Գիտությունների ազգային ակադեմիա

Բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երեւանում։ Ակադեմիան նաեւ մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սեւանում, Գորիսում, Վանաձորում եւ Կապանում։

Այն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար  եւ կիրառական  գիտական հետազոտություններ,  եւ համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաեւ ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության ներկան ու ապագան, գիտություն-կրթություն և գիտություն-տնտեսություն կապ, հումանիտար և հասարակագիտական մտքի կարևորություն,  գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքներ ու ռազմարդյունաբերություն․․․ Այս և այլ թեմաների շուրջ նոյեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) միավորվել էին Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքների, բուհերի, Կառավարության ներկայացուցիչներն ու գիտությամբ հետաքրքրված մարդիկ։ «Գիտուժ» նախաձեռնությունը կազմակերպել էր «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով  համաժողովը։ Համաժողովը բացեց ՀԱՀ ռեկտոր Բրյուս Պողոսյանը, որը, ողջունելով ներկաներին, ասաց, որ հետևել է «Գիտուժ» նախաձեռնության աճին ինչպես սփյուռքում գտնվելու տարիներին, այնպես էլ Հայաստան այցելությունների ժամանակ։ Բրյուս Պողոսյանը Բրյուս Պողոսյանը խոսեց այն մասին, թե գիտական որքան ուժեղ էկոհամակարգ է ունեցել Հայաստանը Խորհրդային շրջանում, և ինչպես է այդ էկհոմակարգը քանդվել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ամերիկյան համալսարանի ռեկտորը հիշեցրեց նաև այն փաստը, որ Հայաստանում տարիների ընթացքում գիտնականների թիվը նվազել է։ «Կարծում եմ՝ «Գիտուժը» հասկացել է, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի։ Հայաստանը կարիք ունի արագ սկսելու ապահով, գիտելիքի վրա հիմնված, արժեք ստեղծող պետություն դառնալու ուղին»,- ասաց նա։   Գիտության առաջնահերություններ, պետական պատվեր, գիտելիքահեն տնտեսություն «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհին խոչընդոտները և դրանց լուծումները». պանելային առաջին քննարկման ժամանակ այս հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը։ Հակոբ Արշակյանը պանելային քննարկումը սկսեց նորությամբ․ 2024-ին Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն է բացվելու։ Ինչպես և նշել էր ԱԺ փոխնախագահը, Կառավարության երեկվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «2024 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը։ Պետբյուջեով նախատեսվող միջոցառումներից մեկն արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացումն է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գիտության առաջնարհերթությունները, թիրախները սահմանված են Կառավարության ծրագրով։ Ինչ վերաբերում է գիտության ռազմավարություն ունենալուն, նախարարը նշեց, որ այս պահին ռազմավարությունը մշակման փուլում է, և ունի  վերանայման կարիք, քանի որ «Կառավարությունն էական ներդումներ է արել, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետությունը»։ ԿԳՄՍ նախարարը խոսեց անցած տարի երիտասարդ գիտնականների թվի աճի, գիտնականների աշխատավարձերի բարձրացման և գիտական նոր սարքերի ձեռբերման մասին՝ նշելով, որ «վիճակագրությունը ցույց է տալիս արդյունքներ»։ Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը «Բայց այս բոլոր խնդիրների մեջ մենք տեսնում ենք, որ մեզ իրականում անհրաժետ է ունենալ այն ցուցանիշները, որոնք մեզ թույլ են տալու ասել, որ այդ ներդրումներն արդյունավետ են»,- ասաց նա։ Այս համատեքստում ժաննա Անդրեասյանը կարևորեց հասկանալ տարբեր օղակների սպասելիքները գիտությունից։ Նա նշեց՝ գիտությունն ու արվեստը նման են այն առումով, որ գիտնականներն ուզում են ազատություն ու ժամանակ գործելու համար։ Մյուս կողմից էլ, նախարարի խոսքով, տնտեսությունն ուզում է կոնկրետ արդյունքներ։  Ի՞նչ խնդիրներ է տեսնում պետական քաղաքականության մեջ և ի՞նչ է ուզում «Գիտուժը»․ այս հարցին անդրադարձավ Արամ Փախչանյանը՝ նշելով, որ իրենց արձանագրած հիմնական բացը համակարգային մոտեցումն է։ Համաձայնելով Ժաննա Անդրեասյանի այն դիտարկմանը, որ գիտության մեջ կարևոր է ազատությունը, Արամ Փախչանյանը կարևորեց նաև պետության կողմից առաջնահերությունների սահմանումը։ «Պետությունն է, որ պետք է ձևավորի պատվերը։ Ես չեմ ասում պատվեր՝ որպես կոնկրետ հրահանգներ կոնկրետ գիտնականների, այլ պատվեր լայն իմաստով, թե ինչ է պետությունը՝ որպես հասարակության ներկայացուցիչ, որպես գիտության համար պատասխանատու, որպես բիզնեսի և տնտեսության առաջխաղացումն ապահովող մարմին, ակնկալում գիտությունից։ Այստեղ մենք մինչ այսօր ունենք խնդիր, որ պետության կողմից չկա այն մարմինը կամ մարմինների համախումբը, որը կարողանա խոսել գիտական համայնքի հետ գիտական համայնքի համար հասկանալի լեզվով և գործիքներով»,- ասաց նա։ Հակոբ Արշակյանը նշեց՝ Հայաստանը երբեք գիտության համար խնդիրներ չի սահմանել, և անգամ Խորհրդային տարիներին խնդիրներ սահմանողը եղել է ոչ թե Հայաստանը, այլ հենց Խորհրդային Միությունը։ Նա հայտնեց, որ այս ուղղությամբ քայլերը հեշտ չեն, բայց դրանք արվում են․ շուտով վարչապետի ղեկավարությամբ ձևավորվելու է գիտական խորհուրդ, որտեղ ներգրավվելու են նաև Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) ներկայացուցիչներ, և որտեղ ապագայում կարող են գիտության համար խնդիրներ ձևակերպվել։ Ռոբերտ Խաչատրյանը, Ժաննա Անդրեասյանը, Հակոբ Արշակյանը և Արամ Փախչանյանը Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց, որ միայն Կառավարությունը չի կարող որոշել գիտության զարգացման առաջնահերթությունները։ Նրա խոսքով կան ոլորտներ, օրինակ՝ ռազմարդյունաբերությունը, որտեղ Կառավարության խոսքը որոշիչ է, և, այսպես կոչված, պատվերի մեխանիզմն աշխատում է։  «Բայց կան ոլորտներ, որտեղ պետության կողմից նման պատվերի ձևակերպումը կարող է շեղել իրերի դրությունը»,- ասաց նախարարը։ Արամ Փախչանյանն էլ նշեց, որ Կառավարությունը պիտի ստեղծի այն համակարգը, որտեղ ամեն գիտնական կհասկանա, թե իր ոլորտում ինչ պիտի անի, ինչ պիտի իր ուսանողներին սովորեցնի, որպեսզի նպաստի պետության խնդիրների լուծմանը։ Ժաննա Անդրեասյանն իր խոսքի սկզբում կարևորեց խնդիրների լուծումների քննարկումը ներառական ու մասնակցային միջավայրում, որտեղ հնարավորություն է տրվում հնչեցնելու ցանկացած կարծիք։ Հակոբ Արշակյանն էլ քննարկման վերջում շեշտեց այն փաստը, որ համաժողովին ներկա են քաղծառայողներ։ Չնայած դրան՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները պանելային առաջին քննարկման ավարտից հետո լքեցին համաժողովը։ Հետագա քննարկումների ընթացքում համաժողովի մի քանի մասնակիցներ ափսոսանք հայտնեցին, որ նրանք չմնացին ու չլսեցին գիտական, կրթական ու տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը։   Ինչ է հասցրել անել «Գիտուժն» ու ինչ նպատակներ ունի Պանելային հաջորդ քննարկման ընթացքում  «Գիտուժի» անդամներն ամփոփեցին նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները և ներկայացրին հետագա անելիքները: Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը խոսեց այն մասին, թե ինչու 2021-ին ստեղծվեց «Գիտուժը»։ Նրա խոսքով նախաձեռնության հիմքում կանգնած մարդիկ տեսան, որ Հայաստանում չկա այն գիտակցությունը, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կեսնական նշանակություն ունեն պետության կառուցման, անվտանգության և զարգացման գործում։  Նա նշեց, որ հիմնադրումից իր վեր՝ «Գիտուժը» գործել է երկու ուղղությամբ՝ գիտության հանրահռչակում և կառավարության հետ աշխատանք։ Տիգրան Շահվերդյանի խոսքով առաջին ուղղությամբ հաջողություններ ունեն, և էապես աճել է լրատվամիջոցներում գիտության թեմայով հրապարակումների թիվը։ Երկրորդ ուղղության մասին խոսելիս էլ նա նշեց գիտության ֆինանսավորման ավելացման մասին․ «Դրա սկիզբը դրվեց հենց մեր համայնքի ակտիվության պատճառով։ Մենք և՛ հանրային գործողություններ արեցինք, և՛ աշխատանք տարանք պաշտոնյաների հետ»։ Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն էլ, խոսելով ապագա անելիքներից, նշեց՝ իրենց առաջնահերթությունները շարունակելու են մնալ երկուսը՝ գիտության հանրահռչակում և համակարգի կայացում։ «Գիտուժի» անդամները «Մենք բավական էներգիա ու ժամանակ ենք շարունակելու ներդնել՝ հասկանալու, թե ինչպիսին պիտի լինի մեր նորարարական համակարգը․ և՛ աշխատելու ենք պատկան մարմինների հետ, և՛ հետազոտություններ ենք կատարելու, որպեսզի փոփոխություն առ փոփոխություն հասնենք մեր կարևոր, վերջնական նպատակին՝ ունենալ համակարգ, որի մուտքում կան ձևակերպված խնդիրներ, և դուրս են գալիս լուծումներ, որոնք անդրառանում են բոլորիս»։ Krisp-ի և 10Web-ի համահիմնադիր Արտավազ Մինասյանն էլ նշեց՝ Կառավարությունը գիտության մեջ դեռ «մանկական քայլեր» է անում․ «Եթե ուզում ենք մրցունակ լինել գիտության ոլորտում, առաջինը պետք է գիտակցենք, որ գիտությունը կարևոր է Հայաստանի համար։ Այդ գիտակցությունը, ցավոք, չկա ո՛չ իշխանության անդամների, ո՛չ հասարակության, ո՛չ բիզնեսի կողմից։ Երկրորդը՝ պետք է էկոհամակարգ ձևավորվի, ու այդտեղ պետք է ներգրավված լինեն և՛ գիտնականները, և՛ մասնավոր հատվածը, և՛ պետական հատվածը։ Այդ համակարգի ձևավորումից հետո պետք է ռազմավարությունը լինի, թե որ ոլորտների վրա ենք շեշտադրումն անում։ Երրորդը՝ ռեսուրսների բաշխումը․ մեր թիրախը պետք է լինի գիտահետազոտական ոլորտին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 5%-ը տրամադրել, որպեսզի մեր բոլոր գոյաբանական հարցերի պատասխանը ստանանք՝ սկսած պաշտպանության ոլորտից, վերջացրած տնտեսության զարգացմամբ»։   Մասնավոր-կառավարություն երկխոսություն, խնդիրների հստակ սահմանում «Ինչպե՞ս գիտությունը դարձնել առաջնային գործիք Հայաստանի անվտանգության ապահովման և մրցունակության բարձրացման համար»։ Պանելային հաջորդ քննարկումը հենց այս թեմայով էր։ ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի խոսքով շատերին կարող է տրամաբանական թվալ, որ պետք է ՀՆԱ-ի X տոկոսը ծախսել գիտության վրա, բայց պետական ապարատի տեսանկյունից դա տրամաբանական մոտեցում չէ, եթե չի հստակեցվում, թե որ ուղղություններով և ինչ նպատակներով են հատկացվող միջոցները ծախսվելու։ Նա նշեց, որ այս պահին Հայաստանի Կառավարությունը բավականին շատ ֆինանսական աջակցություն է տրամադրում ընկերություններին, բայց չկա հստակ մոտեցում, որ աջակցությունը տրամադրվի հենց գիտաարտադրական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։ «Եթե գիտական, տեխնիկական առաջադեմ հանրությունը կարողանա ձևակերպել պահանջներ (որովհետև դա կհստակեցնի, թե որտեղ  ամենամեծ հետադարձ արդյունքը կլինի), ապա հավանականությունն ավելի մեծ է, որ այդ ուղղությամբ կլինեն ավելի մեծ ներդրումներ»,- ասա նա՝ այս համատեքստում կարևորելով մասնավոր հատվածի ու պետության միջև երկխոսությունը։ Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը համաձայնեց Վաչե Գաբրիելյանի այն մտքին, որ երկխոսության խնդիր կա։ «Անձամբ ես մի քանի անգամ առաջ եմ քաշել Կառավարության հետ երկխոսելու լայն ծրագրեր՝ ներառելով լայն զանգվածներ։ Բոլոր դեպքերում այդ փորձերը հաջողված չեն հենց հակադարձ կապի բացակայության պատճառով»,- ասաց ակադեմիկոս քարտուղարը։ Կոնստանտին Ենկոյանը, Վաչե Գարբիելյանը և Արթուր Իշխանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի կարծիքով Հայաստանում չկան ռեսուրսներ ոչ այնքան նշանակալի հետազոտություններ ֆինանսավորելու համար, այդ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են «զբաղվում իրական գիտությամբ», զտել ու կենտրոնանալ մի քանի ուղղությունների վրա։ Արթուր Իշխանյանը հակադարձեց նրան՝ նշելով, որ հիմա հնարավոր չէ իմանալ, թե ինչը կարող է կարևոր լինել, օրինակ, 5 տարի անց։ «2019-ին է փակվել Վիրուսոլոգիայի ինստիտուտը։ Վերջնականապես ենք փակել, ավերվել էր մինչ այդ, բայց գոնե ինչ-որ բաներ կային։ 2020-ին սկսվեց համավարակը․․․ Մեզ անհրաժեշտ է պահպանել նվազագույն էկոհամակարգ հնարավորինս ամեն ինչի համար»։ Արթուր Իշխանյանն իր խոսքում անդրադարձավ նաև գիտության կազմակերպման երկու մոդելներին՝ համալսարանական և ակադեմիական՝ շեշտելով, որ որևէ տեղ չկա այդ երկուսից միայն մեկը։ «Առանձին վերցված խնդիրների համար միշտ անհրաժեշտ է ունենալ ճկուն, անկախ հասարակական հետազոտական հաստատություններ՝ ինստիտուտներ, որոնց երբեք պետք չէ դարձնել միայն կրթությանը սպասարկող»,- ասաց նա։ Արթուր Իշխանյանի այս ձևակերպումն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին, որով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միանալու են իրար։   Գիտության կառավարման մոդելներ, բուհերի և ինստիտուտների ներսում առաջնահերթությունների սահմանում «Գիտությունը համալսարաններում և ինստիտուտներում. առկա ներուժ և ապագայի պահանջներ»․ պանելային հաջորդ քննարկմանը մասնակցում էին բուհերի ռեկտորներն ու գիտական ինստիտուտների տնօրենները։ Առաջինը քննարկվում էր այն հարցը, թե ինչպես են բուհերն ու ինստիտուտներն իրենց ներսում առաջնահերթություններ սահմանում։  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշեց՝ իրենք ուսումնասիրում են ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրներ, և դժվար է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք նաև միջազգային կարևորություն ունեն և կարող են տպագրվել միջազգային ամսագրերում։ «Այսօրվա գիտաչափության պահանջները գիտնականների մեջ կոտրում են ռոմանտիզմը, նաև, հայրենասիրությունից ելնելով, հետազոտություններ իրականացնելը, որովհետև մենք ընկնում ենք գիտաչափության հետևից և անում ենք բացառապես այն հետազոտությունը, որով կարող ենք տպագրվել։ Ես համարում եմ, որ մեզ նման ոչ հարուստ պետության համար դա շատ մեծ ճոխություն է. մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի իրավունք չունենք հրատարակելու, բայց եթե չհրատարակենք, ապա մենք գիտնական չենք համարվելու Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք մի կերպ բալանսի ենք բերում»,- նշեց նա։  Լիլիթ Սահակյանը և Բրյուս Պողոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց՝ մի քանի տարի առաջ հասկացան, որ իրենց հետազոտական ուղղությունները, մագիստրոսական թեզերի ու թեկնածուական ատենախոսությունների թեմաները բավականին հնացած են, և սկսեցին պետական գերատեսչություններից հավաքել նրանց հուզող խնդիրները։ «Որոշ գերատեսչություններից ստացանք կոնկրետ իրենց հուզող հարցերը։ Իհարկե, այստեղ բախվեցինք խնդիրների․ ոչ բոլոր գերատեսչությունները կարողացան ձևակերպել իրենց խնդիրները և նույնիսկ խնդրեցին, որ մենք մասնագետներ ուղարկենք, որ այդ խնդիրների վերհանումը միասին կարողանանք կատարել»,- նշեց նա։ ՀԱԱՀ ռեկտորն ասաց, որ իրենք խնդիրներ հավաքագրեցին նաև մարզպետարաններից, արդյունաբերական խորհուրդներ ձևավորեցին՝ ներառելով մասնավոր հատվածից ներկայացուցիչների, որ նրանց հուզող հարցերը ևս հասկանան, ապա զտեցին հավաքագրած թեմաներն ու արդիականացրին հետազոտական ուղղությունները։   Անդրադառնալով նախորդ քննարկումների ժամանակ կառավարության սահմանած առաջնահերթյունների ու պետության կարիքների սպասարկման մասին բարձրացված հարցերին՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն Գևորգ Քառյանը նշեց․ «Մեզ համար դժվար է, զբաղվեով հիմնարար հետազոտություններով, ուղղակիորեն ազդել կամ ուղղակիորեն այդ գործընթացի մեջ ներգրավվել։ Հիմնարար գիտությունն այն պարարտ հողն է, որի վրա աճում է կիրառական գիտությունների ծառը, և որի պտուղները մենք քաղում ենք տեխնոլոգիաների տեսքով։ Եթե մենք հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականին առաջադրենք այնպիսի խնդիր, որը կիրառական նշանակություն ունի, մենք նրան անելանելի վիճակի մեջ կդնենք, բայց մյուս կողմից՝ առանց հիմնարար հետազոտության ուղղակի իմաստ չունի խոսել կիրառական հետազոտության մասին»։ Գևորգ Քառյանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց՝ կան հարցեր, որոնց պատասխանները հետազոտությամբ ստանալու համար պետք է լինի պետությունից իջեցված պատվեր, բայց նա կարևորեց նաև, որ այդ պատվերները սահմանվեն հենց ինստիտուտների կողմից, և ինստիտուտների ներսում հետազոտություններ կատարվեն, թե իրենց բնագավառները զարգացնելու համար ինչ է պետք։ Նա կարևորեց բրենդային ուղղություների զարգացումը, որոնք Հայաստանի գիտությունը կդարձնեն համաշխարհային գիտության մաս․ «Մեզ պետք չէ ընդհանուր հնագիտություն, կամ մեզ պետք չէ ընդհանուր ազգագրություն․ մեք պետք է այնպիսի հնագիտություն, որում Հայաստանը կարող է առաջնային դիրք գրավել համաշխարհային գիտության տեսանկյունից։ Շատ դեպքերում մենք շփոթում ենք արտասահմանյան ամսագրերում հրատարակվելը գիտական տեսակետի տարածման հետ․ գիտական տեսակետը պետք է ստեղծվի քո երկրում, ազգային հիմքի վրա և տարածվի աշխարհով մեկ որպես քո ստեղծագործություն, բրենդ»։ Խոսելով գիտության համակարգի կառավարման մասին՝ Լիլիթ Սահակյանը զավեշտալի համարեց վերջին շրջանում հնչող հարցադրումը՝ Գիտությունների ազգային ակադեմիա Հայաստանին պե՞տք է, թե՞ ոչ․ «Երեկ կարդում էի [Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ] պարոն Հայոցյանի հարցազրույցը։ Ասել, որ Ակադեմիան հոդվածների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում, խոսել նրա մասին, որ բուհերը կառավարման համակարգը փոխում են, որովհետև հասկացել են, որ արդյունավետ չէ, բայց հարցականի մեջ դնել ԳԱԱ գոյությո՞ւնը։ Ես, ճիշտն ասած, տրամաբանությունը չեմ հասկանում»։ Արսեն Բոբոխյանն էլ նշեց՝ ինքը կուզենար, որ Հայաստանում միաժամանակ գոյություն ունենային ուժեղ համալսարաններ և ուժեղ, բարեփոխված Ակադեմիա, և համալսարանները լինեին ոչ թե Երևանում կենտրոնացած, այլ ապակենտրոնացած։   Հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, գիտաչափությունը, միջազգային գիտությանն ինտեգրումը «Հումանիտար և հասարակագիտական գիտությունները Հայաստանում. մենք կարողանու՞մ ենք մտածել» քննարկման մասնակիցները խոսում էին հարցերից, որոնք գիտության մասին զրույցների ժամանակ երբեմն լուսանցքում են մնում։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նաիրա Մկրտչյանի խոսքով հումանիտար և սոցիալական գիտությունների առումով Հայաստանն անհատ կադրերի խնդիր չունի, և խնդիրն ավելի շատ ինստիտուցիոնալ հարթությունում է․ «Ես կարող եմ թվել առնվազն 20-30 մարդու, որոնց գործերն արժե կարդալ, որոնք չեն զիջում միջազգային հարթակում համանման թեմաներով զբաղվող որևէ գիտնականի։ Եվ այդ առանձին անհատները միջազգային մակարդակի հասնում են իրենց անհատական ջանքի շոնրհիվ»։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն էլ անդրադարձավ գիտաչափությանը, որը նրա խոսքով գալիս է ճշգրիտ գիտություններից․ «Այսօր, լինելով սոցիալ-հումանիտար ոլորտի ներկայացուցիչ, ես պիտի ավելի շատ մտահոգված լինեմ, թե անգլալեզու որ պարբերականում է լույս տեսնելու իմ աշխատանքը, որովհետև այդ դեպքում ես հնարավորություն կունենամ պարկեշտ աշխատավարձ ստանալու։ Եվ հայալեզու արտադրանքը ոչ միայն ստորադասված է, այլև ընդհանրապես հաշվի առնված չէ։ Ես կարող եմ գրել հայերեն մենագրություն, և դա ինձ կբերի 0 միավոր, և ես կարող եմ գրել անգլալեզու ամսագրում երկու էջանոց հոդված, և այստեղ էջը կամ նույնիսկ բովանդակությունը չէ խնդիրը, այլ, թե որտեղ է այն տպված՝ սպասարկելով այն հետաքրքրությունները, որոնք Հայաստանի հանդեպ ունի մեկ այլ պետություն։ Դա, մի կողմից, միջազգային գիտության մեջ ինտեգրվելու մասին է խոսում, բայց, մյուս կողմից, երբ դա իջեցվում է որպես գիտաչափության միակ մոտեցում, խոսում է մեր խնդիրները տեսնելու, բարձրաձայնելու և ուղղելու անտեսման մասին»։ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Հայագիտական ծրագրի տնօրեն, «Թուրփանջյան» հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրյանն էլ առանձնացրեց մի խնդիր, որին բախվում են սփյուռքի հայ գիտնականները հայագիտական թեմաներով հետազոտություններ իրականացելիս․ «Եթե ծագումով հայ ես և հայերին վերաբերող թեմայով ես զբաղվում, օրինակ՝ Ցեղասպանության թեմայով, շատ արագ պիտակավորվում ես որպես էթնիկ գիտնական կամ ազգայնամոլ, եթե քո ասածները չեն համընկնում նրան, ինչ պիտի ասվի այդ միջավայրում, այսինքն՝ գերադաս կարծիքին»։ Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարևորեց հասկանալ, թե որն է հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, և ինչու են դրանք կարևոր։ «Այդ երկու գիտակարգերի նպատակը մեկն է․ կոդավորել ու հասկանալ անցյալը, ներկան, փորձել հասկանալ ապագան ու դա անել պարպերաբար՝ վերակազմավորելով, քանդելով, կրկին վերակազմավորելով ու քանդելով։ Ի՞նչ տեղի ունեցավ հետխորհրդային շրջանում․ առնվազն դիսկուրսի մակարդակում քանդվեց անցյալը, ու չստեղծվեց նորը, ներկան»,- ասաց նա։ Վարհրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով այս գիտակարգերում գիտական լավագույն հետազոտություններում ավելի շատ հարցեր են առաջադրված, քան հարցերի պատասխաններ կան․ «Մինչդեռ մեր պարագայում շատ ավելի իմպերատիվ էին, օրինակ, Թուրքիայի և Արդբեջանի մասին հետազոտությունների մեծ մասը հատկապես հետխոհրդային շրջանում։ Այդ հանգստությունը, որը կար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, գալիս էր նաև մեծամտության պարսավելի դրսևորումներից։ Պատճառն այն է, որ մենք չենք ուզում հասկանալ, որ մեզ համար հարկավոր էր տեղավորվել այն բացատրության մեջ, որն ամենահարմարն էր այդ պահին»։   ԳՀՓԿ աշխատանքներ, ռազմարդյունաբերություն «Պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքներ. Հայաստանը զարգացման ներուժ ունի՞» թեման ոչ այնքան քննարկում էր, որքան հարցուպատասխան Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ․ նրան հարցեր ունեին և՛ գիտական, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ Հարցին, թե ինչու Հայաստանը չի ծախսում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) համար նախատեսված ողջ բյուջեն, Արտյոմ Մեհրաբյանը պատասխանեց․ «Մենք այս տարի ունեցել ենք մոտ 48 հայտ, հաստատվել է ընդամենը 8 աշխատանք»։  Նա նշեց՝ գիտնականների հետ աշխատելու խնդիրներից մեկը ԳՀՓԿ աշխատանքների գաղտնիությունն է․ «Այս տարի առաջարկություն ենք արել և Կառավարության որոշման մեջ փոփոխություն ենք մտցրել, որպեսզի գիտական աշխատանքների վրայից գաղտնիության հարցը հանենք կամ դիտարկենք ամեն մի հայտը առանձնահատուկ, փորձենք, հասկանալով դրա կարևորությունը, գաղտնիացնել»։ Նա նշեց, որ այդպիսով գիտնականների համար ընթացակարգերն ավելի կհեշտանան։ ՌԱԿ նախագահը նաև ասաց, որ հանդիպում են ունենալու գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ և ներկայացնելու են նրանց այն ուղղությունները, որոնք ուզում են զարգացնել։ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը օրենսդրական ու բյուրոկրատական մի քանի խնդիր բարձրաձայնեց։ Նրա խոսքով Հայաստանում զենք-զինամթերքի հետ կապված գիտահետազոտական աշխատանքները հավասարեցված են զենքի արտադրությանը, և դրա համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ, որը ծախսերի հետ է կապված։ Արտյոմ Մեհրաբյանը Արտյոմ Մեհրաբյանը համաձայնեց, որ օրենսդրական բացեր կան՝ նշելով, որ դրանց ուղղությամբ աշխատում են, սպասվող փոփոխություններով լիցենզիա պահանջելու են միայն սերիական արտադրության համար։ Սեյրան Մինասյանը խոսեց նաև այն խնդրից, որ ՌԱԿ կառավարման մեխանիզմն ու գործառույթները հիմնված են Խորհրդային Միության համապատասխան փաստաթղթերից թարգմանված ստանդարտների վրա։ Նրա խոսքով հենց սրանից էլ բխում է այն, որ ՌԱԿ-ին ներկայացված հայտերը և դրանց կատարման ընթացքը բովանդակային խորքային ստուգում չեն անցնում։ Նորմատիվ փաստաթղթերի մասով բարձրաձայնած խնդրին ևս ՌԱԿ նախագահը համաձայնեց՝ նշելով, որ հանդիպում են ունեցել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ, այդ հարցը բարձրարցել են։ LT-PYRKAL-ի գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանն էլ նշեց՝ ավելի մեծ հարց է Պաշտպանության նախարարության՝ խնդիրներ ձևակերպելու կարողությունը․ «ԳՀՓԿ աշխատանքի իմաստն այն է, որ այն վերջանա սերիական արտադրությամբ, հակառակ դեպքում դա դառնում է ինքնախաբեություն և ֆինանսաների իզուր վատնում։ Ամենակարևոր խնդիրն է, թե ինչ է պետք մեր Զինված ուժերին սերիական արտադրության համար։ Առաջին հերթին, շատ հստակ այդ խնդիրը պետք է ձևակերպի ԶՈՒ-ն, որից հետո խնդիրը պետք է փոխանցվի ՌԱԿ-ին՝ գործընթացը կազմակերպելու»։  ՌԱԿ նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով կրթական, գիտական, արդյունաբերական և պաշտպանական համակարգերի միջև կապերը խզված են․ «Պաշտպանական համակարգը պատվերով չի ծանրաբեռնում արդյունաբերության համամակարգը, արդյունաբերության համակարգը, հետևաբար, պատվերով չի ծանրաբեռնում գիտական համակարգը։ Ունենք ռազմավարական նպատակների և դրանց իրականացման միջոցների անորոշություն, որը բերում է այս բոլոր խնդիրներին»։ Արտյոմ Մեհրաբյանն ասաց՝ իրենք հասկացել են, որ ՌԱԿ-ին կից մի կառույցի անհրաժեշտության կարիք կա, որը  կազմված կլինի ռազմավարություն մշակողներից, գիտնականներից և ինժեներներից, որոնց շփումից կստեղծվեն գաղափարներ ու կփոխանցվեն ՌԱԿ-ին։ Նա նշեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են՝ շատ փակագծեր չբացելով։ *** Քննարկումներից մեկի ընթացքում «Գիտուժի» անդամները նշեցին, որ սա իրենց առաջին համաժողովն է, և հույս ունեն, որ մի քանի տարի անց կկազմակերպեն վերջին համաժողովը, քանի որ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծված կլինեն և գիտության հանդեպ այնպիսի վերաբերմունք ձևավորված կլինի, որ «Գիտուժի» կարիքն այլևս չի լինի։   Աննա Սահակյան  
19:48 - 01 դեկտեմբերի, 2023
«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։   Պարո՛ն Հայոցյան, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հիմքում ընկած է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Չէի ասի, որ հիմքում է ընկած։ Հայեցակարգում հղում է արվում այս փաստաթղթին, Ակադեմիական քաղաքի կառուցման մասին էլ նշված է հենց այս ծրագրում։ Ծրագրում բարձրագույն կրթության մի շարք խնդիրներից է խոսվում, նաև սահմանված են նշաձողեր, նշված է, թե խնդիրները լուծելուց հետո ինչպիսի համալսարաններ պիտի լինեն Հայաստանում։ Սակայն «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հավասարապես վերաբերում է նաև գիտությանը։ Գիտության մասով հետազոտություններ կամ ուսումնասիրություններ արվե՞լ են, որոնք դրվել են հայեցակարգի հիմքում։ Գիտական մասով, հետազոտություն չասեմ, վիճակագրություններ կան։ Արդեն երրորդ տարին է, որ գիտության ոլորտում էապես պետական ներդրումներն աճում են, ծրագրերի թիվը կրկնապատկվել է, դրամաշնորհային ծրագրերի ծավալը, որակն են մեծացել, պահանջներն ու  հնարավորություններն են մեծացել, բայց, միևնույն ժամանակ, մենք ունենում ենք գիտական արդյունքի ոչ համարժեք աճ։ Երեք տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի տեսնենք աճը։ Այսինքն, մեր ֆինանսավորումը, դիցուք, երկուսուկես անգամ ավելացել է արդեն 2018 թվականի համեմատ, բայց մեր հրապարակումների քանակն ու որակն անգամ 50%-ով չեն ավելացել։ Այստեղ գիտական արտադրողականության հետ խնդիր կա։ Միայն ֆինանսավորում ավելացնելը բավարա՞ր է։ Իհարկե, ո՛չ։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը։ Ֆինանսավորումը բացարձակ ցուցանիշն է։ Գումարը վերջնական ցուցանիշն է, թե ֆինանսավորումն ինչ ճանապարհներով է իրականացվում։ Մենք ունենք արտերկրի գիտնականների կողմից հեռավար ղեկավարվող լաբորատորիաների ծրագիր, ինչը նպաստում է արտերկրի փորձը, մեթոդաբանությունն ու գիտական հետաքրքրությունները ներմուծելու հայկական իրականություն։ Մենք ունենք ինտեգրման ծրագիր, որն արտասահմանից գիտնականներին հնարավորություն է տալիս վերադառնալու կամ տեղափոխվելու Հայաստան, հաստատվելու այստեղ։ Մենք ունենք գիտական սարքերի [ձեռքբերման] ծրագիր, որն այս տարի 4,2 միլիարդ դրամ է, անցած տարի մոտ 3 միլիարդ դրամ էր: Սա բավականաչափ մեծ ծավալի ներդրում է ենթակառուցվածքների մեջ։ Ցավոք սրտի, մի փոքր դանդաղ է ձեռքբերման գործընթացը գնում, բայց արդեն բավականաչափ համալրված ինստիտուտներ ունենք։ Մենք ունենք վերապատրաստման ծրագրեր, որոնք գիտնականներին հնարավորություն են տալիս գնալ, սովորել սարքերով աշխատել ժամանակակից մեթոդաբանությամբ։  Միայն գումարով չէ, մենք խնդրի վրա գումար չենք «նետում» ու ակնկալում, որ լուծվելու է։ Համապատասխան բոլոր քայլերն արվում են։ Բայց դրա արդյունքում, մենք, միևնույն է, ունենք անկում, որովհետև ունենք գիտական համայնքի տարիքային անհամաչափ բաշխում։ Յուրաքանչյուր երեք կամ չորս օրը մեկ մենք համակարգից կորցնում ենք 50 տարեկանից բարձր մի գիտնական։ Վերջին երկու տարիներին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տարբեր ծրագրեր է իրականացնում երիտասարդներին ներգրավելու համար, անգամ բակալավրում սովորողները կարող են հետազոտություններում ներգրավվել։ Այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում երիտասարդ կադրերի պակաս զգացվել։  Իրականում, խոսքը երիտասարդ կադրերի պակասի մասին չէ, գիտական արտադրողականության պակասի մասին է։ 50 տարեկանից բարձր մարդիկ մեր ամենակրթված, ամենապատրաստ գիտական համայնքն են՝ որոշակի շատ դրական բացառություններով երիտասարդության մասում, բայց այդ մարդիկ են շարժիչ ուժն առայժմ։ Մենք այդտեղ կորուստներ ենք ունենում։  Երիտասարդներին, այո՛, ճիշտ եք նշում, բակալավրիատից, հանրապետական օլիմպիադայի որոշ մրցանակակիրների՝ անգամ առաջին կուրսից, մենք հնարավորություն ենք ստեղծում ներգրավվելու հետազոտություններում, բայց այդ մարդիկ երիտասարդ են, անփորձ են, դեռևս շատ լավ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։ Նրանց պետք է որոշակի կարիերա անցնել։ Կրթությունը դրա համար է։ ՏՏ ոլորտ չէ, որ մտնես, մի քանի ամիս սովորես ու կարողանաս բավարար արտադրողականություն ունենալ։ Այս մարդկանց էլ ինչ-որ ժամանակ է պետք ռեալ գիտնական դառնալու համար։  Հավանաբար խնդիրը միջին տարիքի գիտնականների պակասն է, քանի որ ժամանակին գիտությունը չի համալրվել բավարար քանակի երիտասարդ կադրերով, որոնք այսօր պիտի 30-50 տարեկան լինեին։ Այո՛։ Հետխորհրդային և գիտության ցածր ֆինանսավորում ունեցող գրեթե բոլոր երկրների համար խնդիր է այդ տարիքային երկսապատ վիճակը։ Մենք գիտության մասով պիտի արձանագրենք այդ աղետալի վիճակը․ դու կորցնում ես քո ամենակարող հատվածը։ Եվ եթե համալրման որևէ գործուն մեխանիզմ չլինի, ի վերջո, կորցնելու ենք գիտությունը՝ որպես պրոֆեսիոնալ զբաղմունք։ Մենք կունենանք շատ բարձր վարձատրվող երիտասարդներ, որոնք գուցե դեռ այդքան էլ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։  Դուք խոսեցիք գիտական արտադրողականության մասին։ Խնդիրը գիտական բոլո՞ր կազմակերպություններում է, փորձե՞լ եք հասկանալ՝ որ գիտական կազմակերպություններն են լավ արդյունք տալիս, որոնք՝ միջին, որոնք՝ վատ։ Ամեն ինչ արված է, տվյալները չենք հրապարակել, բայց ամեն տարի հաշվետվություն է ստացվում ինստիտուտներից, ամեն տարի տարի այդ հաշվետվությունները մշակվում են, թե ինչ քանակի և որակի տպագրություններ ունեն, ինչ տիպի գործունեություն են ծավալում, պետական բյուջեից դուրս ինչքան գումար են կարողացել ներգրավել։ Գիտական կազմակերպությունների քանի՞ տոկոսն է արդյունավետ աշխատում։  Մենք ունենք գիտական 4 կազմակերպություն, որ արդյունավետ է աշխատում, և ունենք ընդհանուր 35 գիտական կազմակերպություն։ Միայն Գիտությունների ազգային ակադեմիայի ներսո՞ւմ։ Ո՛չ, ընդհանուր Հայաստանում։ Այդ կազմակերպությունների անունները կարո՞ղ եք նշել։ Տեսեք, ամենաուժեղն ավանդաբար միշտ եղել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ), որը տեսական ֆիզիկայի շատ ուժեղ դպրոց ունի, համաշխարհային մեծ գիտափորձերի է մասնակցում։ Նրանք ապահովում են Հայաստանի հրապարակումների մոտ 25%-ը։ Հետո Գիտությունների ազգային ակադեմիան է, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Բժշկական համալսարանը։ Բայց եթե արդեն բաղդատում ենք [ԳԱԱ] առանձին գիտական ինստիտուտները, ըստ Web of Science-ի տվյալների՝ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն է (41 հոդված), Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (27 հոդված), Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ բավականաչափ ներդրում ունենք, բայց նոր է սկսում թափ հավաքել (24 հոդված): Քանակի, բայց ոչ որակի առումով Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնն է (49 հոդված)։ Բարձրագույն կրթության և գիտության մեջ եղած խնդիրները լուծելու բոլոր տարբերակները սպառվե՞լ էին, որ որոշում կայացվեց բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորելու։  Բոլորը տարբերակերը չեն սպառվել, բոլոր տարբերակների ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Խնդիրը հետևյալն է․ ինստիտուտներն ուղղակի վերանում են, փոքրանում են, սեղմվում են, դառնում են խիստ անկենսունակ՝ որոշակի բացառություններով։ Մեզ մոտ իլյուզիա է ստեղծվում, երբ մենք, օրինակ, մի երկու ինստիտուտ ենք նայում, տեսնում ենք՝ այնտեղ երիտասարդ է անձնակազմը, օրինակ՝ Էկոկենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կամ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։ Բայց այդ փոքրաթիվ բացառությունների պարագայում մենք ունենք դեռևս 32 ինստիտուտ, որտեղ չկա այդ միջավայրը։  Մենք ինչո՞ւ ենք ուզում, որ գիտական հետազոտությունը լծորդված լինի, միավորված լինի բուհի հետ։ Որ այդ կազմակերպությունը որևէ ձևով ներգրավված լինի կրթական գործընթացի մեջ, պարտավոր լինի ուսանողներ ընդունել իր լաբորատորիաներում, որպեսզի, նախ, ուսանողը տեսնի՝ ինչ է պրոֆեսիոնալ գիտությունը, մյուս կողմից էլ այս մարդիկ ընտրության հնարավորություն ունենան, այսինքն՝ երբ որ երիտասարդը գալիս է լաբորատորիա, կարողանան ընտրություն անել նրանց միջից։  Վերջին հաշվով, ինստիտուտների միավորումը համալսարաններին սխալ է մեկնաբանվում․ որևէ անգամ խոսակցություն չի եղել այսօրվա կառավարման համակարգի պարագայում համալսարաններին ինստիտուտների միավորման մասին։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ ինստիտուտը դառնում է ինչ-որ մի իրավազուրկ կառույց, որը գործում է ինչ-որ ֆակուլտետի, ամբիոնի ներքո։ Խոսքը կառավարման նոր համակարգ մշակելու մասին է, ինչի վերաբերյալ մենք խնդրել ենք նաև ԵՊՀ գործընկերներին Իրավաբանական ֆակուլտետի հետ առաջարկություն մշակել, որպեսզի ինստիտուտը լինի հավասար գործընկեր միավորված բուհ կոչված համակարգի մեջ։ Այս տարիների ընթացքում բուհերի և ինստիտուտների մերձեցումը, կապը ինչո՞ւ հնարավոր չի եղել համագործակցության միջոցով ապահովել։ Որովհետև կապը փորձել ենք ապահովել գործող հարաբերությունների շրջանակում։  Գործող հարաբերությունների շրջանակում այդ կապն ապահովվում է այն պարագայում, եթե ունենք համապատասխան վերաբերմունք դերակատարների կողմից, այսինքն՝ լաբորատորիայի վարիչի համար նորմալ է համագործակցել բուհի հետ, հետևաբար համագործակցություն լինում է, նորմալ չէ՝ չի լինում։ Մենք մտնում ենք մի դաշտ, որտեղ կարգավորված չէ։ Այն, ինչ որ մենք ենք առաջարկում քննարկել մինչև փետրվարի 15-ը (Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից և գիտական կազմակերպություններից միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ է սպասում,- խմբ․), հետևյալն է․ ինչպե՞ս անել, որ ուսանողն իր կրեդիտների որոշակի քանակ պարտավոր լինի հավաքել գիտական լաբորատորիայում։ Այսինքն՝ երբեք չի խոսվել այն մասին, որ որևէ գիտնականի պարտադրենք մտնել լսարան։ Գուցե այդ գիտնականը լսարանում լավ չի դասախոսում։ Այսինքն՝ ուսանողի կրեդիտները միայն դասախոսական մոդուլներից չհավաքվեն, այլ ուսանողի հետազոտական աշխատանքի մասն ապահովի ինստիտուտը։ Դա շատ տարածված մոդել է արևմտյան աշխարհում։ Շատ տարբեր համալսարաններում կան հետազոտական կենտրոններ, որոնք որևէ ձև ներգրավված չեն ուսումնական գործընթացում, միայն որոշակի կրեդիտների պարտավորություն ունեն․ այդ կրեդիտը կարող են ապահովել՝ լսարանում դասավանդելով կամ ուսանողների հետազոտական կամ ավարտական աշխատանքներն իրենց լաբորատորիայում անցկացնելով։ Ունեն որոշակի պարտավորություն կրթական պրոցեսին ծառայելու, բայց ծառայության ձևի մեջ ազատ են։  Այդ մոդելներն այնքան բազմազան են, որ փոխանակ մենք նստենք, մտածենք, թե ինչպես անենք, պարզապես փորձում ենք այդ ամենին ընդդիմանալ, ինչը մի քիչ տրամաբանական չէ, որովհետև թվերն այլ բան են ցույց տալիս։ Պարո՛ն Հայոցյան, հիմա շատ հստակ է, թե որոնք են կառավարության սահմանած նշաձողերը բարձրագույն կրթության համար՝ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրեր, բուհերում ուժեղացնել հետազոտական բաղադրիչը և այլն։ Բայց Հայաստանը դեռ չունի գիտության ռազմավարություն․ այն մշակման փուլում է։ Ինչո՞ւ մինչև այս փոփոխությունների մասին հայտարարելը չհրապարակվեց գիտության ռազմավարությունը։  Գիտության ռազմավարության մինչև հիմա չմշակված լինելու պատճառները մի քանիսն են։ Գիտության մեջ, նկատել եք երևի, ներդրումների ծավալը 2020 թվականից սկսել է էապես ավելանալ։ Դա ինչի՞ հետևանք է․ Կառավարության ծրագրում հստակ նշված են գիտության մեջ կատարելիքները, նշված են թիրախներ։ Մենք կարող ենք տեսականորեն Կառավարության ծրագիրը համարել գիտության մինի-ռազմավարություն։ Գիտության ռազմավարություն ունենալու համար մեզ պետք է, որ գնահատենք՝ ինչ ունենք հիմա, քանի որ այժմյան գնահատական տալը բարդացել է ինչի՞ պատճառով, որ այդքան ներդրումների ծավալի աճը բերում է որոշակի որակական փոփոխությունների։ Պետք է ինչ-որ մի կետում կարողանանք գնահատել, որ հասկանանք՝ ուր ենք առաջ տանում այս ամեն ինչը։ Արդյո՞ք գիտության ռազմավարության մեջ սահմանվելու է, թե ինչու է Հայաստանին պետք գիտությունը․ գիտությունը բոլոր ուղղություններով շարունակելու է զարգանալ ու նոր գիտելիք ավելացնե՞լ, թե՞ լինելու են գերակա ուղղություներ, որոնք Հաայստանի համար կոնկրետ խնդիրներ են լուծելու։ Թեզը, որ շրջանառվում է, թե բոլոր ուղղություններով մենք գիտություն ենք ֆինանսավորում աշխարհին գիտելիք տալու համար կեղծագույն թեզ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող ֆիզիկապես բոլոր ուղղություններով գիտությամբ զբաղվել։ Հայաստանն անում է խիստ սահմանափակ ուղղություններով հետազոտություններ։ Ինչ որ մենք ունենք, այն է, որտեղ Հայաստանն ուժեղ է․ դե ֆակտո դրանք մեր ռազմավարական ուղղություններն են։ Այդ ուղղությունները Հայաստանի համար մի օր անվտանգային և այլ կարևոր խնդիրներ լուծելո՞ւ են։ Գիտությունն, առհասարակ, գործունեության հեռանկարային ոլորտ է․ գիտության թիրախը պետք է լինի ապագան, գիտության թիրախն այսօրը չէ։ Այսօրվա համար արհեստագործական կազմակերպություններ կան, արտադրություններ կան։ Այսօր գիտությունը նայում է տասը և ավելի տարի կտրվածքով։ Գիտական գործունեությունը մարդկությանն անհայտ գիտելիքի հայտնի դարձնելն ու ձևակերպելն է գիտական մեթոդի միջոցով։ Եթե մի բան դեռ անհայտ է մարդկությանը, երբ հայտնի է դառնում, ինչ-որ ժամանակ է պետք, մինչև կիրառես։  Երբ խոսում ենք անվտանգային խնդիրների մասին, խոսում ենք մշակումների մասին։ Գիտական հետազոտությունները բաժանվում են հիմնարար, կիրառական հետազոտությունների և փորձարարական մշակումների։ Հիմնարարը բնության հիմնարար օրենքների ուսումնասիրությանն ուղղված հետազոտություններն են, կիրառականը, որոշակի խնդիր ֆոկուսում ունենալով, հետազոտական աշխատանք իրականացնելն է, փորձարարաան մշակումն էլ արդեն պատրաստի նախատիպ ունենալն ու պատրաստվածության որոշակի փուլերի հասցնելն է։ Գիտությունը ծառայում է տնտեսությանը մարդկային կապիտալի միջոցով և հակառակ ճանապարհով, երբ տնտեսական գործունեության ոլորտից՝ պետությունից կամ մասնավոր հատվածից, կա պատվեր գիտությանը։ Իսկ դա ինչպե՞ս է տեղի ունենում։ Երբ տնտեսությունն իր գործունեությունը ծավալելիս հասնում է մի խնդրի, այդ խնդրի լուծման համար վարձում է գիտնականների կամ փորձագետների։ Պետք է հասկանալ՝ դա գիտակա՞ն խնդիր է, թե՞ ոչ, մարդկությանն անհա՞յտ խնդիր է, որը պետք է լուծել գիտական մեթոդով, թե՞ մարդկությանը հայտնի խնդիր է, ուղղակի տնտեսվարողը չգիտի։ Դրա համար գոյություն ունեն տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ, որոնք նայում են՝ շուկայում ինչ է կատարվում։ Այսինքն՝ այդտեղ թարգմանիչ կառույց էլ է պետք, որովհետև երբ տնտեսվարողը գալիս է, ինչ-որ հարց տալիս, գիտնականը կարողություն ունի այդ խնդիրը լուծելու, եթե այն բերվի գիտական խնդրի տեսքի։ Հայեցակարգը կարդալիս տպավորություն է, որ Տեխնոլոգիաների կլաստերում լինելու է տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակ։ Իհարկե՛։ Էկոնոմիկայի նախարարությունն ունի Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ), որն իրականացնում է այդ գործառույթը։ Գործառույթն Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա՞նը (ԿԳՄՍՆ)։ Մենք ունենք ՆՁԱԿ, որը փորձում է մշակել այդ համակարգը։ Տեխոնոգիաների փոխանցման կենտրոնը գերատեսչական չի լինելու, պատկանելու է տվյալ համալսարանին։ Համալսարանն իր արտադրանքը փորձելու է հասցնել շուկա։ Վալիդ է նման կենտրոն ունենալ այդ մասշտաբի համալսարանի համար, որովհետև այնտեղ կենտրոնացած են լինելու տեխնոլոգիական ողջ ներուժն ու ենթակառուցվածքները։ Եվ, իհարկե, շահույթի մի մասը վերադառնալու է համալսարանին։  Վերադառնալով գիտության ռազմավարությանը․ ո՞րն է լինելու Հայաստանի գիտության տեսլականը։ Գիտության տեսլականն, ամեն դեպքում, ինչքան էլ մեզ քննադատում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, լինելու է միջազգային գիտական համայնքում ներկայության որակական և քանակական ցուցանիշների բարձրացումը։  Խնդիր չի՞ դրվելու ունենալ միջազգային հեղինակություն ունեցող հայկական գիտական ամսագրեր։ Որքան հասկացել եմ տարբեր զրույցներից, հատկապես հայագիտական թեմաների համար դա ևս կարևոր է։ Միանշանակ։ Հայագիտության ուղղությամբ որոշ ամսագրեր ընտրվելու են, և դրանք պետական աջակցությամբ փորձելու ենք աճեցնել մինչև միջազգային հարթակներում ներկայացվածություն, որովհետև հայագիտական հետազոտությունների թեման ավելի շատ մեզ է հետաքրքիր։ Բայց գիտության մնացած ուղղությունների մասով, այդ թվում՝ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հայագիտական թեմաների, միջազգային ներկայացվածությունը կարևոր է, որովհետև դա նաև գիտնականի վալիդացիայի մեխանիզմ է։ Գիտնականն ունի՞ միջազգային հոդված, նշանակում է՝ նա ի վիճակի է անել աշխատանք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, լսել քննադատություն իր աշխատանքի մասին, հաղթահարել այդ քննադատությունն ու, ի վերջո, տպագրել։ Հետո էլ այդ տպագրություններին արված հղումները ցույց են տալիս, թե ինչքանով է այդ մարդու աշխատանքը հետաքրքիր ու պետքական միջազգային հանրությանը։  Հիմնականում այս չափանիշներն, իհարկե, STEM (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ) ոլորտն են նկարագրում, բայց հայագիտության ոլորտում էլ եթե ինչ-որ հետազոտություն ես անում, իմ սուբյեկտիվ կարծիքով այդ մասին պետք է հայտարարել հնարավորինս մեծ, լայն շրջանակների, որպեսզի հետո չբողոքենք, որ այլ հետազոտողներ իրենցով են անում մեր մշակութային ժառանգությունը կամ կեղծ հոդված են տպում։ Գանք ամենակարևոր հարցին․ Հայաստանի գիտական կազմակերպությունները հիմնականում պետական ոչ առևտրային կազմակերպություններ են (ՊՈԱԿ), բուհերը՝ հիմնադրամներ։ Հստակ չէ՝ կլաստերներն իրավակազմակերպական ինչ ձև են ունենալու, և բուհերն ու գիտական կազմակերպություններն այդ կլաստերների ներսում ինչ կարգավիճակ են ունենալու` հավասարազո՞ր, թե՞ մեկը մյուսից կախյալ։ Այդ հարցը դրված է մասնակցային բաց քննարկման։ ԿԳՄՍ նախարարի հանձնարարությամբ գիտական կազմակերպություններին ու բուհերին հրավիրել ենք առաջարկություններով հանես գալ։  Այո՛, գիտական կազմակերպությունների մեծ մասը ՊՈԱԿ-ներ են, ԱԱԳԼ-ն հիմնադրամ է, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հիմնադրամ է։ ՊՈԱԿ-ների մեծ մասը գտնվում է ԳԱԱ ենթակայության տակ, և նրանք որոշակի լծակներով կախված են Ակադեմիայից․ Ակադեմիայի նախագահությունն է տնօրեն նշանակում, ֆինանսներ տրամադրում, նրանք հաշվետու են Ակադեմիային։ Ֆիքսենք այս կետը, որ այդ կազմակերպությունները որոշակի կախվածություն ունեն որևէ կառույցից։ ԱԱԳԼ-ն ու «ՔԵՆԴԼ»-ն էլ կախված են իրենց հոգաբարձուների խորհրդից։  Ինչքան որ մենք քննարկումներ ենք ունեցել ինստիտուտների հետ, նրանց հիմնական խնդիրը հետևյալն է․ կլաստերների ներսում ունենալ որոշակի ակադեմիական և ֆինանսական անկախություն, դիմել որոշակի ծրագրերի։ Նրանք կառավարող մարմին ունենալո՞ւ են։ Ես չեմ ուզում լուծում ասել։ Ես ասում եմ, թե ինչ ենք մենք հավաքագրել մինչ հիմա։ Դա բավականաչափ լեգիտիմ պահանջ է, որովհետև այդպես են նրանք կազմակերպել իրենց աշխատանքը, և ենթադրվում է, որ նորմալ է, որ նրանք այդպիսի պահանջներ են ներկայացնում։  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և, առհասարակ, Կառավարությունը համաձա՞յն են գիտական կազմակերպությունների ներկայացրած պահանջներին։ Կամաց-կամաց փորձում եմ հասնել այդ հարցին։ Բուհերն էլ ասում են հետևյալը․ չի կարող գոյություն ունենալ մի կառույց, որն ամբողջությամբ անկախ է բուհից, եթե այն բուհի կազմի մեջ է։ Հիմա պետք է հասկանալ հետևյալը․ գիտական կազմակերպություններն արդեն իսկ սովոր են որոշակի կախվածության Ակադեմիայից կամ հոգաբարձուների խորհրդից։ Եթե գիտական կազմակերպությունը բուհի հետ աֆիլացվում է (փոխկապակցվում,- խմբ․), աֆիլացվի այնպես, որ վայելի իր նույն ազատությունները, բայց, միևնույն ժամանակ, հաշվետվությունների, հակակշիռների, պատասխանատվությունների մեխանիզմ լինի, այսինքն՝ տվյալ կազմակերպությունն ամբողջովին անկախ չլինի բուհից։ Այս պարագայում կան կառավարման տարբեր մոդելներ։ Այստեղ մի խնդիր կա․ բուհերի կառավարումից ոչ բոլորն են գոհ։ Ես դա էլ եմ ուզում շոշափել։ Դրա համար իմ խոսքի մեջ սկզբում նշել էի՝ մեր խնդիրները գալիս են նրանից, որ համարում ենք, թե գիտական ինստիտուտները բուհերի այսօրվա կառավարման մոդելով են միանալու բուհերին։ ԵՊՀ-ի գործընկերներին խնդրել ենք առաջ քաշել բուհի կառավարման մոդել։ Բայց մենք էլ, իհարկե, որպես պետական կառավարման մարմին, առաջարկով հանդես կգանք։  Այդ կառավարման մոդելն ինչի՞ մասին է լինելու, որ տվյալ միավորները՝ կլինեն բուհերը թե գիտական կազմակերպությունները, ունենան կառավարման մի մարմին, հովանոց։ Եթե հիմա այն Ակադեմիան է, այնտեղ կլինի որևէ մի կառուցակարգ՝ հոգաբարձուների խորհուրդ կամ համատեղ կառավարման խորհուրդ, բուհն ու գիտական կազմակերպությունը կունենան իրար վրա վետոյի որոշակի իրավունքներ, որպեսզի միակողմանի որոշումներ չլինեն, և նաև պարտականությունների կիսում լինի։  Սա այն դաշտն է, որ քննարկման համար բաց է։ Միևնույն ժամանակ, որոշակի ազատություն էլ կա թողած, որ եթե այս քննարկումների արդյունքում կարիք առաջանա իրավակազմակերպական որևէ նոր ձևի, առաջարկեն և դա հիմնավոր լինի, մենք էլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և այլ օրենքներում ամրագրենք այդ իրավակազմակերպական ձևը։ Ակադեմիական քաղաքն էլ առանձին իրավակարգավորումներ է ունենալու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում։ Դաշտը բաց է ստեղծագործ և առաջադիմական գաղափարների համար։ Բոլորս էլ կարող ենք նստել ու ասել՝ այն, ինչ որ լավ է, այդպես պահենք, որովհետև այդպես հարմար է։ Բայց երբ որ Հայաստանի մակարդակով ենք նայում, որոշակի տարիների կտրվածքով ենք նայում, մեզ փոփոխություններ պետք են, որովհետև թվերը ցույց են տալիս, որ մենք ինչ էլ անում ենք, անխուսափելի խնդիրներ ունենալու ենք։ Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրում նշվում է, որ «կա քաղաքական կամք ապահովելու կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ կրթական միջավայր»։ Մեր բուհերի մասին այս պնդումն անել չենք կարող․ թվեմ մի քանի բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների անունները՝ Սուրեն Պապիկյան, Ժաննա Անդրեասյան, Վահագն Խաչատուրյան։ Կարող եք ավելացնել Տիգրան Խաչատրյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի սկզբին դարձել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը,- խմբ․)։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ ձևավորվելիք կլաստերները կուսակցական ազդեցությունից զերծ լինեն։ Շատ հիմնավոր հարց եք տալիս։ Նախ, այն, ինչ որ հիմա ունենք, պետական հիմնարկներ են։ Մյուս կողմից՝ պետք է գոյություն ունենան օրենսդրական որոշակի պարտավորություններ, որ բուհը պետք է լինի ապաքաղաքական։ Դա շատ երկրներում ամրագրված է օրենքներում, որովհետև խնդիրները ստեղծվում են, երբ բուհերը սկսում են քաղաքականացվել, իսկ բուհերը քաղաքականացվում են, երբ օրենսդրական սահմանափակումներ չկան։ Այսօր ինչքան էլ հոգաբարձուների խորհուրդներում պաշտոնյաներ կան․․․ Նաև կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ասենք կուսակցական մարդիկ, որովհետև նրանք որպես կուսակցության ներկայացուցիչ չեն գործուղված  այնտեղ, մարդիկ են, որոնք նաև կուսակցական են։ Բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ մենք այսօր ունենք դաշտում կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց։ Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից։ Բայց վտանգ կարող է, չէ՞, լինել։ Անձերով չպայմանավորենք, այլ համակարգային նայենք խնդրին։ Համակարգային առումով, այո՛, վտանգ կարող է լինել։ Դրա համար մենք հիմա զուգահեռ նայում ենք՝ օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ են աշխատում աշխարհում, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը, որովհետև երբ բուհը սկսում է քաղաքական գործընթացներին մասնակցել, խախտում է իր առաքելությունը, որն է կրթությունը, գիտությունը, ապագան, խախտում է իր անկողմնակալության ու հավասարության առաքելությունը։ Ես չգիտեմ որևէ զարգացած երկիր, որտեղ բուհերը, բացի մարդկային նշանակության խնդիրներից, որևէ կուսակցություն պաշտպանեն ընտրությունների ժամանակ, քաղաքական հայտարարություններ անեն։ Օրենսդրորեն այդ ամենը կարգավորվելո՞ւ է։ Իհարկե՛։ Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ։ Ուզում եմ՝ հստակ դա հասկանանք, որ կառավարման մոդելի փոփոխություն և առաջարկ ասելով՝ մենք հասկանում ենք կառավարման մոդելի ամբողջական փոփոխություն։ Այն պիտի լինի ապակուսակցական, ապաքաղաքական, ծառայի միայն կրթությանը, գիտությանն ու առաջընթացին։  Այսպիսի մի երկընտրանք կա․ կրթական կամ գիտական հաստատությունը պիտի ղեկավարի մարդ, որն այդ ոլորտների՞ց է, թե՞ մարդ, որը կառավարիչ է։ Նախատեսո՞ւմ եք, որ կլաստերները ղեկավարող մարդիկ կվերապատրաստվեն, կառավարչական հմտություններ ձեռք կբերեն։  Միանշանակ։ Մեր վերջին այցելության ժամանակ հուշագիր ստորագրեցինք Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ, և հուշագրի կետերից մեկով հենց կառավարման մոդելի փոխառություն պիտի անենք։ Մենք հասկանում ենք, որ բավականաչափ պատրաստված կառավարիչներ այսօր շատ քիչ ունենք, իսկ այդ ծավալի հիմնարկ ղեկավարելու համար կառավարիչներ, բացառում եմ, որ ունենք։ Այդ մարդիկ պիտի կրթվեն։  Հետաքրքիր երկընտրանք է՝ ղեկավարը պիտի լինի [տվյալ ոլորտի] մասնագե՞տ, թե՞ պրոֆեսիոնալ կառավարիչ, բայց այդ դիլեման, ինձ թվում է, միանշանակ է․ պետք է լինի առնվազն այդ ոլորտում մասնագիտական կրթություն և փորձ ունեցող մարդ, որի համար մենք նաև պետք է ապահովենք կառավարչական հմտությունների ձեռքբերում։ Հակառակ պարագայում, կառավարումից կարող ես շատ լավ հասկանալ, բայց ոլորտից չլինես, չկարողանաս հասկանալ քո գործընկերներին, թե ինչ բնույթի մարդիկ են ու ինչ բնույթի աշխատանք են անում։ Իմ կարծիքով միջին վերածածկումներ ունեցող մարդ է լինելու, որն իր հիմնական կրթությամբ այդ ոլորտի մարդ է, բայց կառավարման դասընթացներ է անցել։  Դա ապահովվելու է, միանշանակ ապահովվելու է գրեթե բոլոր օղակների մասնակիցների համար՝ լաբորատորիայի վարիչից սկսած։ Մենք հիմա մտածում ենք նաև Հայաստանում կրթական ծրագիր ներդնել գիտության ոլորտի կառավարիչների համար։ Երբ որ ինչ-որ մարդ, դիցուք, ավագ գիտաշխատողից դառնում է լաբորատորիայի վարիչ կամ խմբի ղեկավար, արդեն ծրագրերի կառավարման, ֆինանսական հարցեր են առաջ գալիս։ Եթե դու ավագ գիտաշխատող ես, ինչ ուզում ես, քո ղեկավարն ապահովում է, դու քո գործն ես անում, բայց այս պարագայում արդեն որոշակի ֆինանսական պարտավորություններ կան, թիմը ղեկավարելու հմտություններ կան։ Ուզում ենք այնպես անել, որ գոնե որոշակի մոդուլ անցնեն այդ մարդիկ։ Արդեն հստա՞կ է՝ քանի բուհի և գիտական կազմակերպության է վերաբերում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, և պատկերացնում ունե՞ք, թե որ կառույցներն են իրար միանալու։ Հայեցակարգում կլաստերների աշխատակազմերի մոտավոր թվեր են ներկայացված, և ենթադրվում է, որ այդ հաշվարկներն անելիս հիմք ունեցել եք։ Որպեսզի աշխատանքը սկսվի, կան, իհարկե, որոշակի պատկերացումներ։ 6 կլաստերներից 4-ն Ակադեմիական քաղաքում է նախատեսված ունենալ առաջին փուլով, հետո մնացածը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն, և, ի վերջո, ակադեմիական քաղաքից դուրս բուհ չի լինելու։ Դրանք արդեն ավելի հեռակա պլաններն են։ Այս պահին լինելու են 4 համալսարանական կլաստերներ իրենց ինստիտուտների հետ։  Որոշակի գաղափար կա, բայց դրա մասին մենք չենք ուզում հայտարարել․ միևնույն է, թվերը մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց այդ միջակայքում են լինելու։ Քննարկումները բաց են․ դա մեր նախնական, շատ սկզբնական պատկերացումն է։ Համայնքի հետ կքննարկենք, մենք մեր պատկերացումը կասենք, իրենք՝ իրենց, եթե, իհարկե, կգան առաջարկներով։  Գիտական կազմակերպությունների ու բուհերի առաջարկները վերջնական որոշում կայացնելիս հաշվի առնելո՞ւ եք, դրանց հիման վրա ինչ-որ փոփոխություններ լինելո՞ւ են։ Իհարկե։ Առաջարկների իմաստը հետևյալն է․ ոչ ոք չի պնդում, որ այն, ինչ մենք մտածել ենք, վերջնական ճշմարտություն է կամ լավագույն լուծումն է։ Երբ կգան գաղափարներ, կսկսենք քննարկել՝ ինչ է լուծում այս առաջարկը, ինչ խնդիրներ ունի, մեր առաջարկը կդնենք դիմացը, կհասկանանք՝ որոնք են ընդհանուր կետերը, որոնք են նրանց առաջարկած առանձնահատուկ լուծումները։  Հավանաբար եկող շաբաթ կհրավիրենք կազմակերպություններին ներկայացնելու մասնակիցներ՝ ամեն մի կլաստերի վերաբերյալ մասնագիտական խումբ ձևավորելու համար «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում։ Նաև մենք մեր կողմից մասնագիտական խմբեր կձևավորենք, որ մեր տարբերակն էլ առաջարկենք։  Այս փոփոխություններով Հայաստանն ընտրո՞ւմ է արդյոք գիտության ամերիկյան՝ համալսարանական մոդելը, և արդյո՞ք կլաստերներից դուրս անկախ կամ որևէ գերատեսչության ներքո գործող գիտական կազմակերպություններ այլևս չեն լինելու։ Այո՛, սա մոդելի փոփոխություն է, այն Խորհրդային ակադեմիական կառավարման մոդելը չէ, որտեղ բուհերն ու ինստիտուտներն իրարից անկախ են գործում։ Պատճառներն արդեն նշեցի, բայց մի քանի կարևոր բաներ կան, որոնց մասին չեմ խոսել։ Օրինակ՝ մասնագիտական, միջառարկայական մոբիլությունը, այդ թվում և ֆիզիկական իմաստով։ Այսինքն՝ մի միջավայր, որտեղ ֆիզիկոսը քիմիկոսին է հանդիպում ամեն օր՝ կլինի դա կաֆետերիայում, կլինի այգում, կլինի հանգստի ժամին զբոսնելիս, թե թեկուզ համապատասխան բնակավայրում իրար հարևանությամբ ապրելիս։  Էլ չասեմ ավելի ծայրահեղ բաներ՝ արվեստագետն ու ֆիզիկոսը, արվեստագետն ու քիմիկոսը, որովհետև իրականում մենք ինչքան էլ պնդում ենք, որ Երևանում տասը րոպեի քայլելու ճանապարհ է բուհերի միջև, որևէ մեկն այդ տասը րոպեն չի քայլում մի բուհից մյուսը։ Այո՛, ֆիզիկապես նրանք տասը րոպեի հեռավորության վրա են, բայց երբեք քիմիայի ֆակուլտետի ուսանողը չի գնա Գեղարվեստի ակադեմիա, տեսնի՝ այնտեղ ինչ է կատարվում։  Ճարտարապետների մոտ, որոնք պայմանագրով գծում են [Ակադեմիական քաղաքի] գլխավոր հատակագիծը, հենց այս խնդիրն էլ է բարձրացնում մեր ուրբանիստ մասնագետը, որ ֆիզիկական միջավայրն այնպես նախատեսված լինի, որ մարդիկ ավտոմատ իրար հետ շփվեն։  Իրար հետ չշփվելու խնդիրը ֆիզիկակա՞ն միջավայրն է։  Միանշանակ։ Մենք թերագնահատում ենք ֆիզիկական միջավայրը, բայց ֆիզիկական միջավայրն անդրադառնում է մարդու հոգևոր և մտավոր գործունեության վրա։ Մի բան է՝ գեղեցիկ միջավայրում, հանգստի համար նախատեսված գոտում հանդիպես քո գործընկերոջն ու զրուցես, մեկ այլ բան է օրվա հոգսերով վազելիս բախվես քո գործընկերոջ հետ։ Միջավայրը շատ կարևոր է․ իզուր չէ, որ գեղեցիկ միջավայրեր են ստեղծում համալսարանների համար, իզուր չէ, որ համալսարաններն, այդ թվում՝ Եվրոպայում, տեղափոխվում են ավելի ծայրամասեր։ Այդ միջավայրերը մագնիսի նման ձգում են մասնավոր ընկերություններին, նաև ստեղծվում է միջավայր, որտեղից մասնավոր ընկերություններ են ծնվում։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ Հայաստանն անցնում է համալսարանական գիտության մոդելին։ Ակադեմիական քաղաքի մասով՝ այո։ Այն մասով, ինչ Դուք ասացիք, որ տարբեր գերատեսչություններ ունենան իրենց գիտահետազոտական հիմնարկները, ոչ մի արգելք չկա։ Միգուցե պետք է, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ունենա think tank (վերլուծական-խորհրդատվական կենտրոն,- խմբ․), որտեղ հետազոտվում են կոնկրետ իր խնդիրները։  Խոսքը գործող գիտական կազմակերպությունների մասին է․ բոլորը տեղափոխվելու են Ակադեմիական քաղա՞ք։ Այն կազմակերպությունները, որոնք ԿԳՄՍՆ ենթակայության տակ են, այս կամ այն կերպ պետք է մասնակցեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին։  Ակադեմիական քաղաքից դուրս գիտական կառույցներ չե՞ն լինելու։  Դրանից դուրս մենք ունենք, օրինակ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որն ակնհայտ է, որ Ակադեմիական քաղաքի հետ որևէ կապ չունի, ունենք Սրտաբանության ինստիտուտում համապատասխան հետազոտական միավոր։ Այսինքն, ԳԱԱ ինստիտուտները, ԱԱԳԼ-ն, «ՔԵՆԴԼ»-ն Ակադեմիական քաղաքի մե՞ջ են լինելու։ Այո։ Մադենադարանի վրա ծրագիրը տարածվո՞ւմ է։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ է լինելու Բուսաբանության ինստիտուտի հետ, որը սերտ կապված է Երևանի բուսաբանական այգուն։  Որոնք կապված են, ֆիզիկապես պայմանավորված են իրենց միջավայրով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, Բուսաբանության ինստիտուտը, մնալու են։ Ֆիզիկապես մնալու են, իսկ իրավական կարգավիճակո՞վ։ Դա արդեն քննարկումների հարց է։ Լավ կլինի, որ իրավական առումով ինչ-որ ձև փոխկապակցվեն որևէ բուհի հետ։ Բայց կախված է իրավիճակից։ Չեմ պատկերացնում, որ Մատենադարանը կախված լինի որևէ բուհից, այն առանձին ազգային, նույնիսկ վերազգային արժեք է։ Բուսաբանության ինստիտուտը տեսականորեն հնարավորություն ունի, շատ Բուսաբանության ինստիտուտներ բուհերին կից են տարբեր երկրներում։  2019-ին Հայաստանի կառավարությունը ԵՄ փորձագետներին խնդրել էր Հայաստանում գիտություն-բարձրագույն կրթություն կապն ապահովելու համար հետազոտություն իրականացնել ու մասնագիտական կարծիք հայտնել։ Փորձագետներն իրենց զեկույցում նաև միջազգային փորձ էին ներկայացրել ու խորհուրդ տվել փոփոխություններ անելիս չշտապել։ Նրանք ներկայացրել էին Էստոնիայի օրինակը, որտեղ Ակադեմիայի ինստիտուտները բուհերին միավորելու գործընթացը տևել էր ավելի քան տասը տարի։ Հայաստանում դա արվում է երեք տարում․ 2027-ից ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացած բուհերն ու գիտական կազմակերպությունները։ Երեք տարին քիչ չէ՞ այս գործընթացի համար, ռիսկեր չկա՞ն։ Ռիսկեր կան, իհարկե։ Նախ, գնահատենք ռիսկերը․ մենք տասը տարի ժամանակ չունենք գործընթացն իրականացնելու համար։ Էստոնիայում դա տևել է տասը տարի, որովհետև Էստոնիան այդ գործը սկսել է անել անմիջապես Խորհրդային Միությունից անկախանալուց հետո։ Նրանք սկսել են 90-ականներից ու ժամանակ ունեցել են, քանի որ նրանց Խորհրդային գիտական ժառանգությունը, այսինքն՝ գիտնականները դեռևս երիտասարդ էին, դեռևս տարիքային խեղվածքը չէր առաջացել համայնքի մեջ, դեռևս ուժ ունեին այդ ամենն անելու։   Մեզ մոտ փորձ եղել է դա անել, այնպես չէ, որ մեզ մոտ այդ փոփոխությունը նոր ենք հորինել։ 1990-ական թվականներից խոսակցություն կա ակադեմիական համակարգից անցում անելու համալսարանական համակարգի, բայց այդ խոսակցությունները միշտ մարում են որոշակի հանգամանքների բերումով։ Այն ժամանակ այդ հանգմանանքներից էր Արցախյան առաջին պատերազմը, այս պարագայում խոսակցությունները սկսվել են 2018 թ․, հետո հանգամանք է դարձել Արցախյան երկրորդ պատերազմը։  Փաստորեն, 90-ականների՞ն էլ նման խոսակցություններ եղել են։ Միանշանակ։ Հրանտ Բագրատյանի օրոք (Հայաստանի նախկին վարչապետ,- խմբ․) մեծ բարեփոխումներ էին նախատեսված, և բավականաչափ լուրջ աշխատանք տարվել էր, Աշտարակում՝ Գիտավանում, կա տախտակ, որի վրա գրված է․ «Այստեղ կառուցվելու է գիտության ավանը»։ Այդ ամբիցիաները միշտ էլ եղել են, որովհետև սա, ըստ էության, ճիշտ մոդել է, ապահովում է գիտելիքի ստեղծման մեջ երիտասարդների ներգրավումը, ինչը կարևոր է, որովհետև անհրաժեշտ է, որ ստեղծագործ ոլորտներում սովորող ուսանողը տեսնի՝ դա ինչպես է արվում։ Հայաստանում ուսանողները, երբ ընդունվում են բնագիտական ֆակուլտետ, չգիտեն՝ գիտությունն ինչ է, դասագրքային պատկերացումներով գալիս են քիմիայի ֆակուլտետ, պարզվում է՝ քիմիան այն չէ, ինչ իրենք դասագրքերում սովորել են։ Ուսանողների մեծ մասին թվում է, թե իրենք շտեմարանի մի քիչ ավելի բարդ խնդիրներ են լուծելու քիմիայի ֆակուլտետում, ոչ թե, օրինակ, փորձեր են անելու։ Եթե մենք տասը տարի սպասենք, կարող եք հաշվել՝ քանի մարդ ենք կորցնելու․ չորս օրը մեկ կորցնում ենք մի գիտնական, 365 օրը բազմապատկեք տասը տարով ու բաժանեք չորսի (ավելի քան 900 գիտնական,- խմբ․)։ Մենք ժամանակ չունենք, պետք է շտապենք։ Մյուս կողմից, մենք ունենք Էստոնիայի փորձը, Վրաստանի բացասական փորձը։ Մոլդովայի բացասական փորձը։ Այո՛, Մոլդովայի բազմաթիվ փորձերը։ Մոլդովան, ի տարբերություն մեզ, մի քանի անգամ հասել է ինչ-որ որոշումների: Լատվիա, Լիտվա․․․ Մեր կարգավիճակի բոլոր երկրների փորձն արդեն իսկ առկա է։ Եթե մենք բավականաչափ խելացի գտնվենք ու հասկանանք՝ ինչ է մեզ սպասվում չանելու դեպքում․․․ Բոլորով հասկանանք, որ արժե անել ու խոսել անելու ձևերի մասին, ոչ թե խոսել անել թե չանելու մասին։ Մենք շատ փորձեր ունենք ուսումնասիրելու և փոխառելու։ Արդեն ուսումնասիրե՞լ եք խորությամբ այդ երկրների օրինակները, որ նրանց սխալներից էլ դասեր քաղեք։ Ո՛չ, որովհետև մենք հիմա դեռ որոշման փուլում ենք՝ անե՞լ, թե՞ չանել։ Մենք դեռ փորձում ենք համայնքին համոզել։ Որոշումը կայացված է արդեն, ինչ էլ համայնքն ասի։ Քաղաքական որոշումը մի բան է, մեկ այլ բան է ներքին որոշում, վճռականություն համայնքի կողմից։ Այսինքն, համայնքը պետք է ընդունի որոշումը։ Ես որոշում ասելիս դա նկատի ունեմ։ Մնացածը տեխնիկական հարց է․ Եվրամիության ողջ գործիքակազմը կա օգնելու, կապեր կան համապատասխան օգնություն ստանալու։ Իրականում բարդ բան չէ։ Իսկ դրամաշնորհային կամ ներդրումային միջոցներ ներգրավվելո՞ւ են Ակադեմիական քաղաքի կառուցման համար։ «Ակադեմիական քաղաքը» 100%-ով պետական ֆինանսավորման ծրագիր է։ Հնարավոր լինելո՞ւ է պետբյուջեի միջոցով այդ ամենն իրագործել։ Իհարկե։ Բայց նաև Համաշխարհային բանկի հետ քննարկումներ ունենք հիմա, զարգացման այլ բանկերի և հիմնադրամների հետ։ Քավ լիցի, ինչքան շատ կարողանանք գործընկերներից գումար ներգրավել, այնքան ավելի լավ։ Գումարը չի կարևոր իրականում, այլ փորձառությունը։ Պարո՛ն Հայոցյան, ԳԱԱ-ն փակվելո՞ւ է, թե՞ որպես սիմվոլիկ կառույց ակադեմիական քաղաքից ներս կամ դրանից դուրս շարունակելու է գործունեությունը։  ԳԱԱ-ն փակվելու գաղափար գոյություն չունի։ Փակվելը շատ «ուժեղ» բառ է։ ԳԱԱ կազմում գործող բոլոր ինստիտուտները տեղափոխվում են Ակադեմիական քաղաք։ Մեր ընկալումների ամբողջ խնդիրն ու թշվառությունն այն է, որ մենք դիտարկում ենք Ակադեմիան՝ որպես վարչարար կառույց։ Գիտությունների ազգային ակադեմիան որպես Հայաստանի խելացի մարդկանց կազմակերպություն է պետք դիտարկել։ Վարչարարությունը նրանց առաջնահերթությունը չէ։  Ո՞րն է լինելու ԳԱԱ գործառույթն ապագայում։ Չեմ ուզում ասել այն, ինչ ես եմ մտածում, որովհետև այս հարցն էլ բաց է քննարկման համար։ ԳԱԱ-ն կարող է դառնալ, և լավ կլինի, որ դառնա Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժը մեկտեղող կառույց։  Տարբերակներ շատ կան՝ իրավակազմակերպական ձևից մինչև գործառույթներ, բայց ամեն դեպքում արժե, որ ԳԱԱ-ն անի այն, ինչ որ չի արվում Հայաստանում։ Եթե վարչարարություն հիմա Հայաստանում արվում է, պետք չէ, որ ԳԱԱ-ն էլ իր հերթին վարչարարություն անի։ Հայաստանում հիմա չի արվում մտավոր ներուժի կառավարում՝ համատեղում, քննարկումներ և այլն։ Դա պետք է պրոֆեսիոնալ ձևով անի Ակադեմիան։ Ինստիտուտների ֆինանսավորումն էլ է իրականացվում, կառավարիչների ընտրությունն էլ է լավ-վատ իրականացվում։ Այդ բոլորը տեխնիկական հարցեր են։  Մեր կարծիքով պետք չէ, որ ԳԱԱ-ն զբաղվի տեխնիկական հարցերով։ Բայց մյուս կողմից, այո, մենք ունենք մտավոր որոշակի ներուժ, ունենք գիտելիք կրող մարդիկ, որոնց համախմբող կառույց, որը պետք է ԳԱԱ-ն լիներ, չկա հիմա։ Ակադեմիան այսօր կենտրոնացել է ինքն իր 35 ինստիտուտների մեջ։ Տեսականորեն այն, այո՛, ունի սփյուռքի ներկայացուցիչներ, համալսարանից անդամներ, բայց դե ֆակտո միայն զբաղվում է իր ինստիտուտների հարցերով, համահայկական չէ։ Բայց դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Մենք դեռ կխոսենք Ակադեմիայի մեր գործընկերների հետ, հասկանանք՝ այս համատեքստում որն է ամենաճիշտ տարբերակը։ Այս շրջանում ինստիտուտներից մտահոգություններ կան անորոշությունների մասով։ 2027-ին միավորված են լինելու բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները, բայց Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման է հանձնվեու 2030-ին։ Ինստիտուտներն այս ընթացքում դիմե՞ն միջազգային երկարաժամկետ դրամաշնորհային ծրագրերի, ենթակառուցվածքները զարգացնե՞ն, եթե մի քանի տարուց այլ կառույցների կազմում են գործելու, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվելու։ Անկեղծ ասած՝ ինձ համար նորություն է, որ այդպիսի անորոշություններ կան։ Տեղափոխման հարց միավորման պարագայում չի բարձրացվում առնվազն մեծ STEM ուղղության (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ), փորձարարական ինստիտուտների պարագայում (նկատի ունի՝ մինչև Ակադեմիական քաղաքի շահագործումը,- խմբ․): Ինստիտուտը միավորվելու է բուհի հետ՝ լինելով իր ֆիզիկական տեղում, որովհետև բուհում տեղ չկա այդ ինստիտուտը տեղափոխելու։ Քանի որ Ակադեմիական քաղաքը շահագործման հանձնվում է 2030-ին, ենթակառուցվածքների ներդրումը, եթե նկատի ունեք միջավայրի բարեկարգումը, արգելված չէ։ Ինստիտուտները ֆինանսական միջոցներ ստանում են դրամաշնորհային ծրագրերի մեջ փոքր քանակով, որ առնվազն  ինտեգրման և հեռավար լաբերի պարագայում սենյակները կարգի բերեն ավելի հարմարավետ միջավայրում աշխատելու համար։  Ակադեմիական քաղաքում էլ նրանց ավելի լավ պայմաններ են առաջարկվելու։ Նրանք գնալու են պատրաստի միջավայր։ Այն սարքերը, որոնք բավականաչափ լավն են ու չեն կորցրել իրենց ֆունկցիոնալությունը, տեղափոխվելու են, այդ միջավայրում նոր սարքեր են ձեռք բերվելու։ Այդտեղ ես խնդիր չեմ տեսնում։  Ինչ վերաբերում է երկարաժամկետ դրամաշնորհներին, Հայաստանի Հանրապետությունում և ցանկացած այլ երկրում գոյություն ունի իրավահաջորդության գաղափար։ Երբ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, չի կորչում տվյալ կազմակերպությունն իրավակազմակերպական դաշտից։ Եթե միավորում է տեղի ունենում, իրավահաջորությունը փոխանցվում է միավորված կազմակերպությանը։  Այսօր, օրինակ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատասխանատու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գործերի համար, Գիտության կոմիտեի գործերի համար (նախկինում գործում էին երեք առանձին կառույցներ՝ Գիտության կոմիտե, Բարձրագույն կրթության վարչություն և ԲՈԿ, այժմ երեքը միավորված են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մեջ,- խմբ․): Դասական կլաստերում հիմնարար հետազոտություններ են իրականացվելու, Տեխնոլոգիական կլաստերում՝  կիրառական։ Ի՞նչ է լինելու գիտական այն կազմակերպությունների հետ, որտեղ կան և՛ հիմնարար, և՛ կիրառական հետազոտություններ։ Արդյո՞ք այդ կազմակերպությունները կիսվելու են կամ դադարելու են որպես առանձին միավոր գոյություն ունենալ։ Շատ լավ հարց է։ Եթե բառամթերքին նայեք, թե ինչպես է ձևակերպված, գրված է․ «հիմնականում»։  Այսինքն՝ Դասական կլաստեր է, որտեղ հիմնականում հիմնարար գիտությունների ուղղությամբ կրթություն և հետազոտություններ են իրականացվում։ Չկա հստակ սահմանազատում հիմնարարի և կիրառականի։ Շատ քիչ հիմնարար հետազոտություններ կան, որ լրիվ իրականությունից կտրված են, օրինակ՝ լարերի տեսություն, բայց անգամ դրանք ապագայում, եթե հարցնես՝ վերջնական ինչի համար է, կարող են իջեցվել կիրառական ինչ-որ խնդրի։ Բացի այդ՝ հետազոտության արյունքում միշտ էլ կարող է հիմնարարից կիրառական խնդիրների լուծման հնարավորություն բացվել, որևէ բուհի չես կարող արգելել դա անել։  Տեխնոլոգիական համալսարանն ավելի կենտրոնացած է նախատիպավորման, մշակումների վրա, բայց այստեղ էլ հիմնարար հետազոտություններ կարող են լինել։ Գուցե դու կիրառական հետազոտություն ես իրականացնում, որի արդյունքում հիմնարար խնդիր է բացվում, բնականաբար, չես ուղարկելու Դասական համալսարան, ասելու՝ սրանով զբաղվեք։ Ինստիտուտների մասով տարբեր են մոտեցումները լինելու։ Մենք ունենք ինստիտուտներ, որտեղ թեմաները բավականաչափ ցրված են, այս պարագայում գուցե կարիք լինի որոշակի թեմատիկ վերախմբավորումների։ Ինստիտուտի՞ ներսում։ Կլաստերի ներսում։ Որոշ պարագաներում էլ, եթե թեմաների տրամաբանական կոնսոլիդացիա կա, կարող է մնալ այդպես։ Ամեն դեպքում, ինստիտուտներն էլ են միավորվելու, այնպես չէ, որ 35 ինստիտուտ ենք ունենալու։  Երբ Ձեզ հարցրի գիտական կազմակերպությունների արդյունավետության մասին, 35 գիտական կազմակերպությունից 4-ն առանձնացրիք։ Ենթադրվո՞ւմ է, որ վատ արդյունք ցույց տված որևէ գիտական կազմակերպություն փակվելու է։ Փակել բառից ես կխուսափեի․ բացասական հնչեղություն ունի։ Գոյություն ունի ատեստավորման նոր կարգ, որը կոմունիկացվել է, հիմա մեզ մոտ է, շուտով կուղարկենք Կառավարություն։ Այդ կարգի համաձայն՝ գիտնականները գիտական կարիերայի ամեն մի տարակարգում ունեն որոշակի պարտավորություններ՝ թվային և նկարագրական։ Այդ պայմանները չանելու պարագայում որոշակի հետևանքներ են լինելու ինստիտուտի համար։ Միևնույն ժամանակ, ինստիտուտների համար կատարողականի որոշակի ցուցանիշներ են լինելու սահմանված, և ինստիտուտն այդ կատարողականը չբավարարելու պարագայում հայտնվելու է տարբեր կատեգորիաներում։ 2018-ից մեկնարկած փոփոխություն է, որն ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվում է։  Ատեստավորումը մինչև բուհերի և ինստիտուտների միավորո՞ւմն է իրականացվելու։ 2021 թվականին է արվել առաջին ատեստավորումը, 5 տարվա պարբերությամբ իրականացվող գործընթաց է։ Հաջորդը 2026 թ․ վերջին է իրականացվելու։ Այն գծորեն անկախ է «Ակադեմիական քաղաքից», գործընթաց է, որը որակի բարձրացմանն է ուղղված։  Ակադեմիական քաղաքն էլ լավ, ստեղծարար միջավայր է լինելու, և այնտեղ ընտրության որոշակի մեխանիզմ է լինելու, այնպես չէ, որ բոլորը տեղ ունեն ակադեմիական քաղաքում։ Պրոֆեսորադասախոսական կազմին տրվելո՞ւ է բավարար ժամանակ, որ հետազոտությամբ զբաղվեն, և արդյո՞ք բոլորն են ի վիճակի լինելու նման գործունեություն ծավալել։ Եվ գիտնականները, որոնք չեն ցանկանա դասավանդել, ունենալո՞ւ են բացառապես հետազոտությամբ զբաղվելու հնարավորություն։  Դասախոսի ծանրաբեռնվածությունը լինելու է դինամիկ։ Տվյալ անձը կարող է ընտրել, որ, դիցուք, այս տարի 100% ծանրաբեռնվածությունն ուզում է ապահովել դասախոսական գործունեությամբ, հաջորդ տարի՝ 80/20 համամասնությամբ դասախոսում է և հետազոտում  Քիչ-քիչ կավելանա՞ հետազոտական բաղադրիչը։ Ո՛չ, կամընտրական կլինի։ Փորձը ցույց է տալիս, որ միայն դասախությամբ զբաղվելն այնքան էլ արդյունավետ չէ կրթության համար։  Կախված է նրանից, թե ինչ դասախոս ես։ Եթե առաջին կուրսում մաթեմատիկական անալիզի դասախոս ես, կարիք չկա, որ քո հետազոտություններից խոսես, պետք է մաթեմատիկական անալիզ սովորեցնես։ Այսինքն, տեսականորեն այդ հնարավորությունը կա։ Բայց մեխանիզմ պետք է լինի, որ բոլոր դասախոսները չընտրեն հետազոտական աշխատանք, և դասախոսող չլինի։  Ինչ վերաբերում է գիտնականներին, նորից եմ ասում, եթե տվյալ հետազոտողը որոշել է, որ ինքն ամբողջովին հետազոտությամբ է զբաղվում, որևէ բան չի փոխվում նրա կյանքում՝ բացի այն, որ նրա լաբորատորիայում հայտնվելու են ուսանողներ ինչ-որ պարբերականությամբ։ Ուսանողը գալու է այդ լաբորատորիայում կրեդիտ հավաքելու։ Բայց տվյալ անձը իր լաբորատորիայում զբաղվելու է իր հետազոտություններով՝ հիմնարար, կիրառական կամ փորձարարական մշակումներ։ Մենք չենք կտրում կապն այդ թվում ինդուստրիայի հետ։ Եթե որևէ գիտնական անում է առևտրայնացվող  մշակումներ, շարունակելու է անել դա, պարզապես ունենալու է հավելյալ պարտավորություն դրա մեջ որևէ ձևով ուսանողին ներգրավելու։  Ինստիտուտների և բուհերի գիտական ու պրոֆեսորադասախոսական ո՞ղջ անձնակազմն է գնալու Ակադեմիական քաղաք, թե՞ օպտիմալացումներ լինելու են։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ այնտեղ որակյալ մասնագետներ գնան։  Ես չեմ ուզում՝ սեգրեգացիայի նման ինչ-որ բան ստեղծվի։ Մենք իրականացնելու ենք ծրագրեր բոլորի մասնագիտական զարգացման ու առաջընթացի համար։ Քավ լիցի, մենք չենք մտածում, որ Հայաստանում այդքան շատ գիտնականներ ու դասախոսներ կան․ դա շատ թանկ ռեսուրս է։ Ավելի լավ է՝ մենք հավելյալ ծախս անենք, այդ մարդկանց կրթելու, առաջխաղացման մեջ ներդրում անենք, և եթե վերջում կպարզվի, որ այդ մարդն առաջխաղացում չունեցավ, ինչպես ասում են, իրարից չենք նեղանում այդ պարագայում։  Մենք բավականաչափ ժամանակ ունենք մինչև ֆիզիկական ենթակառուցվածքները կառուցելը նաև մեր մարդկային ռեսուրսը համապատասխանեցնելու դրան։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում։  Հայեցակարգում բավականին հավակնոտ թիրախներ են նշված՝ առնվազն 4 համալսարան միջազգային վարկանիշային ցուցակների հինգհարյուրյակում պետք է ներառված լինի, միջազգային ուսանողներ պետք է ներգրավվեն։ Ինչպե՞ս եք այս թիրախներին հասնելու 2030-ին, եթե հենց այդ տարի է Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման հանձնվելու։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի։ 2030-ին Ակադեմիական քաղաքը նախատեսված է 4 կլաստերների համար, մնացած կլաստերները մնում են այնտեղ, որտեղ կան։ ԵՊՀ-ի հիմքի վրա ձևավորվող Դասական համալսարանին կամ Բժշկական համալսարանին ոչ մի բան չի խանգարում այսօրվանից սկսել աշխատել հնիգհարյուրյակում տեղ գտնելու համար։ Որևէ բան չի խանգարում նաև Ամերիկյան համալսարանին, որովհետև այդ նպատակը սահմանափակված չէ պետական բուհերով։ Պետությունը փորձելու է նաև հասկանալ՝ ինչպես աջակցի այն բուհերին, որոնք այս փուլում չեն տեղափոխվում, որ այդ բուհերն առաջ գնան։  Քանի որ հայեցակարգում է նշվում այդ նշաձողերի մասին, ենթադրվում է, որ պետք է վերաբերի հենց Ակադեմիկան քաղաքի համալսարաններին։  Հայեցակարգում նշված է, որ այդ երկու թիրախների իրականացման համար արվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Հինգհարյուրյակում հայտնվել նշանակում է շատ տարբեր պարամետրերի համապատասխանել՝ ունենալ հրապարակումների բավականաչափ բարձր որակ ու քանակ, տարբեր մակարդակի հեղինակության դասախոսներ, ունենալ լաբորատոր պայմաններ, միջազգային ուսանողների և դասախոսների քանակ, վարկանիշավորման որոշ համակարգեր հաշվի են առնում, թե քո միջավայրն ինչքանով է կայուն ու ներառական։ Մտավախություն կա՞, որ  չի հաջողվի այդ նշաձողերին հասնել։  Ցանկացած ծրագրի դեպքում կա մտավախություն, որ չի հաջողվի իրականացնել։ Մտավախությունը նկատի ունենալով ենք աշխատում։  Իրականում, միշտ էլ կարելի է նստել ու փորձել քննադատել այն ինֆորմացիան, որ ունես, բայց այսքան ինֆորմացիան դրված է քննարկման համար։ Եթե մենք բաց ենք, ստեղծագործ ենք բավականաչափ, որպեսզի հարցին մոտենանք այդ հարցը լուծելու նպատակադրմամբ, շատ հանգիստ կարելի է լուծումներ գտնել կամ թեկուզ հիմնավոր ասել, որ այս հարցը լուծում չունի, հարցի լուծումն այն է, որ թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Չեմ կարծում, որ ամեն ինչ թողնելով այնպես, ինչպես կա, առաջընթաց կարող ենք գրանցել։ Մենք խնդիր ունենք, այդ խնդիրները պետք է լուծել․ խնդիր ունենք սերնդափոխության, համաշխարհային քարտեզի վրա մեր տեղը գտնելու։ Բավական երկար ժամանակ լոկալացվել ենք, այդ թվում և գիտության առումով։ Տեղական նշանակության գիտություն է ձևավորվել, տեղական նշանակության գիտնականներ ունենք։ Հարցն այդ բացթողումները լրացնելն է, որովհետև եթե դու խաղացող ես միջազգային համայնքում, դա նաև ունի իր անդրադարձը քո՝ որպես պետության հեղինակության վրա։ Ինչպես եթե մարդն է հավելյալ արժեք ստեղծում, հավելյալ կարևորություն ունի սոցիումում, այնպես էլ պետություններն են մոլորակի վրա։ Դու հավելյալ արժեք ստեղծող պետությո՞ւն ես, թե՞ խնդիրներ ստեղծող պետություն։   Աննա Սահակյան
20:13 - 28 նոյեմբերի, 2023
«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միանալու իրար և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Մեր առաջին հարցազրույցը Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկծանու Լիլիթ Սահակյանի հետ է։   Կրթություն-գիտություն համագործացկության խնդիրներ Վերջին շրջանի իր հարցազրույցներում, խոսելով Ակադեմիական քաղաքի նպատակներից և բուհերի ու ինստիտուտների միավորումից, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն առանձնացրել է երկու հիմնական խնդիր՝ գիտական ինստիտուտների՝ երիտասարդ կադրերով համալրում, որակյալ և գիտահեն բարձրագույն կրթության իրականացում։ Այս խնդիրների լուծման համատեքստում էլ դիտարկվում է բուհերի և հետազոտական ինստիտուտների միավորումը։ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի կարծիքով կրթության և գիտության միջև տարանջատումն աշխարհագրական հիմք չունի։ Լիլիթ Սահակյանը «Երևանի պետական համալսարանը մեզնից 15 րոպե քայլքի հեռավորության վրա է։ Աշխարհագրորեն որ բերես, նույն հովանոցի տակ դնես, արհեստական է լինելու, չի բերելու ցանկալի արդյունքին»,- ասում է Սահակյանը՝ ավելացնելով, որ գիտական կազմակերպությունները միշտ ավելի բաց են եղել կրթություն-գիտություն համագործակցությանը, իսկ  «կրթական օջախները ավելի փակ են դրսից եկող գիտության առջև»։ Էկոկենտրոնի տնօրենն այս խնդրի հիմքում տեսնում է բուհերի կրթական ծրագրերի ընդհանրական լինելը։ Էկոկենտրոնի մասնագետներն, օրինակ, ավելի հակված են նեղ ոլորտային դասախոսություններ կարդալուն, և հենց դա է պատճառը, որ կենտրոնից շատ քիչ մասնագետեր են այս պահին բուհերում դասավանդում։  Լիլիթ Սահակյանը հիշում է, որ իրենց մասնագետները փորձել են բուհերում մի քանի առարկաներ դասավանդել, բայց տպավորություն են ստացել, որ առարկայական ցանկը կազմված է ֆակուլտետում եղած դասախոսների հնարավորություններով միայն։  Էկոկենտրոնում երիտասարդ կադրերով համալրման հարցը լուծում են հենց տեղում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի միջոցով։ Կենտրոնում գործում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բազային ամբիոն, այստեղ մի քանի մագիստրոսական ծրագրեր են ուսուցանվում։  Էկոկենտրոնի տնօրենը նաև մի փաստ է կարևորում․ ոչ բոլոր հետազոտողներն են սիրում դասավանդել և նախընտրում են միայն հետազոտություններ իրականացնել։ «Ես հավատացնում եմ՝ այն գիտնականները, որոնք հիմա միայն գիտնական են, Ակադեմիական քաղաքում կրթական համակարգի մեջ չեն ներգրավվելու, իսկ նրանք, ովքեր հիմա ներգրավված են կրթության մեջ, այնտեղ էլի ներգրավվելու են»,- մեկնաբանում է Սահակյանը։  Ամփոփելով այս թեման՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ գիտական ռեսուրսների մեծամասնությունը հենց ԳԱԱ ինստիտուտներում է, և այս նախագծով փորձ է արվում «կրթությունը բարձրացնել այս գիտական կազմակերպությունների հաշվին»։ «Գիտությունն այս ծրագրով ու հիմա ընդհանրապես դիտվում է որպես կրթությունը սպասարկող մի բան»,- ասում է Լիլիթ Սահակյանը։  Էկոկենտրոնի հետազոտողները և մագիստրոսները   Որ կլաստերում կարող է ներառվել Էկոկենտրոնը Էկոկենտրոնում իրականացնում են հիմնականում շրջակա միջավայրի բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի և պարենի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ, որոնք ազգային անվտագության բաղադրիչ ունեն։ Լիլիթ Սահակյանի խոսքով իրենց գործունեությոնը ինչ-որ առումով համապատասխանում է Սպայական կլաստերին։ Այս կլաստերն, ըստ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ունենալու է երկու բաղադրիչ՝ արտաքին անվտանգային և ներքին անվտանգային։ Մյուս կողմից էլ Էկոկենտրոնի տնօրենը նշում է, որ իրենց գործուներության լայն սպեկտորը և միջառարկայականությունը, ինչպես նաև հայեցակարգի բազմաթիվ անորոշությունները դժվարացնում են առաջարկված կլաստերներից որևէ մեկի ընտրությունը:  Լիլիթ Սահակյանի խոսքով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հրապարակումից հետո ԳԱԱ-ն դիմեց Էկոկենտրոնին՝ խնդրելով ներկայացնել առաջարկներ հայեցակարգի մասին։ Էկոկենտրոնն էլ ԳԱԱ ուղարկեց հայեցակարգի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ վեր են հանվել այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք Էկոկենտրոնը նկատել է հայեցակարգում։  Էկոկենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենք նշել են, որ սա հավակնոտ ու գրավիչ նախաձեռնություն է, սակայն «հայեցակարգը և դրա հիմնավորումները իրագործելիության առումով հույս չեն ներշնչում»։  Էկոկենտրոնի դիրքորոշումն այն է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հաջողությունը կախված է այն խնդիրների լուծումից, որոնք ներառվել են իրենց առաջարկներում։    Պարզ չէ, թե նախագիծը ֆինանսական ինչ միջոցներով է իրականացվելու Լիլիթ Սահակյանի խոսքով վերջին շրջանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտնականների համար աննախադեպ ծրագրային ֆինանսավորում է տրամադրում՝ սահմանելով բարձր չափանիշներ գիտնականներից ստացվող հայտերի  համար։  «Ինչու եմ սա ասում․ այս հայեցակարգի նման նախագիծ որ գրես, ուղարկես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կոմիտեն նույնիսկ քո ծրագրին չի նայի. ո՛չ ֆինանս կա գրված, ո՛չ կայունություն, ո՛չ ռիսկեր։ Ծրագրի կայունությունը ֆինանսներից է կախված․ ընդհանրապես չի երևում` ինչ ֆինանսներ են նախագծի տակ ներդրվելո և որտեղիցւ»- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։   Նախագծի իրականացման ժամանակացույց Լիլիթ Սահակյանի խոսքով հայեցակարգից պարզ չեն նաև կլաստերների ստեղծման ժամանակացույցը և ակնկալվող չափելի արդյունքները։  Նշենք, որ հայեցակարգում նշվում են միայն Ակադեմիական քաղաքի ձևավորման փուլերը՝ նախագծման, կառուցման և սպասարկման։ Նախագծման փուլը կտևի մինչև 2025-ի սեպտեմբերը․ այս ընթացքում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքները, օրինակ՝ կարիքների գնահատում, շահառուների հետ քննարկում, ճարտարապետաշինարարական նախագծի մշակում, ենթակառուցվածքների նախագծում։ Կառուցման փուլը կավարտվի 2029-ի դեկտեմբերին։ Այս փուլում կիրականացվի կլաստերների, դրանց բաղադրիչների և հանգուցային կառույցների փուլային հանձնումը: Այլ մանրամասներ չեն նշվում։ 2030-ի հունվարին էլ կսկսվի վերջին՝ սպասարկման փուլը։ Այլ մանրամասներ չեն նշվում։ Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ներկայումս բերված հայեցակարգը ունի շատ անորոշություններ, որոնք դժվարացնում են իրավիճակը:  «Պարզ չէ՝ ակադեմիական քաղաքում ընդգրկվելու պարագայում ինչ է սպասվում ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ զարգացման ռազմավարական ուղղությունների համար ներդրման մասով: Օրինակ, Էկոկենտրոնն ունի Հայաստանի տարբեր շրջաններից 30 տարվա ընթացքում հավաքած և խնամքով պահպանված հողերի նմուշների բացառիկ հավաքածու, որի պահպանման համար ծախսեր են անհրաժեշտ: Հստակ չէ՝ ինչ անել դրանց հետ»,- ասում է Լիլիթ Սահակյանը: Կենտրոնի հողային նմուշների արխիվի մի մասը   Գիտական կազմակերպությունների կարգավիճակն ու դերն ակադեմիական քաղաքում նույնպես հստակ չէ Շարունակելով ներկայացնել Էկոկենտրոնի առանձնացրած խնդիրները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ հայեցակարգում չի նշվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու գիտական ինստիտուտները։ Այս համատեքստում նա հիշում է իր սիրելի անեկդոտներից մեկը․ «Մեկը մահանում է, գնում է վերև, Գաբրիել հրեշտակին ասում է՝ ինձ և՛ դրախտը ցույց տուր, և՛ դժոխքը։ Գաբրիել հրեշտակը դրախտի դուռը բացում, տեսնում է` կանաչ, մարդիկ ժամանակ են անցկացնում, լավ է։ Ասում է՝ դժոխքն էլ տեսնեմ։ Դժոխքի դուռը բացում են, նույն վիճակն է, բայց մի քիչ ավելի ուրախ։ Ասում է՝ Գաբրիե՛լ հրեշտակ, ես դժոխք եմ ուզում։ Գաբրիել հրեշտակը նրան թողնում է դժոխքում, դուռը փակում է, ու մարդը սկսում է կրակների մեջ այրվել։ Դուռը ծեծում է, ասում՝ Գաբրիել հրեշտակ, էս ի՞նչ էր, պատասխանում է՝ այ սա՛ է տուրիստի ու էմիգրանտի տարբերությունը»։ Լիլիթ Սահակյանը նշում է, որ Էկոկենտրոնը՝ որպես ԳԱԱ համակարգի գիտակրթական կենտրոն, ունի ակադեմիական և լիարժեք անկախություն, բայց հիմա իրենց առաջարկում են ընտրել, թե որ կլաստերում են ուզում լինել, որ բուհի հետ միանալ։ «Մենք չգիտենք՝ օրինակ, ընտրեցինք այսինչ բուհը, ի՞նչ կարգավիճակում ենք լինելու, գնացինք մյուս բուհ, այնտե՞ղ ինչ կարգավիճակում ենք լինելու․․․ Մենք որոշյալ լավ-վատ վիճակից պիտի գնանք անորոշ ինչ-որ մի երազանքի հետևից՝ [հույսով] որ լավ է լինելու, ինչպես հիմա էմիգրանտներն են գնում որևէ երկիր, որտեղ լավ է լինելու»,- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։ Նրա խոսքով հստակ չեն նաև կազմակերպաիրավական ձևերը, այդ պատճառով դժվար է բովանդակային հարցեր քննարկել։ «Եթե մենք ու որևէ բուh իրար հետ միավորվում ենք, ՊՈԱԿ ենք մնում, սա լրիվ ուրիշ քննարկում է, հիմնադրամ ենք դառնում՝ ուրիշ, միավորվում ենք, գնում ենք ԵՊՀ-ի կազմ՝ լրիվ ուրիշ։ Արդյո՞ք բուհերը մեզ պատրաստ են ընդունել։ Այն կարգավիճակով, որով բուհերը կարող են մեզ ընդունել, մեզ ձեռնտու չէ, որովհետև դա գիտական, ակադեմիական անկախության վերջն է։ Իսկ թե մենք ինչ կարգավիճակում ենք Ակադեմիական քաղաքում հայտնվելու, ես չգիտեմ։ Ընտրության հնարավորությունն է, որը պարտադիր պետք է տալ ինտիտուտներին, որպեսզի ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծված ու պահպանված գիտական դպրոցները չկորցնենք:»,- ավելացնում է Էկոկենտրոնի տնօրենը։ Կենտրոնի լաբորատորիաներից մեկում   Հնարավոր ռիսկեր Լիլիթ Սահակյանը վստահ է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման շուրջ անորոշությունը նաև ռիսկեր է պարունակում։ «Այս անորոշության մեջ լավ կադրերին պահելը շատ դժվար է․ երկրում անորոշ վիճակ է, գիտությունն անորոշ է, որոշումներն անորոշ են․․․ Ունես լավ մասնագետներ, որոնց արտասահմանից ոչ թե կանչում են, այլ «խլում»։ Հայաստանում մասնագետները հատ-հատ ընտրված են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն այդպիսի մասնագետի կորուստն ինչ կարող է դառնալ գիտական դպրոցի համար: Իսկ գիտական դպրոցների ստեղծման համար մեկ-երկու նախագիծ կամ մեկ-երկու տարին բավարար չեն:»,- մտահոգվում է Սահակյանը։ Ինչ է առաջարկում Էկոկենտրոնը Էկոկենտրոնը ԳԱԱ ուղարկած իր կարծիքում կառավությանը ներկայացրել է այս բոլոր մտահոգություններն ու առաջարկել միայն մի բան՝ հնարավորինս հստակեցնել անորոշությունները։ «Որպեսզի մենք մեր դերն իմանանք և իմանանք՝ պետությունը մեր առջև ինչ խնդիր է դրել․ արդյո՞ք այն ուղղությունները, որոնք Էկոկենտրոնում կան, բոլորը մնալու են, արդյո՞ք մեր առաջնահերթություններն էլի մենք ենք սահմանելու։ Այնքան անորոշություններ կան։ Հաջողելու կամ ձախողելու հավանականությունը 50/50 է»,- ասում է նա։  «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում նշվում է, որ կազմակերպությունների՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելուց հետո Երևանում ազատված անշարժ գույքն «ըստ նպատակահարմարության և հնարավորության՝ ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»: Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ինֆորմացիոն վակումի և անորոշության պայմաններում իրենք մի քանի ամիս բախվել էին խնդրի, երբ գերատեսչություններից մեկը ցանկանում էր ստանալ Էկոկենտրոնի շենքը։ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Էկոկենտրոնի անձնակազմը, սակայն, կարողացավ պայքարել ու պահպանել իր շենքը։  Պատասխանելով այն հարցին, որ գիտական ինսիտուտների տնօրենները Ակադեմիական քաղաքին և բուհերի ու ինստիտուտների միավորմանը կարող են դեմ լինել այն պատճառով, որ չեն ուզում իրենց պաշտոնները կորցնել՝ Էկոկենտրոնի տնօրենն ասում է․ «Իմ իմացած երիտասարդ տնօրենները որ օրը դիմեցին, հաջորդ օրը երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ աշխատանք են գտնելու։ Տնօրենների՝ պաշտոնից կառչելու պահն ամեն դեպքում իմ իմացած տնօրենների մոտ չկա, որովհետև մեծամասնությունը լավ գիտնականներ են, կայացած մարդիկ են և ունեն «ճոխ» կենսագրություն, ուստի նման շահարկումներն ուղղակի զավեշտալի են»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարությունը հուլիսին հայտարարություն  տարածեց՝ հրավիրելով բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին հայեցակարգային առաջարկներ ներկայացնել միավորման գործընթացի վերաբերյալ։ Էկոկենտրոնը դեռևս առաջարկներ չի ներկայացրել, քանի որ հարցը ԳԱԱ-ում դեռ չի քննարկվել։  Ամփոփելով ակադեմիական քաղաքի շուրջ Էկոկենտրոնի մտահոգությունները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեից նշել են, որ  կայցելեն գիտական բոլոր ինստիտուտներ, քննարկումներ կունենան այս թեմայով։ Այժմ Էկոկենտրոնում սպասում են քննարկումներին, որ իրենց հարցերի պատասխանները ստանան։    Գլխավոր լուսանկարը գեներացված է Արհեստական բանականության միջոցով Աննա Սահակյան
19:27 - 07 նոյեմբերի, 2023
Վիկտոր Կատվալյանը վերընտրվել է ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Վիկտոր Կատվալյանը վերընտրվել է ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Վիկտոր Լիպարիտի Կատվալյանը։ Այս մասին հաղորդում է Գիտությունների ազգային ակադեմիան։ Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1984-1987 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1987 թվականին աշխատանքի է անցել ինստիտուտում։ 1991 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հնչյունների համակցական փոփոխությունները ժամանակակից հայերենում» թեմայով։ 1993 թվականից դասախոսում է Գավառի պետական համալսարանում: 1998-2004 թվականներին եղել է նույն համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 2004-2012 թվականներին՝ Բանասիրական ֆակուլտետի դեկան: 2011 թվից դասավանդում է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2012 թվականից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն է։ 2017 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ» թեմայով: Վիկտոր Կատվալյանի գիտական հետաքրքրությունները վերաբերում են բարբառագիտությանը, հայոց լեզվի պատմությանը, ժամանակակից հայերենին, ընդհանուր լեզվաբանությանը, բառարանագրությանը, արևմտահայերենի և արդի լեզվաքաղաքականության խնդիրներին: Նա հեղինակ է 14 մենագրությունների և շուրջ 90 հոդվածների:  Վիկտոր Կատվալյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեությունը։   «Վերջին տասնամյակում ինստիտուտում հետազոտական աշխատանքներն ընթացել են 4 ուղղություններով՝ արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ, հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր, հայ բարբառների ուսումնասիրություն, ընդհանուր ու համեմատական լեզվաբանություն և կիրառական լեզվաբանության հարցեր։ Զարգանում է նաև կիրառական լեզվաբանությունը։ Այս ուղղությամբ կատարվել են փորձառական հնչյունաբանական հետազոտություններ, դիտարկվել են համաբարբառների համակարգչային մշակման խնդիրներ, իրականացվել են մի շարք  ծրագրեր, որոնք միտված են   լեզվաբանական հետազոտությունների բնագավառում նորագույն տեխնոլոգիաների, համացանցի հնարավորությունների, համակարգչային տեխնիկայի կիրառությանը և հայերենի՝ որպես համացանցային լեզվի հաջող գործառությանը: Նաև ընթանում են հայ լեզվաբանական գրականության մատենագիտական ցանկերի կազմման աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում ժամանակակից համակարգչային լեզվաբանության նորագույն գաղափարների ու միջոցների ներդրման ուղղությամբ», - ասաց Վիկտոր Կատվալյանը։ Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ ծավալելու հետազոտություններ հոգելեզվաբանության, նյարդալեզվաբանության ուղղություններով: Վերջերս բացված փորձառական հնչյունաբանության լաբորատորիան նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություններով լավ հեռանկարներ է բացում հայերենի բոլոր կարգի դրսևորումների փորձառական հետազոտությունների համար։ Կարևորվում է հայերենագիտության ոլորտում ինստիտուտի ձեռքբերումները միջազգայնացնելու նպատակով օտարալեզու հրապարակումների ավելացումը, հասարակության մեջ լեզվական ճիշտ պատկերացումների ձևավորումը, երիտասարդ գիտնականների պատրաստման  ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: 
17:53 - 18 հոկտեմբերի, 2023
ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին

ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ), Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և «Ֆոլքսվագեն» հիմնադրամի ջանքերով օգոստոսի 19-24-ը ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին: Այս մասին նշվում է ԱԱԳԼ տարածած հաղորդագրության մեջ։ «Ծրագրի շրջանակում օգոստոսի 19-21-ը անցկացվելիք աշխատաժողովին ելույթ կունենան ոլորտի առաջատար մասնագետներ՝ Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Աշխատաժողովը շարունակում է 2010 թ․ հիմնադրված «Սուպեր-համաչափությունը ինտեգրվող համակարգերում» խորագրով շարքը։ Օգոստոսի 22-24-ը կանցկացվի ամառային դպրոցը, որի ընթացքում դասախոսություններ կվարեն միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ և գիտնականներ: Հանդիպումների շարքը  գիտական յուրօրինակ միավորում է։ Այս անգամ կիզակետում կլինեն դաշտի քվանտային տեսության, լարերի տեսության և դրանց հետ կապակցված ինտեգրվող համակարգերի երկրաչափական ասպեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Աշխատաժողովի և ամառային դպրոցի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
20:58 - 17 օգոստոսի, 2023
Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:  Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5 մ, բարձրությունը՝ 1-3 մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով: Արևելյան պարսպապատի մեջ պահպանվել է 3 մ լայնությամբ մուտքը, որի երկու կողմերում երկու որմնահեծեր կան։ Արևմտյան պարսպաշարի երկարությամբ ձգվում են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարի առավել պահպանված հատվածը՝ մոտ 3 մ, ունի ավելի քան 10 շարք բարձրություն։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների: Արշավախմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ ամրոցի տարածքի պեղումներն իրականացնելու համար (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան):   Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա. 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։ Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։
11:34 - 11 հուլիսի, 2023
Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Պատահե՞լ է, որ քարի վրա բարակ, գունավոր շերտ տեսնեք, ու առաջին հայացքից ձեզ թվա, թե դա մամուռ է… Իրականում ձեր առջև քարաքոս է՝ մի հետաքրքիր «օրգանիզմ», որն այնքան էլ օրգանիզմ չէ։ Կային ժամանակներ, երբ քարաքոսերը համարվում էին բույսեր։ Բայց երբ գիտնականները խորությամբ ուսումնասիրեցին դրանք, պարզեցին, որ քարաքոսերն ամենևին էլ բույսեր չեն, այլ բարդ համակարգեր՝ համակեցություններ, որտեղ կան սնկեր և ջրիմուռներ։ Մինչև վերջերս Հայաստանի քարաքոսերի մասին գիտական հետազոտությունների հաճախ չէիք հանդիպի։ Իրավիճակը փոխվեց 2020-ին, երբ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում գիտական նոր խումբ ձևավորվեց, որը սկսեց զբաղվել Հայաստանի քարաքոսերի ուսումնասիրությամբ։ Իսկ ինչպե՞ս ձևավորվեց Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը, ովքե՞ր են աշխատում այնտեղ, ինչպե՞ս են հետազոտում քարաքոսերը․․․ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան,Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի  
21:56 - 10 հուլիսի, 2023
Հայ օգնության ֆոնդը 22 դրամաշնորհ է տրամադրել գիտության ոլորտի ներկայացուցիչներին

Հայ օգնության ֆոնդը 22 դրամաշնորհ է տրամադրել գիտության ոլորտի ներկայացուցիչներին

05 հունիս, Երևան – Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։ 2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 125 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 22-ը։ Ընտրված 22 դրամաշնորհներից 1-ը ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից։ 22 գիտական խմբերի ղեկավարներից 8-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք, իսկ խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70 է։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ: «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամն (ANSEF ) արդեն մոտ 3 միլիոն դոլարի դրամաշնորհ է տվել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գիտնականներին՝ իրականացնելու իրենց նորարական գաղափարները։ Երբ ծրագիրը ստեղծվեց, գիտնականների մեծ մասը չունեին համակարգիչներ, անհրաժեշտություն կար տարբերի սարքավորումների և նյութերի։ ANSEF  ծրագրի շնորհիվ նախ լուծվեցին այս խնդիրները, հետո գիտնականները սկսեցին գործուղումներ գնալ, կոնֆերանսների մասնակցել, փորձ ձեռք բերեցին միջազգային գիտական ասպարեզում, համագործակցեցին այլ գիտնական կենտրոնների հետ և ստացված արդյունքները հրատարակեցին միջազգային ամսագրերում։  Առանձնակի ուշադրություն դարձվեց երիտասարդ գիտնականների աջակցությանը, նրանց համար հատուկ դրամաշնորհներ սահմանվեցին։ Քայլեր արվեցին  համալրելու գիտական ոլորտը երիտասարդներով։  Շնորհավորում ենք բոլորիդ ու շնորհակալ ենք, որ ստանձնել ենք գիտության առաջամարտիկի ոչ դյուրին, բայց կարևոր առաքելությունը», - նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը, - նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։ ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2023-ին 6 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 4-ը՝ ֆիզիկայի, 4-ը՝ կենսաքիմիայի, 3-ը՝ աստղաֆիզիկայի, 2-ը՝ կենսատեխնոլոգիայի, 2-ը՝ հումանիտար և 1-ը՝ բուսաբանության ոլորտներն ուսումնասիրելու հայտերը։ «Ես ԳԿՀԱՀ-ի առաջին շահառուներից եմ և հստակորեն կարող եմ ասել, որ այն մշակութաստեղծ ծրագիր է: Այն առաջ է մղում սփյուռքում գիտության ոլորտի զարգացումը՝ միևնույն ժամանակ լինելով հայաստանակենտրոն ծրագիր։ Մասնակացում են նաև մագիստրոսներ, ասպիրանտներ, ինչը հնարավորություններ է ստեղծում սկսնակ գիտնականների համար՝իրականացնելու իրենց մտահղացումներն ու նորարությունները», - ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը՝ շնորհավորելով հաղթող գիտնականներին։   Անցած 23 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 3292 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 589 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2170 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 945 հազար դոլար:  
15:03 - 06 հունիսի, 2023
5 հայ աշակերտներ կմասնակցեն Բրատիսլավայում կայանալիք միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

5 հայ աշակերտներ կմասնակցեն Բրատիսլավայում կայանալիք միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփմանը: Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող են ճանաչվել 5 մասնակիցներ, որոնք սեպտեմբերին Բրատիսլավայում մասնակցելու են միջազգային փուլին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև ուսանողների շրջանում հայտարարված էսսեների մրցույթի արդյունքները, և պարգևատրվել են 8 հաղթողները, տեղի է ունեցել նաև ոլորտի զարգացումների ու առկա խնդիրների վերաբերյալ տնտեսագիտական թեմաներով քննարկում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին ու հաջողություն մաղթել նրանց միջազգային փուլում: «Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մենք կարևորում ենք ֆինանսական գրագիտության բարձրացումը հանրակրթության բոլոր մակարդակներում: Պետք է փաստել, որ ֆինանսական գրագիտությունը ներառում է մի շարք առարկաներ, և շատ կարևոր է, որ աշակերտները հասկանան, թե յուրաքանչյուր առարկայի շրջանակում ձեռք բերած կարողություններն ու հմտություններն ինչպես են կիրառելու իրենց կյանքում, մասնավորապես ինչպես են պլանավորելու իրենց բյուջեն, ծախսերը: Այսօրինակ մրցույթները և օլիմպիադաները խրախուսում են սովորողներին ևս մեկ անգամ ստուգելու իրենց գիտելիքները: Վստահաբար՝ ուսումնառության ընթացքում պաշարած գիտելիքներն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակներում դրսևորվելու լավ առիթ են ընձեռում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ այն աշակերտները, որոնք հաջողություն են գրանցել օլիմպիադայի հանրապետական փուլում, կհաջողեն նաև միջազգային հարթակում։ Նշենք նաև, որ միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել են 10, 11, և 12-րդ դասարանների շուրջ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից: Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցության իրավունք էին ստացել մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը հաղթահարած 36 աշակերտներ: Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ: Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Նպատակն է դեռահասների շրջանում տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը և ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը։
19:00 - 02 հունիսի, 2023
Օրգանական քիմիայի ինստիտուտն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով քննությունը դատարանը կշարունակի հաջորդ տարի

Օրգանական քիմիայի ինստիտուտն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով քննությունը դատարանը կշարունակի հաջորդ տարի

ՀՀ վարչական դատարանում դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ այսօր շարունակվեցին Գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ն (այսուհետ՝ ՊՈԱԿ) ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով նախնական դատալսումները։ Հիշեցնենք՝ Քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ ՓԲԸ կամ կառուցապատող ընկերություն) թույլատրել է ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, ինչին վերջինիս գիտաշխատողները դեմ են արտահայտվել՝ կարծիք հայտնելով, որ շինարարությունը կվնասի ՊՈԱԿ–ի գիտական գործունեությանը։ Բացի այդ,  ջրանցքը տեղափոխելու իրական պատճառը, ըստ նրանց, այն է, որ վերջինս անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։  Շինթույլտվության որոշումը դատարան բողոքարկելու հետ մեկտեղ ՊՈԱԿ-ը միջնորդել էր կասեցնել այն, ինչը դատարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։ Սակայն մոտ մեկ ամիս անց՝ 2023 թ․ հունվարի 31-ին, դատարանը վերացրել էր բավարարման իր իսկ որոշումը, եւ շինարարությունը վերսկսվել էր։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանն այսօր հայտնեց՝ շինարարությունը, ըստ էության, արդեն ավարտվել է, մնացել են ասֆալտապատման բարեկարգման աշխատանքները։ Հաշվի առնելով ինչպես այդ, այնպես էլ այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտի՝ շինթույլտվության որոշման ժամկետը ավարտվել է (այն ի սկզբանե տրվել էր 55 օրով՝ մինչ 2022 թ․ դեկտեմբերի 25-ը), այսինքն՝ որոշումը այլեւս իրավաբանական ուժ չունի, դատավոր Արգիշտի Ղազարյանը հետաքրքրվեց՝ հայցվոր կողմը հայցատեսակի փոփոխության հետ կապված ասելիք ունի՞։ Բանն այն է, որ հայցի տեսակները վարչական դատավարությում տարբեր են՝ կախված նրանից, թե հայցվոր կողմն ինչ է պահանջում։ Տվյալ դեպքում ՊՈԱԿ–ը դատարան է դիմել վիճարկման հայցատեսակով, որով պահանջել է ամբողջությամբ վերացնել իրեն միջամտող վարչական ակտը (շինթույլտվության որոշումը)։ Սակայն դատական քննության ընթացքում կողմը իրավունք ունի փոխել հայցի տեսակը՝ տվյալ դեպքում ներկայացնելով ճանաչման հայց, որով կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել արդեն իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը, եթե մտադիր է, օրինակ, գույքային վնասի հատուցում պահանջել կամ եթե առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ ակտ կրկին ընդունելու վտանգ։ Արձագանքելով դատավորի հարցին՝ ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանն ասաց, որ իրենք այս պահին տեղեկություն չունեն՝ շինարարության կասեցման հետ մեկտեղ շինթույլտվության  որոշման ժամկետը եւս կասեցվե՞լ է, այժմ այդ ժամկետը իսկապե՞ս սպառվել է թե՞ ոչ, որովհետեւ մինչեւ վերջերս էլ՝ ապրիլի 12-ին եւ 11-ին, շինարարություն իրականացվել է․«Այդ պատճառով մենք ենթադրում ենք, որ կամ ժամկետը երկարաձգվել է կամ կայացվել է նոր վարչական ակտ, հետեւաբար այլ հայցատեսակ չենք նախատեսել»,– նշեց նա։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը տեղեկացրեց՝ դիմում ներկայացվել է շինթույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, սակայն դրա ընթացքի մասին ինքը տեղեկություն չունի։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանն էլ պարզաբանեց՝ երբ դատարանի որոշմամբ շինարարությունը դադարեցվել էր, կասեցվել էր նաեւ շինթույլտվության որոշման ժամկետը։ Այն սկսել է դարձյալ հոսել 2023 թ․ փետրվարի 7-ին, երբ ուժի մեջ է մտել դատարանի մյուս որոշումը, որով վերջինս վերացրել է կասեցման իր իսկ որոշումը։ Այդ ժամանակ շինթույլտվության որոշումը ժամկետի մեջ է եղել եւս 30 օր, որը նույնպես, փաստացի, արդեն լրացել է։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ղուլյանը հայտարարեց, որ վեճը սպառված է, եւ ինքը միջնորդություն ունի վարչական վարույթը կարճելու մասին։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը, սակայն, չշտապեց անցնել միջնորդության քննությանը՝ ասելով՝ հայցվոր կողմը առայժմ չի հստակեցրել վեճի տեսակը (հայցատեսակը), որ իրենք էլ այն սպառված համարեն․ «Այսինքն՝ հայցատեսակը փոխելու դատավարական հնարավորությունը սպառված չէ»,– պարզաբանեց նա։ ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը եւս նշեց, որ վեճը սպառված չէ, սակայն որպեսզի իրենք կարողանան կողմնորոշվել՝ պնդո՞ւմ են արդյոք ներկայացված հայցատեսակը թե՞ փոփոխում են այն, պետք է հստակ տեղեկություն ունենան շինթույլտվության որոշման ուժի մեջ լինել–չլինելու կամ դրա երկարաձգման մասին նոր վարչական ակտ կայացված լինել–չլինելու վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Նաղդալյանը միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի ինքը հարցում կատարի Քաղաքապետարանին եւ ստացված պատասխանի հիման վրա միայն դիրքորոշում հայտնի։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը բավարարեց միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով շուրջ 9 ամիս անց՝ 2024 թ․ հունվարի 24-ին։ Դատավորը չպարզաբանեց իր այդ որոշումը, սակայն հաշվի առնելով, որ նախորդ նիստերի ընթացքում նշել է իր ծանրաբեռնվածության մասին՝ հնարավոր է, որ պատճառը դա լինի։ Հավելենք, որ երբ Վարչական դատարանը վերացրել էր շինարարությունը կասեցնելու իր իսկ որոշումը, ՊՈԱԿ–ի ներկայացուցիչը դրա դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, մերժել է բողոքը՝ արձանագրելով, որ գործում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնց հիմքով կձեւավորվեր հիմնավոր կասկած առ այն, որ շինարարության թույլտվության կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Վնասի հավանականությունը դատարանում հերքել էր նաեւ կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը։ Վերաքննիչ դատարանը նաեւ արձանագրել է, որ այն դեպքում, երբ ոչ թե առհասարակ տվյալ ակտի գոյությունն է հանդիսանում հնարավոր վնասի առաջացման պատճառը, այլ վնասի առաջացումը պայմանավորված է ակտի կատարմանն ուղղված այնպիսի ձեւերի, մեթոդների ու եղանակների ընտրությամբ, որոնք ինչ-ինչ պատճառներով հանգեցնում են ֆիզիակական կամ իրավաբանական անձի կամ գույքի վնասի առաջացման, ապա վնաս կրողը զրկված չէ իր իրավունքների պաշտպանությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով սահմանված կանոնակարգումների շրջանակներում իրականացնելու հնարավորությունից։ Տիգրան Նաղդալյանը մեզ տեղեկացրեց, որ որոշումը դեռեւս չեն ստացել, ստանալուց հետո պատրաստվում են դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել։ Նշենք, որ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալու պահից հնգօրյա ժամկետում, որի ընթացքում էլ այն կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։   Միլենա Խաչիկյան  
22:22 - 13 ապրիլի, 2023
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ․ հայտարարություն

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ․ հայտարարություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևան քաղաքում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ։ Այս մասին հայտարարել է ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղրոդագրության մեջ նշվում է․ «Մոտ մեկ ամիս առաջ ստացանք հրավեր Երևանի քաղաքապետարանից, որպեսզի ապահովենք ինստիտուտի մասնագետների մասնակցությունը Երևանի կանաչապատման վերաբերյալ աշխատաժողովին։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվել է Երևանում հիվանդ, դեֆորմացված ծառերի արժեքավոր տեսակներով փոխարինման և ինվազիվ տեսակների հեռացման հարցը, ինչը ողջունվել է մասնագետների կողմից։ Կազմվել է արձանագրություն, որը հրապարակված է։ Մեկ ամիս անց Երևանի կենտրոնում սկսվեցին ծառերի զանգվածային հատումները։ Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հղում են անում գիտական կարծիքի և գիտնականների վրա, ինչը տեղին չէ։  Մեր ինստիտուտի գիտնականները հայտնել են կարծիք ընդհանուր գաղափարի՝ հիվանդ ծառերի փոխարինման վերաբերյալ», - ասաց Արսեն Գասպարյանը։ Նա նշեց, որ նման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար պետք է լինի հստակ մշակված ծրագիր։ «Մեր ինստիտուտը նման ծրագիր չի ստացել, չի քննարկել և չի արձագանքել։  Մենք ունենք պետություն, և պետության մեջ գործում են մասնագիտացված պետական ինստիտուտներ և կառույցներ, որոնց պետք է դիմել, դիտողություններ և առաջարկություններ ստանալ։ Սա շատ կարևոր գործընթաց է, բայց այն տեղի չի ունեցել։ Ցանկացած հատման դեպքում ծառի կենսունակությունը պետք է որոշվի մասնագետների կողմից, ներկայացվի հիմնավորում՝ ինչու է հատվում և ինչ է տնկվելու։ Ըստ էության, մասնագիտացված կառույցներն այս ամենի հետ ոչ մի առնչություն չունեն, և Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի անունը շահարկվում է ըստ կարիքի», - ասաց Արսեն Գասպարյանը։ Ըստ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի՝ այս գործընթացն ունի նաև հանրային բաղադրիչ․ «Իմ կոչն է՝ ներկայացնել, հանրայնացնել ամբողջական ծրագիրը, մասնագիտական հիմքերը յուրաքանչյուր փողոցի, ծառի համար։ Ամբողջ աշխարհում ավելի գերադասում են օգտագործել տեղական տեսակները, որովհետև ավելի կայուն և դիմացկուն են։ Բուսաբանության ինստիտուտը վերջերս իրականացրել է հետազոտություն, ներկայացրել տեսակները Երևանի համար, որոնք նպաստավոր են կլիմայի փոփոխության երկարաժամկետ հեռանկարում։ Քաղաքապետարանը մասնակցել է քննարկումներին և ունի այդ ուղեցույցը։ Խորհուրդ կտամ օգտվել գիտության արդյունքներից»։ Արսեն Գասպարյանն առաջարկում է անհապաղ սկսել քաղաքային բնապահպանական ռազմավարության մշակում։ «Այսօր չկան սահմանված և չափելի ռազմավարական նպատակներ, իսկ քաղաքը մի ամբողջ էկոհամակարգ է։ Եթե մենք չունենք բնապահպանական ռազմավարություն, մանրամասն ներկայացված ոլորտային գործողությունների ծրագիր, ապա արագ կերպով նման ազդեցություն ունեցող որոշումներ կայացնելը տեղին չեմ համարում։ Կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը կասեցվի, ծրագիրը  մանրամասն մշակվի, ներկայացվի հանրային և մասնագիտական լայն քննարկման, ստացվի մասնագիտացված կառույցների արձագանքը, կատարվեն համապատասխան փոփոխություններ և դրա հիման վրա, հանրությանը պատշաճ իրազեկելու պայմաններում, իրականացվեն գործողություններ։ Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ մեր քաղաքի համար լավ լինի», - ասաց Արսեն Գասպարյանը։
10:32 - 28 մարտի, 2023
ՕԴՔԿ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ իր տարածքում շինարարությունը դարձյալ կասեցվի․ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՕԴՔԿ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ իր տարածքում շինարարությունը դարձյալ կասեցվի․ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով վերջինս վերացրել է ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու իր որոշումը։  Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել էր ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, ինչին ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեմ են։ Նրանք այն համոզմանն են, որ ջրանցքը տեղափոխվում է, քանի որ անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ Քաղաքապետարանի որոշումը բողոքարկելով Վարչական դատարան՝  ՊՈԱԿ-ը նաեւ միջնորդել էր կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը դատարանի՝ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։ Նախնական դատական նիստերի ժամանակ կառուցապատող ընկերությունը, որ գործով երրորդ անձ է ներգրավվել, միջնորդել էր վերացնել շինարարական աշխատանքների կասեցման որոշումը։ ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նշել էր, որ շինաշխատաքների հիմնական մասն արդեն արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ։ Միեւնույն ժամանակ վերջինս նույն պահանջով վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Միջնորդության քննության ժամանակ դրա դեմ առարկել էր ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը՝ պնդելով, որ շինարարության հետեւանքով գիտաշխատողների կյանքը եւ առողջությունը վտանգվել է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը՝ դարձել անհնար։ Վարչական դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, այս տարվա հունվարի 31-ին միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ երրորդ անձը արդեն իսկ իրացրել է իր դատավարական իրավունքը՝ կասեցման որոշումը բողոքարկելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Այնուհանդերձ, ՊՈԱԿ-ի ներկայացրած դիրքորշումների, միջնորդության համադրման և վերլուծության արդյունքում Դատարանը միաժամանակ վերացրել է շինարարությունը կասեցնելու իր իսկ որոշումը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ որի՝ Վարչական դատարանն իրավասու է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը։  Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ որոշմամբ Վարչական դատարանը նշել է, որ ՊՈԱԿ-ը շինարարությունը կասեցնելու ահրաժեշտությունը հիմնավորում է այնպիսի փաստարկներով, որոնք վերաբերում են շինարարական աշխատանքների իրականացման մեթոդին եւ եղանակներին, եւ պայմանավորված են այդ աշխատանքների իրականացման արդյունքում առաջ եկած իրավիճակով: Չբացառելով վնասների հավանական առաջացումը՝ Դատարանը համարել է, որ այդ վնասները, դրանց հատուցման հետ կապված հարցերը կրում են մասնավոր իրավահարաբերությունների բնույթ, ենթակա չեն քննարկման հանրային արդարադատության կարգով, ուստի չեն կարող դառնալ վարչական դատավարության քննության և գնահատման առարկա։ Միեւնույն ժամանակ Դատարանն արձանագրել է, որ ՊՈԱԿ-ը չի վկայակոչել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ որեւէ փաստարկ, որով պայմանավորված կլիներ իրեն զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հանգամանքը․ «Ինչ վերաբերում է Դատարանի կողմից 25.11.2022թ.-ի որոշմամբ սկզբնապես վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելուն, ապա այդ որոշման կայացումը պայմանավորված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ընդհանուր կարգավորումով, նման որոշումն անհապաղորեն կայացնելու անհրաժեշտությամբ՝ հայցվորի իրավունքների և օրինական շահերի խախտումը բացառելու նպատակով»,- ասված է որոշման մեջ։ Քանի որ շինարարության կասեցման որոշումը վերացվել է, կառուցապատող ընկերությունը շինարարությունը վերսկսել է՝ հետ վերցնելով իր վերաքննիչ բողոքը։ Այժմ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ Վերաքննիչ դատարանը բեկանի շինարարության կասեցումը վերացնելու որոշումը եւ այն դարձյալ կասեցնի մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը։ ՊՈԱԿ-ի բողոքը մակագրվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։ Այն վարույթ ընդունելու եւ դատական նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս չկա։   Գլխավոր լուսանկարը՝ Hetq.am-ի Միլենա Խաչիկյան
14:27 - 28 փետրվարի, 2023
«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

Վերջին օրերին սկսել է քննարկվել գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորման հարցը։ Այս թեմայով խոսակցություններ կային դեռևս նախորդ տարվա սկզբին, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։   Հնարավոր միավորման մասին առաջին խոսակցությունները 2022-ի ամռանը կառավարությունը հաստատեց «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս խոսեց նաև առաջարկվող կարևոր փոփոխությունների մասին․ «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել պետական բուհերի, ըստ ուղղությունների, խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը։ Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»։  Նախագծում նշվում է նաև, որ առաջարկվող փոփոխություննների արդյունքում 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Խորհրդարանն ընդունել է նախագիծը, իսկ Հանրապետության նախագահն այն ստորագրել է 2022-ի դեկտեմբերին։ Գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի միավորման թեման վերջին օրերին սկսեց կրկին քննարկվել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ)։ Այստեղ նա հանդիպեց Ակադեմիայի ղեկավարության և ԳԱԱ կազմում ընդգրկված ինստիտուտների տնօրենների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հանդիպման ընթացքում, դատելով ԳԱԱ տարածած մամուլի հաղորդագրությունից, քննարկվել է նաև ինստիտուտների ու բուհերի միավորման թեման։ Ինստիտուտների տնօրենները դեմ են արտահայտվել նման հնարավոր փոփոխությանը, իսկ ԳԱԱ ղեկավարությունն ունի փոփոխությունների սեփական առաջարկը։   Ինչպես հարցը բերվեց օրակարգ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը պատմում է, որ 2022-ի հուլիսին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծն իր վերջնական փուլում էր և համաձայնեցված էր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի միջև․ «Հուլիսի 1-ին այն պետք է արժանանար վերջնական հավանության և ապա գնար Ազգային ժողով»։ Հիշեցնենք, որ օրենքի նախագծի առաջին տարբերակն ԱԺ-ն ընդունել էր 2021-ին, սակայն դրա որոշ դրույթներ հակասահմանադրական էին ճանաչվել։ 2022-ի ամռանն այն լրամշակման փուլում էր (վերջին լրամշակված տարբերակը հրապարակվել է 2022-ի հոկտեմբերին)։ 2022-ի հուլիսին օրենքի լրամշակված տարբերակը չդրվեց շրջանառության մեջ, քանի որ կառավարությունը նախընտրեց սկզբում գնահատել իրավիճակը, ապա ռազմավարական որոշումներ կայացնել, որոնցից էլ պետք է բխեր «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքը։ Ապա վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն, ըստ Արթուր Իշխանյանի, սկսեց գործել 2022-ի աշնանից։ «Ստեղծվեց այդ աշխատանքային խումբը, որի  կազմում ընդգրկված է, որքան գիտեմ, 9 հոգի։ Ոչ մի բուհի ռեկտոր չկա, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն չկա․ միայն Ակադեմիայի նախագահն է, Գիտկոմի նախագահը, իսկ մյուսները բավականաչափ հեռու են ոլորտից։ Եվ սա շատ մեծ անհանգստություն է առաջացնում։ Քննարկումները եղել են փակ, օպերացիոն մակարդակի հիմնական շահառուների մասնակցայնության զրո աստիճանով»,- ասում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։ Նրա խոսքով հենց այս աշխատանքային խումբն էլ քննարկել է գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու սցենարը, ընդ որում՝ առաջարկվում է այս փոփոխությունն իրականացնել 8 ամսվա ընթացքում։ Ակադեմիայի ղեկավարությունը դեմ է եղել նման փոփոխությանը։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, որն ընդգրկված է աշխատանքային խմբում, ներկայացրել է Ակադեմիայի մշակած առաջարկը, որին, ըստ Արթուր Իշխանյանի, իրենց համաձայնությունն են տվել նաև ԳԱԱ ինստիտուտների տնօրենները։ Կառավարությունը, սակայն, հակված չէ ընդունելու ԳԱԱ առաջարկը։ Արթուր Իշխանյանը շեշտում է՝ այն հանգամանքը, որ քննարկումը կայացել է առանց ռեկտորների և ինստիտուտների տնօրենների հետ խորհրդակցելու, ինստիտուտների տնօրենների մոտ զարմանք և դժգոհություն է առաջացրել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ ունեցել են մասնավոր քննարկումներ բուհերի ռեկտորների հետ, և իրենց տպավորությամբ նրանք էլ են դեմ որոշմանը։ «Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն մեծ, լայն կոնսենսուսի պարագայում։ Այդ կոնսենսուսին կարելի էր հասնել, եթե նմանատիպ քննարկումներին մասնակցեին շահագրգիռ կողմերը։ Այսպիսի հարցում այս գործելաոճն անընդունելի է»,- նշում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։    Ինչու է ԳԱԱ-ն դեմ միավորմանը Խոսելով հետազոտական ինտիտուտների և բուհերի համագործակցության կարևորությունից՝ Արթուր Իշխանյանը նախ նշում է երկու խնդիր։ Առաջին խնդիրն ինստիտուտներում է․  գիտական համակարգը կարիք ունի սերնդափոխության, նոր, երիտասարդ կադրերի ներգրավման, և այդ նոր կադրերը պետք է գան բուհերից։ Երկրորդ խնդիրը բուհերում է․ «Բուհերն ունեն ուսման մակարդակի բարձրացման խնդիր։ Բուհերում գոյություն ունեն որոշ դեպքերում հնացած կրթական ծրագրեր, շատ քիչ են այդ ծրագրերն առնչվում արդիական գիտական ուսումնասիրություններին»։  Խնդիրներից մեկն էլ, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, այն է, որ բուհերի դասախոսների ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տալիս զբաղվելու գիտական աշխատանքով։ Անդրադառնալով արդեն ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորմանը՝ Արթուր Իշխանյանը նշում է․ «Խոսքն ավելի շատ մեխանիկական միավորման մասին է, որ բուհերի հաշվետվություններում ներգրավվի Ակադեմիայի տված գիտական արդյունքը, որը դեռևս բավականաչափ բարձր դիրքեր է զբաղեցնում։ Արդյունքում տվյալ համալսարանի գիտական արդյունքը կշատանա, և դա նրան հնարավորություն կտա վարկանիշային աղյուսակներում ինչ-որ զարգացում ունենալ, բարձրանալ։ Սկսենք նրանից, որ թեպետ գիտական արդյունքը ռեյտինգների կազմման հարցում կարևոր ցուցանիշ է, բայց միայն դրանով չէ, բազմաթիվ այլ ցուցանիշներ կան՝ սկսած սաքավորումների քանակից և այլն։ Միայն դրանով շատ բանի հասնել հնարավոր չէ։ Կա Վրաստանի տապալված փորձը, երբ այդ մեխանիկական միավորման արդյունքում ինստիտուտները բացարձակ տուժեցին, մեծամասամբ վերացան․ օրինակ, 270 գիտաշխատող ունեցող 3 ինստիտուտից մնաց գումարային ընդամենը 32 գիտաշխատող։ Իսկ 20 տարվա ընթացքում Վրաստանի համալսարանը կարողացավ միայն 100 կետով բարձրանալ մինչև մոտ 1500-րդ տեղ։ Այսինքն, մեխանիկական միավորման  իրական արդյունքն, ըստ երևույթին, լինելու է բավական աննշան»։ Հիշեցնենք՝ կառավարությունը խոստանում է, որ 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում։ Արթուր Իշխանյանի խոսքով կառավարությունը ռիսկերի գանահատում չի իրականացրել։ Նա մի քանի կարևոր կետեր է առանձնացնում, թե ինչու է ռիսկային գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միացնելը։  Համապատասխան ֆինանսական ռեսուրսների ներհոսք չկա նման լայնածավալ փոփոխություն իրականացնելու համար։ Բուհերը շոշափելիորեն ավելի ծանրաքարշ կառույցներ են․ «Բուհերում, օրինակ, գնումների գործընթացը տևում է անգամներ երկար։ Դա բացասական է անդրադառնալու ինստիտուտների գործունեության վրա»։ Բուհական համակարգը չունի բրգաձև կառույց․ «Բրգաձև կառույցը ֆիզիկայից հայտնի է որպես առավել կայուն, իսկ կայունության ծարավ այսօր մենք ունենք ամեն ինչում։ Եվս մեկ ցնցում հարուցել առանց դրա էլ ցնցված մեր այս իրավիճակում անընդունելի է»։ Հասարակական-քաղաքական կայունության ժամանակը․ «Եթե մենք ունենայինք քաղաքական կայունության երաշխիքներ 20-ամյակի կտրվածքով, ինչպիսին ուներ Էստոնիան՝ Եվրամիության անդամ լինելով, խնդրեմ։ ԵՄ-ի նման կայուն, կայացած, քաղաքակրթական համակարգում կարելի է անել այդպիսի ռեֆորմներ։ Մենք կարո՞ղ ենք խոսել քաղաքական կայունության մասին։ Չէ՞ որ 10 տարի տևելու պարագայում հաջորդ կառավարությունը կարող է գալ, ասել՝ ո՛չ, չենք անում։ Իսկ եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ եղա՞ն»։ Ակադեմիան ունի պատմական նշանակություն․ «Տեսեք՝ այս 30 տարվա ընթացքում որքան ոտնձգություններ են եղել գիտական համակարգի գույքի, տարածքների նկատմամբ։ Նույնիսկ սեփականաշնորհել էին Արագածի կայան գնացող էլեկտրագծերը։ Ապօրինի կերպով սեփականաշնորհել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լողավազանը և այնտեղ հիմա շինարարություն են անում։ Ակադեմիայի համակարգից դուրս գտնված ինստիտուտների մեծ մասը վերացել է։ Իսկ Ակադեմիան մեծամասամբ պահպանվել է։ Սա պատմական առաքելություն էր, որն Ակադեմիան իրականացրել է, և որը պետք է ողջունվի, գնահատվի պետական տեսակետից։ Ակադեմիական համակարգի կայունությունը կարևոր հանգամանք է»։ Արթուր Իշխանյանը հավելում է, որ, ընդհանուր առմամբ, Ակադեմիան ավելի զարգացած է, քան բուհական համակարգը․ «Ուստի, առնվազն ինտուիտիվ մակարդակով տրամաբանական չէ պակաս զարգացած համակարգի գերակայությունը ավելի զարգացածի նկատմամբ։ Ես հակառակը կառաջարկեի՝ Ակադեմիայի կողմից բուհերի նկատմամբ որոշ վերահսկողություն՝ առնվազն գիտական մասով, կարելի է նաև՝ ուսումնական։ Դե իսկ, բացի ասվածից, գաղտնիք չէ նաև, որ բուհական համակարգը շատ ավելի քաղաքականացված է և կոռումպացված, քան Ակադեմիան (hամենայն դեպս, այդպիսին է հանրային կարծիքը)։ Ընդհանրապես, պետք է ասել, որ Ակադեմիան շատ ավելի դեմոկրատական կառույց է։ Եվ մենք հիմա դմեոկրատական քայլեր ավելի ենք անում, որովհետև բաց հարթակներ ենք ստեղծել, որտեղ լսում ենք բոլորին։ Ամեն գիտնական կարող է գալ, ներկայացնել ծրագիր, մենք դա քննարկում ենք, ընթացք ենք տալիս, կարող է բարեփոխումների պրոցեսին մասնակցել և այլն։ Նմանատիպ բաներ պատկերացնել բուհերում քիչ հավանական է հենց թեկուզ այն պատճառով, որ բուհերում շատ ավելի շատ են քաղաքականացված անձինք, իսկ Ակադեմիայի կազմում հիմնականում առավելապես միայն գիտությամբ հետաքրքրված մարդիկ են, նրանք ավելի քիչ են դրան ենթակա»։   Բարձրագույն կրթության և գիտության համագործակցության սցենարներ 2018-ին ՀՀ կառավարությունը դիմել էր ԵՄ Եվրոպական խորհրդին խորհրդատվական աջակցության համար։ Եվրոպական խորհուրդն անկախ փորձագետներից աջակցման խումբ էր ձևավորել, որը ՀՀ կառավարությանը պետք է առաջարկություններ ներկայացներ հետազոտական ինստիտուտների գործունեության ամրապնդման և բուհերի ու ինստիտուտների միջև համագործակցության ընդլայնման համար։ Անկախ փորձագետների խումբը 2019-ին երկու անգամ այցելել էր Հայաստան, իսկ ուսումնասիրություններից հետո զեկույց կազմել, որը հրապարակվեց 2020-ին։ Փաստաթղթում ներկայացված են Հայաստանի կրթության ու գիտության առկա վիճակը, զարգացման հնարավոր սցենարները, ինչպես նաև այլ երկրների օրինակներով խորհուրդ-առաջարկներ, թե ինչ փոփոխություններ է պետք իրականացնել։ Հետազոտական համակարգի համախմբման համար անկախ փորձագետներն այս փաստաթղթում ներկայացնում են երեք հնարավոր սցենար․ Պահպանել ինստիտուտների ստատուս քվոն և փորձել խթանել ինստիտուտների ու համալսարանների համագործակցությունն ու «կամավոր» միավորումները։ ԳԱԱ կազմում ընդգրկված և դրանից դուրս գործող այլ ինստիտուտներն ինտեգրել բուհերում։ Փաստաթղթում նշվում է, որ այլ երկրներում այսպիսի փոփոխությունը տևական ժամանակահատվածում է իրականացվում, և բերվում է  Էստոնիայի օրինակը, որտեղ նախկին ԳԱԱ ինստիտուտների ամբողջական ինտեգրումը համալսարաններին տևել է առնվազն մեկ տասնամյակ։ Ուժեղացնել բուհերի հետազոտական բաղադրիչը և վերակազմավորել ինստիտուտները՝ որպես հանրային աջակցություն ունեցող մեկ կամ մի քանի հետազոտական կազմակերպություններ, որոնք նման են եվրոպական երկրներում գործողներին (օրինակ՝ CNRS-ը Ֆրանսիայում, Ֆրաունհոֆերի, Լայբնիցի, Հելմհոլցի և Մաքս Պլանկի ինստիտուտները Գերմանիայում և այլն):  Փորձագետները խորհուրդ չեն տալիս միանգամից ռադիկալ փոփոխություններ իրականացնել, որ սցենարն էլ ընտրելու լինի կառավարությունը։ Փաստաթղթում նշվում է, որ գիտահետազոտական ինստիտուտների արագ միավորումը բուհերի հետ կարող է հանգեցնել արդյունավետության թուլացման․ «Հայաստանյան բուհերի կարողությունները՝ ապահովելու այնպիսի հիմք, որի շրջանակներում ինստիտուտները կարող են որակյալ հետազոտություններ իրականացնել, թույլ է: Բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացի արդյունքներն ընդգծում են, որ քիչ բուհեր ունեն բավարար ռազմավարություններ՝ իրենց ԳՀՓԿ գործառույթը կառավարելու համար: Հայաստանը պետք է ուշադիր ուսումնասիրի Վրաստանում և Մոլդովայում նմանատիպ բարեփոխումների դասերը և խուսափի սխալներ թույլ տալուց, ինչպես, օրինակ, թերի բարեփոխում իրականացնելը՝ թողնելով ինստիտուտներին անորոշ կարգավիճակով, առանց բավարար ֆինանսավորման, համալսարաններ տեղափոխված հետազոտողներին դարձնելով «երրորդ կատեգորիայի» կադրեր և այլն»։   Ինչ է առաջարկում ԳԱԱ-ն Արթուր Իշխանյանը նշում է, որ ԳԱԱ-ն այս երեք սցենարներից բացառում է առաջինը և երկրորդը։ Առաջինն, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, պահպանողական տարբերակ է․ «Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մեզնից պահանջում են ավելի ակտիվ քայլեր։ Մենք շատ երկար ժամանակ չունենք, պիտի ձգտենք նաև ինչ-որ արագություն ապահովել»։ Երկրորդ՝ միավորման սցենարին դեմ են և՛ ԳԱԱ ղեկավարությունը, և՛ ինստիտուտների ղեկավարները վերևում թվարկված ռիսկերի պատճառով։ ԳԱԱ-ն, ինչպես արդեն նշեցինք, իր սեփական առաջարկությունների ծրագիրն է մշակել ու  ներկայացրել կառավարությանը, և այդ ծրագիրը շատ նման է փորձագետների ներկայացրած երրորդ սցենարին։ Այսպիսով, ԳԱԱ-ն առաջարկում է, որ չփոխվեն ո՛չ ինստիտուտների, ո՛չ բուհերի կարգավիճակները, փոխարենը ստեղծվեն համատեղ հետազոտություններ իրականացնող գիտաուսումնական ցանցեր, որտեղ կներառվեն և՛ բուհերը, և՛ ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ կարող է, օրինակ, ձևավորվել կենսաբանական ուղղության ինստիտուտների և համալսարանների կենսաբանական ուղղվածության ֆակուլտետների ցանց։ Այս ցանցերում կիրականացվեն համատեղ գիտական աշխատանքներ, որոնց համար Գիտկոմը կհայտարարի համապատասխան դրամաշնորհային մրցույթներ։ Հետազոտությունները համատեղ կղեկավարեն Ակադեմիայի և բուհերի գիտնականները, իսկ խմբերում կներառվեն բուհերի մագիստրոսներն ու ասպիրանտները։ Ակադեմիային նաև կտրվի համապատասխան բուհական ծրագրերի փորձաքննությունը։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ըստ ԳԱԱ առաջարկի՝ այս ցանցերը չեն լինելու միայն «մաքուր» հետազոտական․ որոշ ցանցեր կլինեն գիտաարտարդրական, այսինքն՝ գիտական արդյունքը կհասցվի մինչև արտադրական փուլ։ ԳԱԱ առաջարկած սցենարն, ըստ Արթուր Իշխանյանի, կլուծի և՛ ինստիտուտներում կադրերի խնդիրը, և՛ բուհերում հետազոտական բաղադրիչի խնդիրը․ «Այսպիսի ցանցերի ձևավորումը կբարձրացնի համալսարանական գիտության մակարդակը և միաժամանակ կսկսի անդրադառնալ մագիստրոսական ծրագրերի վրա, որովհետև այդ ծրագրերում պարտադիր ընդգրկվելու են մագիստրոսներ և ասպիրանտներ։ Ակնհայտարաբար, այն գիտնականները (ինչպե նաև մագիստրոսները և ասպիրանտները), որոնք կընդգրկվեն այդ հետազոտություններում, կծանոթանան գիտության առաջնագծային արդյունքներին․ դա չի կարող չարտացոլվել ծրագրերում։ Մագիստրոսական ուսումը հետազոտական բաղադրիչ է ենթադրում, և մագիստրոսները հենց այդ հետազոտական բաղադրիչը կսկսեն անել»։  Անդրադառնալով այն հարցին, որ բուհերի դասախոսները հաճախ գործող գիտնականներ չեն և գիտությամբ չեն զբավում՝ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտները բուհերին միավորելը չի լուծի այս խնդիրը։ Նրա խոսքով այժմ էլ ակադեմիայի 600 գիտնականներ դասավանդում են հայաստանյան բուհերում, իսկ բուհերն ավելի շատ կադրեր չեն կարող վերցնել, քանի որ դասաժամերը զբաղված են։ «Պետք է դասախոսների ծանրաբեռնվածություններն իջեցվեն, և որոշակի ժամանակ պրոֆեսորադասախոսական կազմը հատկացնի գիտական հետազոտություններին, դրանով տեղյակ լինի արդի զարգացումներից և արտացոլի դա իր ուսումնական ծրագրերում։ Դա՝ մեկ։ Ապա՝ իր հետազոտական ծրագրերում պետք է ներգրավի իր ուսանողներին՝ նրանց մագիստրոսական ծրագրերն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ այդ ծանրաբեռնվածության նվազեցումը կբերի կրկնակի էֆեկտի,- նշում է Արթուր Իշխանյանն ու շեշտում, որ իրենց առաջարկած սցենարով շարժվելու դեպքում փոփոխությունները չպետք է իրականացվեն միանգամից։- Այսպիսի մի ցանց պետք է ստեղծել, փորձարկել 1-2 տարի այդ մոդելը, եթե հաջողված է, եթե մենք տեսնում ենք, որ արդիականացվեցին ուսումնական ծրագրերը, և գիտական արդյունքի աճ գրանցվեց, այդ գնահատականի հիման վրա արդեն հաջորդ քայլին ստեղծել այդպիսի 5-10 ցանց»։   Ով պիտի ղեկավարի ցանցերը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում Արթուր Իշխանյանը նաև նոր առաջարկ էր արել, որն, ըստ նրա, լրացնում է ԳԱԱ մշակած առաջարկը։ Այն է՝ ստեղծվելիք ցանցերն ունենան ղեկավար մարմին, որտեղ մեծամասնություն կլինի և որոշումներ կայացնելու լիազորություն կունենա Ակադեմիան։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս առաջարկն ունի երկու պատճառ․ առաջինն այն է, որ Ակադեմիան ավելի կայացած կառույց է, քան բուհերը, երկրորդը, որ Ակադեմիայի ինստիտուտներն ունեն ավելի մեծ աշխատակազմ, քան բուհերի համապատասխան ֆակուլտետները, և տալիս են ավելի շատ գիտական արդյունք․ «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն, օրինակ, ունի համեմատաբար քիչ թվով աշխատակիցներ, իսկ մեր 7-8 ինստիտուտներն ավելի մեծ թվով աշխատակիցներ, որոնք տալիս են շոշափելի գիտական արդյունք։ Կամ պատմության ֆակուլտետում կա 30-ի կարգի աշխատակից, իսկ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ունի 180 աշխատակից։ Անտրամաբանական է վերջիններս միավորել բուհերին, ընդ որում՝ բուհերի թուլության պարագայում»։  Արթուր Իշխանյանի խոսքով Ակադեմիայն պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել․ «Մենք կարող ենք բուհերին մեր դրական փորձը փոխանցել, բայց եթե պահպանողական միջավայր լինի, նրանք լինեն մեծամասնությունը, ապա մեր առաջարկներին ընդառաջ չեն գնալու, որովհետև այդ առաջարկներն իրենց համար երբեմն ցավոտ են լինելու»։  Արթուր Իշխանյանի խոսքով ԳԱԱ ղեկավարությունը կողմ է իր այս առաջարկին։ Հաշվի առնելով, որ ինստիտուտները բուհերին միավորելու նախագիծ դեռ չկա, և խոսքն աշխատանքային խմբի առաջարկի մասին է, Արթուր Իշխանյանը կարծում է, որ խոհեմությունը կհաղթի։   Ինստիտուտների օպտիմալացումը և ԳԱԱ բարեփոխումների օրակարգը Ինստիտուտները բուհերին միավորելու խոսակցությունների ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք շարունակում է օրակարգում մնալ ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացման թեման, որի մասին խոսվում է դեռ 2021-ից։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միացմամբ խոշոր կենտրոնների ստեղծման հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Չնայած Ակադեմիան պլանավորում էր ինստիտուտների միավորմամբ 8-9 խոշորացված կենտրոն ստեղծել, կառավարությունն առաջարկում է առայժմ 2 նման կենտրոն ստեղծել։ Պատճառն այն է, որ օպտիմալացումը ենթադրում է ֆինանսական միջոցների հատկացում՝ ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման նպատակով, և այս պահին միջոցներ կան միայն 2 կենտրոնի ստեղծման համար։  Նշված երկու կենտրոնները կստեղծվեն այս տարի․ առաջինում կմիավորվեն Բուսաբանության և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտները, երկրորդում՝ Մոլեկուլային կենսաբանության և Կենսաքիմիայի ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ գործընթացը ոչ շատ արագ տեմպերով իրականացնելն ունի դրական կողմեր․ «Մենք էլ շատ չէինք ուզի շտապել այն պատճառով, որ բոլոր դեպքերում, որքան սահուն, անցնցում տեղի ունենան պրոցեսներն, այնքան լավ։ Բացի այդ՝ երկրորդ, իմ անձնական տեսակետն ավելացնեմ․ մենք այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում ենք գտնվում, որ չափից շատ են տարատեսակ ցնցումները, և կայուն ու սահուն քայլերն ավելի նպատաահարմար եմ համարում։ Ավելացնեմ երրորդը․ նմանատիպ գործունեություն ծավալելիս միգուցե մարտավարական տեսանկյունից ձեռնտու է ունենալ մեկ-երկու այդպիսի միավորում, հագեցնել դրանք ժամանակակից սարքավորումներով, արդիականացնել ենթակառուցվածքները, ապա փորձարկել, ցույց տալ, որ այդ միավորումը աշխատում է գործնականորեն, նոր արդեն միանգամից անել մնացած 6-ը»։  Քննարկումներ են եղել նաև Ակադեմիայից անկախ գործող գիտական կազմակերպությունների հետ, և ապագայում ստեղծվելիք կենտրոններում ԳԱԱ ինստիտուտների հետ կմիավորվեն նաև այդպիսի մի քանի կառույցներ։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միավորմամբ նոր՝ խոշոր կենտրոնների ստեղծման նախագիծը ԳԱԱ-ն մշակել ու ներկայացրել է վաղուց, սակայն ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս գործադիրը ուշ է արձագանքել։ ԳԱԱ կառուցվածքին, կանոնադրությանը, անդամների ընտրության կարգին վերաբերող մի շարք հարցեր կան, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում, իսկ կառավարությունն ամիսներով ԳԱԱ առաջարկները թողնում է անպատասխան, երբեմն՝ առանց հիմնավորման։ Այս խնդրի մասին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը խոսել էր նաև ԳԱԱ նախագահը։ Ակադեմիան ունի բարեփոխումների օրակարգ․ հինգ բաժանմունքի փոխարեն ԳԱԱ-ն ցանկանում է ունենալ երեքը, քանի որ բաժանմունքներն այս տարիներին տկարացել են։ Փոփոխության առաջարկով դիմել են կառավարությանը, բայց դեռ արձագանք չկա։  Մի տարի առաջ ԳԱԱ-ն առաջարկել էր ղեկավար կազմում պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային շեմի սահմանում։ Անցած տարվա վերջին միայն Ակադեմիայի առաջարկը ներառվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, սակայն նախագիծը դեռ չի ընդունվել։ Պետք է իրականացվեն Ակադեմիայի նոր անդամների ընտրություններ, և ԳԱԱ-ն ցանկանում է ընտրությունների համար բարձր չափանիշներ սահմանել, ինչը հնարավորություն կտա երիտասարդ, բարձրակարգ կադրերի ներգրավելու, որ վերջիններս ղեկավարեն ԳԱԱ բաժանմունքները։ Այս առաջարկին ևս արձագանք չկա։ Չնայած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունները քննարկվել էին ԳԱԱ ղեկավարության հետ, և նախագծում ներառվել էին Ակադեմիայի որոշ առաջարկներ, օրենքի լրամշակված տարբերակում այլ լրացումներ էլ են արվել, որոնց մասին ԳԱԱ-ն տեղյակ չէ։ Խոսքը, մասնավորապես, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորմամբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու մասին է։ Ստեղծվելիք կառույցը կիրականացնի նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս կառույցների՝ միմյանցից առանձին լինելը գործադիրի թևերի միջև լծակների որոշ հավասարակշռություն էր տալիս․ «Ընդհանուր դատողությունների տեսակետից՝ ամեն ինչ բերել մի կետի տակ պարունակում է և՛ վարչական միջամտությունների, և՛ սուբյեկտիվ որոշումների, և՛ քաղական ռիսկեր։ Այսինքն՝ հավասարակշռության մեխանիզմներից մենք զրկվում ենք։ Բայց ամեն ինչ, իհարկե, կախված է այն բովանդակությունից, որ կդրվի այդ միավորման տակ»։   Աննա Սահակյան
18:38 - 14 փետրվարի, 2023
Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը

Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերացրել է «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի կողմից իրականացվող շինարարությունը կասեցնելու որոշումը։  Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել էր «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել էին Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել էին կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը դատարանի՝ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։ Նախնական դատական նիստի ժամանակ կառուցապատող ընկերությունը, որ գործով երրորդ անձ է ներգրավվել, միջնորդել էր վերացնել շինարարական աշխատանքների կասեցման որոշումը։ Նիստի ընթացքում ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նշել էր, որ շինաշխատաքների հիմնական մասն արդեն արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ։ Ղուլյանը պնդել էր, որ նախքան շինթույլտվությունը իրենք ստացել են պատկան բոլոր մարմինների համաձայնությունը՝ գործընթացն իրականացնելով օրենքով սահմանված կարգով։ Միջնորդության քննության ժամանակ դրա դեմ առարկել էր ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը՝ պնդելով, որ շինարարության հետեւանքով գիտաշխատողների կյանքը եւ առողջությունը վտանգվել է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը՝ դարձել անհնար։ Շինաշխատանքների վտանգավորության մասին իրենց մասնագիտական դիտարկումները ներկայացրել էին նաեւ գործով ներկայացուցիչ ներգրավված, ՊՈԱԿ-ի գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը՝ նշելով, որ այն անհամատեղելի է իրենց գործունեության հետ։ Թե ինչ պատճառաբանությամբ է դատարանը բավարարել կառուցապատող ընկերության միջնորդությունը, առայժմ պարզ չէ։ Դատական տեղեկատվական համակարգում հասանելի է որոշման միայն եզրափակիչ մասը։ Հավելենք, որ Վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո: ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ որոշումը դեռեւս չեն ստացել, իսկ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը նշեց, որ իրենք ստացել են։   Միլենա Խաչիկյան
20:35 - 06 փետրվարի, 2023
Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ. ԳԱԱ-ում քննարկվել են ակադեմիական համակարգի բարեփոխումները

Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ. ԳԱԱ-ում քննարկվել են ակադեմիական համակարգի բարեփոխումները

Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ակադեմիական համակարգի բարեփոխումներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ու Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները։ Նշվել է, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներուժով բազմապրոֆիլ համակարգ է, և պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կներգրավեն այդ ամբողջ ներուժը։ Շեշտվել է, որ, լինելով գիտության և գիտական մշակույթի կրողը, ՀՀ ԳԱԱ-ն պետք է ունենա հավասարակշռված մոտեցում՝ ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության հանդեպ։ «Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ։ Մենք պետք է առաջարկենք ներդրումային և նպատակային ծրագրեր, որոնց մի մասը պետք է լինեն կիրառական բնույթի», – ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից են գիտական արտադրանքի սերտիֆիկացումը, գիտաարտադրական համալիրի ստեղծումը։ Առաջարկվել է ստեղծել ակադեմիական կլաստեր, որը կարող է դառնալ եվրոպական նման համակարգի մաս։ Նշվել է գիտության մենեջերների անհրաժեշտության մասին, որոնք կապահովեն գիտության կապն այլ ոլորտների հետ։ Գիտության և կրթության կապի ամրապնդման նպատակով առաջարկվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը վերածել հետազոտական համալսարանի։ Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին կոչ է արել հանդես գալ հավակնոտ ծրագրերով։ Նա նշել է, որ հարկավոր է երիտասարդացնել ԳԱԱ ղեկավարությունը, խթանել երիտասարդների ներգրավվածությունն ակադեմիական կառավարման համակարգում։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշել է․ «Մենք պետք է լինենք այն ուղեղային վերլուծական կենտրոնը, որը կառաջարկի մեծ ծրագրեր, որոնք պետք են երկրին և մեզանից յուրաքանչյուրին։ Այդօրինակ ծրագրերն ունեն մեծ մոբիլիզացիոն ներուժ»։
10:58 - 03 փետրվարի, 2023
Գիտնականների կարծիքով՝ ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը անհամատեղելի է իրենց գործունեության հետ

Գիտնականների կարծիքով՝ ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը անհամատեղելի է իրենց գործունեության հետ

ՀՀ վարչական դատարանում երեկ շարունակվեց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի միջնորդության քննությունը, որով վերջինս պահանջում է վերացնել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում շինարարությունը կասեցնելու մասին նույն դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա հոկտեմբեր ամսին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել են Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել են կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը բավարարվել է, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել են։ Այժմ կառուցապատող ընկերությունն իր հերթին միջնորդել է վերացնել շինթույլտվությունը կասեցնելու այդ որոշումը։ Նախորդ դատական նիստին կառուցապատող ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը, մանրամասնելով միջնորդությունը, պնդեց, որ ՊՈԱԿ–ը չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ իրենց պատճառված կամ պատճառվելիք վնասը։ ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ շինարարական աշխատանքների հետագա իրականացումը կվտանգի ՊՈԱԿ–ի գործունեությունը։ Նա նաեւ միջնորդեց, որ ՊՈԱԿ–ի երեք աշխատակիցներ՝  գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը, ներգրավվեն գործով որպես ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, որպեսզի մասնագիտորեն կարողանան հիմնավորել շինաշխատանքների իրականացման վտանգավորությունը։ Լուսանկարում՝ ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները Ռոբերտ Հակոբյանի կարծիքով՝ շինարարությունը անհամատեղելի է ՊՈԱԿ-ի գործունեության հետ Երեկվա դատական նիստին դատարանը որպես ներկայացուցիչ ներգրավեց հիշյալ երեք անձանց, որից հետո լսեց նրանց մասնագիտական դիտարկումները։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի աշխատակից Ռոբերտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ շինարարությունը խախտում է անհամատեղելիության սկզբունքը․ «Շինարարության մոտիկությունը, վիճակը, պայմանները անհամատեղելի են մեր գործունեության հետ՝ սկսած փոշուց, աղմուկից, վերջացրած նրանով, որ հետագայում վտանգների է հանգեցնելու, այդ շինթույլտվությունը տրամադրված է, որպեսզի եւս մեկ խոչընդոտ վերացվի, եւ բաղձալի շենքը, որ ուզում են նախկին ջրավազանի տեղը կառուցել, կառուցեն»։ Նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ իրենց դժգոհության շահագրգիռ հատվածը այդ շենքի կառուցումն է, ոչ թե ջրավազանի տեղափոխման շինթույլտվությունը, ինչին ի պատասխան՝ Հակոբյանն ասաց․  «Ոչ միայն, այս շինթույլտվությունը փոքրիկ օրինակ է նրա, թե որքան անհամատեղելի է շինարարությունը մեր գործունեության հետ, այն վտանգում է թե՛ ՊՈԱԿ-ում գտնվող բացառիկ սարք-սարքավորումները, թե՛ գիտնականների անխախտ աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում մնացել է բացառապես իրենց կենտրոնը, որը կարող է վաղվա օրվա համար նորմալ քիմիկներ ապահովել։ Հրաչիկ Գասպարյանի խոսքով՝ իրենց հետազոտություններին կարող է խանգարել շինարարական ցանկացած տատանում Կենսաբանական լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ իրենց լաբորատորիայում  իրականացվում են կենսաբանական բարդ եւ նուրբ փորձեր, որոնց խանգարում է եւ կարող է խանգարել շինարարական ցանկացած տատանում։ «Այսինքն՝ եթե տատանում չլինի, չի՞ խանգարի»,- հետաքրքրվեց դատավորը․ «Այսքան ժամանակ չի եղել, աշխատել ենք, բայց ցանկացած ազդակ՝ տատանում, պայթյուն, միջամտություն, չպետք է ազդեցություն ունենա հետազոտությունների վրա»,- պատասխանեց Գասպարյանը։ Նրա խոսքով՝ իրենք իրականացնում են հետազոտություններ նեյրոնների՝ նյարդաբջիջների վրա, ինչպես նաեւ՝ հոգեմետ նոր միացությունների փորձարկումներ կենդանիների վրա, որոնց փոքր շեղումը կարող է առաջացնել մեծ սխալներ։ Գասպարյանը նաեւ ընդգծեց, որ իրենք պայքարի միջոցներ են ստեղծում այնպիսի հիվանդությունների դեմ, որոնցից է, օրինակ,  լյարդի ցեռոզը, այրվածքային հիվանդությունը եւ այլն․ «Ես զարմանում եմ՝ էդ թույլտվություն տվողը ի՞նչ ձեւով է մտածել, գոնե եկել, տեսել է, քիմիական կորպուսնեի մեջտեղում կարելի՞ է բնակելի շենք սարքե՞լ, երբ ամեն տեսակ գազեր կարող են բաց թողնվել»։ Ալեքսանդր Շախաթունու կարծիքով՝ փորումների ժամանակ ինքը սարքավորումների վրա լրացուցիչ ազդանշաններ է նկատել Միջուկային մագնիսական ռեզոնանսի լաբարատորիայի աշխատակից Ալեքսանդր Շախաթունու գնահատմամբ էլ՝ իրենց լաբարատորիան ՀՀ-ի պարծանքներից մեկն է, որին ՀՀ կառավարությունը տարբեր տարիներին նվիրել է 650 հզ եվրո եւ 1 մլն դոլար արժողությամբ սարքեր, եւ այժմ իր համար անհասկանալի է, թե ինչու է Կառավարությունը մի ձեռքով դա անում, մյուսով՝ այնպես անում, որ դրանք վնասվեն կամ առնվազն նույն արդյունավետությունը չունենան։ Շախաթունին ընդգծեց՝ այդ սարքավորումները աշխատում են ոչ միայն հայաստանյան կազմակերպությունների, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների հետ։ Շախաթունու կարծիքով՝ այդ սարքավորումները տեղափոխելն անհնար է թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես․ «Միջուկային մագնիսական ռեզոնանսի սարքը, օրինակ, պարունակում է հեղուկ հելիում, եւ այն տեղափոխելը մոտավորապես 50 հզ դոլար արժե, որովհետեւ պետք է սարքը անջատենք, հեղուկ ազոտը գոլորշիացնենք, ինչը կտեւի որոշ ժամանակ, պետք է նաեւ կանչենք արտասահմանից մասնագետ, քանի որ մենք չենք կարող դա անել, եւ բացառված էլ չէ, որ այդ գործողությունը կատարելուց հետո սարքը չի կարողանա նույն ճշտությամբ աշխատել»,- ասաց նա՝ հայտնելով, որ փորումների ժամանակ ինքը զգում էր, որ սարքավորումների վրա լրացուցիչ ազդանշաններ էին առաջանում։ Դրանից բացի, տատանումները, ըստ Շախաթունու, կարող են բացասաբար ազդել կշեռքների վրա, որոնք միկրոգրամների ճշտությամբ են չափումներ անում, կարող է, օրինակ, փոշին լցվել սարքի առանձին հատվածների մեջ, եւ այն նորմալ չաշխատի։ Ալեքսանդր Շախաթունին համոզմունք հայտնեց, որ իրենց ՊՈԱԿ-ը կառուցվել է այնպես, որ հնարավորինս հեռացված լինի փողոցից եւ աղմուկից։ Կառուցապատող ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ փորման աշխատանքների մեծ մասը կատարված է ՊՈԱԿ-ի աշխատակիցների ելույթներից հետո առարկությամբ հանդես եկավ կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը՝ ընդգծելով, որ նրանց խոսքում կարմիր թելով անցնում էր շենքի շինարարության փաստը, այսինքն՝ հիմնական դժգոհությունը այդ կապակցությամբ է․ «Սակայն մենք այս պահին նման հայցի առարկա չունենք, չենք քննարկում շենքի կառուցման թույլվության հարցը, ընդամենը խոսում ենք ոռոգման համակարգի վերակառուցման մասին, որի առումով փորման աշխատանքները մեծամասամբ կատարված են, լուսանկարները պարզ ցույց են տալիս, որ շատ փոքր հատված է մնացել, եւ մենք նախորդ անգամ էլ նշեցինք, որ պատրաստ ենք դա կատարել ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին»։ Ղուլյանը ընդգծեց նաեւ, որ ՊՈԱԿ-ի տարածքում գտնվում է ձկան ռեստորան, Քննչական կոմիտեի շենքը եւ մի բնակելի շենք, որ ընդամենը երեք տարի առաջ է կառուցվել․ «Ուստի իրականությանը չի համապատասխանում այն, թե այդ տարածքում բնակելի շենքեր չկան, եւ այդ միտքը զուտ իրավիճակը ուռճացնելու համար է, հակառակ դեպքում այս ինստիտուտը պետք է գործեր Երեւանից դուրս՝ ամայի հատվածում, որպեսզի որեւէ մեկը չխանգարեր»,- ասաց փաստաբանը՝ պնդելով, որ իրենք ամենեւին կասկածի տակ չեն դնում ՊՈԱԿ-ի գործունեության կարեւորությունը։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը լրացուցիչ ապացույց ներկայացրեց դատարանին ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը լրացուցիչ ապացույց ներկայացրեց դատարանին, որում առկա տեսագրությունը, ըստ նրա, փաստում է, որ շուրջ 60 մետր եւ ավելի հատված դեռ պետք է փորվի, իսկ փորված 50 մետրն էլ ոչ ամբողջական է, որոշ հատվածներ պետք է խորացվեն։ Նա նաեւ միջնորդեց ընկերության մի շարք աշխատակիցների որպես երրորդ անձ ներգրավել՝ պնդելով, որ կայացվելիք դատական ակտը անմիջականորեն առնչվում է նրանց աշխատանքային իրավունքներին եւ շահերին, հնարավոր է նաեւ՝ վարչական ակտի ոչ իրավաչափ ճանաչվելու պարագայում վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարց առաջանա․ «Շինաշխատանքների արդյունքում վտանգված է տվյալ աշխատակիցների առողջությունը եւ կյանքը, աշխատանքային պատշաճ պայմաններ ապահովված չեն եղել շինարարության ընթացքում, մեծամասնությունը պարապուրդի է մատնված եղել»,- ասաց նա։ Նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորմամբ, որ չեն պատճառաբանվել այն ուղղակի ազդեցությունները, որոնք դատական ակտով որպես իրավունքի խախտում կարող են առնչվել այդ անձանց իրավունքներին։ Դատարանը նաեւ առանց քննության թողեց Նաղդալյանի միջնորդությունը՝ գործով վկաներ հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ։   Միլենա Խաչիկյան
17:44 - 01 փետրվարի, 2023