Արտեզյան ավազանի հյուծումը․ պատասխանատուները, շահառուներն ու տուժողները
15:54 - 22 փետրվարի, 2020

Արտեզյան ավազանի հյուծումը․ պատասխանատուները, շահառուներն ու տուժողները

Արարատի և Արմավիրի մարզերում Արարատյան դաշտի արտեզյան ավազանից օգտվող խոշոր  ձկնաբուծարանների գործունեությունը հանգեցրել է ավազանի մակերեսի կրճատմանը։ Արդյունքում  Արարատի և Արմավիրի մարզերի 10 գյուղում առաջացել է ոռոգման և կենցաղային-խմելու ջրի խնդիր։ Այս գործընթացը սկսվել է 2008 թվականից՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածից։

Նախապատմություն

Ըստ 2016 թվականի ԱՄՆ ՄԶԳ զեկույցի՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող տարածքը կրճատվել է մոտ 67%-ով՝ 1983թ.-ի 32 760 հա-ից 2013թ. դառնալով 10 706 հա:

Արտեզյան ավազանից օգտվում են Արարատի և Արմավիրի մարզերը, սակայն, ըստ վերոնշյալ զեկույցի, շուրջ 31 համայնք մասամբ կամ լիովին զրկվել է ոռոգման և/կամ խմելու ջրից։ 

2010 թվականը մասնագետները բեկումնային են համարում արտեզյան ավազանի հյուծման քրոնիկոնում։ 2007-ից ի վեր՝ խախտվել էր Արարատյան արտեզյան ավազանի ջրային հաշվեկշիռը․ ավելի շատ ջուր էր արդյունահանվում, քան կարելի էր։ Հաշվեկշռի խախտումը 2010-ին արդեն զգալի չափերի էր հասել։

Ինչպես երևում է ներկայացված գծապատկերից, եթե 2007թ․ արտեզյան ավազանից արդյունահանվող ջուրը գերազանցում էր առավելագույնի (1094.1 մլն խմ/տարի) շեմը 57 մլն խմ/տարի ծավալով, ապա 2013թ. այդ տարբերությունը հասել էր 659.3 մլն խմ/տարի ծավալների։ Եվ եթե 2007-ին ձկնաբուծության բաժինը ընդհանուր ջրառում կազմում էր 400.6 մլն խմ/տարի, ապա 2013-ին՝ 1119.6 մլն, իսկ բոլոր այլ նպատակներով ջրառը 2007-ին, 750.5 մլն խմ/տարի ծավալից կրճատվելով, հասել էր 633.8 մլն-ի։  

Այսպիսի գերշահագործումը, բնականաբար, չէր կարող չունենալ իր հետևանքները։ Ինչպես արդեն նշվեց, դեռ  2013-ին պարզ էր, որ դրական ճնշմամբ տեղամասերի մակերեսը, որից ներս ընկած հատվածում հորերը հնարավոր է շահագործել առանց էլեկտրաէներգիայի ծախսի,  կրճատվել էր մոտ երեք անգամ։ Դրական ճնշում չունեցող հորերը շահագործելու համար կա՛մ պետք է սկսեին օգտագործել էլեկտրական պոմպեր, կա՛մ դադարեցնեին դրանց շահագործումը։

Ինչպես երևում է գծագրից, 2016թ․ իրականացված գույքագրման պահին ձկնաբուծական նպատակով արդյունահանվող ջրի 96.5%-ը ինքնաթափ եղանակով է արդյունահանվել։ Եվ սա օրինաչափ է, քանի որ ձկնաբուծության ծախսերի ընդամենը 2.9%-ն է կազմում էլեկտրաէներգիայի ծախսը, եթե հորերը գործում են ինքնաթափ եղանակով, իսկ եթե գործեն էլեկտրական պոմպերի միջոցով, այդ ծախսերը կաճեն, և գործունեությունը չի ունենա ցանկալի շահութաբերությունը հատկապես փոքր տնտեսությունների դեպքում։

Ասվածի վկայությունը կարելի է տեսնել ստորև բերված քարտեզում, որտեղ կապույտ գիծը 2013թ. դրությամբ դրական ճնշմամբ տեղամասի սահմանագիծն է, կարմիր կետերով նշված են 2016թ. դրությամբ չշահագործվող ձկնաբուծական հորերը, կանաչով՝ շահագործվող հորերը, իսկ նշված թվերը հորերի հորատման տարեթվերն են։ Դատելով նկարից` կարելի է հասկանալ, որ 2010թ․ հետո հորատված հորերը, որոնք հորատվել են դրական ճնշում ունեցող տեղամասում, հաջողությամբ գործում են, իսկ մինչ այդ հորատված հորերը, որոնք այդ տեղամասից դուրս են, հիմնականում չեն գործում։

Սա կարելի է բացատրել հետևյալ կերպ․ այն պահից, երբ թույլատրվեց արդյունահանել ավելի շատ ջուր, քան բնականորեն կարող էր վերականգնվել, ավազանի ծավալը և մակերեսը սկսեցին կրճատվել, զուգահեռաբար «նահանջեց» նաև դրական ճնշման սահմանը։ Այն հորերը, որոնք դուրս մնացին այդ սահմանից ինքնաշատրվանելու համար բավարար ճնշում չունենալու պայմաններում, կա՛մ պետք է շահագործվեին պոմպերի միջոցով, կա՛մ չշահագործվեին։ Բնականաբար տեղի ունեցավ երկրորդը, որովհետև պոմպեր օգտագործելու ծախսերը բիզնեսը դարձնելու էին անարդյունավետ։ 


Ովքե՞ր են Արտեզյան ավազանի հյուծման պատասխանատուները

Դիտարկենք հորատումների քանակները և ընդհանուր իրավիճակն՝ ըստ առանձին նախարարների ղեկավարման տարիների։

2001- 2007 թթ․՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի պաշտոնավարման ընթացքում, հորատվել է 155 հոր, որից 109-ն այժմ արդեն չի շահագործվում։

2007 թվականին բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնեց Արամ Հարությունյանը, որի կառավարման տարիներին (2007-2014 թթ․) ընդհանուր առմամբ 205 հոր է հորատվել, որոնցից 176-ը հիմա գործում են, իսկ 29-ը՝ ոչ։ Հենց Արամ Հարությունյանի օրոք թույլատրվեց արդյունահանել ավելի շատ ջուր, քան բնականորեն կարող է վերականգնվել։

Երկու նախարարների կառավարման ժամանակահատվածում արված հորատումների պատկերից կարող ենք եզրակացնել, որ հորատումների առավելագույն քանակը եղել է Արամ Հարությունյանի ղեկավարման տարիներին։ Ընդ որում, Արամ Հարությունյանի կառավարման ժամանակահատվածում  տրված հորատման թույլտվությունների  85․8%-ը գործում է առ այսօր (կանաչ գունանշումները)։ Եվ հենց Արամ Հարությունյանի կառավարման տարիներին է տրվել ցածրադիր գոտում հորատված խորքային հորերի թույտվությունների գերակշիռ մեծամասնությունը։

Նախարար Արամ Հարությունյանի կառավարման տարիներին պաշտոնավարել են Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության երկու պետեր՝ Ալֆրեդ Ներսիսյանը (2002-2012 թթ․) և Վոլոդյա Նարիմանյանը (2012-2014 թթ․)։ Այս ընթացքում վարչապետի պաշտոնում են եղել Տիգրան Սարգսյանը (2008-2014 թթ․) և Հովիկ Աբրահամյանը (2014-2016 թթ․)։

Ըստ  2016 թ․ իրականացված գույքագրումից մեզ տրված տեղեկությունների՝ 2013-2016 թթ․ հորեր չեն փորվել։ Միաժամանակ 2014 թ․ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով արգելել է հորատումները։ Հետևաբար, հաջորդիվ պաշտոնավարած բնապահպանության նախարարների օրոք հորատումներ չեն եղել, սակայն նախկինում փորված հորերն օգտագործելու համար տրվել են ջրօգտագործման թույլտվություններ կամ թարմացվել են նախկինում տրվածները։

Նախարար Արամայիս Գրիգորյանի օրոք տրվել է ջրօգտագործման 154 թույլտվություն, որից 8-ը եղել է խոշոր՝ 500 լիտր/վրկ և ավելի ջրի ծավալ օգտագործելու թույլտվություն։

Նախարար Արծվիկ Մինասյանի պաշտոնավարման շրջանում տրվել է ջրօգտագործման 65 թույլտվություն, որից 7-ը կրկին տրվել է  խնդրահարույց ջրօգտագործողներին։

Արամայիս Գրիգորյանի և Արծվիկ Մինասյանի կառավարման տարիներին ՋՌԿԳ պետ է եղել Վահան Դավթյանը (2014-2018 թթ․)։ 2014-2016 թթ․ վարչապետի պաշտոնում է եղել Հովիկ Աբրահամյանը, իսկ 2016-2018 թթ․՝ Կարեն Կարապետյանը։

Շրջակա միջավայրի ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանի օրոք երկարաձգվել են արդեն տրված 34 ջրօգտագործման թույլտվություն։ Թարմացվել են երեք խոշոր՝ 500 լիտր/վրկ և ավելի ջրօգտագործման թույլտվությունները։

Ովքե՞ր են հիմնական շահառուները․ ջրօգտագործման մեծածավալ թույլտվությունները, որոնք տրվել են խոշոր ջրօգտագործողների 

Արտեզյան ավազանի առաջին 10 խոշոր ջրօգտագործողներին դեռևս 2019 թվականի դեկտեմբերին անդրադարձել էր «Հետք» առցանց պարբերականը։ Ստորև կներկայացնենք ինչպես այդ, այնպես էլ  առաջին 30 խոշորներից այն ջրօգտագործողներին, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել պաշտոնյաների հետ։ 

Արտեզյան ավազանից ջրառ կատարող ամենախոշոր ձկնաբույծը ռուսաստանաբնակ գործարար Արմեն Բաբկենի Կարապետյանն է՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ-ի սեփականատերը։ Վերջինս ունի 11 խորքային գործող հոր Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում և 4 խորքային հոր Գայ գյուղում։ Ըստ պետական ռեգիստրում նշված տեղեկությունների՝ «Մաքս ֆիշ» ընկերության հիմնադիրը Կալիպսե Մանուկյանն է։

Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ դեռևս 2011 թ․ Կալիպսե Մանուկյանին՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, տրամադրվել է ջրօգտագործման թույլտվություն՝ 747 լ/վ ջրառի իրավունքով, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Արդեն 2012 թ․ հիմնադրվել է «Մաքս ֆիշ» ընկերությունը։

Մենք այցելեցինք «Մաքս ֆիշ» ձկնաբուծարան։ Արմեն Կարապետյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ շուրջ 10 տարի է՝ զբաղվում է ձկնաբուծությամբ։ Սկզբում միայն Գայ գյուղում ուներ ձկնաբուծարան, իսկ երբ այնտեղ ջուրը պակասեց, ձկնաբուծական տնտեսությունը մեծացնելու նպատակով սկսեց գործունեություն ծավալել նաև Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում։

«Գյուղնախարարությունից մի անգամ եկել են, թե՝ բա ինչի՞ ջուր չես տալիս գյուղացիներին՝ դաշտերը ջրեն, ասեցի՝ հա՛մ ջուրն եմ տալիս, էնքան, որ լոդկա քշեն էդ դաշտերում, հա՛մ սերմն եմ իմ կողմից առնում, սալյարկան էլ լցնում եմ, տեխնիկան տրամադրում, թող ցանեն։ Զանգեցինք, գյուղապետը եկավ։ Ասում եմ՝ Ռա՛զ ջան, էսքան ժամանակ երեխեքը մրցումների են գնացել, մի անգամ ասե՞լ եք՝ էս ա պետք, ասել ենք՝ չէ, ասում ա՝ դե չէ։ Ասում եմ՝ բա էլ ինչի՞ են գյուղնախարարությունից եկել, ասում՝ ջուր չեք տալիս, էս չեք անում»,- պատմում էր Արմեն Կարապետյանը։

Արմեն Բաբկենի Կարապետյանը նաև  Նորամարգ համայնքում՝ խորքային 2 հոր և 400 լ/վ ջրօգտագործման թույլտվուն ունեցող «Մակ Ֆիշ» ընկերության բաժնետերերի ցանկում է։

Երկրորդ խոշոր ջրօգտագործողը «Գոլդեն Ֆիշ-Կ» ընկերության հայաստանյան մասնաճյուղն է։ Վերջինս ունի 20 գործող խորքային հոր և վայրկյանում 2100 լիտր ջրառի թույլտվություն, գործում է Արարատի մարզի Սայաթ-Նովա համայքնում։ Սա 2010 թվականից ձկնաբուծությամբ զբաղվող և 720 լ/վ ջրօգտագործման թույլտվություն ունեցող «Յունիֆիշ» ընկերության վերակազմավորված ընկերությունն է։

«Յունիֆիշ» ընկերությունը սնանկացել էր դեռևս 2014 թվականին։ 2017-ի նոյեմբերին «Գոլդեն Ֆիշ-Կ» ՍՊԸ-ն, որը գրանցված է Արցախում, ստանում է նույն տարածքում ջրօգտագործման թույլտվություն։ Ընկերության 15 % բաժնեմասը պատկանում է Արամ Սերգեյի Մխոյանին, որն Արցախի գյուղատնտեսության նախկին նախարարն է։ Մինչ նախարար պաշտոնին նշանակվելը 5 տարի եղել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդականը։ Մյուս բաժնետերը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 5%-ը, ընկերության տնօրեն Գևորգ Գարեգինի Գևորգյանինն է։ Վերջինս դեռևս 2009-ին նույն Սայաթ-Նովա համայնքում ուներ խորքային 7 հոր և 1050 լ/վ ջրառի թույլտվություն։ Ընկերության 80% բաժնեմասը պատկանում է «Էմի ֆուդս» ՓԲԸ-ին, որի բաժնեմասերը գրավադրված են «Արմսվիսբանկում»։ «Էմի ֆուդս» ՓԲԸ-ն այժմ ղեկավարվում է բանկի կողմից, իսկ տնօրենը բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն է։ 

Խոշոր ծավալով ջրառ իրականացնողներից է նաև «Ինտեր Ա․Կ․Վ․Ա․» ընկերությունը՝ խորքային 6 հորերով։ Վերջինս մեկ վայրկյանում 1010 լիտր ջրօգտագործման թույլտվություն ունի։ Ընկերության բաժնեմասերը հավասարապես կիսում են Կարեն Գրիգորյանը և Սևադա Հայրապետյանը։ Վերջինս «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն»-ի տնօրենների խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանի եղբայրն է, գրանցված են նույն հասցեում։

Խոշոր ջրօգտագործող է նաև «Մոսֆիշ» ընկերությունը՝ վայրկայնում 1000 լիտր ջրօգտագործման թույլտվությամբ և 10 խորքային հորերով։ Ընկերությունը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի աղջկան՝ Լուսինե Ալեքսանյանին։

Մեծածավալ ջրառ իրականացնող ձկնաբույծներից է նաև Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը՝ իր «Մխչյան ֆիշ» և «Մերի ֆիշ ընկերություններով», որոնք ունեն 650 և 290 լ/վ-ի ջրօգտագործման թույլտվություններ։ Ընդհանուր առմամբ երկու ընկերություններն ունեն 14 խորքային հոր։

ՊԵԿ նախկին նախագահի տեղակալ, այնուհետև՝ ֆինանսների նախկին փոխնախարար Տիգրան Բարսեղյանին պատկանող «Սագատի ֆիշ» ընկերությունը ևս հանդիսանում է խոշոր ջրօգտագորժող՝ 900 լ/վ ջրօգտագոտրծման թույլտվությամբ և 6 խորքային հորով։ Ընկերության սեփանատերերն են Գարիկ Սալոյանը և Տիգրան Տարիելի Բարսեղյանը։ Տիգրան Բարսեղյանը նաև Հանրապետական կուսակցության անդամ է։ Ընկերության 50%-ի բաժնետեր Գարիկ Սալոյանը Բարսեղյանի ֆրանսահայ գործընկերն է։

Սայաթ-Նովա համայնքում գործող խոշոր ձկնաբուծական տնտեսություններից է նաև «Մասիս ձուկ» ՍՊԸ-ն է։ Այն ունի գործող խորքային 7 հոր և 640 լ/վ ջրառի թույլտվություն։ Ընկերության սեփականատերերն են Վաղարշակ Սարգսյանը և Սամվել Հարությունյանը։ Վերջինս Մասիսի կադաստրի նախկին պետն է։

«Մասիս Ձուկ» ընկերություն կատարած այցի ժամանակ չհաջողվեց հանդիպել ընկերության սեփականատերերին։ Մեզ այնտեղ դիմավորեց ձկնաբուծարանի աշխատակիցներից մեկը, որը ծանոթացրեց իրենց աշխատանքներին։ Ուշագրավ էր այն, որ 2018 թվականին USAID ծրագրով «Մասիս Ձուկ»-ում կառուցվել է պոմպակայան, որի շնորհիվ ձկնաբուծարանում օգտագործված ջրի որոշակի ծավալ ուղղվում է ոռոգման նպատակով օգտագործման։  Ձկնաբուծարանի աշխատակցի խոսքով այդ ջուրը բավականացնում է Սայաթ-Նովա համայնքի 70%-ին։

Խոշոր ջրօգտագործող է նաև «Էկոֆիշ թրեյդ» ընկերությունը։ Այն ունի խորքային 8 հոր և 560 լ/վ ջրօգտագործման թույլտվություն։ Ընկերության բաժնետերերն են ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը և նրա բիզնեսների կառավարիչ Սեդրակ Առուստամյանը։  Արարարտի մարզի Հովտաշատ համայքնում գտնվող «Ռապս» ընկերության սեփականատերը ևս Սեդրակ Առուստամյանն է։ Ընկերությունն ունի խորքային 3 գործող հոր և 160 լ/վ ջրառի թույլտվություն։

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վարորդը՝ Սամվել Լաբլաջյանը նույնպես ունի ձկնաբուծական տնտեսություն։ Վերջինս Արարատի մարզի Հայանիստ համայնքում ունի խորքային 4 գործող հոր և 510 լ/վ-ի ջրօգտագործման թույլտվություն։ Սամվել Լաբլաջյանի ջրօգտագործման թույլտվությունը թարմացվել է 2019 թվականին։ Նա ջրօգտագործման թույլտվություններ է ստացել դեռևս 2012-ից։ Արմեն Լաբլաջյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Սամվել Լաբլաջյանի եղբայրն է։

Արմավիրի մարզի Գայ համայնքում գտնվող «Ֆիշգոլդ» ձկնաբուծական տնտեսությունը ևս իր գործունեությունը ծավալում է արտեզյան ավազանի խորքային հորերի հաշվին։ Ընկերության 25 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Փարիզի Մեյրոյանին (ՌԴ քաղաքացի է), որը ներկայումս «Հայաստանի Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանի եղբայրն է։ Վաղարշակ Մեյրոյանը ՀՀ Ազգային ժողովի գլխավոր աուդիտորն է եղել  2002-2007 թթ․ և ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի աուդիտորը՝ 1998-2000 թթ․։ Ազգային ժողովի՝ 2017 թվականին տեղի ունեցած ընտրություններին առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու «Հայկական վերածնունդ» (այժմ՝ ՕԵԿ) կուսակցությունից։։ Նշենք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

«Ֆիշգոլդ» ընկերության մյուս սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ Անդրեյ Օստապչենկոն, Նիկոլայ Ռյաբիխը և Բելառուսի քաղաքացի Սերգեյ Նեդբայլովն են։

Ձկնաբուծական տնտեսությամբ է զբաղվում առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի որդին՝ Ռաֆայել Պողոսյանը։ Նրան է պատկանում Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող «ՎԱՆԿԱ» ընկերությունը։ Այն ևս ունի խորքային 2 գործող հոր և 280 լ/վ ջրօգտագործման թույլտվություն։ 

Մեյրոյանների ընտանիքը մասնակցություն ունի նաև «Ֆիշկո» ՍՊԸ տնտեսությունում։ Այն գտնվում է Գայ համայնքում, ունի խորքային 5 գործող հոր և 246 լ/վ ջրօգտագործման թույլտվություն։ Ընկերության բաժնետոմսերը հավասարապես կիսում են Բորիս Մեյրոյանը և Դմիտրի Պորոցենկոն։ Բորիս Մեյրոնը «Ֆիշգոլդ» ընկերության բաժնետեր Դավիթ Մեյրոյանի որդին է։

Հաջորդ խոշոր ջրօգտագործողը «Արթուր-Տաթևիկ» ընկերությունն է, որի  հիմնադիրը հանդիսանում Սոֆյա Միքայելյանը, որը Արաքսի նախկին համայնքապետ Ավագ Միքայելյանի կինն է, գրանցված են նույն հասցեում։ Ավագ Միքայելյանը մինչ համայնքապետ լինելը՝ 2004 թվականը, եղել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ։

Երևանի Շամպայն գինիների գործարանի նախագահ Հրայր Ֆրանսիկի Հակոբյանին  է պատկանում Արարատի մարզի Նորամարգ համայնքում գործող «Սպիտակ դելֆին» ձկնաբուծական տնտեսությունը։  Ունի  8 գործող խորքային հոր և 180 լ/վ ջրառի թույլտվություն։ Հրայր Հակոբյանը ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր Վերսանդ Ֆրանսիկի Հակոբյանի եղբայրն է։

Հովտաշատի նախկին համայնքապետ Հովիկ Թադևոսյանի տղան՝ Ռազմիկ Թադևոսյանը ևս ձկնաբույծ է։ Նրա ձկնաբուծարանը գտնվում է Արարատի մարզի Հովտաշատ համայնքում։ Ունի գործող խորքային 2 հոր և 170 լ/վ ջրօգատոգործման թույլտվություն։ 

Արարատի ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ Մեսրոպ Արոյանի կինը՝  Շուշանիկ Արոյանը ևս ունի ձկնաբուծական տնտեսություն։ Ձկնաբուծարանը գտնվում է Արարատի մարզի Սիս գյուղում։ Ունի խորքային 3 հոր և 165 լ/վ ջրառի թույլտվություն։ Մեսրոպ Արոյանը դեռևս 2009 թվականին նույն տարածքում ունեցել է ջրօգտագործման թույլտվություն։ Իսկ արդեն 2018 թվականին ջրօգտագործման թույլտվություններ են ստացել նրա կինը և որդին՝ Ջանիկ Արոյանը։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության՝ Արարատի և Արմավիրի մարզերում ներկայումս գործում են 149 ձկնաբուծական տնտեսություններ։
 

Ովքե՞ր տուժեցին

Խորհրդային միության տարիներին որդեգրված էր սկզբունք՝ ցածրադիր շրջաններում խորքային հորերի հորատումը թույլատրել բացառիկ դեպքերում։ 2007-ից սկսած մեծ քանակով և ինքնավերականգնման ծավալները գերազանցող չափերով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն այդ գծից ներքև ընկած տարածքներում հանգեցրել է բարձրադիր գյուղերում ջրի հոսքի կրճատման: Սրա հետևանքով տուժել են և՛ գյուղատնտեսությունը, և՛ բարձրադիր գոտիներում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, և՛ համայնքների բնակիչների խմելու ջրի պաշարները։

2007-2016 թթ. ընթացքում դրական ճնշման գոտուց դուրս են մնացել 400 խորքային հորեր, որոնցից 225-ը շահագործվում է, 175-ը՝ ոչ։ Շահագործվող հորերից 198-ը հոսում են պոմպերի միջոցով։ Պոմպերով շահագործվող հորերից 60-ն օգտագործվում են բացառապես ոռոգման նպատակներով, իսկ 52-ը, ի թիվս այլ նպատակների, նաև ոռոգման համար։ Այս տարածքում ձկնաբուծական նպատակով շահագործվող հորերի թիվը 15 է։ Շահագործումից դուրս եկած հորերից 58-ը նախկինում գործել են ոռոգման նպատակով, 33-ը՝ կենցաղային, 71-ը՝ ձկնաբուծական։ 

Ամենայն հավանականությամբ, արտեզյան ավազանի հյուծման պատճառով է, որ իրենց խորքային հորերի շահագործումը դադարեցրել են մի շարք ձկնաբուծական ընկերություններ։ Այս մասին դեռևս 2018 թվականի նոյեմբերին խոսել էր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ Յուրի Ջավադյանը։ Նա նշել էր, որ 303 արտեզյան հորերից 120-ը չորացել է Մեծամոր գետի ավազանում և դրանով ծանր պայմաններ ստեղծել նաև ձկնային տնտեսությունների համար: 3 տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն փակվել է:

Հիմնական տուժած գյուղերն են Ակնաշենը, Ապագան, Գրիբոյեդովը, Գայը, Ջրառատը, Լուսագյուղը, Երասխահունը, Մեծամորը, Հայկաշենը և Արաքսը։

Արաքսի համայնքապետ Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 15-20 տարի առաջ համայնքում արտեզյան ավազանի հորը ինքնաբուխ ճնշում էր տալիս մինչև 2-րդ հարկ, այսինքն` 6 մետր բարձրությամբ շենքերում ջուրն ինքնահոս բարձրանում էր, իսկ այժմ այդ աղբյուրները պոմպերով են աշխատում 2-րդ հարկ բարձրանալու համար:

«Մեզնից ավելի ցածր գոտում Մասիսի շրջանն է: Պատկերացրե՛ք` արտեզյան ավազանը մի տակառ է, որի կողքերից ծակված վիճակով ջուր ենք վերցնում, միաժամանակ ջուր ենք վերցնում այդ տակառի ամենատակից: Նույն վիճակն է ստեղծվել, որ հիմա մեզ ահավոր պակասել է խմելու ջուրը․ ինչքան վերև ենք բարձրանում, այնքան խմելու ջուրը խնդիր է։ Ես ինքս էլ եմ ձկնաբույծ եղել ժամանակին, բայց իմ ձկնաբուծարանը պահել եմ հետադարձ թափվող ջրերով, չեմ ունեցել հորատած աղբյուր, այսինքն` այն ջուրը, որը պիտի գնար, թափվեր Սևջուր, օգտագործել եմ ձուկ պահելու համար»,- նշեց Վարդան Գրիգորյանը:

Արմավիրի մարզի Գայ համայնքի ղեկավարի տեղակալ Խուրշուդ Քոչարյանը ևս ստորգետնյա ջրերի մակարդակի նվազումը կապում է ներքևի գյուղերում մեծածավալ ջրառի հետ։ 

«Միանգամից չի տեղի ունեցել այդ պրոցեսը։ Երևի մի տասը տարի առաջ՝ 2010 թ․,  սկսվեց ջրերի նվազեցում, հետևաբար, ձկնաբուծարանները փակվեցին, որովհետև քիչ ջուր էր լցվում լիճ: Ձուկը չի կարողանում նորմալ շնչել թթվածնի պակասության հետևանքով, ինչը ջրի պակասից է։ Դրա համար փակվեցին շատ ձկնաբուծարաններ։ 2-3 ձկնաբուծարան է աշխատում, այն էլ աերատորներ ենք դրել, մի կերպ պահում են։ Եթե աերատորներ չօգտագործեն, չեն կարող պահել»,- ասաց Խուրշուդ Քոչարյանը։ 

Նա խոսեց նաև Սևջուր գետի մասին՝  նշելով, որ գետը ևս ջուր չունի։ Հավելեց, որ որոշ արտեզյան հորեր էլ ցամաքել են, ու այդ ամենի արդյունքում հողերը չեն կարողանում ոռոգել, հետևաբար չեն էլ մշակում։ 

«Եթե նախկինում մի 500-600 հա հող էինք մշակում, հիմա մշակովի հողերը 150 հա հազիվ էլ լինեն՝ հիմնականում ջրի բացակայության պատճառով»,- պատմեց Խուրշուդ Քոչարյանը։

Մենք նաև հարցում էինք ուղարկել ջրային կոմիտե` հասկանալու, թե 2008-2019 թթ. ընթացքում քանի հա հողատարածք է մնացել անջրդի։ Ի պատասխան մեր հարցմանը՝  Արարատի, Արմավիրի, Արտաշատի և Շենիկի ՋՕԸ-ները տեղեկացրին, որ 2008-2019 թթ. ընթացքում իրենց տարածքում անջրդի հողեր չեն գրանցվել։ Սակայն, ըստ Էջմիածին ՋՕԸ-ի կողմից ստացված տեղեկության, 2008-2019 թթ. ընթացքում ստորգետնյա ջրերի մակարդակի անկման հետևանքով անջրդի է մնացել շուրջ 700 հա տարածք հիմնականում նախկին «Ակնալիճ» ՋՕԸ-ի տարածքում։ 

Արարատյան դաշտում, որտեղ հողերն օգտագործվում են հիմնականում պտուղ-բանջարեղենի, խաղողի մշակման նպատակով, մեկ հեկտարից ստացվող շահույթը 3-4 միլիոն դրամի սահմաններում է։ Սակայն, հաշվի առնելով այս պնդման էմպիրիկ բնույթը, տվյալ գյուղացիական տնտեսության արդյունավետությունից կախվածությունը, կարող ենք այն կրճատել երկու անգամ, որից հետո նշված 700 հեկտարից ստացված նվազագույն օգուտը կլինի 1 միլիարդ դրամի չափ։

Ավազանի գերշահագործման արդյունքում գրեթե ցամաքել է նաև Սևջուր գետը։  Նախկինում Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն և Վարդանաշեն համայնքների շուրջ 1500 հա հողերի ոռոգումն իրականացվում էր Սևջուր գետի ջրերով։

2018 թ․ հուլիսի 28-ին Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը լրագրողների հետ զրույցում նշել  էր․ «Հինգ համայնքներում առկա խնդիրները լուծելու համար արդեն իսկ արվել է առաջին քայլը․ դիմել ենք Կառավարությանը՝ խորքային 12 հորերի վերականգման և խորքային նոր 12 հորերի կառուցման համար: Այս կերպ կլուծվի հարակից 5 համայնքների 1500 հա հողատարածության ոռոգման հարցը»։ 

Ըստ նախագծահաշվային փաստաթղթերի` վերոնշյալ գործընթացի իրականացումը պահանջում էր 665.8 մլն դրամ։

Բացի այդ՝ նախկինում Սևջուր գետից Ստորին Հրազդանի ջրանցք էր մղվում տարեկան մոտ 90 մլն խմ ջուր, իսկ այժմ գետի չորացման հետևանքով անհրաժեշտ այդ ջրապահանջարկը բավարարվում է Սևանա լճից մոտ 80 մլն խմ ջրառ կատարելու միջոցով, որի իրական գնի հաշվարկման մեթոդաբանություն Հայաստանը չունի։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացած տեղեկատվության՝ ձկնաբուծության ոլորտում 2008-2019թթ․ գոյացած հարկերը միասին կազմում են մոտ 1.7 միլիարդ դրամ։ Եվ այս ուղղությունը ոչ միայն հարկերի, այլև պարենային անվտանգության տեսանկյունից գոյության իրավունք ունի։ Սակայն պետական քաղաքականության նպատակն է կարգավորել այդ գործունեությունը, որպեսզի այն չհանգեցնի այլ վնասների, որպիսիք ծագել են նախորդ տարիների ընթացքում։

Այսպիսով, Արարատյան արտեզյան ավազանի հյուծման հետևանքով․

  • ոռոգման նպատակով գործող հորերի 90%-ն այժմ չունի դրական ճնշում և շահագործվում է պոմպերի միջոցով, որոնց տարեկան էլեկտրաէներգիայի ծախսն ամենազգուշավոր հաշվարկեներով մոտ 1 միլիարդ դրամի լրացուցիչ ծախս է ենթադրում, ինչը սուբսիդավորվում է պետական բյուջեից։
  • Միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ անջրդի են մնացել 700 հեկտար (իսկ իրականում ավելի շատ) մշակովի հողատարածքներ, որոնցից տարեկան չստացվող շահույթը ամենազուսպ հաշվարկներով 1 միլիարդ դրամ է,
  • Հինգ համայնքներում 12 հորերի վերականգման և խորքային նոր 12 հորերի կառուցման համար կպահանջվի 665,8 մլն դրամ,
  • Բազմաթիվ ձկնաբույծներ կորցրել են իրենց բիզնեսը՝ անհրաժեշտ ջրի բացակայության պատճառով, իսկ դրանց փոխարեն ստեղծվել են նոր տնտեսություններ։

Այսպիսով, պետությունը թույլատրելով նորմայից ավելի ջրառ, հնարավորություն է տվել նոր տնտեսվարողներին մտնել ձկնաբուծության շուկա, բայց շուկայից դուրս է մղել հին տնտեսվարողներին։ Վերևում ցուցադրված քարտեզներում առկա յուրաքանչյուր կարմիր կետ մեկ շատ կոնկրետ լուծարված տնտեսություն է, որի հետևում կան շատ կոնկրետ մարդկանց ճակատագրեր։

Այս ամենը հուշում է, որ պետական պաշտոնյաները չէին կարող չգիտակցել բազմաթիվ մարդկանց սեփականության իրավունքին սպառնացող վտանգի փաստը, ձկնաբուծության ոլորտից 1.7 միլիարդ դրամ հարկ ստանալու համար տասնյակ միլիարդներ կորցնելու անարդյունավետության փաստը։


Ի՞նչ եզրահանգումներ է արել և ի՞նչ քայլեր ձեռնարկել պետությունը 2018 թվականի մայիսից հետո

2013 թ․ արտեզյան ավազանի գերշահագործման հիմքով Արարատի մարզի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ։ Գործը կարճվել էր 2016-ի դեկտեմբերին: 2018 թ․ հունիսին այն վերաբացվել է, սակայն մինչ այժմ ընթացքի և պատասխանատվություն կրողների մասին տեղեկություն չի հրապարակվել: 

Մենք փորձեցինք քրեական գործը քննող քննիչից ստանալ գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություն։

Արարատի մարզի քննչական վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական մարմնի կողմից խորքային հորեր հորատելու համար տրված բազմաթիվ բացասական կարծիքների պայմաններում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 2008-2013թթ. ընթացքում տրվել են Արարատի մարզում 352 նոր հորատանցքի համար ջրօգտագործման թույլտվություններ:

«Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզում գործող թվով 7 տնտեսվարողների կողմից 2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում առանց ջրօգտագործման թույլտվության թվով 15 խորքային հորերի շահագործման արդյունքում ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ընդհանուր 384.893.467 ՀՀ դրամ»,- մասնավորապես նշված է մեզ տրված պատասխանում։

Միաժամանակ հավելել են, որ թվով 6 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներն ու քրեական գործի անհրաժեշտ նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պատճառված 343.680.667 ՀՀ դրամի վնասի հատուցման համար քաղաքացիական հայց ներկայացնելու համար։

Ըստ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված պատասխանի՝ Արտեզյան ավազանի «Կարմիր գծի» կամ «Կարմիր զոնայի» (որից ներս որևէ հորատում չպետք է իրականացվի) վերաբերյալ իրավական կարգավորում չկա։ Ինչ վերաբերում է հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելուն, ապա նախարարությունն առաջնորդվում է ՀՀ «Ջրային օրենսգրքի» հոդված 37․1-ով։ Այս հոդվածը սահմանում է, որ մինչև տվյալ տարածքի ջրավազանային կառավարման պլանի հաստատումն արգելվում է Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։

2017 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Վերջինս մեր հարցմանն ի պատասխան տրամադրել է այն ընկերությունների ցանկը, որտեղ տեսչական մարմինը, ստեղծման օրվանից ի վեր, անցկացրել է ստուգումներ։ Դրանց թվում են 11 ձկնաբուծական տնտեսություններ, այդ թվում՝ «Ֆիշգոլդ», «Մխչյան ֆիշ», «Մերի ֆիշ», «Գամ-Ֆիշ», «Ռապս», «Էկոֆիշ Թրեյդ», «Հայր և որդի Բունիաթյաններ», «Գոլդեն Ֆիշ-Կ» (հայաստանյան մասնաճյուղ), «Բլեք Դայմոնդ» և «ՄԷԳ-Ֆիշ» ընկերությունները։ Ընկերություններից 7-ում հայտաբերվել են Ջրային օրենսգրքում ամրագրված պահանջների խախտումներ։ Հայտաբերվել են նաև «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքների և Հարկային օրենսգրքի որոշ դրույթների խախտումներ։ 

Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախարարության կողմից վարվում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված քաղաքականություն։ 2018-ի մայիսից մինչև դեկտեմբերը ներառյալ Արարատյան դաշտում գործող հորատանցքերը փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է 706 լ/վ ջրաքանակ։

Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության և վերականգնման նպատակով, համաձայն Կառավարության 2019 թվականի որոշման, ՀՀ պետական բյուջեի և ջրօգտագործողների սեփական միջոցների հաշվին 2019 թ․ ընթացքում Արարատյան դաշտում լուծարվել է 8, կոնսերվացվել՝ 71 ազատ հոսքով խորքային հոր, ինչի արդյունքում խնայվել է 1769․8 լ/վ ջրաքանակ։ 

2019 թվականի ընթացքում Արարատյան դաշտի գործող հորատանցքերը փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է 1248 լ/վ ջրաքանակ։

2018 թ․ի մայիսից մինչև 2020 թվականի հունվարի 12-ն Արարատյան դաշտում խնայվել է 3723,8 լ/վ ջրաքանակ։

2019 թ․ ընթացքում Արարատյան դաշտի ապօրինի շահագործվող հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի ծախսվել է 30 մլն 586 հզ 60 ՀՀ դրամ։

Աշխատանքներ են իրականացվել Արարատյան դաշտի խորքային հորերն առցանց հոսքաչափական սարքավորումներով կահավորելու ուղղությամբ։ Ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետում արդեն տեղադրվել է առցանց հոսքաչափական սարքավորում։

Ի՞նչ անել 

Ձկնաբուծարաններ այցերի ժամանակ, տեղեկանալով, որ լրագրողներ ենք, բոլորը հարցնում էին․ «Գնալու եք, նորից ձկնաբույծներին ազգի թշնամի հանե՞ք»։ 

Սա կարևոր հարց է, որն ուղղված է ինչպես մեզ, այնպես էլ հանրությանը և, որ ամենակարևորն է, պետությանը։ Ի՞նչ գնահատական է պետք տալ ձկնաբույծներին, և ըստ այդմ՝ ի՞նչ վերաբերմունք է պետք ցուցաբերել։ 

Ձկնաբուծությունը` թ՛ե որպես հարկային եկամուտներ գեներացնելու միջոց, թե՛ պարենային անվտանգության բաղադրիչ, թե՛ զբաղվածության ոլորտ, թե՛ գործարարության դրսևորում, իր բնականոն գործունեության իրավունքն ունի․ բնական ռեսուրսի խելամիտ օգտագործումը միայն զարգացման կարող է տանել։

Կարիք կա միայն համակշռելու արտեզյան ավազանից օգտվողների և բնության բազմազան ու հաճախ հակադրվող շահերը, ինչին տանող ճանապարհը գրագետ քաղաքականության մշակումն է։

Ստորև կներկայացնենք քայլեր, որոնք կարող են այդպիսի քաղաքականության մշակման համար քննարկման նյութ հանդիսանալ․

  • Խնդիր դնել 5 տարվա ընթացքում հասնելու արտեզյան ավազանից ջրառի կրճատման և ջրի ելքային ծավալները հասցնել այն սահմանին, որի դեպքում ավազանը կինքնավերականգնվի։
  • Ըստ այդմ՝ գնահատել, թե որքան է տարեկան առավելագույն ծավալը, որ կարող ենք տրամադրել ջրօգտագործողներին հետևյալ առաջնահերթությամբ՝ նախ խմելու և կենցաղային նպատակներով, հետո ոռոգման և ջրարբիացման և վերջոում՝ ձկնաբուծության։
  • Խմելու և կենցաղային, ոռոգման և ջրարբիացման նպատակներով անհրաժեշտ ջրի ծավալների բավարարման պայմաններում գնահատել, թե որքան ջուր կարող ենք տրամադրել ձկնաբուծական նպատակներով։
  • Այդ ծավալները տրամադրել մրցույթային կարգով՝ հաշվի առնելով այն, թե արդյո՞ք տվյալ ձկնաբույծը պատրաստ է ներդնելու փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, արդյո՞ք միևնույն ծավալով ավելի շատ ձուկ կբուծի, քան մրցակիցն է պատրաստվում բուծել և այլն։
  • Հնարավորություն տալ համայնքին և ձկնաբույծին կնքելու համաձայնություն առ այն, որ համայնքը հրաժարվում է ջրօգտագործման թույլտվության իր իրավունքից, եթե ձկնաբույծը պատրաստ է որոշակի պայմաններով այդ ջուրը օգտագործելուց հետո տրամադրել ոռոգման նպատակով։


Հեղինակներ՝ Աստղիկ Քեշիշյան, Աննա Սահակյան, Արփի Ավետիսյան

Խորհրդատու՝ Միքայել Նահապետյան
Տեսանյութը՝ Արման Յարալյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել