ՀՀ կառավարությունը քիչ առաջ միաձայն ընդունեց 2020 թվականի մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու որոշումը։
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսային տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,
հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում, առավելապես` Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,
հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ ՀՀ մուտք գործելու, ՀՀ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին չանցնելու և համապատասխան ախտանիշների առկայության դեպքում բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,
հիմք ընդունելով այն, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում է թույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,
և ղեկավարվելով Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներով՝
կառավարությունը որոշեց Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
Որոշման համաձայն՝
- արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծելու է Պարետատուն:
- Պարետատան ղեկավարման համար պարետ է նշանակվելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
- Պարետատան կազմում ընդգրկվելու են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատելու է պարետը:
- Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովելու է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
- Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:
- Պարետի ցուցումները պարտադիր են լինելու պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների և ներկայացուցիչների համար։
- Սահմանվելու է արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի գործադրման շրջանակները:
- Սահմանվելու է, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
Արտակարգ դրության ժամանակ՝
- Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում սահմանվելու է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ։
- Անցակետով թույլատրվելու է ՀՀ քաղաքացիների եւ նրանց ընտանիքների՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով ՀՀ ժամանող ՀՀ քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց եւ նրանց ուղեկցողների, ՀՀ-ում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք:
- Անցակետով արգելվելու է ՀՀ քաղքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարչետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակունեցող երկրների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների.
2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը.
3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:
- Ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվելու է՝ բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց եւ եթե սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել:
- Սույն գլխի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվելու այն անձանց նկատմամբ, որոնք արտակարգ դրություն հայտարարելու պահին վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, նրանց Հայաստանի Հանրապետության տարածք մինչև 17.03.2020թ․ մուտք գործելու պայմանով:
- Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվելու է հատուկ զննություն վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, մեկուսացումից (ինքնամեկուսացումից) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում անձինք կարող են ժամանակավորապես մեկուսացվել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:
- Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման: Ինքնամեկուսացումը հիվանդի կամ հիվանդի հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
- Պարետի ցուցումով ՀՀ համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`
- համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.
- անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում.
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.
- անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.
- տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվելու են`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
- Քրեակատարողական հիմնարկներում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.
3) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը.
- կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքով զբաղվելը.
- շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
- պարետի ցուցումով` այլ գործունեություն:
- Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվելու է`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվելու են`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- շարքային և կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
- պարետի ցուցումով` այլ գործունեություն:
- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվելու է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
14․ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:
- Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետության առողջապահության և Էկոնոմիկայի նախարարների կողմից որոշված ապրանքների ցանկում ներառված ապրանքների, ներառյալ՝ դեղերի փոխադրումը Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ, թույլատրվելու է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության և Էկոնոմիկայի նախարարներինախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
- Հայաստանի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել պարետի որոշմամբ:
- Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվելու է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:
- Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվելու է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:
- Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնելու են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:
comment.count (0)