ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցը
21:58 - 04 մարտի, 2020

ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին։

Հարց. Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը:

Պատասխան. Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր:

Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել