Կգանձվե՞ն վարձավճարները, թե՝ ոչ. ինչ են ասում տոնավաճառների և խոշոր առևտրի կենտրոնների ներկայացուցիչները |hetq.am|
16:57 - 24 մարտի, 2020

Կգանձվե՞ն վարձավճարները, թե՝ ոչ. ինչ են ասում տոնավաճառների և խոշոր առևտրի կենտրոնների ներկայացուցիչները |hetq.am|

hetq.am: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով խոշոր առևտրի կենտրոններն ու տոնավաճառները դադարեցրել են իրենց գործունեությունը: Նրանց մի մասը՝ աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել էին մինչև արտակարգ դրության ռեժիմ մտցնելը, իսկ մի մասը դրանից հետո, իսկ որոշներն էլ միայն մարտի 24-ից՝ արտակարգ դրության ռեժiմի միջոցառումների խստացման մասին որոշումից հետո:

Տոնավաճառներն ու խոշոր առևտրի կենտրոնները իրենց պատկանող տարածքը վարձակալական հիմունքներով հանձնում են տարբեր տնտեսվարողների, որոնք էլ ստացած շահույթի մի մասը ուղղում են տարածքի վարձավճարին: Սակայն այս պահին առևտրի կենտրոնների և տոնավաճառների փակ լինելու պատճառով տնտեսվարողները բնականաբար չեն կարող շահույթ ակնկալել, այսինքն՝ այդ պարագայում դժվարություններ կարող են առաջանալ կապված տարածքների վարձավճարների հետ:

«Մալաթիա» տոնավաճառը չի աշխատում մարտի 16-ից: Այն փակ է լինելու մինչև մարտ ամսվա վերջ, եթե այդ ժամանակ աշխատելու թույլտվություն լինի, ապա կվերսկսեն աշխատանքները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

Նա ասաց, որ տնտեսվարողներից մարտ ամսվա վարձավճարները չեն գանձելու. «Մարտ ամսին եթե չեն աշխատում, ինչի՞ գանձենք: Երբ որ սկսեն աշխատել, այդ ժամանակ էլ կգանձենք: Վաճառողները մի քիչ նեղվում են, որովհետև գարնանային ապրանքներ ունեն, որ էս ամսին պետք է վաճառեին: Մնալու են դրանք, հետո դժվարանալու է վաճառելը»,- նշեց Սամվել Ավետիսյանը: Հարցին, թե այդ դժվարությունների դեպքում տոնավաճառը պատրաստ է աջակցել տնտեսվարողներին, տնօերնը պատասխանեց, որ եթե հարկային մարմինը ների իր պարտավորությունները, ապա իրենք նույնպես կներեն տնտեսվարողին:

«Եթե ես աշխատելու եմ, ուրեմն հարկայինը պետք է ինձանից գանձի: Դա մի միլիոն չէ, երկու միլոին չէ, որ կարողանամ ամբողջը ինձ վրա վերցնել: Ես հիմա պետք է տամ ամսական 20 միլիոն աշխատավարձ, դա բավական մեծ գումար է, իսկ մենք չգիտենք, թե ինչքան կշարունակվի էս վիճակը: Եթե իրանք գան աշխատելու, չկարողանան վճարել, բայց տոնավաճառը աշխատի, հարկային տեսչությունը պետք է ինձնից գումարները գանձի: Եթե տեսչությունը կարողանա ինձնից գումար չգանձել, ապա ես էլ զիջումներ կանեմ: Մենք մեր հաճախորդների հետ պայմանավորվածություն ունենք, բոլորն էլ գոհ են: Ես իրանցից ավել գումարներ չեմ գանձում, կաշխատեն՝ կվճարեն, չեն աշխատի՝ չեն վճարի»,- ասաց Սամվել Ավետիսյանը՝ շեշտելով, որ չնայած տոնավաճառը հիմա չի աշխատում, սակայն աշխատակիցները տարածքի պահպանություն են իրականացնում:

«Սուրմալու» տոնավաճառի տնօրեն Վարդան Մանուկյանը վարձավճարների վերաբերյալ հարցին ասաց, որ առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ սեփականատերերը պետք է որոշեն:

«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, սեփականատերերը հիմա այստեղ չեն: Որոշողը իրենք են: Այսօր նոր փակեցինք տոնավաճառը և այս պահի դրությամբ որոշում չունենք: Տնտեսվարողները դժգոհություններ ունեցան, որ փակվեց, որովհետև իրենք ապրանք են մատակարարում խանութներին, չգիտենք, թե ինչ կլինի»,- նշեց «Սուրմալու»-ի տնօրենը:

«Փեթակ» տոնավաճառի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց: Մեր զանգին պատասխանեց անվտանգության աշխատակիցը և ասաց, որ չեն կարող կոնտակտ տրամադրել: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Փեթակում» գործունեություն իրականացնող տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ըստ ակցիայի մասնակիցների՝ տոնավաճառի ղեկավարությունը պահանջել էր տնտեսվարողներից, որ գնան աշխատեն և մուծեն իրենց զբաղեցրած տարածքների համար սահմանված վարձավճարները: Պատգամավոր Արման Բաբաջանյանը բողոքի ակցիայի ժամանակ «Փեթակում» էր, նա էլ տոնավաճառի տնօրինությանը և աշխատակիցներին փոխանցել է պարետատան բանավոր որոշումը, համաձայն որի՝ փակ առևտրային շուկաների տնօրենները արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում չեն կարող վարձավճար պահանջել չաշխատող կրպակատերերից: Սակայն կան նաև բացօթյա տաղավարներ: Բացի այդ, տոնավաճառում աշխատողներից մեկը «Հետք»-ին տեղեկացրել է, որ Արման Բաբաջանյանի այցի հաջորդը օրը՝ տնօրինությունը հայտնել է, որ ընդամենը 3 օրվա վարձ են չեղարկում:

«Փեթակ»-ի հարևանությամբ գործող «Ռիչ պլազա» առևտրի կենտրոնը չի աշխատում մարտի 23-ից: Տնօրեն Արմեն Զաքարյանն ասաց, որ տնտեսվարողների հետ համաձայնության են եկել և գումարներ չեն գանձվելու՝ կախված իրավիճակից: Հարցին թե, որ ամսվանից չի հաշվարկվելու, «Ռիչ պլազա»-ի տնօրենը պատասխանեց՝ արտակարգ դրության ռեժիմ մտցնելու օրվանից, այսինքն՝ մարտի 16-ից: 

«Տարածքի վարձակալները դժգոհություն են հայտնում, սակայն փակման որոշումը ես չեմ կայացրել: Թող իրանց բողոքկները պարետատուն ուղարկեն: Ես ընդամենը կատարող եմ»,- ասաց Արմեն Զաքարյանը:

Որպես «Առինջ մոլի» «տնօրինության աշխատող» ներկայացած անձը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե՝ մարդը չի աշխատում, ինչպես կարող են նրանից գումար գանձել:

«Ես իմ կարծքին եմ ասում, լավ կլինի տնօրինության հետ կապվեք»,- ասաց «Առինջ մոլ»-ի աշխատակիցը և ասաց, որ մի փոքր ուշ զանգահարենք, և տնօրինությունից կպատասխանեն, սակայն ավելի ուշ կատարած մեր զանգերն անպատասխան մնացին:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել