news.am: Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլիոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլիոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար, և այգին փակվել է պրոֆիլակտիկ աշխատանքների համար, սակայն այս խնդիրը ես հնչեցրել եմ մեկուկես տարի առաջ, այգում գործում է ստացիոնար տոբերկուլիոզի օջախ, այգում չեն կատարվել աշխատանքներ այգու այցելուներին և կենդանիներին պաշտպանելու համար։ 1,5 տարի առաջ երկսմբականի կենդանիներ վարակվեցին տուբերկուլիոզով, որոշները քնեցվեցին։ Ես շեշտել էի, որ պետք է մոնիտորինգ անցկացվի թռչունների շրջանում, քանի որ չի բացառվում, որ այդ կենդանիները վարակված էին թռչունների տիպով։ Այսօր ունենք արդեն ուղտի անկում, ընդ որում երկրորդ ուղտը, որ պահվել է նույն ազատավանդակում չի քնեցվել, ինչը պարտադիր է։ Այդ վանդակում նաև մեկսմբականի կենդանի է պահվել, նրանք պոտենցիալ ռիսկ են պարունակում»,-նշեց նա։
Գրիգորյանը շեշտեց՝ 6 օր հանցավոր անգործություն է ցուցաբերվել․ «Ըստ պաշտոնական տվյալի՝ տուբերկուլիոզը հայտնաբերվել է 30-ին, հաստատվել է 31-ին, սակայն 6 օր մեր քաղաքացիները այցելել են իրենց երեխաների հետ այգի, իսկ ցանկացած հազի ժամանակ մոտ 12-17 միլիոն բակտերիա ուղտերը և խոշոր եղջերավորները 3-5 մետր հեռավորության վրա դուրս են արտանետում, որը մարդկանց վարակման աղբյուր կարող է լինել։ Ուղտերի մոտ հայտնաբերվել է մարդու տուբերկուլիոզ տեսակը, որով ոչ միայն մարդն է կենդանուց վարակվում, այլ նաև կենդանին մարդուց։ 6 օր ցուցաբերվել է հանցավոր անգործություն, մարդկանց ենթարկելով տուբերկուլիոզի վարակման ռիսկի»։
Նա խորհուրդ տվեց բոլոր քաղաքացիներին, որոնք վերջին օրերին այցելել են կենդանաբանական այգի, դիմել բժշկի և տուբերկուլիոզի տեստ անցնել։
comment.count (0)