Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.03.20 (թարմացվող)
23:40 - 27 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.03.20 (թարմացվող)


22:30- Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 722 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1659 անձի նկատմամբ, 810-ը՝ մայրաքաղաքում, 849-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 462 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1722 տրանսպորտային միջոց։ [ՀՀ ոստիկանություն]

22:20- Մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին պարզվեց, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը: Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ։ Նման ստուգայցերը շարունակական են լինելու:  [ՀՀ ոստիկանություն]

22:00- Մեկ անգամ ևս իշխանություններին կոչ ենք անում սթափ ու համարժեք գնահատել իրավիճակը և պատասխանատու որոշում կայացնել, այն է՝ արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները։  Եթե իշխանություններն, այնուամենայնիվ, որոշեն ցանկացած գնով ընտրություներ անցկացնել, կասկածի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը։ Այս պայմաններում Արցախի նախագահի ցանկացած թեկնածուի հաջողությունը պյուռոսյան հաղթանակ է լինելու, քանի որ երկիրը կարող է հայտնվել ծանր իրավիճակում։ [ԱՀ նախագահի հինգ թեկնածուների համատեղ հայտարարությունը]

21:04- ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: ԱԻ մեքենանաներով մեկուսացվել է շուրջ 400 կոնտակտավոր, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում կոնտակտավորներին և նրանց ընտանիքի անդամներին և այլ քաղաքացիների, որոնք դիմել են, ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: [ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյան] |news.am|

20:45- ԱԻՆ-ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել: 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ նա շփվել էր,  մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում։ [ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյան]

20:32- Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։ Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։ Ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին։ [Արսեն Թորոսյան]

20:30- Վաղն առավոտյան` ժամը 6-ից, օրը 2 անգամ ԱԻՆ ստորաբաժանումները ՀՀ բոլոր հանրային վայրերում կիրականացնեն ախտահանման աշխատանքներ, շեշտը դրվելու է կանգառների վրա։ [ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյան]

20:15- Operativ.am կայքում տեղ է գտել «Ալափարսում միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել. Ստացվում է՝ ոչ պաշտոնական տվյալներով Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ» վերնագրով լուր, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, բացի այդ՝ տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ ԱՆ հետ: Մարտի 26-ին հայտնել էինք, որ Գյումրիում նույն օրն արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: Հայտնում ենք, որ այսօր Ալափարսում արձանագրված 59-ամյա կնոջ մահվան դեպքը ևս պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: [ՀՀ պարետատուն]

19:59- Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Առայսօր ԱՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: [ԱՀ ԱՆ]

19:25- Նիկոլ Փաշինյանը ստեղծել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով։ Դրամաշնորհի ընդհանուր չափը սահմանվել է 22 մլն դրամ, որը հատկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության «1043 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11005 գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար 2020թ․ պետբյուջեով նախատեսված միջոցներից: Ֆինանսավորման չափը կազմում է առաջին տեղի համար 10 մլն դրամ, երկրորդ տեղի համար` 5 մլն, երրորդի համար` 3 մլն, չորրորդ տեղի համար` 2 մլն, հինգերորդ տեղի համար` 2 մլն դրամ: [ՀՀ կառավարություն]

19:05- ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մարտի 26-27-ն իրականացրել է ՀՀ-ում ալկոգել արտադրող 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա­կոսմե­տի­կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ 1 տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել:

19:00- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 27-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691 մլն 470 հազար 587.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2802: [ՀՀ ֆինանսների նախարարություն]

18:50- Մարտի 27-ին ժամը 9-ից 15-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 323 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 15-ը՝ 1260 անձի նկատմամբ, 609՝ մայրաքաղաքում, 651-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին ժամը 9-ից 15-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 335 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 15-ը՝ 1595 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ [Ոստիկանություն]

18:45- Նիկոլ Փաշինյանը կառավարությունում անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին և արձանագրել, որ հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ պետք է լինեն առաջնահերթ թիրախը: Նա հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա կիրակի օրը ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ: [Վարչապետի աշխատակազմ]

18:30- Արսեն Թորոսյանը, Դոկտոր Նուբար Աֆեյանը,  Ռուբեն Վարդանյանը, նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին կմասնակցեն կորոնավիրուսի առնչությամբ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 15:00-ին և կհեռարձակվի Futures Studio քննարկումների հարթակում:

18։02- Կորոնավիրուսային հիվանդություն էջում  այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև ըստ վարչական շրջանների և համայնքների:  [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

17։55-Արցախն ու Հայաստանն իրարից մեկուսացած տարածքներ չեն: Մեր քաղաքացիներն ակտիվ շփման մեջ են։ Իհարկե, Արցախում առայժմ չկան հաստատված վիրուսակիրներ, սակայն, եթե մենք գործուն ջանքերի չդիմենք, ապա չենք կարող երաշխավորել, որ մեզ մոտ էլ այս վարակը չի տարածվի:

Հենց դա է պատճառը, որ ես դեռևս տաս օր առաջ կոչ եմ արել երկրում հատուկ դրություն հայտարարել, իսկ երեկ երկրի նախագահին տրամադրել եմ իմ իրավաբանական թիմի կողմից կազմված տեղեկանք, որում ներկայացված են բավարար հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափ լինելու մասին, և այս առումով գործադիր և օրենսդիր իշխանություններն ունեն կոնկրետ գործառույթներ և պետք է հստակ որոշում կայացնեն։ Անցանկալի զարգացումների դեպքում հենց նրանք են կրելու ողջ պատասխանատվությունը։ [Վիտալի Բալասայան] 

17:44- Այսօրվանից սկսած Արդշինբանկը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ 76 և բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն:

17:35-‼️‼️ԱՀ-ում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցնում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների կամ այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար (առցանց) գործունեության իրականացման։

‼️Հորդորում ենք քաղաքացիներին, որ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկեն առցանց եղանակով՝ 💻[email protected] էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ պարզաբանումների և հուզող հարցերի դեպքում զանգահարել «Թեժ գծին»՝📞 097 50-70-08 հեռախոսահամարով:

17:24- ‼️Մարտի 27-ին Վրաստանում🇬🇪 ՀՀ🇦🇲 դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ 
Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։
Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

17:22- Այսօր հրապարկված նոր որոշման ցանկում կարելի է տեսնել այն գործունեության տեսակները, որոնք կարելի է իրականացնել ՀՀ տարածքում, նաև՝ արգելված գործունեության տեսակները:Նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների  մասերի և պարագաների մանրածախ առևտուր: Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին: Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը: [ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյան]

16:57- ❗️❗️Հայտնում ենք, որ 🇦🇲Հայաստանի և 🇨🇳Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մարտի 28-ի  ժամը 00.00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետները նշված չեն) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։

16:18- 📢❗️ԹԱՐՄԱՑՈՒՄ 27.03.2020❗️❗️❗️
Սիրելի հայրենակիցներ,
Բելավիայի Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթի տոմսերը սպառվել են։
«Աերոֆլոտ» ընկերությունը մարտի 27, 28, 29 և 31-ին Ամստերդամից իրականացնելու է չարտերային չվերթներ Մոսկվա, այնուհետև Երևան։
Տոմսերը կարող եք ձեռք բերել www.aeroflot.ru կայքից։ [ՀՀ ԱԳՆ]

16:13- Նոր կորոնավիրուս համավարակի գնալով ահագնացող վտանգից ելնելով այսօրվանից չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները։
Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Արցախը ՀՀ-ի հետ անվտանգության ընդհանուր միջավայրում է, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։
Մեր երկրի անվտանգությունը և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեքներ են, և ամեն ինչ պետք է արվի դրանց անվերապահ պահպանման համար։
[ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերի համատեղ հայտարարություն ]

15:32- Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են։
[ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

15։08- «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին է տրամադրել պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո, հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր և 500 ձեռնոց, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:
14։37- Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:
Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության ընկերության հետ: [ՀՀ ԱԳՆ]

14:06-ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացման մեջ գտնվող 80 քաղաքացիներին:Հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվողներին հետևող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցը նշեց, որ բոլոր մեկուսացվածների ինքնազգացողությունը շատ լավ է, նրանց մեջ կան նաև հղիներ: |armenpress.am|

13:51-‼️Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։

Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։

Սահմանվել է նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման և այլ պահանջներ։ [Տիգրան Ավինյան]

13:46- Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։[ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

13:46- Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում:
Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։ [ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

13: 45- Մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից։ [ՀՀ Կառավարություն]

13:45- ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝
🔸նպատակային վարկերի համաֆինանսավորում,
🔸վերաֆինանսավորում
🔸սուբսիդավորում։
Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝
🔹աշխատակիցներին աշխատավարձի վճարում,
🔹հարկերի և տուրքերի վճարում,
🔹հումքի գնում կամ ներմուծում,
🔹սարքերի և սարքավորումների ներմուծում,
🔹ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։

13։32- Համապատասխան ցուցումներ են տրվել երկաթուղուն, որպեսզի վագոններում ուղևորների միջև պահպանվի մեկ մետր և ավելի հեռավորություն: Վերահսկողություն է իրականացվում թե՛ նախարարության, թե՛ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների, թե՛ տեսչական մարմնի կողմից: Ես այսօր էլ եմ ցուցումներ տվել ՀԿԵ-ին, որպեսզի այդ ռեժիմը պահպանեն՝ մինչև նոր ցուցումներ ստանալը։ [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան]

13։05- ✈️Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ։Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ։
Մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6 հազար ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 8 հարյուր ուղևոր է մնացել:  [ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան]

12։53- Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: 
Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: 
Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ: [ Նիկոլ Փաշինյան]

12։36-✅ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են  Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր
կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։  

12։31-ԱՀ քննչական կոմիտեն ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար(առցանց) գործունեության իրականացմանը։

💻 Հորդորում ենք ԱՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ [email protected] Էլեկտրոնային փոստի միջոցով։

12։17- Ցածր ուղևորահոսքի պատճառով Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի ներմարզային տրանսպորտը չի գործում, մնացած բոլոր մարզերում գործում է։ Երթերից առաջ բոլոր մեքենաները ախտահարվում են, իսկ վարորդները՝ ջերմաչափվում։[ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան]

12։09-Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ դուրս են գրվել մեկուսացված 40 քաղաքացիներ, քանի որ նրանց թեստերը եղել են բացասական։ 

Հայաստանում կա մոր և երկու ամսական երեխայի վարակման դեպք։ Մայրը երկու օր ունեցել է ջերմություն, երեխան սիմպտոմներ չի ունեցել։  Այս պահին նրանց մոտ սիմպտոմներ չկան։[Արսեն Թորոսյան]

12։08- Ունենք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, ունենք մեկ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, իսկ մյուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Ունենք բազմաթիվ պացիենտներ, ովքեր չունեն սիմպտոմներ։ [Արսեն Թորոսյան]

12։01- Այսօր ևս 10 կրկնակի բացասական թեստով պացիենտ դուրս կգրվի, և գումարային  թվով կարող ենք ասել, որ ունենք 28 բուժված։ [Արսեն Թորոսյան]

11։57- Ստուգմների արդյունքները մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ
Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 9-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

11։44- 📌 2020 թվականի մարտի 26-ին Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման հարցերով մասնագիտական խորհրդի, վարակի հսկողության ազգային թիմի մասնագետների կողմից իրականացրեցին դասընթաց
✅ անհատական պաշտպանության միջոցների պատշաճ կիրառման,
✅վարակի հսկողության,
✅ձեռքերի հիգիենայի,
✅թափոնների կառավարման վերաբերյալ։
Դասընթացը կազմակերպվել է ՀՀ Ոստիկանության բուժվարչության հոսպիտալում միջին և կրտսեր բուժանձնակազմի համար: Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: [Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն]

11։19- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ:

11։16-Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև:

Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները: [Հարավկովկասյան երթուղու մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյան]

10։00- Թարմացվել է 27.03.2020թ․ ժամը 10։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 320
Բուժվածներ - 18
Փաստացի բուժվողներ - 311
Բացասական թեստեր - 1625
Մահվան ելքեր - 1


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել