TIME. Բավարար բժշկական դիմակներ չկան. Ահա, թե ինչու մոտ ապագայում իրավիճակի բարելավում չի լինի |ampop.am|
09:21 - 02 մարտի, 2020

TIME. Բավարար բժշկական դիմակներ չկան. Ահա, թե ինչու մոտ ապագայում իրավիճակի բարելավում չի լինի |ampop.am|

ampop.am: Եթե անհանգստացած եք կորոնավիրուսով և չեք կարողանում բժշկական դիմակներ ձեռք բերել, TIME ամերիկյան պարբերականում հրապարակված այս նյութում առկա տվյալները կբացատրեն, թե ինչն է պատճառը։

Աշխարհում բժշկական դիմակների ամենամեծ արտադրողը Չինաստանն է, որի արտադրական հզորությունն օրական կազմում է 20 միլիոն դիմակ։ Մինչդեռ արտադրողների գնահատմամբ՝ միայն ներքին պահանջարկն օրական մոտ 50-ից 60 միլիոն է կազմում:

Այնպես որ զարմանալի չէ, որ ձեր մոտակա դեղատներում դիմակներ չկան։

Որոշ փորձագետներ թերահավատ են, որ այդ դիմակներն արդյունավետ են՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։ ԱՄՆ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով, երբ վարակված անձը հազում կամ փռշտում է։

«Բժշկական դիմակը կարող է որոշ չափով պաշտպանել, բայց այն բավարար չէ», – ասում է Վանդերբիլտի համալսարանի կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր Ուիլյամ Շաֆները:

Ինչևէ, սա չի նվազեցնում պահանջարկը։ Համաճարակի ծավալները Չինաստանում, որտեղից սկիզբ է առել վիրուսը, և որտեղ գրեթե 78 500 մարդ արդեն վարակված է [առ փետրվարի 27], ինչպես նաև վիրուսի շարունակվող տարածումն ամբողջ աշխարհում, հանգեցրել է դիմակների համաշխարհային դեֆիցիտի։

Բազմաթիվ երկրների մանրածախ առևտրի կետերում վերջանում են դիմակները։ Amazon-ի նման մանրածախ առևտրի առցանց հարթակներում մեկ տուփ դիմակի գինը կտրուկ բարձրացել է: Երկուշաբթի օրը, օդային տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ Հարավային Կորեայի Դաեգու քաղաքում, որտեղ համաճարակը շարունակվում է, դիմակներ գնելու հերթ կանգնել։ Այն օրը, երբ Իտալիայում հաստատվեց ավելի քան 370 վարակվածների մասին լուրը, արդյունաբերական ապրանքների խանութը բացվելուն պես՝ 30 րոպեում վաճառեց ավելի քան 500 արդյունաբերական դիմակ:

Չինական պահանջարկը գերազանցում է առաջարկը

Ըստ Չինաստանի պաշտոնական աղբյուրների՝ փետրվարի կեսերի տվյալներով Չինաստանում դիմակ արտադրողներն իրենց օրական արտադրանքի 76% են թողարկում՝ օրական 20 միլիոն դիմակի փոխարեն արտադրելով մոտ 5 միլիոնով պակաս: Իսկ բժշկական N95 դիմակները, որոնք կրում են բուժաշխատողները լրացուցիչ պաշտպանվածության համար, ավելի քիչ են արտադրվում՝ օրական 200 000 հատ՝ պայմանավորված դրանց պատրաստման առավել բարդ տեխնոլոգիայով և անհրաժեշտ նյութերով:

Հնարավոր է Չինաստանում դիմակների պահանջարկն անգամ ավելին է, քան մասնագետների հաշվարկներն են: Հյուսիսային Կարոլինայի առողջապահական ընկերության կենտրոնական գրասենյակի ռազմավարական մատակարարման ներգրավվածության փոխնախագահ Չան Փոուելը, TIME-ին հայտնում է, որ Չինաստանում բժշկական դիմակների օրական պահանջարկը կարող է գերազանցել 400 միլիոնը, եթե յուրաքանչյուր աշխատողի մեկ հերթափոխի համար մի քանի դիմակ տրամադրվի:

Դեֆիցիտը կրճատելու համար դիմակների արտադրության հետ կապ չունեցող չինական որոշ ընկերություններ ևս սկսել են բժշկական դիմակներ արտադրել։ Չինաստանում Apple ֆիրմայի iPhone արտադրող Foxconn ընկերությունն իր արտադրանքի մի մասի փոխարեն դիմակներ է արտադրում։ Ընկերությունը նպատակ ունի մինչև ամսվա վերջ օրական երկու միլիոն դիմակ արտադրել: Դիմակներ են արտադրում նաև Չինաստանի հարավային Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի ավտոարտադրողները։

Չկարողանալով պահանջարկը սեփական արտադրանքով բավարարել՝ Պեկինը փորձում է դիմակներ ներկրել նաև դրսից: Փետրվարի սկզբին Ինդոնեզիան հայտնել է, որ Չինաստանի կողմից ինդոնեզական արտադրության դիմակների պատվերները հավասար են նրանց երեք ամսվա արտադրանքին։ Վիետնամը նույնպես հսկայական քանակությամբ դիմակներ է արտահանել Չինաստան: Տեղեկություններ կան, որ չին առևտրականները նույնիսկ սկսել են հեռավոր Քենիայի և Տանզանիայի շուկաներով հետաքրքրվել։

Դիմակների դեֆիցիտ է ամբողջ աշխարհում

Ըստ սոցիալական ցանցերով շրջանառվող հաղորդագրությունների՝ Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի և մինչև անգամ ԱՄՆ-ի դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտ է:

Ֆրանսպրեսի լրագրողն իր թվիթերյան էջում գրել է, որ Լոնդոնի կենտրոնում միայն մեկ դեղատանն են դիմակներ վաճառվում․ մեկ դիմակի արժեքը՝ մոտ 3․25 դոլար։

Միացյալ Նահանգների խանութներում ևս՝ Նոքսվիլից մինչև Թենեսի ու անգամ Նյու Յորք, դիմակների դեֆիցիտ կա։ Իռլանդիայի Դուբլին քաղաքում բժշկական հաստատություններից մեկը հայտարարել է, որ պայքարում է խելքին մոտ գնով դիմակներ գտնելու համար: Իսկ ԱՄՆ-ի և Ավստրալիայի ատամնաբույժներն ասում են, որ իրենց ի սկզբանե Չինաստանն է մեծ քանակությամբ դիմակներ մատակարարել, և այժմ նրանց մոտ նույնպես դեֆիցիտ է։

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից մոտ 80 մղոն հեռավորության վրա գտնվող Քվինսլենդ նահանգի 137 000 բնակչություն ունեցող Ուիթերսթ քաղաքի մի ատամնաբույժ TIME- ին հայտնել է, որ իրենք նույնպես դիմակների խնդիր ունեն։

Շարունակությունը՝ ampop.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել