Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթարանի վարձն էլ 40 հազար դրամ է |hetq.am|
17:26 - 21 փետրվարի, 2020

Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթարանի վարձն էլ 40 հազար դրամ է |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչ Գրիգոր Խուրշուդյանի մանկահասակ երեխան մանկապարտեզ չի հաճախում, քանի որ գյուղում համայնքային մանկապարտեզ չկա, իսկ մասնավոր նախակրթարանի վճարը մեկ ամսվա համար 40 հազար դրամ է։ Հարևան Արարատ քաղաքի մանկապարտեզներում էլ ոչ տեղացի երեխաների համար 22 հազար դրամ վարձավճար է սահմանված։

Գրիգորի 3 երեխաներից միայն ավագն է հաճախել Ավշարի մանկապարտեզ, նա այժմ սովորում է դպրոցում։ Գրիգորն ասում է, որ համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար 22.000 դրամը շոշափելի գումար է, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ամսական այդքան գումար վճարել ու երեխային տանել Արարատի մանկապարտեզներ։

«Այն հարկերն ու տուրքերը, որ վճարում ենք համայնքին, վճարում ենք, որ ինչ֊որ բանից օգտվենք, եթե չենք օգտվելու, չենք վճարի, էդ գումարով մեր երեխաներին ավելի լավ տեղ կտանենք, կամ ամեն մարդ էդ վճարած հարկի գումարով իր փողոցը կասֆալտապատի, դռան դիմաց լույս կանցկացնի, բա հարկեր տալու իմաստը ո՞րն է, տալիս ենք, որ ճանապարհները բարեկարգվի, լուսավորվի, որ պայմաններ ստեղծվի երեխաների համար, բայց մինչև էսօր դեռ էն մինիմալն էլ չկա։ Մեծ գյուղ է, բայց մանկապարտեզ չունի, դա նորմա՞լ է, եթե մենք մեր վճարած հարկերի դիմաց ոչինչ չենք ստանալու, գյուղապետարան կոչվող կառույցը ինչի՞ համար է գործում»,- ասում է Գրիգորը։

Նա նաև նշեց, որ համայնքում գործող մասնավոր նախակրթարանի ամսական վճարը 40.000 դրամ է, ինչը հասանելի չէ գյուղի բնակիչների մեծ մասին։ «Եթե գյուղացիներից շատերին հասանելի չէ ամսական 22.000 վճարել ու իրանց երեխաներին Արարատի մանկապարտեզներ տանել, պարզ չի՞, որ 40.000 վճարելու հնարավորություն շատ քչերը կունենան»,– նշեց Գրիգորը։

 

Ավշար գյուղում խորհրդային տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել երեք մասնաշենք ունեցող մանկապարտեզի միայն մեկ մասնաշենքը։ Մյուս երկու մասնաշենքերը կիսակառույց էին մինչև նախորդ տարի։ Ավշարի ավագանին 2016 թ.-ին մանկապարտեզի կապիտալ նորոգումը ներառել էր համայնքի զարգացման քառամյա ծրագրում։ 2017 թ.-ին Կառավարությունը գումար էր հատկացրել Ավշարի մանկապարտեզի նորոգման համար, սակայն նույն տարվա աշնանը 35 միլիոն դրամը վերադարձել է Կառավարություն։ Պաշտոնական պարզաբանմամբ, մանկապարտեզի շենքը վթարային է եղել, և նոր է այդ հանգամանքն ի հայտ եկել։ Ավշարի ավագանին էլ 2017 թ.-ի վերջում որոշել է մանկապարտեզի գործող և 2 չգործող վթարային մասնաշենքերը ապամոնտաժել։

Համայնքի երեխաներն այդ պահից սկսած զրկվել են նախադպրոցական կրթությունից։ Մանկապարտեզի գույքը հետագայում դրվել է աճուրդի։ Քանի որ որոշվել է մանկապարտեզն ապամոնտաժել, 2018 թ.-ին էլ ավագանին որոշել է շենքի պանելները աճուրդով վաճառել։ Ո´չ մանկապարտեզի գույքի, ո´չ էլ երկաթբետոնե կոնստրուկցիաների աճուրդների արդյունքների մասին տեղեկություններ չկան։ Մանկապարտեզի տարածքում մեր այցելության ժամանակ ապամոնտաժման աշխատանքներ էին ընթանում։ Բանվորները քանդում էին երբեմնի գործող մանկապարտեզի համեմատած բարվոք մասնաշենքը, իսկ մյուս երկու մասնաշենքերից մեկը հողին էր հավասարեցված։

Ավշարի բնակիչների մի մասը իրենց երեխաներին տանում է Արարատ քաղաքում գործող մանկապարտեզներ, որոշները` համայնքում վերջերս բացված մասնավոր նախակրթարան, մյուս և հիմնական մասի երեխաները պարզապես մանկապարտեզ չեն հաճախում։

2020 հունվարի 14-ին Արարատ քաղաքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշվել է համայնքի ենթակայության մանկապարտեզներից օգտվողների համար Արարատ քաղաքի երեխաների դեպքում սահմանել 5000 դրամ վճար, իսկ այլ համայնքների երեխաների համար՝ 22.000 դրամ: Ավշար համայնքի բնակիչներն ասում են, որ Արարատի մանկապարտեզների վարձավճարի թանկանալուց հետո, շատերը չունեն հնարավորություն իրենց երեխաներին մանկապարտեզ տանելու։

Գյուղացիների շրջանում տարածված տեսակետ կա, որ Ավշարում բացված «Լապտերիկ» խնամքի կենտրոնի տնօրեն Ռուբինա Դավթյանը կապ ունի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի ընտանիքի հետ, որոնք էլ Ռուբինա Դավթյանին օգնել են Ավշարում նման կենտրոն բացելու հարցում։ Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել