Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է սննդի կետը. Հակոբ Կարապետյանի արձագանքը
17:24 - 03 փետրվարի, 2020

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է սննդի կետը. Հակոբ Կարապետյանի արձագանքը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է համացանցում հրապարակված որոշ լուսանկարների, ըստ որոնց՝ Մաշտոցի պուրակում շինարարական նոր աշխատանքներ են ընթանում։ Նա մասնավորապես գրել է․

«Քաղաքացի Տիգրան Խզմալյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց նկարագրությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե Մաշտոցի պուրակում հանրային տարածքի հաշվին նոր շինություն է կառուցվում: Ամիսներ առաջ սրա մասին գրել էի, հիմա ստիպված եմ կրկնել.

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է տասնամյակներ ի վեր նույն տարածքում գործող, թեթև մետաղական կոնստրուկցիայով կառուցված սննդի օբյեկտը: Կարևոր է շեշտել, որ շինության ծավալները չեն ավելանում, հակառակը՝ քաղաքային իշխանության պահանջով որոշակիորեն կրճատվել է շինության զբաղեցրած տարածքը: Կրկին, հատուկ պարոն Խզմալյանի համար նշեմ (թեև մինչև գրառում անելը ինքը կարող էր տեղում համոզվել), որ պուրակի տարածքից ոչ մի թիզ չի պակասել և չի պակասելու:

Այնուհանդերձ, հանուն ճշմարտության, Տիգրան Խզմալյանի գրառումից քաղաքը ինչ-որ օգուտ ունեցավ. դրա շնորհիվ քաղաքապետարանի արտաքին գովազդի վարչության աշխատակիցները արձանագրել են լեզվական խախտումներով գովազդային պաստառի առկայությունն ու այս պահին ապամոնտաժում են այն: Շնորհակալություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել