Իմ՝ վարչապետ լինելը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովուրդն ունի իշխանություն․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
21:43 - 10 մարտի, 2020

Իմ՝ վարչապետ լինելը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովուրդն ունի իշխանություն․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: «Այո» քարոզչական կողմի այսօրվա վերջին կանգառը Սյունիքի մարզի Տեղ համայնքն էր: Այստեղ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տեղ գյուղը Հայաստանից դեպի Արցախ վերջին գյուղն է, իսկ Արցախից դեպի Հայաստան՝ առաջինը, ուստի այն համարվում է Հայաստանի ու Արցախի միասնության խորհրդանիշը: 

Նա հորդորեց բացառել արցախցի, սյունիքցի եւ տեղանուններով պայմանավորված այլ բաժանումները: «Եթե որեւէ մեկը արցախցու մասին վատ բան կասի, գորիսեցու մասին վատ բան կասի, որեւէ մեկը տեղցու մասին վատ բան կասի, ուրեմն ես եմ այդ արցախցին, գորիսեցին, տեղցին»,- հավելեց վարչապետը։

Փաշինյանն ասաց նաեւ, որ իրեն մտահոգող եւս մեկ երեւույթ կա, որը եւս պետք է վերացնել. խոսքը ընդդիմադիրներին իրենց կարծիքի հետ կապված քննադատելն է, փողոցում կանգնեցնել, նրա հետ զրուցելը: Վարչապետն ընդգծեց, որ բանավեճերը կարող են լինել շատ սուր, բայց հենց անցնում է բանավեճի պահը, պետք է մոռանալ ամեն ինչ:

«Կոչ եմ անում անգամ ատելությանը ատելությամբ չպատասխանել, անգամ զզվանքին զզվանքով չպատասխանել: Մենք սիրո եւ հանդուրժողականության Հայաստանում ենք ապրում»,- ընդգծեց նա:

Խոսելով իր լիազորությունների մասին՝ Փաշինյան ասաց, որ ինքը մինչեւ հիմա վարչապետ է, որովհետեւ դա թույլ է տվել ժողովուրդը:

«Որ պահին որ ժողովուրդը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ, նույն պահից ես չեմ լինի, որ պահին ժողովուրդը չվստահի ինձ, 5 րոպե հետո, թող կոպիտ չհնչի, ինձ բզիկ-բզիկ կանեն: էսօր որ շարունակում եմ վարչապետ մնալ, միայն ձեր շնորհիվ է: Իմ վարչապետ լինելը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովուրդն ունի իշխանություն»,- նկատեց Փաշինյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել