Թուրքիան Օսման Քավալային ազատ արձակելուց ժամեր անց կրկին նրան ձերբակալելու որոշում է կայացրել |tert.am|
12:04 - 19 փետրվարի, 2020

Թուրքիան Օսման Քավալային ազատ արձակելուց ժամեր անց կրկին նրան ձերբակալելու որոշում է կայացրել |tert.am|

tert.am: Թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը երեկ՝ փետրվարի 18-ին, արդարացվել էր 2013 թվականին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մեղադրանքով, կրկին ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի դատախազությունը վերսկսել է հետաքննությունը Քավալայի նկատմամբ, այս անգամ` 2016 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Քավալային մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մտադրության համար:

Օսման Քավալան Գեզիի այգու ցույցերի գործով փետրվարի 18-ին 9 արդարացված անձանցից մեկն էր, նրան ազատ էին արձակել խիստ ռեժիմի բանտից, տեղափոխել էին հիվանդանոց` առողջությունը ստուգելու, որից հետո կրկին ձերբակալել են:

Մարդու իրավունքների թուրքական և միջազգային մի շարք կազմակերպություններ Քավալայի այս ձերբակալությունը բնորոշել են որպես «ցինիզմ» թուրքական իշխանությունների կողմից:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել