Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդն այսօր դարձյալ չի կայացել |lragir.am|
14:21 - 21 փետրվարի, 2020

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդն այսօր դարձյալ չի կայացել |lragir.am|

lragir.am: Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդն այսօր դարձյալ չի կայացել, քանի որ դրան մասնակցելու հայտ ներկայացնող չի եղել: Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ նշելով, որ ևս երկու աճուրդ է նախատեսված այս հյուրանոցի համար:

«Որևէ մեկը հայտ չի ներկայացրել, և աճուրդը չի կայացել»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ կառավարության որոշմամբ հաստատված է ևս երկու աճուրդի անցկացում՝ ընդհանուր 4 աճուրդ: «Այդ աճուրդները չկայանալու դեպքում լրացուցիչ կքննարկվի հարցը: Առայժմ հաջորդ աճուրդի օրը չենք որոշել: Այդ աճուրդներից հետո կարող են քննարկվել հետևյալ տարբերակները՝ շարունակել աճուրդները, հավատարմագրային կառավարման տալ»,- նշեց Նարեկ Բաբայանը:

Այսօրվա աճուրդում հյուրանոցի գինը նախորդ աճուրդի համեմատ 5 տոկոս ցածր է եղել՝ կազմելով 7 մլրդ 150 մլն 134 հազար 910 դրամ: Շենք շինությունների մակերեսը կազմում է 19 758 քառ. մետր։ Գույքի օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը 1.38 հա է: Հյուրանոցի առաջին աճուրդը նշանակված էր 2019 թվականի դեկտեբերի 18-ին, սակայն դարձյալ չէր կայացել:

Նախորդ տարեվերջին Նարեկ Բաբայանը լրագրողներին ասել էր, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը շուտով նոր սեփականատեր կունենա, քանի որ հետաքրքրվողներ կան:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու մասին դիմում Ավետիսյանի ընտանիքի անդամները ներկայացրել էին 2018 թվականին՝ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ հարուցված քրեական  գործի շրջանակներում:

Իսկ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն ընդունելու մասին որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել