ՀՀ Վարչապետի կողմից համաձայնեցված գրաֆիկի համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2019թ. դեկտեմբերին ստուգումներ են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ, Նորամարգ և Զորակ համայնքներում։
Համայնքներում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ սխալ են կազմված համայնքների հողային հաշվեկշիռները, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։
Բազմաթիվ խախտումներից բացի ստուգող խումբը հայտնաբերել և արձանագրել է, որ Հովտաշատ համայնքում 16,947հա, Նորամարգ համայնքում 13,3հա և Զորակ համայնքում 17,38հա քաղաքացիների սեփականությունը հանդիսացող ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերում` առանց օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր։
Հովտաշատ և Նորամարգ համայնքներում առանց որևէ օրինական և իրավունքի գրանցման, նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ ձկնաբուծական լճեր առկա են նաև համայնքների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ Նորամարգ համայնքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 3,2հա, Զորակ համայնքում քաղաքացու սեփականությունը հանդիսացող 13,0հա ընդհանուր մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերում՝ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր։
Հիմք ընդունելով՝ «ՀՀ հողային» օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները համայնքների ղեկավարների որոշումներով փոխվել են հողամասերի նպատակային նշանակությունները՝ որպես ջրային և գյուղարտադրական հողերի և տրվել են շին թույլտվություններ։
Սակայն վերոնշյալ ձկնաբուծական լճերը կառուցված են եղել ավելի վաղ՝ դեռևս տարիներ առաջ։
Երեք համայնքներում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները հաշվի չառնելու պատճառով համայնքների բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ:
Պայմանավորված համայնքներում արձանագրված խախտումների բնույթով և հնարավոր չարաշահման փաստով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
comment.count (0)