Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրերը: Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, և Թբիլիսիում՝ Երևանի:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը: Լևոն Հովհաննիսյանը նաև նկատել է, որ երկու մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ՝ գործընկերային կապերին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:
comment.count (0)