ԿԲ-ն հավատարիմ է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմը |civilnet.am|
13:32 - 20 մարտի, 2020

ԿԲ-ն հավատարիմ է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմը |civilnet.am|

civilnet.am: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, որը խնդիրներ է ստեղծել ողջ աշխարհում, Հայաստանի Կենտրոնական բանկը մշտապես դիտարկում է իրավիճակը ֆինանսական շուկայում և պատրաստ է ցանկացած զարգացման: Այս այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Գնաճի և տնտեսվարողներին աջակցելու մասին

Ստեփանյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ԿԲ-ն 0,25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը (սահմանելով 0,25 տոկոս), այն դեպքում երբ տարածաշրջանային պետությունները կա՛մ բարձրացնում են, կա՛մ անփոփոխ են թողնում տոկոսադրույքը: «Միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ էականորեն ազդել առողջապահական խնդիրներով պայամանվորված իրական տնտեսական զարգացումների, ինչպես նաև տնտեսության առանձին հատվածների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որը կառավարությանը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել նախատեսված միջոցառումները տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասաց նա:

Կառավարությունը դիտարկում է կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակից տուժած բիզնեսներին մինչև 25 մլրդ դրամի աջակցության փաթեթ առաջարկել:

Ստեփանյանի խոսքով՝ 2015-ից մինչև հիմա Հայաստանում գրանցվում է բավական ցածր գնաճ, ուստի այս քայլով հնարավորություն է տրվում հավասարակշռել տնտեսական ակտիվության և գների կայունության նպատակը։ Ստեփանյանի խոսքով՝ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա:

Ֆինանսական համակարգի կայունության, փոխարժեքի մասին

Արթուր Ստեփանյանն ասաց, որ ԿԲ-ն հավատարիմ է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմը արտարժույթի շուկայում իրավիճակը հանգիստ պահելու համար։

«Արտաքին աշխարհի զարգացումները և մեր կառավարության ուշադրությունն այս խնդրին թույլ են տալիս արձանագրել, որ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի հետ կապված»,- ասաց նա՝ կարևորելով ֆինանսական համակարգի կայունության ապահովումը:

«ԿԲ-ն իր բոլոր միջոցառումներն ու գործողություններն ուղղում է նաև ֆինանսական համարագի կայունության ապահովմանը: Սրա նպատակն է նաև տնտեսական ակտիվության պահպանումը»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ ԿԲ-ն հավատարիմ է մնում լողացող փոխարժեքին, ունի բավականին բարձր պահուստներ ու բազմաշերտ գործիքակազմ՝ արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից զերծ պահելու համար: «Դրանք [հնարավոր ցնցումները], կարծում եմ, տեղի չեն ունենա, համենայնդեպս` այս պահին»,- ասաց նա՝ հիշեցնելով 2014-ի դեկտեմբերի իրադարձությունները, երբ դրամ-դոլար փոխարժեքն արտաքին շոկերի ազդեցության տակ մի քանի օրում անցավ 600-ի սահմանը:

«Կենտրոնական բանկն այդ ժամանակ հաջողությամբ դուրս եկավ շատ ավելի բարդ իրավիճակից, քան այսօր է»,- ասաց նա՝ կրկնելով, որ ԿԲ-ն ունի ֆինանսական կայունության ապահովման բազմաշերտ նորմատիվային գործիքներ: 

Դրամ/դոլար փոխարժեքը մոտեցել է 500-ի շեմին, այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ այն չէր անցնում 480-ը: Նավթի գների անկմամբ՝ պայմնավորված կտրուկ արժեզրկվում է ռուսական ռուբլին:

Ստեփանյանի խոսքով՝ ֆինանսական շուկայի խաղացողները՝ բանկերն ու վարկային կազմակերպությունները, ունեն բարձր իրացվելիություն, և որևէ մեկը դեռ չի դիմել ԿԲ-ին նոր միջոցներ ներգրավվելու համար: «Դեռևս ոչ մի կազմակերպություն մեզ չի դիմել իրացվելիության խնդիրներով պայմանավորված, քանի որ համակարգն իրացվելի է, կապիտալիզացված ու ամուր: Նրանք գիտեն, որ իրացվելիություն կա, և ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, նման գործողություններ կիրականացնի: Բացի այդ, ԿԲ-ն կարող է որոշակի մեղմացումներ անել, որպեսզի բանկերին ևս հեշտ լինի առանց վնասների իրականացնել իրենց հաճախորդների հետ անհրաժեշտ գործողությունները»,- ասաց պաշտոնյան:

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել