Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային |ermenihaber.am|
18:20 - 17 փետրվարի, 2020

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Պակիստան կատարած այցի ընթացքում Քաշմիրի հարցի վերաբերյալ արած մեկնաբանությունն է:

Նշենք, որ Էրդողանը դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ իրականացված գործողությունները և հավելել, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է:

Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա:

Հնդկաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունը այլ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ: 

«Հնդկաստանն անընդունելի է համարում դա: Մեր երկկողմ հարաբերությունների վրա այս վերջին մեկնաբանությունները ուժեղ ազդեցություն կունենան»: 

Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակումներ կիրառել Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ:

Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը շարունակվում է այն ժամանակից, երբ 1947-ին Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց  իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվեց հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։

Հնդկաստանը և Պակիստանը 1947-ից ի վեր 3 անգամ պատերազմել են Քաշմիրի համար: Վիճահարույց այդ երկրամասում ամեն տարի տեղի են ունենում ռազմական բախումներ: Քաշմիրը 1947թ. հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հռչակել է իր անկախությունը՝ որպես Ազատ Քաշմիրի խորհրդարանական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել է Քաշմիրի Հանրապետության անկախությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել