Նաիրի Հունանյանը վստահելի կերպար չէ, ամեն խոսքը քննիչը պիտի ստուգի. Անահիտ Բախշյան |azatutyun.am|
10:32 - 01 փետրվարի, 2020

Նաիրի Հունանյանը վստահելի կերպար չէ, ամեն խոսքը քննիչը պիտի ստուգի. Անահիտ Բախշյան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ստացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրած նամակը:

«Այն այժմ ուսումնասիրության փուլում է», - «Ազատությանը» փոխանցեցին կառույցի լրատվական ծառայությունից՝ հրաժարվելով հրապարակել բովանդակությունը։

Հունանյանի նամակի մասին մոտ 2 շաբաթ առաջ հայտնի դարձավ, վարչապետն այն ուղարկել էր գլխավոր դատախազին, Գլխավոր դատախազությունն էլ, ինչպես տեղեկացրին լրատվական ծառայությունից, Ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար:

Թե ինչ է գրված նամակում, Կառավարության աշխատակազմից ևս չբացահայտեցին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին՝ Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը։

«27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը, որի բողոքի հիման վրա էլ անցած տարեվերջին գործից անջատված և 16 տարի առաջ կարճված մասով նոր քննություն սկսվեց, ենթադրում է՝ մամուլի հրապարակումները կարող են իրականություն լինել. - «Իրավիճակի փոփոխությամբ ինքը նույնիսկ այն, ինչ մամուլը ենթադրաբար գրել է, դա կարող է իրականություն լինել, այսինքն՝ ասել, որ պատրաստ եմ համագործակցել կազմակերպիչներին բացահայտելու աշխատանքներում, գործընթացներում, բայց նա այն կերպարը չի էլի, որին կարելի է վստահել: Իր ամեն խոսքը ճիշտ, լավ քննիչը չպիտի հավատա և յուրաքանչյուր ասած բառը պիտի ստուգի, որովհետև ես իր ցուցմունքները բոլոր կարդացել եմ. առաջին ցուցմունքներում ինքը շատ մարդկանց անուններ է տալիս, 2000 թվականի ապրիլից հետո փոխում է, և դրանից հետո մինչև դատաքննության ավարտը կազմակերպիչ չկա՝ ես եմ արել, ես: Դատի ժամանակ 2 եղբայր վիճում էին անգամ, թե ով էր այս գաղափարի հեղինակը: Այ այդ աստիճան իրեն հերոսի տեղ էր դրել, իսկ այս նամակում ինքն ինչ է գրել, այո ինձ շատ հետաքրքիր է»:

4 տարվա քննությունից հետո՝ 2004-ին, Գլխավոր դատախազությունը կարճել էր հանցագործության այլ մասնակիցներին, դրդիչներին, հնարավոր կազմակերպիչներին հայտնաբերելու համար «27»-ի գործից առանձնացված մասը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Անահիտ Բախշյանի խոսքով՝ դեռ որևէ քննչական գործողության չի մասնակցել: Չնայած գործով նոր քննության որոշում կա, 99-ին Ազգային ժողովում սպանված՝ խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին ասում է՝ ԱԱԾ-ին չի վստահում։ Նրա փաստաբանը միջնորդել էր գլխավոր դատախազին, որպեսզի ոչ թե ԱԱԾ-ի, այլ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ենթակայությամբ իրականացվի գործի քննությունը: Բախշյանն ասաց՝ երեկ մերժում է ստացել, պարզաբանումներ ստանալու համար ուզում է անձամբ հանդիպել մերժման հեղինակ դատախազին․ հիմքերը նրա համար անհասկանալի են։

Ավելի մանրամասն կարդացեք azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել