Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ
13:30 - 16 փետրվարի, 2020

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ:

ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորեց նախարար Բարտոլոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրան այդ պատասխանատու առաքելության մեջ:

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված  համագործակցության դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել այն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: Որպես երկկողմ փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին կրթության, մշակույթի, առևտրատնտեսական, խելացի գյուղատնտեսության և թափոնների կառավարման ոլորտները:

Քաղաքական երկխոսության առավել խորացման համատեքստում երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և վերջինիս ընձեռած ներուժի լիրաժեք օգտագործման կարևորությունը: Արտգործնախարարները բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Մալթայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը: 

Նախարարներ Մնացականյանը և Բարտոլոն մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել