Հունվարի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին (Adolfo Torres Ramirez): Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Մեքսիկա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Նորա Առուստամյանը:
ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ այդ հարցում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը և առևտրատնտեսական կապերի աշխուժացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
comment.count (0)