Եթե կան ապաանձնավորված տվյալներ, ապա անհնար է դրանք վերականգնել միայն մեկ պարամետրի հիման վրա․ Անուշ Բեղլոյան
14:08 - 30 մարտի, 2020

Եթե կան ապաանձնավորված տվյալներ, ապա անհնար է դրանք վերականգնել միայն մեկ պարամետրի հիման վրա․ Անուշ Բեղլոյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես  նաև  այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չեն լինելու։

Ելույթների փուլում վերոնշյալ նախագծի վերաբերյալ իր կարծիքը հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան։ 

Պատգամավորն անդրադարձավ Գևորգ Գորգիսյանի այն պնդմանը, ըստ որի ապաաձնավորված տվյալները կարող են վերականգնել՝ դարձնել անձնավորվածի։

«Ասեմ, թե ինչու դա հնարավոր չէ անել։ Յուրաքանչյուր երևույթ, յուրաքանչյուր տվյալների համակցություն, երբ դարձվում է ինչ-որ վերլուծության աղբյուր, ապա այն բաժանվում է տարբեր ենթատվյալների։ Այսինքն՝ եթե ես եմ անձ, ես զանգահարել եմ ինչ-որ ժամանակ և ինչ-որ տեղից, դա բաժանվում է անուն, ազգանուն, ժամանակ, երբ եմ զանգահարել և այլնի։ Այս բոլոր տվյալները պահվում են բազայում՝ առանձին։ Ապաանձնավորելու ընթացքում վերցվում է այն պարամետրը, որն այս պահին պետք է այդ բազայում։ Այսինքն՝ 100 հոգու համակցությունից վերցնում են միայն զանգերի ժամերը և կազմվում է այդ ապաանձնավորված քարտեզը։ Այն պարագայում երբ այդ տվյալները մնացած տվյալները չեն պարունակում այդ բազայում, հետագայում, քանի որ այդ բազան հիմնված է միայն մեկ պարամետրի վրա, հնարավոր չէ այդ տվյալներով մնացած տվյալները վերականգնել»,- մասնավորապես նշեց Անուշ Բեղլոյանը։

Նա հավելեց, որ եթե կան ապաանձնավորված տվյալներ, ապա անհնար է դրանք վերականգնել միայն մեկ պարամետրի հիման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել