armenpress.am: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ գիտական հետազոտությունների ֆինանսական ապահովման խնդիրը պետք է ամրագրվի, կարգավորվի համապատասխան օրենքով: Մարտիրոսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներում:
Նա նախ նշեց, որ նախագծում գիտությանը վերբերող մասը բավականաչափ հակիրճ է և համեստ, բայց հիմնական խնդիրներն արծարծված են: Օրենքի աշխատանքային տարբերակի վերաբերյալ քննարկումներ են ունեցել նախագահության ընդլայնված նիստում: Մարտիրոսյանը նշեց՝ վստահ են եղել, որ նախագծի առաջին տարբերակը դժվար թե նպաստի գիտության զարգացմանը: Քննարկում են ունեցել նաև նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
«Լավ կլիներ, որ օրենքում լիներ գիտական հետազոտությունների նյութական ապահովման խնդիրը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի ընդունման առաջին փուլում օրենքում ֆիքսված էր որոշակի թիվ, որ պետբյուջեից գիտությանը հատկացված գումարները պետք է ունենան որոշակի մեծություն: Սակայն այդ պահանջը չկատարվեց, դա փոփոխության ենթարկվեց: Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել, այլ եղել են ֆինանսներ միայն այս կամ կազմակերպությունների պահպանման համար: Միայն անցյալ տարի առաջին անգամ հատկացվեցին առանձին գումարներ՝ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Այս մոտեցումները կուզենայինք, որ ինչ-որ ձևով ամրագրվեր օրենքում»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց՝ ակադեմիան մշակել է 20-ից ավելի միջգիտակարգային ծրագրեր, որոնց լուծումը պահանջում է ուժերի համադրում: Այդ ուժերի համադրումը հենց այն տրամաբանությունն է, որ ընկած է ներկայացված օրենքի նախագծում: Նա շեշտեց՝ պետք է տեղի ունենա գիտական և կրթական ուժերի շատ խորը, արմատական միավորում:
comment.count (0)