armenpress.am: Շիրակի մարզի դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից չարաշահումների փաստով: Այս մասին փետրվարի 3-ին հրավիրած ասուլիսում նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ խոսքն ավելի քան 200 մլն դրամի չարաշահումների մասին է: Չարաշահումները, ըստ գործի նյութերի, արձանագրվել են «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության կողմից Գյումրիում անօթևանների համար «Մուշ 2» թաղամասի շինարարության ընթացքում։
«Գործը գտնվում է նախաքննության փուլում: Քրեական գործը հարուցվել է մոտ 20 օր առաջ և այդ քրեական գործով արդեն իսկ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաև այն անձը, ով հեռուստատեսությամբ հայտնել է այդ բնույթի չարաշահման մասին, և մեր կողմից համապատասխան գերատեսչություններից պահանջվել են համապատասխան փաստաթղթեր»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Դատախազի հիշատակած անձն Արտաշես Սարգսյանն է, որի հայտարարության հիման վրա է հարուցվել քրգործը: Նա զբաղեցրել է Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական տեսչության պետի տեղակալի պաշտոնը և պնդում է, որ «Գլենդել Հիլզ»-ը մոտ 20 միլիարդ յուրացում է կատարել։ Ըստ դատախազ Գաբրիելյանի՝ գործով ձեռք բերված նախնական տվյալները վկայում են 200 միլիոնի մասին: «Քննությամբ կպարզենք՝ եթե խոսքը գնում է 200 միլիոնից ավելի գումարի մասին, մենք գնահատական կտանք 200 մլն դրամից ավելի գումարի յուրացումների կամ այլ հանցավոր դրսևորումների մասով»:
Լրագրողների այն հարցին, թե այս գործով հարցաքննվելո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հաշվի առնելով այն, որ «Գլենդել Հիլզ»-ը, ըստ տեղեկությունների, պատկանում է նրան, Շիրակի մարզի դատախազը նշեց. «Անհրաժեշտության դեպքում բոլորը հարցաքննվելու են, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը: Գործի քննության ընթացքում եթե կպարզվի, որ որեւիցե մեկը թույլ է տվել չարաշահում՝ կառաջադրվի մեղադրանք, կապ չունի, թե ում եղբայրն է»:
comment.count (0)