Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցըի հետ։
Պարոն Սաքունց, հրապարակվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության նախագիծը, ըստ որի՝ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, Պարեկային ծառայության ստեղծում ճանապարհային ոստիկանության և ՊՊԾ փոխարեն: Ինչպե՞ս եք գնահատում ներկայացված նախագիծը, որքանո՞վ է սա բարեփոխելու մեր ոստիկանության համակարգը։
Սրանով ամբողջությամբ փոխվում է ոստիկանության համակարգը և նոր ոստիկանության ուղղված ռազմավարություն է։ Սա այն է, ինչ մենք տարիներ շարունակ պահանջում էինք։ Ռազմավարության մեջ այդ ամենը նշված է, բայց ինչպես ենք դրան հասնելու` շատ կարևոր է այդ գործողությունների համարժեք իրականացումը։ Դա լուրջ ռեսուրսներ է ենթադրում կրթական համակարգում, տեխնիկական համակարգում, սոցիալական համակարգում։ Բայց պետք է ասեմ, որ սա շատ կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման արդյունքում, եթե մենք բոլոր ջանքերը գործադրենք, ապա կունենանք որակապես այլ, ժողովրդավարական և իրավական պետությանը համապատասխանող ոստիկանություն։
Հեղափոխությունից հետո ամենաշատ դժգոհությունները հենց ոստիկանությունից են, որ հանիրավի մարդկանց բռնում, ապա ազատ են արձակում։ Ձեր դիտարկումներն այս իմաստով ինչպիսի՞ն են։
Ես համաձայն չեմ, որ միայն ոստիկանության հետ են կապված դժգոհությունները՝ Զինված ուժեր, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, կրթական համակարգ։ Բոլոր այն ինստիտուտները, որտեղ բովանդակային և արմատական փոփոխություններ չեն կատարվել այդ ճահճային իրավիճակից հանելու ուղղությամբ, որ տարիներ շարունակ ընկղմված էին, բոլորից էլ դժգոհություն կա։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ դրանք դուրս են մղվում։ Իհարկե, առանձին-առանձին պետք է փոխել և փոփոխություններ մտցնել, բայց շատ կարևոր է, որ նման ռազմավարություններ մշակվեն։ Մենք առայժմ Զինված ուժերի վերաբերյալ չունենք ռազմավարություն, քննչական մարմինների, դատախազության, ԱԱԾ-ի, կրթական համակարգի վերաբերյալ։ Եկեք արձանագրենք, ու այս շարքում միայն ոստիկանությունը չի։
Վերջին օրերին մեկ տասնյակից ավելի զոհ ունենք բանակում, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից։ Արդյոք նոր ռազմավարության դեպքում մենք այլ պատկեր կունենայինք։ Ի վերջո, ո՞րն է այսքան շատ դեպքերի բուն պատճառը։
Պատճառների մասին բազմիցս խոսել ենք, դա զինված ուժերի կառավարումն է, որը մնացել է նույնը։ Կրթվածությունը, պատրաստվածությունը, սոցիալական, տնտեսական ապահովվածությունը, կոռուպցիան։ Այս բոլոր ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմները չեն կիրառված։ Թե զինված ուժերում, թե իմ նշած բոլոր մարմիններում որևէ բան չի փոխվել։ Եթե ղեկավարները փոխվել են, դա դեռ երաշխիք չէ, որ համակարգային փոփոխություններ են եղել։ Ոստիկանության դեպքում տեսանելի է, թե ինչ պետք է արվի, տեսանելի է նաև, թե ինչ ոստիկանություն ենք ունենալու, բայց նույնը չես կարող ասել մնացած մարմինների վերաբերյալ։ Օրինակ, ինձ համար հասկանալի չէ, թե ենթադրենք մի 5-10 տարի հետո ինչ դպրոց ենք ունենալու, ինչ բուհ ենք ունենալու, ինչ զինված ուժեր ենք ունենալու։ Ինչպիսին պետք է լինի ԱԱԾ-ի տեսանելի պատկերը տարիներ անց։ Առայժմ բոլորը գործում են նախկին ձևերով՝ թե կադրային, թե կարգավորումների, թե օրենսդրական, թե ապահովվածության առումներով։ Այո, որոշ մարմիններում աշխատավարձերն ավելացել են, բայց դա բովանդակային փոփոխություն չէ։ Բոլոր ինստիտուտները պետք է համապատասխանեցնել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին։
Զինված ուժերում որո՞նք են այն խնդիրները, որոնք օր առաջ լուծում են պահանջում։
Ընդհանրապես զինված ուժերի հիմքում պետք է դրվի զինծառայողի և զինվորի, սպայի, նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Նրանք ռեալ մարդիկ են, որոնք ունեն կարիքներ, որոնք ունեն պահանջներ, իրավունքներ։ Այդ ամենը պետք է պահպանվի, և ծառայությունն այնպես կազմակերպվի, որ լինի գրավիչ։ Սպաների արտահոսքը զինված ուժերից հենց դրանով է պայմանավորված։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
comment.count (0)