Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է |armtimes.com|
09:12 - 18 փետրվարի, 2020

Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է |armtimes.com|

armtimes.com: Սիրիական բանակի հրամանատարություն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հայտնելով, որ Հալեպը, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերը 8 տարի անց ամբողջությամբ ազատագրվել են: Խոսքը Շեյխ Ալի, Օրամ Քոպրա, Օրամ Սուղրա, Քաֆար Նահա, Քաֆար Տահայել, Քաֆար Համրա, Շանթարա, Պապիս, Մաարեթ Արթիք, Ուեյջել, Հրեթան, Հայյան, Անատան, Պեանուն, Լերամուն գյուղերի մասին է, որոնք ներառում են նաեւ կարեւոր նշանակության բազմաթիվ գործարաններ եւ հասարակական նշանակության այլ կառույցներ:

Հալեպի արեւմուտքում՝ Միզնար բնակավայրում եւ Իդլիբի նահանգի Մաջիրզե բնակավայրում պատասխանատու մարմինները, Սիրիայի բանակի հետ համատեղ, բացել են 2 հումանիտար միջանցքներ՝  ժողովրդի ապահով ելքն ու հումանիտար օգնության տեղակայումն ապահովելու համար դեպի ահաբեկիչներից մաքրված, ազատագրված տարածքներ:

Հրամանատարությունը հայտնել է, որ սիրիական բանակը բուռն մարտեր է մղել զինյալ ահաբեկչական խմբավորումների դեմ եւ Հալեպն այսուհետ հայտարարվում է ամբողջովին ազատագրված տարածք:

Հրամանատարությունը հիշեցրել է, որ ազատագրված տարածքները   «Ջաբհաթ-ան-Նուսրա» զինյալ ահաբեկչական խմբավորման հսկողության տակ էին գտնվում 2012 թվականից ի վեր: Այդ տարիներից մինչ հիմա Սիրիան հիշյալ տարածքներում հարյուրավոր մարդկային կորուստներ է ունեցել, զինյալ ահաբեկչական խմբերը հրթիռակոծել են բնակելի գյուղերը, զինված գործողություններ կատարելլ տեղի բնակչության նկատմամբ:

Արաբական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հալեպի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերի ազատագրումից հետո Սիրիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ալի Համմութը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա չորեքշաբթի, փետրվարի 19-ին, Հալեպի օդանավակայանը կվերաբացվի երկար դադարից հետո եւ հենց այս շաբաթ կկարգավորվեն Հալեպ-Դամասկոս, Հալեպ-Կահիրե թռիչքները: Սիրիական բանակը հայտարարել է, որ Դամասկոսի եւ Հալեպի օդային տարածքն ամբողջությամբ վերահսկվում է եւ անվտանգ է օդային փոխադրումների համար:

Ի դեպ, արաբական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարել է, որ Երեւանն ու Դամասկոսը այս տարի մտադիր են օդային փոխադրումների շուրջ համաձայնագիր կնքել:

Ռեւազյանն այս մասին հայտնել է՝, ընդգծելով, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցության մասին հարցը քննարկվում է երկրի բարձր օղակներում: Լրատվամիջոցը նշում է, այժմ քննարկումներն առավել իրատեսական են դառնում, քանի որ մեծ են անվտանգության երաշխքիները:

Սիրիական արաբական բանակի հրամանատարությունն ու խմբերը սկսել են սանրել ահաբեկիչներից ազատագրված տարածքների ամեն մետրը՝ հայտնաբերելով մի քանի տասնյակ թունելներ, ահաբեկչական խմբերին ծառայող գետնափոր շտաբ-բնակարաններ: Գրեթե բոլոր թունելների հատուկ պահեստարաններից հայտնաբերվել է հսկայական քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը պատկանել է «Ջաբհաթ-ան-Նուսրա» խմբավորման զինյալներին:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել