armtimes.com: Սպիտակ քաղաքի բնակիչ Վահրամ Այվազյանը բաց նամակ է հղել Հ հ Ազգային ժողովին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Դեռ 2018թ.-ի ապրիլ ամսից բարձրաձայնել եմ Հայաստանի տարածքում և մասնավորապես իմ հայրենի Սպիտակ քաղաքում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից կատարվող խայտառակ և անհիմն հոսանքազրկումների վերաբերյալ, իսկ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին «Հայկական Ժամանակ»-ում տպագրվել է իմ բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
2018թ.-ի ընթացքում ՀԷՑ-ի ղեկավարության ու Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ ունեցած հանդիպումների, հեռախոսազրույցների և նամակագրության արդյունքում խոստումներ տրվեցին, որ իրավիճակը շատ մոտ ապագայում կշտկվի: Սակայն ցայսօր հոսանքազրկումները շարունակվում են Սպիտակում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Քանզի այդ հոսանքազրկումները հարվածում են ՀՀ բնակչության բոլոր հատվածների կենսական շահերին և խաթարում մարդկանց բնականոն գործունեությունը, ուստի կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է արդեն օրենքի ուժով կարգավորել վերոնշյալ խնդիրը և ՀՀ քաղաքացուն մատուցել արժանապատիվ և որակյալ ծառայություններ:
Ազգային ժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն եմ ներկայացնում առաջարկս, որում մասնավորապես ասվում է՝
1. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն, տքնաջան աշխատել կոռուպցիոն երևույթների բացահայտման ուղղությամբ և անցկացնել ամենամսյա (30 օր) մոնիթորինգ՝ մատուցվող էլեկտրաէներգիայի որակը և լարման տատանումներն ստուգելու և գրանցելու նպատակով:
2. Ընդունել օրենք, ըստ որի՝
-եթե 30 օրվա ժամանակահատվածում 300 րոպեից (5 ժամ) ավելի չափով անհիմն, ոչ պլանային և նախապես բնակչությանը չզգուշացված հոսանքազրկում է լինում, ապա քաղաքացի-սպառողն իրավունք ունի չվճարել տվյալ 30 օրվա (1 ամսվա) օգտագործված էլեկտրաէներգիայի համար: Խնդրի տեխնիկական հարցերը պատրաստ եմ քննարկել օրենսդիրների և մասնագետների հետ՝ նաև առաջարկելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:
-տվյալ օրենքը տարածել նաև ջրամատակարարման և ինտերնետ ծառայությունների վրա՝ այսպիսով Հայաստանում բարելավելով ծառայությունների որակն ու նոր թափ հաղորդելով տնտեսական աճին, որովհետև կենսական անհրաժեշտության ծառայությունների ոչ բնականոն մատուցումը խաթարում է տնտեսական բնականոն գործունեությունը:
-ապահովել օրենքի կիրարկումը գործուն և արդիական մեխանիզմներով՝ համագործակցելով քաղաքացի-սպառողների հետ:
-օրենքում փոփոխության տեղ թողնել, որպեսզի օրենքի ընդունումից ու կիրարկումն ապահովելուց որոշ ժամանակ անց վերոնշյալ 300 րոպե շեմն աստիճանաբար իջեցվի 60 րոպե՝ վերջնանպատակ ունենալով հասնել 0 րոպեի:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը որպես տնտեսության առաջատար ուղղություն հռչակած, Համբարձումյան, Մերգելյան ծնած ու PicsArt, The Crowdfunding Formula ունեցող երկրիս հարիր չէ հանդուրժել նման խայտառակ ծառայություններ մատուցող որոշ տնտեսվարողների ոչ պրոֆեսիոնալ գործելաոճն ու քմահաճույքները:
Ինքս տևական ժամանակ ապրել եմ Հայաստանից վատ ենթակառուցվածքներ ունեցող երկրներում, որոնք, սակայն, իրենց մատուցած ծառայությունների որակով գերազանցում էին մեզ, ուստի խնդիրը ոչ թե միայն վատ և հնամաշ ենթակառուցվածքներ ունենալու մեջ է, այլ ավելի շատ պրոֆեսիոնալ կադրերի, քաղաքական կամքի և վերահսկողական մեխանիզմների բացակայության հետևանք է:
Հավելեմ, որ պատրաստ եմ համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ բարելավելու ՀՀ սպառողին մատուցվող ծառայությունների որակը: Պատրաստ եմ պատասխանել առաջացած հարցերին:
Կցում եմ նաև դեռ 2018թ.-ի մայիսի 24-ին իմ կողմից արված կիսախարխուլ տրանսֆորմատորի լուսանկարները, որ գտնվում է Սպիտակ քաղաքում (ֆեյսբուքյան հղում)»:
Հարգանքով՝
Վահրամ Այվազյան
Վահրամ Այվազյանը I-Fourth ստարտափի հիմնադիրն է և աշխատում է HyperGenerator կոչվող սարքը կյանքի կոչելու վրա, որը օդի խոնավությունից ջուր ստացող, օդը մաքրող և էկոլոգիական ինֆորմացիա հավաքող տեխնոլոգիաների միավորում է:
Վահրամը նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորի թիմակիցն է՝ որպես շրջակա միջավայրի հարցերով առաջնորդ (Climate Reality Leader), և հենց Ալ Գորի կողմից 2015թ.-ի մայիսին ԱՄՆ Այովա նահանգում անցել է վերապատրաստման ծրագիր:
Վահրամ Այվազյանը Սպիտակ քաղաքից է, աշխարհի շուրջ 3 տասնյակ երկրներում հանդես է եկել դասախոսություններով, տպագրել բազմաթիվ հոդվածներ ցեղասպանության, միջազգային հարաբերությունների և կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:
comment.count (0)