Հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ. Արփենիկ Մարության
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Արփենիկ Մարությանին հորդորել է չմասնակցել ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու վերաբերյալ ավագանու որոշման ընդունման քվեարկությանը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում հայտնեց Արփենիկ Մարությանը, որն այս տարվա մարտին վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը (Արփենիկ Մարությանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ազգակցական կապ չունի)։
Ինպես հայտնի է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները նախաձեռնել են քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Այս զարգացումների ֆոնին ավագանու որոշ անդամներ հայտնեցին, որ այս տարվա փետրվարին խմբակցության տարբեր անդամներ ու քաղաքապետարանից դուրս մարդիկ փորձել են սաբոտաժ անել եւ քվորում չապահովելու միջոցով տապալել ավտոբուսների ձեռքբերման համար գումար հատկացնելու մասին հարցի քվեարկությունը։
Արփենիկ Մարությանը այս տարվա փետրվարին մասնակցել է Երեւանի ավագանու այն նիստին, որի ժամանակ քննարկվել է հիշյալ հարցը։ Մարությանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ ինչպես ավագանու այլ անդամներ, այնպես էլ ինքը, նախապես իմացել է, որ սպասվում է այդ հարցի բոյկոտում։ Նա հարցին ձեռնպահ է քվեարկել՝ տեսնելով, որ լարված իրավիճակ է եւ քվորումի խնդիր կա.
«Մինչ այդ հարցի քվեարկությունը՝ զանգ եւ ֆեյսբուքյան հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր այդ հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ»,- մեր զրույցում պատմեց Արփենիկ Մարությանը:
Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին՝ Մարությանը, իր խոսքով, քաղաքապետի դեմ արշավը խիստ բացասական է գնահատում՝ նշելով, որ եթե դրա պատճառը նրա կուսակցական չլինելն է, դա երիցս անհեթեթ է, քանի որ «ՔՊ»-ի առաջադրած նոր թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, որն այժմ Երեւանի փոխքաղաքապետն է, նույնպես կուսակցական չէ.
«Կարծեմ թե ընտրություններում մեծ նշանակություն ունի առաջին համարը, «ՔՊ»-ն որպես առաջին համար ներկայացրել էր պարոն Մարությանին, սրանով ամեն ինչ ասված է»,- մեր զրույցում նշեց նա։
Թե որքանով են իրականությանը մոտ այն պնդումները, ըստ որոնց՝ քաղաքապետն ինքն է լարել հարաբերությունները խմբակցության հետ, Արփենիկ Մարությանը պատասխանեց.
«2018 թվականի հոկտեմբեր ամսից եմ ավագանու անդամ, պարկեշտ կլինի խոսել հարաբերությունների մասին այդ պահից սկսած մինչեւ 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Հարաբերությունները ջերմ եւ կառուցողական էին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների նիստերին սկսվեցին պրոբլեմներ։ Չմանրանալով՝ ասեմ, որ այն Ժամանակ դա կարեւոր չէր թվում՝ մինչեւ ավտոբուսների գնման հարցը։ Մինչ այդ պահը հարաբերությունները ավագանու եւ քաղաքապետի միջեւ գնահատում եմ կառուցողական»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, քաղաքապետը չի լարել հարաբերությունները։
Նշենք, որ Արփենիկ Մարությանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ մանդատը վայր է դնում, քանի որ ամուսնացել է եւ մեկնում է ամուսնու մոտ՝ Փարիզ։
Վաղը Երեւանի ավագանին քննարկելու է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ խմբակցությունն ապահովել է ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը՝ «փորձ է արվել տապակել որոշման ընդունումը», քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։
Հայարփի Բաղդասարյան
23:46 - 21 դեկտեմբերի, 2021