Ինչպես կարանտինում պահել առողջ երեխաներին. մայրիկները փորձի փոխանակումներ են կազմակերպում
 |armtimes.com|
19:43 - 18 մարտի, 2020

Ինչպես կարանտինում պահել առողջ երեխաներին. մայրիկները փորձի փոխանակումներ են կազմակերպում |armtimes.com|

armtimes.com: Կարանտինում պահել առողջ երեխաներին․ կարծես թե նորություն է բոլորիս համար։ Նախկինում առօրյայից կտրվում էինք, երբ մեկնումեկը հիվանդ էր: Տանը նստած-պառկած որոշակի աշխատանք էր տարվում առողջացնելու համար, այդ ուղղությամբ կենտրոնացվում էին բոլոր ուժերը, եւ երբ գործը պսակվում էր հաջողությամբ, վերադառնում էինք մեր բնական խելագար կենսառիթմին:

Հիմա ծնողները հավերժություն թվացող ժամկետով տանն են տարբեր տարիքի երեխաների հետ, զբոսանքի են գնում նրանց հետ, որ ընկերներին տեսնելիս կարանտինի ամբողջ նպատակը չփոշիանա, ե՛ւ աշխատում տնից, ե՛ւ փորձում նրանց օրը լցնել անվտանգ, հետաքրքիր ու զարգացնող զբաղմունքներով:

«Իսկ դո՞ւք ոնց եք կազմակերպում» հարցերն այսօր արդեն կանանց ֆորումներում անպակաս են. առավել խնդիր է նախակրթարանների ու կրտսեր դպրոցականների օրը կազմակերպելը: Մայրիկները ներկայացնում են իրենց փորձը, ակտիվորեն քննարկում նոր հետաքրքրություններ: Դեմ չեք, չէ՞, ծիկրակենք ֆորումների կիսաբաց փեղկերից, տեսնենք՝ ինչ կա-չկա:

Աշխատող մայրիկների (ինչու չէ՝ նաեւ հայրիկների) համար շատ կարեւոր է, որ գոնե որոշ պահերի կարողանան լիովին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա. ծնողները հաճախ չեն խոստովանում, բայց, դե, համակարգչային խաղերն ու մուլտերն այս առումով անփոխարինելի են:

Բնականաբար, չենք մոռանում նաեւ դրանց վնասակարության մասին:

Եվ ահա, հաջորդիվ մայրիկներն առաջարկում են երեխաների սիրած զբաղմունքը հայրիկների հետ՝ սեղանի խաղեր՝ ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ, UNO, «Այլ կերպ», մոնոպոլիա, ծովամարտ եւ այլն: «Հինգ ու ութ տարեկան են բալիկներս, բոլոր կոնստրուկտորներից ձանձրացել էին, ծովամարտ սովորեցրի, հիմա քանի ժամ է՝ խաղում են»,- պատմում է իր ճաշը եփած-պրծած մայրիկը:

Սեղանի խաղերը որոշ ժամանակ կարող են հետաքրքիր լինել, բայց եթե հույս ունեք, որ դրանք երեխաներին լուռ կպահեն տեւական ժամանակ… լավ, բան չասենք, միեւնույնն է, շուտով գալու եք հակասության:

Շատերը ալրաշաղախ խոհանոցի նկարներ են հրապարակում՝ «մենք թխում ենք» խորագրերով. հրաշալի է, իհարկե, տնական, թարմ, առանց կայունացուցիչ, բուրավետիչ հավելանյութերի թխվածքներ ու զբաղմունք՝ մի կես ժամ միասին, կես ժամ էլ հետո միայն մայրիկին՝ խոհանոցը մաքրելու համար:

«Մենք տիկնիկին շորիկ կարեցինք՝ մի քիչ ծուռտիկ, բայց՝ մեր ձեռքերով. տիկնիկն էլ չի մրսի»: Այս կարգի զբաղմունքներն ամենակլանողն են, ամենաժամանակատարը՝ զարդեր, տուփիկներ, բաժակներ՝ մատիտների ու այլ մանրուքների համար, արկղեր՝ խաղալիքների համար:

Գեղեցիկ են նորաձև շորիկներ հագած հնամաշ գրքերն ու տետրերը: Սեփական ձեռքերով պատրաստված գրքերը կարող են հենց այդ առումով էլ գրավիչ դառնալ:

Ճապոնական օրիգամին եւս ինքնատիպ զբաղմունք է. հաշվարկ, ուշադրություն, խնամքով աշխատանք եւ անսպասելի արդյունքներ՝ թղթե տուփիկներ նվերի համար, կարապներ ու բուեր, ծաղիկներ ու զարդեր:

Եվ, իհարկե, քիչ չեն ուշադրությունից մի պահ դուրս մնացած երեխաների աշխատանքները՝ նորարարաբար «պայթեցված» սենյակների լուսանկարները, որոնց տարբեր անկյուններում դեմքը դեպի պատը կանգնած են «մեծ պայթյունների կազմակերպիչները»:

Բայց աշխատանքային օրվա ավարտին կարեւոր է հիշել, որ կորոնավիրուսն ամենաշատը վտանգավոր է տատիկ-պապիկների համար: Ու եթե որոշել եք չայցելել նրանց՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով, հարկ է զանգել (նաեւ տեսազանգով) ու պատմել անձնական ստեղծագործական հաջողությունների մասին. դա ամենից լավ կանեն հենց երեխաները: Դա էլ ծնողներին եւս մի քանի րոպե, որ սուրճ պատրաստեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել