ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով |armenpress.am|
20:58 - 26 փետրվարի, 2020

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Այն ընդգրկված է կառավարության փետրվարի 27-ի նիստի օրակարգում:

Նախագծի հիմնավորման մեջ նախ հիշեցվում է, որ ՀՀ-ն 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին:

«Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:

Հարկ է նշել, որ հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։

Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների»,- ասված  հիմնավորման մեջ։

Արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության  իրավական ակտերի պահանջներին:

Կառավարության նիստում որոշման վերը նշված հարցը կզեկուցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել