Գոյություն ունեն շարժական սպանդանոցներ, որոնց միջոցով հնարավոր է լուծել գյուղացիների խնդիրը. Մնացականյան |armtimes.com|
13:25 - 22 հունվարի, 2020

Գոյություն ունեն շարժական սպանդանոցներ, որոնց միջոցով հնարավոր է լուծել գյուղացիների խնդիրը. Մնացականյան |armtimes.com|

armtimes.com։ 2020 թվականը գյուղատնտեսության համար բավական բարդ տարի է լինելու:

Այս կարծիքին է գյուղատնտես Հարություն Մնացականյանը: Մարտահրավերներից մեկը, նրա խոսքով՝ սպանդանոցային մորթի խնդիրն է: Նշենք, որ հենց այս պատճառով արդեն մի քանի օր է՝ մսավաճառները բողոքի ակցիա են իրականացնում, ճանապարհներ փակում:

Բողոքի պատճառն այն է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելել է բակային մորթը։ Այս որոշումից դժգոհ ցուցարարները պնդում են, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան եւ եթե լինեն էլ, դեմ են ընդհանրապես սպանդանոցային մորթին. նրանց խոսքով՝ այն իրենց վրա շատ թանկ է նստելու:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ասաց, որ գոյություն ունեն օգտագործված շարժական սպանդանոցներ՝ դրանք մեքենաներ են, որոնք կահավորված են բոլոր տեսակի անասունների մորթի համար: Այդ մեքենաները շատ թանկ չեն 40-50 հազար դոլարը չի գերազանցում: «Եթե պետությունը մարզպետարանների, գյուղապետարանների հետ համակարգի ու ենթադրենք ամեն շաբաթ ինչ-որ մի օր այդ մեքենան մի գյուղ մտնի, գյուղացիները իրենց կենդանիները կպատրաստեն մորթի համար եւ այդ մեքենաներում կիրականացվի մորթը: Դա կլիներ ե՛ւ ցիվիլ, ե՛ւ շատ մատչելի, ե՛ւ փոխշահավետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ այսօր, օրինակ՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի գյուղացին պետք է իր խոզը բարձի մեքենան, հասցնի Լոռու կամ Գեղարքունիքի մարզի սպանդանոց, այնտեղ մորթի, մի օր սպասի, որ այդ միսը փորձաքննություն անցնի, հաջորդ օրը նոր վերցնի այն:

«Սա շատ լավ բիզնես է, մեծ թվով տնտեսվարողներ կցանկանան այդ մեքենաներից բերել: Սպանդանոցներում խոզի մորթը 5 հազար դրամ է, տավարի մորթը՝ 10 հազար: Այսինքն, եթե շարժական սպանդանոցներում օրը 20 հատ անասուն մորթեն, օրը 100 հազար դրամ եկամուտ կստանան, ամիսը 3 մլն դրամ: 2 հատ Տավուշի մարզում լինի այդպիսի շարժական սպանդանոց, 2 հատ Սյունիքի մարզում՝ գյուղացիների հարցը լուծվում է»,- նկատեց Մնացականյանը:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի խոսքով՝ բացի վերը նշված խնդրից, ձյան բացակայության պատճառով՝ աշնանացան հացահատիկը հնարավոր է ցրտահարվի: «Շատ տեղերում արդեն ցրտահարություն կա: Այդ դաշտերը ցրտահարությունից չի ծլելու: Պետությունը պետք է շատ արագ սերմացու բերի՝ բաժանի գյուղացիներին, որ ՀՆԱ-ի վրա բացասական ազդեցություն չունենա, գյուղացին էլ շատ չտուժի»:

Այս տարի, ըստ նրա՝ խնդիր կարող է առաջանալ նաեւ ջերմատնային տնտեսությունների համար. «Ջերմատնային տնտեսությունների աննախադեպ աճի հետ կապված սկսվելու է սպեկուլյացիաների լուրջ զարգացող գործընթաց: Շատ հնարավոր է բերեն ջերմատներ, որոնց ստանդարտները Հայաստանի եղանակային պայմաններին հարմար չլինեն: Հնարավոր է ջերմոց բերեն, որը տեղադրելուց հետո արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները նորմալ չկարողանան անցնել: Հնարավոր է՝ այդ ջերմոցը Իսրայելում լավ աշխատի, բայց Հայաստանում՝ ոչ: Այդ հարցը պիտի կարգավորվի: Բացի դա, բանկերի միջոցով պետք է գյուղացիներին ասել, թե ինչ արտադրեն, որպեսզի գերարտադրություն չլինի»:

Գյուղատնտեսի խոսքով՝ այս տարի կարող է խնդիր լինել նաեւ այգեգործության համար, քանի որ պետությունը սկսել է մինչեւ 50 տոկոս սուբսիդավորել եւ հետաքրքրությունն աճելու է տնտեսվարողների մոտ. «Փորձելու են այգի դնել: Փոքր եւ միջին այգիներ դնելու համար պետք է տնկիներ վերցնեն, իսկ մեր տնկարանային տնտեսությունները խայտառակ վատ վիճակում են: Պետք է խիստ հսկողություն իրականացվի, որ վարակված տնկիներ չփորձեն վաճառել տնտեսվարողներին: Պետք է տնկարանները սերտիֆիկացնել»:

Մնացականյանն ասաց, որ մի քանի օրից արտասահմանից մասնագետներ են գալու, որպեսզի Հայաստանի հողերը զոնավորեն, ինչից հետո կարելի է պետական մակարդակով որոշել, թե որ տարածաշրջանում ինչ աճեցնելն է ամենանպատակահարմարը:

«Պետք է անընդհատ հետեւողական լինի նախարարությունը, որ հակառակ էֆեկտ չունենա: Օրինակ՝ Իսրայելը չունի ընդհանրապես հողային ռեսուրս, սակայն պտուղ-բանջարեղենի արտահանմամբ առաջատար երկրներից մեկն է: Իսկ մենք բոլոր հնարավորություններն ունենք, բայց պետք է համապատասխան գիտելիք լինի, որը համապատասխանեցնենք տեղական միջավայրին»,- ասաց նա:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանն ընդհանուր առմամբ կիսում է Մնացականյանի հայտնած մտահոգությունները: Նա նույնպես անդրադարձավ սպանդանոցների խնդրին՝ նշելով, որ եթե Հայաստանում շարժական սպանդանոցներ լինեն, ապա միանգամից գյուղացիների բոլոր խնդիրները կլուծվեն: «Գյուղացին կարող է կապ հաստատել շարժական սպանդանոցի տիրոջ հետ եւ ասել՝ ես 2 հատ անասուն ունեմ մորթելու, մեքենան կգա եւ մորթը կկազմակերպվի»,- նշեց պատգամավորը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել