Գիտական աստիճան ունեցող իրավաբանների համար հեշտացնել դատավոր դառնալու կարգը. Բաբաջանյան |armenpress.am|
11:48 - 10 փետրվարի, 2020

Գիտական աստիճան ունեցող իրավաբանների համար հեշտացնել դատավոր դառնալու կարգը. Բաբաջանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն հեղինակել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 5 տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Պահանջը՝ առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու, սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել:

Հանձնաժողովի անդամները օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրեցին առաջարկներ, որոնք Արման Բաբաջանյանն ընդունեց և խնդրեց հետաձգել նախագծի քննարկումը՝ առաջարկներով լրամշակված նախագիծը հանձնաժողովին ներկայացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել