Խուճապը պետք է հիմնովին բացառել. Իրանում Հայաստանի դեսպան
17:31 - 26 փետրվարի, 2020

Խուճապը պետք է հիմնովին բացառել. Իրանում Հայաստանի դեսպան

Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցն «Ալիք» օրաթերթին:

– Ի՞նչ քայլեր են կատարվում ՀՀ դեսպանության կողմից կորոնավիրուսի հետ կապված վերջին իրադարձություններից հետո:

– Նախ ասեմ, որ Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծված վիճակով և բոլորիս ցանկությունն է օր առաջ տեսնել այս համաճարակի հաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ և երջանիկ:

Ինչ վերաբերում է ՀՀ դեսպանությանը, վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով երկու կողմերի միջև ուղիղ հաղորդակցություն: Դեսպանությունում սահմանված է մշտական հերթապահություն: Հրապարակված են դեսպանության հետ կապ հաստատելու տվյալները: Մեզ դիմողներն ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն և գործնական աջակցություն: Ստեղծված է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղեկատվական բազա, և վերջիններիս հետ հաստատված է մշտական կապ: Անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերվում նաև դեսպանություն դիմած ԻԻՀ քաղաքացիներին:

Այսպիսով, բարձրացված բոլոր հարցերն արձանագրվում են և խնդիրներին տրվում են իրավիճակից բխող լուծումներ:

– Ի՞նչ կասեք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ քայլերի և կառավարության՝ «Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» որոշման վերաբերյալ:

– Ինչպես գիտեք, կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու և այդ ուղղությամբ մեր բարեկամ Իրանի հետ փոխգործակցության համակարգման նպատակով ժամանակավոր՝ երկշաբաթյա սահմանափակումներ են մտցվել Հայաստան-Իրան օդային և ցամաքային սահմանով հաղորդակցության վրա:

Համաձայն կառավարության որոշման՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները և Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացիներն անարգել կերպով կարող են վերադառնալ իրենց երկրներ:
ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու համար առաջիկայում կիրականացվի երկու թռիչք, իսկ ցամաքային սահմանով շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ԻԻՀ քաղաքացիների վերադարձը Իրան:

Ըստ կառավարության որոշման՝ իրականացվում են Իրանից Հայաստան ավտոտրանսպորտային բեռնափոխադրումները՝ համապատասխան սանիտարական վերահսկողության պայմաններում:

Հաղորդակցության սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ և ԻԻՀ պաշտոնական պատվիրակություններին, դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում և Իրանում տվյալ հիվանդության տարածման դեմ իրականացվող պայքարը:

Հայաստանում այս խնդրով զբաղվող կառավարական հանձնաժողովն ստեղծվել էր Չինաստանում սկիզբ առած համաճարակից հետո, որը հաջողությամբ շարունակում է գործել:
Ինչ վերաբերում է Իրանին, ես կարծում եմ՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացվում և դրա արդյունավետությունը երաշխավորվում է ոչ միայն այս օրերին իրականացվող կանխարգելիչ և բուժական մեծ ծավալի գործունեությամբ, այլև Իրանի առողջապահական համակարգի մասնագիտական, կազմակերպական և տեխնիկական բարձր մակարդակով:
Շատ հուսադրող է նաև փետրվարի 25-ին ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանիի հնչեցրած հայտարարությունն ԻԻՀ առողջապահության նախարարության համաճարակային դրական զեկույցի մասին:

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում Ձեր աշխատանքներում:

Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն:

Իհարկե կան նաև խոչընդոտներ: Որպես խանգարող գործոն՝ կարող եմ նշել հասարակության մեջ տարածվող տարատեսակ լուրերը հիվանդության տարածման մասշտաբների մասին, մի բան, որ համոզված եմ ավելի շատ կապված է ապատեղեկատվության և երբեմն էլ ասեկոսեների հետ: Իմ կարծիքով այսպիսի դեպքերում ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել:

Ի դեպ, տեղին է նշել, որ այս պայմաններում ՀՀ պետական մարմիններն առաջին հերթին իրենց աշխատանքի հիմքում դնում են ԻԻՀ-ից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը ու միաժամանակ համագործակցում միջազգային համապատասխան կառույցների հետ:

- Ո՞րն է Ձեր ուղերձը մեր ընթերցողներին:

Չլինելով այս ոլորտի մասնագետ՝ կարծում եմ, որ ամենակարևորը կազմակերպվածությունն է, ընտանիքում, աշխատանքի մեջ և հանրային վայրերում անձնական հիգիենայի կանոնների պահպանությունը, մասնագետների խորհուրդներին հետևելը:
Անձամբ ես և դեսպանության անձնակազմը լավատես ենք և վստահ, որ բոլորիս համատեղ ջանքերով այս փորձությունը հաջողությամբ կհաղթահարվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել