armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին:
Այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 12-ի Ազգային ժողովի նիստում:
«Մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ, քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և, եթե որևէ մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունը այդ մարդկանց համար տրվի»,- ասաց Զոհրաբյանը:
Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:
comment.count (0)