panarmenian.net: Երևանում շների հարձակումների և դրանց հետևանքով տուժած քաղաքացիների մասին քաղքապետարանում տեղյակ են և գիտեն, որ վերջին 2 ամսում որոշակի լարվածություն կա, այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ 2019-ից գործող Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը շարունակում է աշխատել՝ մարդկանց և կենդանիների անվտանգ համակեցությունն ապահովելու սկզբունքով:
Թափառող կենդանիների կողմից երեխաների վնասման, կծելու դեպքերի մասին ահազանգեր էին եղել մամուլում և սոցցանցերում: Երևանի տարբեր վարչական շրջաններից ահազանգող քաղաքացիները նշում էին, որ թափառող շները հարձակվում են երեխաների ու անցորդների վրա. ասում էին՝ դիմել են համապատասխան ՀՈԱԿ-ին, բայց արձագանք չեն ստացել:
«Ունենք որոշակի լարվածություն վերջին 1-2 ամսվա ընթացքում, որը, ենթադրաբար, պայամանավորված է ցուրտ սեզոնով և թափառող կենդանիների սննդի պակասով»,- նշեց Կարապետյանը:
Քաղաքապետի մամուլի խոսնակի խոսքով՝ պարադոքսալ է, բայց թափառող կենդանիների ակտիվացումը կապված է նաև աղբահանության վիճակի բարելավման հետ, որի հետևանքով աղբամաններում աղբ չի լինում, որը թափառող կենդանու սնունդն է նաև:
Կարապետյանը նշեց, որ Երևանում շների միգրացիա կա նաև հարակից բնակավայրերից ու խնդրով պետք է պատշաճ զբաղվեն նաև այնտեղ:
Հարցին, թե խնդիրների մասին իմանալով՝ ինչ քայլեր են ձեռնարկվում, Կարապետյանն ասաց, որ ՀՈԱԿ-ը բնականոն կերպով իր աշխատանքը կատարում է, սակայն կան դրա վրա ազդող գործոններ՝ ինչպես, օրինակ, մեքենաների թիվը, աշխատուժի պակասը, աշխատակիցների ժամանակավոր աշխատավայրը:
«Հիմա կոնկրետ որևէ ահազանգի դեպքում, երբ որևէ տեղ կան ագրեսիվությամբ աչքի ընկնող կենդանիներ, գնում են դրա հետևից ու համապատասխան գործողություններ անում»,- նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ շներից վնասման դեպքում ՀՀ-ում բուժօգնությունն անվճար է, քաղաքապետարանում նմանատիպ դեպքերին տեղյակ են, բայց ահազանգերը կամ հրապարակումները, որտեղ չեն նշվում կոնկրետ տվյալներ, հնարավոր է և, իրականությանը չեն համապատասխանում:
Իր հերթին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ և «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ շների հարձակումները շղթայական գործողությունների հետևանք են, որի մեղավորը նաև մարդն է:
«Սա շղթա է, որը շները կանգնեցնել չեն կարող, բայց մենք՝ մարդիկս, կարող ենք: Այսօրվա ձեր վատ վերաբերված, տշած, տանջած շունը վաղը կարող է երեխայի վրա հարձակվել, քանի որ նրա պատկերացման մեջ մարդը վատ բան է, մարդը չար է»,- գրել է նա:
Նրա խոսքով նաև՝ եթե «բոլորը գրպանում մի փոքր բան ունենան ճանապարհին պատահած շների համար ու շները սկսեն հասկանալ, որ մարդն այնքան էլ վատ բան չէ, դա ավելի շատ կնպաստի կծման դեպքերի պակասելուն, քան վառելը, սպանելը, ոչնչացնելն ու ատելը»
Մոտ 1 տարի առաջ Երևանի ավագանին հավանություն էր տվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծմանը: Ակնկալվում էր, որ նաև հարևան համայնքներում նման ծրագրերի ներդրմամբ թափառող կենդանիների քանակը կհասցվի նվազագույնի:
comment.count (0)