երկու հորատանցքերի միջակայքում և նրանից պետք է արդյունահանվեր հանքային ջուր փոքր խորությունից:

Արզնի հանքային ջուրն օգտագործվում է խմելու, լոգանքի և լվացումների ձևով: Այս հանքավայրի ջրից օգտվում է երկու առողջարան՝ առանց թույլտվության և առանց լիցենզիայի տարեկան վճարը մուծելու։

«Վի ընդ Էյ տուր»․ առանց լիցենզիայի ջուր և վաճառք

Երևանում գրանցված «Վի ընդ էյ տուր» ընկերությունը Արզնիի ջրի հանքավայրում դեռ 2008-ից գործունեություն է ծավալում։ Այս ընկերությանը 2008-ի հուլիսին տրամադրվել են հանքավայրից օգտվելու թույլտվություններ։ Ընդերքօգտագործման թույլտվությունները նախատեսված են եղել բոլոր՝ երեք հորատանցքերից ջուր վերցնելու համար։ Յուրաքանչյուր թույլտվության համար հատկացվել է 0,0015 հա հողատարածք:

2017-ի սեպտեմբերի 12-ին ընկերությանը տրամադրված թույլտվությունների ժամկետը լրացել է։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ «Վի ընդ Էյ տուր»-ը չի դիմել լիցենզիաների ժամկետը երկարացնելու համար։

Բայցևայնպես, այս ընկերության ջրատար մեքենան(ները) պարբերաբար ջուր են վերցնում հանքավայրից և այն վաճառում երկու տարբեր առողջարանների։

Արզնի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրը «Արզնի պոլիկլինիկայի» տարածքում է։ Պոլիկլինիկայում թեև չցանկացան տեսախցիկի առջև խոսել, սակայն հավաստիացրին, որ իրենք «Վի ընդ էյ տուր» ՍՊԸ-ի հետ ունեն պայմանագիր և ընկերությունից ջուր են գնում։

Արզնի համայնքի 2019-ի աշխատանքային պլանում ևս կան փաստեր, որ պոլիկլինիկան օգտվում է հանքավայրից։ Մասնավորապես, այդ նույն փաստաթղթում առկա է «Արզնի պոլիկլինիկայի» մասին տեղեկատվություն, որում պոլիկլինիկայի ղեկավարությունը որպես առողջարանի առավելություն ընդգծում է այն, որ հանքավայրը հենց իրենց տարածքում է։

«Մեր առողջարանի առավելությունը մյուսների նկատմամբ այն է, որ հանքային ջրի հանքավայրը գտնվում է առողջարանի տարածքում և ջուրը, չանցնելով «երկար ճանապարհ», պահպանում է իր բնական կազմը»,- ասված է Արզնի համայնքի փաստաթղթում։

«Արզնի-1 առողջարանը», որը հանքավայրից 2 կմ հեռավորության վրա է, ևս օգտվում է «Վի ընդ էյ տուր» ՍՊԸ-ի ծառայություններից։ «Արզնի-1 առողջարանում» զարմացան՝ իմանալով, որ իրենց ջուր վաճառող ընկերությունը չունի լիցենզիա։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է ջրատար մեքենան լիցքավորվում հանքավայրից և ջուրը տեղափոխում «Արզնի-1 առողջարան»։

«Վի ընդ էյ տուր»-ի դուռը․ անպատասխան թակոց


Էլեկտրոնային ռեգիստրի տվյալով՝ «Վի ընդ էյ տուր» ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Կիևյան 8/51 բնակարանում։ ՍիվիլՆեթը եղավ այս հասցեում՝ փորձելով պարզաբանումներ ստանալ ընկերությունից, սակայն որևէ արձագանք չեղավ։ Դռան զանգերին և թակոցներին չէին պատասխանում, իսկ շենքի բնակիչները տեղեկացրին, որ այդ նույն հասցեում ընտանիք է բնակվում։ «Վի ընդ էյ տուր»-ից այլ կերպ պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ ընկերության հեռախոսահամարը համացանցում առկա չէ։

«Վի ընդ էյ տուր»-ի դուռը․ անպատասխան թակոց


Էլեկտրոնային ռեգիստրի տվյալով՝ «Վի ընդ էյ տուր» ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Կիևյան 8/51 բնակարանում։ ՍիվիլՆեթը եղավ այս հասցեում՝ փորձելով պարզաբանումներ ստանալ ընկերությունից, սակայն որևէ արձագանք չեղավ։ Դռան զանգերին և թակոցներին չէին պատասխանում, իսկ շենքի բնակիչները տեղեկացրին, որ այդ նույն հասցեում ընտանիք է բնակվում։ «Վի ընդ էյ տուր»-ից այլ կերպ պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ ընկերության հեռախոսահամարը համացանցում առկա չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել