Եվրոպայի Խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում այն լրագրողները, որոնք համարձակվում են խոսել ճշմարտության մասին, հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ: Այս մասին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը նշել է իր ելույթում:
«Լրագրությունը չի կարող լուռ լինել, դա է լրագրության ամենամեծ առաքինությունն ու ամենամեծ մեղքը: Լրագրությունը պետք է խոսի և խոսի անմիջապես, երբ զարմանքի արձագանքները, հաղթանակի պնդումները և սարսափի նշանները դեռ օդում են: Այս բառերը պատկանում են ամերիկացի լրագրող և դիվանագետ Հենրի Անատոլի Գրանվոլդին: Այո, լրագրությունը կոչված է ասելու ճշմարտությունը, սակայն, ցավոք, մեր օրերում Եվրոպայի Խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում այն լրագրողները, որոնք համարձակվում են խոսել ճշմարտության մասին, հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ, նրանք ձերբակալվում են և հետապնդվում: Դաֆնա Գալիցիայի դժբախտ դեպքը դրա ակնհայտ օրինակն է, և այս զեկույցն ամբողջությամբ արտացոլում է այդ իրականությունը»,-նշել է Տաթև Հայրապետյանը:
Տաթև Հայրապետյանն անդրադարձել է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Զեկույցում մասնավորապես նշվում է. «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակը, երբ ակնառու, քննադատող լրագրողն ու ընդդիմադիր քաղաքական գործիչը դարձավ հեղափոխության առաջնորդ և երկրի ղեկավար, ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր և իրականությունը փոխող դեր կարող է խաղալ լրագրությունը: Սակայն, մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների հետ են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում և Թուրքիայում, որտեղ մամուլի հետ կապված խնդիրների մասին խոսվում է նաև վերոնշյալ զեկույցում: Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի, Աֆղան Մուխթարլիի, Մեհման Հուսեյնովի հետ կապված դեպքերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում քննադատող մամուլին և որքան վտանգավոր է տալ հարցեր և իրականացնել հետաքննություններ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կոռումպացված իրականությունը»,-ասաց նա:
Տաթև Հայրապետյանի խոսքով, իհարկե, չենք կարող լռել և անտարբեր մնալ այս դեպքերի վերաբերյալ: Մի կողմից, գործ ունենք մարդու իրավունքների, մյուս կողմից՝ մամուլի ազատության հետ:
«Հույս ունեմ, որպես ԵԽԽՎ անդամներ, մենք կանենք հնարավոր առավելագույնը որպեսզի հանդիսանանք մամուլի ազատության երաշխավորներ, մենք պետք է «պահապան շան» («watchdog») դեր ստանձնենք անդամ երկրների հանդեպ և ձեռնարկենք համապատասխան քայլերը՝ կանխելու լրագրողների նկատմամբ հետապնդումները: Այսպիսով, կամ մենք բարձրաձայնում ենք այսօր առկա խնդրի մասին և անում առավելագույնը դադարեցնելու այս միտումը ընդդեմ լրագրողական ազատության կամ մենք հարկադրված ենք լինելու տեսնել նման դեպքերի կրկնություն ապագայում: Մենք արդեն ընտրել ենք առաջին ճանապարհը և պետք է հավատարիմ մնանք դրան»,-հավելել է նա:
comment.count (0)