Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին պետք էր աղքատ ժողովուրդ, որը ընտրակաշառքից կզարմանար․ վարչապետ |armtimes.com|
18:45 - 11 մարտի, 2020

Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին պետք էր աղքատ ժողովուրդ, որը ընտրակաշառքից կզարմանար․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Որոշ մարդիկ ուզում են ցույց տալ, որ կառավարությունն օրինական ձեւով թալանում է պետական բյուջեն։ Այս մասին այսօր Սիսիանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության աշխատակիցների պարգեւավճարների թեմային։

«Բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճարներ ստանում են իմ որոշմամբ, բայց ես վարչապետ լինելու օրվանից մի կոպեկ պարգեւավճար չեմ ստացել։ Ես ուրիշներին եմ նշանակել, որ նախարարներն ու փոխնախարարները կենտրոնանան իրենց գործի վրա եւ ժողովրդի համար ապահովեն արդյունքներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք ապահովել են այդ արդյունքները։

Վարչապետը նշեց, որ 2018 թվականից այս կողմ ավելի քան 1 մլն մարդու կա՛մ աշխատավարձ են բարձրացրել, կա՛մ՝ թոշակ, կա՛մ՝ նպաստ։

Խոսելով երկրի վիճակի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Երբ դուք գլխացավի դեղ եք խմում, ձեր գլխի ցավը միանգամից չի անցնում, դա կարող է տեւել 15 րոպե, 30 րոպե, կարող է նույնիսկ անհրաժեշտություն առաջանալ երկրորդ հաբը խմելու, որովհետեւ շատ ուժեղ է ցավում։ Այսօր մեր հանրապետության վիճակն այդպիսին է։ Մենք այդ գլխացավի դեղը խմել ենք, եւ մեր ցավն անցնելու պրոցեսի մեջ է, չկասկածե՛ք»,- հավաստիացրեց վարչապետը։

Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը պետք էր, որ մարդիկ լինեին հնարավորինս աղքատ, որ երբ ընտրությունների ժամանակ 10 հազար կամ 5000 ընտրակաշառք առաջարկեին, մարդն այնքան խեղճ լիներ, որ 5000 դրամից զարմանար։ «Որովհետեւ եթե մարդ 5-10 հազար դրամից չի զարմանում, նա այլեւս ընտրակաշառքով չի քվեարկի»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել