Ես ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել, կասկածանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյան |news.am|
15:29 - 03 մարտի, 2020

Ես ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել, կասկածանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը իրեն առաջադրված կասկածանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նա շեշտեց, որ իր հետ «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարման գործընթացը որեւէ կապ չունի, այդ գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը. «Խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարմանը, որն իրականացվել է Կառավարության կողմից։ 2002 թվականին այն փոխանցվել է ՊՆ-ին, 2010 թվականին օտարվել է, բնականաբար, ես եւ ՊՆ-ն այդտեղ որեւէ շահագրգռվածություն չէին կարող ունենալ։ Կառավարության որոշմամբ փոխանցվել է եւ օտարվել է, Կառավարության որոշումները անցնում են միջգերատեսչական համաձայնություն եւ պետության բոլոր կարեւոր մարմինների կողմից համաձայնեցում ստանում են։

Սրանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը վերաբերում է ՊՆ-ին։ Օտարման հիմնական գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետեւ մասնագիտական առումով «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի արդյունավետությունը, վիճակ, դերը, նրա օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը։ Նրանք են ընտրել գնորդ կողմին, գինը։ Փորձագիտական խմբի գնահատմամբ գինը որոշվել է նրանց կողմից։ Այն ժամանակվա օտարման գինը եղել է 10 միլիոն դոլարը, այսօրվա կուրսով կազմում է շուրջ 9,5 միլիոն դոլար։ ՊՆ-ն որեւէ շահագրգռվածություն չուներ։ Այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետեւ ինձ հետ որեւէ կապ չունի»։

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել. «Իրենք ասում են, որ իմ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, ես ցուցմունք չեմ տվել, ստորգրություն չեմ տվել, որովհետեւ ՀՔԾ-ում ես քանի՞ անգամ կարող եմ ստորագրություն տալ, քանի որ «Մարտի 1-ի» գործով էլ ստորագրություն ունեմ։ Տեղեկատվական դաշտում այս ամբողջ թատրոնն անտեղի է, որովհետեւ ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննական գաղտնիությունը, քանի որ կասկածանքը դեռ պետք է ապացուցվի։ Իրենք գիտեն գնորդ կողմին, քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել։ Ես այնտեղ Միքայել Մինասյան անուն այնտեղ չեմ տեսել։ Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում։ Գիտեք, մինչեւ ապրիլի 5-ը կարող է այսպիսի մի 10 հատ գործ գտնեն, բայց պետք է ապացուցվի»։

Երեկ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Սեյրան Օհանյանը կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում եւ 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել